ՍԱՐԳԻՍ  ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՍարգիս Կիրակոսյանի մխիթարությունը

Հայ հոգու և մտքի պանծացնողներից մեկն է Սարգիս Կիրակոսյանը: Նա գրող էր, խմբագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ուսուցիչ, այսինքն` իր երևելի նախորդների նման բանեցնում էր այն բոլոր զենքերը, որոնցով հնարավոր էր հային հայ պահել օտար երկնքի տակ: Առավել ցավալին այն է, որ Սարգիս Կիրակոսյանի նման անհատների կորստով պակասում է Սփյուռքի դասականությունը:
Սարգսի մի ոտքը Երևանում էր, մյուսը` Բեյրութում, ու չգիտեիր` այս մարդը եկե՞լ է, թե՞ գնում է: Քիչ է ասել, թե սիրում էր Հայաստանը: Այս երկրի երակներից էր գալիս նրա արյունը, օդը, գոյության իմաստը: Իսկ Բեյրութում ծաղկում էր նրա գրական ճաշակը, գեղարվեստական հայացքի առանձնահատկությունը:
Հայ բանաստեղծ է Սարգիս Կիրակոսյանը: Նրա խիզախումը արևմտահայերենի մեջ է, որի ատաղձից ստեղծեց հոգեվիճակների խոր սուզումներ՝ զգացումն ու միտքը հասցնելով մինչև անմեկնելիի սահմանները… Սարգիս Կիրակոսյանի բանաստեղծություններն ընթերցելիս մարդու ներաշխարհում արևմտահայերենը շողակաթ երկինք է կապում:
Ամեն մահվան մեջ Աստված դնում է մի մխիթարություն: Սարգիս Կիրակոսյանի դեպքում նրա ստեղծագործություններն են, վաստակն ու բարի անունը, որոնք ժամանակի միջով երկար-երկար կտանեն հեղինակի հիշատակը:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՊԱՏԱՐԱԳԻՉ ԱՂԱՒՆԻ ԵՒ ՍՐԲԱՆԿԱՐ ԴԱՐՁԱԾ ՍԱՐԳԻՍԸ

Ընդունէք խորին ցաւակցութիւններ բանաստեղծ, թարգմանիչ, ուսուցիչ Սարգիս Կիրակոսեանի մահուան առիթով: Մեզ բոլորիս խոցեց Պէյրութից հասած այս գոյժը: Սփիւռքի մտաւորական հրաշալի ներուժից պակասեց նրա առաջատար, հարուածային մէկ զօրութիւնը, անկրկնելի գոյնը:
Ուր ասես չի հասել Սարգսի նախաձեռնութիւնների յորդ ալիքը. իր անհանգիստ բնաւորութեան թելադրանքով յայտնւում էր այնտեղ, որտեղ իր կարիքն այնքան զգացւում էր: Յիշենք «Ազդակ»-ին իր նուիրուածութիւնը, որի գրական էջերը վարում էր ձեռնհասութեամբ ու մասնագիտական պատրաստութեամբ: Նա նաեւ «Բագին»-ում էր՝ իբրեւ գրականութեան եւ արուեստի պատասխանատու փոխխմբագիր:
Բանաստե՛ղծ էր Սարգիսը, ուր փնտռում էր խենթութիւնը, այսինքն՝ քրիստոնէական շնչով «Այս է մարմին իմ» պատգամը, որը դարձաւ քերթողական գրքի խորագիր, այսինքն՝ «ճշմարտութեան սկիզբ», ինչպէս ինքը կ՚ասէր՝ «ամբողջացող անկատար խօսքին պարականոն ճշմարտութիւն»: Թարգմանի՜չ էր, եւ արաբական ընտիր բանաստեղծութեան լիբանանեան մայրիների խնամուած հրաշալի պարտէզ տնկեց իբրեւ նուէր մեզ բոլորիս:
Ուսուցի՜չ էր, եւ Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան ճեմարանի, Անթիլիասի Դպրեվանքի սաների մէջ արթուն կը մնան նրա գրականութեան ու լեզուի հմտալի դասերը, որոնք, իր կազմած «Օրհներգութիւն Մեծասքանչին» գրական վկայութիւնների սուրբգրային նշխարների նման պիտի պանծացնեն ուսուցիչ – քերթողի բարձր, օրէնսդիր ճաշակը: Պատահական չէ, որ անաւարտ կեանքի վերջին շրջանում նրան վստահեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կրթական եւ հայագիտական բաժանմունքի վարիչի պատասխանատու պաշտօնը: Ուսուցիչ էր նաեւ գրամշակութային կազմակերպական անդաստանում՝ դառնալով Լիբանանի հայ «Գրական համախմբումի» հիմնադիր նախաձեռնող Պէպօ Սիմոնեանի եւ Արամ Սեփեթճեանի հետ միասին, ինչն էլ առիթ դարձաւ արդէն մեր յաճախակի շփումներին:
Մահացա՛ւ Սարգիսը:
Ու խորհում եմ, թէ ոչ մէկը չի կարող իր մահուան աղօթասաց պատարագը մրմնջալ ի՛ր պէս, իբրեւ ծնրադիր առաքում երկինքն ի վեր՝
Հոգիս կարմիր
կը սփռեմ գորգին վրայ սրբամաշ
բուրաստանի մը նման –
եւ արեգակ կը դառնամ
գահին համար սրբազան
…………………………………………………………….
Կը մօտենամ խորանին
եւ խորանին արշալոյսէն
օ՜ ծնծղաներ թեւաբեկ՝
շարականներ կը հիւսեն
մեղրամոմեր կը վառին
շարժումներով թափանցիկ

կ՚ըլլամ շարժումն արեւին
պատարագիչ աղաւնի
եւ կաթներանգ լոյսերու
սրբանկար յարուցեալ…

Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն,
Խ. Աբովեանի անվ. պետական մանկավարժական համալսարանի հայ նոր եւ նորագոյն
գրականութեան ամբիոնի վարիչ
Յուլիս 23, 2015

«Գրկեց քեզ գիշերը հրաժեշտ
Եվ ճանապարհը գտար»…
(Ս.Կիրակոսյան)

Հրաժեշտի՜ տողեր մեր ընկերոջը… Մի՞թե հրաժեշտ է սա… Թե՞ հրաժեշտ է այնպես, ինչպես ողջագուրվում էինք ջերմին, երբ Երևանից պետք է մեկներ Բեյրութ, որ նորից գար իր շենշող ներկայությամբ…
Երբ բանաստեղծը կենդանի է ֆիզիկապես, բոլորովին այլ կերպ են ընթերցվում նրա տողերը, մտքերը, սերերը… Երբ թողել ու հեռացել է արդեն, տեսնում ենք նրա ենթատեքստերի նոր խորքերը, գիտակցում ենք մեր ժառանգորդ լինելը, ժառանգորդն այն հարստության, որ բաց սրտով մեզ էր մատուցվում, որ մերն էր, մեզ համար էր ստեղծվել…
Սարգսի կյանքն ու ներկայությունը, նրա բանավոր թե գրավոր խոսքը միշտ լեփ-լեցուն էր գաղափարներով, նրա միտքը մշտապես հոլովվում էր գրի ու գրականության շուրջ: Հիմա նրա «շուշանը», նրա «աստղերը», նրա «մեղուները», նրա «արևը» նոր իմաստով ու նոր փողփողումով, հուզումներով են հաղորդվելու մեզ…
Նա ոչ միայն բանաստեղծ էր, այլև մեր ու աշխարհի հին ու նոր բանաստեղծությամբ գերված գիտնական-հոգի: Արաբական պոեզիայից նրա կատարած թարգմանություններն իրենց կատարելությամբ մրցում են իր իսկ վերլուծությունների, խորհրդավոր նշանների վերծանողի, նվիրումով իր գործը կատարողի մտքի թռիչքների հետ:
Սարգիսը հիմա հանգչում է երկնքում, իսկ մենք տխրում ենք, թե ի՜նչ լուսավոր սլացումներ չկայացան ՝ «թևատ գիսավոր աստղի» թռիչքի հանգույն: «Ճանապարհներ՝ ինչպես գիծերն ափերուն
հանկարծ տխուր կընդհատին
դեռ չհասած երազներու հրդեհին»…

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԽՈՐ ՑԱՎՈՎ ԵՎ ԱՓՍՈՍԱՆՔՈՎ

Ահա, կրկին մի գույժ. կյանքից հեռացավ նաև Սարգիս Կիրակոսյանը: Խոր ցավով ու ափսոսանքով լսեցի լուրը: Ցավով, որովհետև վերջին հանդիպումի տպավորությամբ՝ կենսուրախ, մտերմիկ ու ժպտադեմ, մեր ու իր գրական հաջողություններով ոգևորված Սարգիսը տեսլացավ ինձ, ու չհավատացի: Ափսոսանքով, որովհետև նա շատ ծրագրեր ուներ և մշակույթի ու հասարակական գործչի իրավ մեծավաստակ կենսագրություն, որի համար ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալին: Ցավով ու ափսոսանքով, բայց փորձեցի մխիթարել ինձ՝ մտածելով, որ նա մեկն էր Սփյուռքի մեր նշանավոր գործիչներից, որոնք հետք են թողել վերջին շրջանի մեր պատմության մեջ: Արդիապաշտ, ինքնատիպ, ճաշակավոր բանաստեղծ ու թարգմանիչ, սթափ ու անաչառ գրաքննադատ, խմբագիր, ուսումնական ու հայագիտական գործի բանիմաց և հմուտ կազմակերպիչ ու մանկավարժ Սարգիս Կիրակոսյանը 70-ական թվականներից սկսած՝ մշտապես սփյուռքահայ կյանքի «պատնեշին վրա» էր և երևացող անուն՝ մտահոգ համահայ խնդիրներով: Նա մի յուրօրինակ կամուրջ էր ստեղծել Սփյուռքի, հայաստանյան ու արաբական մշակութային կյանքի մերձեցման, գրական ձեռքբերումների տարածման համար: «Մեծ ու փոքր գործեր չկան,- ասում էր նա,- բոլոր գործերը հավասար են, միայն թե ամեն մարդ իր գործը պիտի անի սիրով ու հավատով, երկրի ու մեր ինքնության պահպանման համար՝ հայացքը ուղղած Արարատին»: Եվ ամբողջական նվիրումով, ինչպես բանաստեղծությունների ժողովածուի խորհրդանշական վերնագիրն է հուշում՝ «Այս է մարմինն իմ»: Նրա խոսքը դիմացինին ներշնչում էր այս սերը, հավատն ու նվիրումը:

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։