1. Ինչպիսի՜ հիշողություն… Այդ հարցը դեռ տրվո՞ւմ է մտավորականներիս… Գրողը տանի, ո՞ւր դրեցի թաշկինակս…
2. «Վերջին» բառից վախ կա մեջս: Անցած դարի 30-ականներին եթե որևէ մեկը հանդգներ ու ասեր՝ «Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել այսինչ թվին…», նրան, լավագույն դեպքում, Սիբիր կաքսորեին: Պետք է ասվեր՝ նախո՜րդ, քանզի կոմկուսն ու նրա համագումարները անվերջ ու հավերժ էին:
Ահա, այդ հին վախով ու նոր համարձակությամբ ասեմ, որ նախորդ անգամ ինձ լիարժեք հանգիստ զգացի, երբ մեր երիտասարդները Բաղրամյանի վրա ընդվզում էին… Ախր, մինչ այդ, ես մեծ անհանգստություն ունեի երկրի վաղվա օրվա համար: Կարծես՝ շատ խոսեցի… Ներեցեք… իսկ դուք… դուք վստա՞հ եք… որ մեզանում խոսքի ազատություն է…
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
1. Պատրաստվում եմ տապակվել հայրենի գյուղում, հայրենի յուղում:
2. 1986 թե 87 թվին Ժորա Հարությունյանից խնդրեցի Պիցունդայի ուղեգիր: Ասաց` Ղուկաս ջան, հլա ծերուկներին ուղարկեմ, դու ջահել ես, կյանքը առջևդ է, շատ կգնաս: Սովետ Միությունը փլուզվեց ջահելությանս գլխին, այնպես որ, ձեր երկրորդ հարցին պատասխանում եմ` երբեք լիարժեք չեմ հանգստացել:
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
1. Ամռանը ես աշխատում եմ և հանգստանում եմ աշխատելուն զուգահեռ:
2. Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ լիարժեք հանգստացել:
Վան ԱՐՅԱՆ
1. Վերջին անգամ հանգստացել եմ, երբ դեռ մայրս ողջ էր. մոլորակի ցանկացած հատվածում կամ մոլորակից դուրս՝ ազատ ֆռֆռում էի. թիկունքս՝ ամուր, շուրջս՝ տարածքներ շրջանցող իր գորովն ու աղոթքը, ոգու անսպառ լույսերի անխնա նվիրումը… Աստծու հորինածի հետ սիրո փոխադարձումներով՝ պայծառակերպի իմ սահմաններն էի ճշտում: Հիմի, ամենաէկզոտիկ ու հարմարավետ անկյունում էլ՝ տագնապի, անհանգստության մի անտեր ու որբ ներկայություն ինձ հեշտ գտնում է, ու պիտի տիրություն անեմ: Կա, մի ուրիշ աշխարհ էլ կա. հոգուդ դռները փակիր ու բարգավաճող անասունների հետ՝ այլևս ո՛չ կյանքը կզգաս, ո՛չ էլ մահը կորուստ կդառնա, բազմաշերտ ապահով ու ծայրագույնս հանգիստ կլողաս՝ մաղձի, թույնի, խաբեության, ստորության, անպատվության կեղտաջրերում…
2. Գրողի հանգիստն առավելապես իր շնչավորած ստեղծագործությունով է պայմանավորվում: Կան, որ արտաքին փայլով են գերվում, կան, որ կեղծ ու շինծու պատումներով են գոհանում: Գնալով ավելի խստահայաց դարձա՝ պիտի հետս ճանապարհ անցնի, ասի, խոսի, ծիծաղի ու լաց լինի, կռվի ու հաշտվի, սիրի, էլի սիրի՝ թե չէ կպատռեմ, ու աշխարհի երեսից կվերանա:
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
1. Երևանում, սրճարաններում: Վերջին շրջանում կյանքս էնպես եմ դասավորել, որ աշխատանքի և հանգստի միջև տարբերությունը չեմ էլ ընկալում: Աշխատանքի մի ռիթմ կա, որը հանգստի պես է, և հանգստի մի ռիթմ կա, որը աշխատանքի պես է: Էդպես կտրուկ ցնցումներից խուսափում ես:
2. Վերջին անգամ լիարժեք հանգստացել եմ 2012 թ. Սև ծովի ափին՝ Լազարևսկի մոտերքում:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
1. Իսկ ի՞նչ է նշանակում ամառային հանգիստ: Գնալով ավելի են դժվարանում հատկապես ամառները: Հանգիստը չի կազմակերպվում` աշխատավարձի ձգձգվող վճարման պես:
Տարվա եղանակն էլ, մի տեսակ, չի ստացվում: Գնալով` ավելի եղանակի տարի է հարկավոր` հանգիստ առնելու համար, քան թե՝ տարվա եղանակ:
Չեմ հանգստանում` դժվարանում եմ, դժվար եմ դառնում:
Դժվարությունս կշարունակեմ եղբորս դստրիկների երևանյան միսենյականոց տանը` սպասելով սենյակների թվի աճին…
Բայց միայն թիվն է աճող, սենյակները` ոչ:
Ամռան եղանակն էլ կրկնվում է ամեն տարի, իսկ եղանակի տարին` չկա:
2. Վերջին անգամ լիարժեք հանգստացել եմ չորս տարի առաջ` 2011-ին` հայրենի Գորիսում:
Արդեն երկու տարուց ավելի է, ինչ չի հաջողվում այնտեղ գնալ: Հանգիստ չունեմ:
Էդուարդ ՀԱՐԵՆՑ
Ամառային հանգիստս, սովորաբար, երկու փուլով եմ անցկացնում. մի երկու շաբաթ լինում եմ Ջերմուկում, որի հրաշք բնությունը, զուլալ օդն ու զովությունը երևանյան անասելի շոգերից հետո ամեն անգամ գրեթե նորովի եմ վայելում: Իսկ հետո անպայման գնում եմ Գավառ, հայրենի Քյավառ, որտեղ հայրական իմ տունն է՝ տնամերձ այգով: Այնտեղ և՛ կարողանում եմ հանգստանալ, և՛ գրել, և՛ իմ հայրենակիցների հետ շփվել-հաղորդակցվել, վայելել նրանց առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, իհարկե` նաև նոր պատմություններ լսել «Բոյիդ մեռնեմ» շարքի իմ արաղապատումները համալրելու համար: Քյավառում, որպես կանոն, Մուսան միշտ առանձնահատուկ բարեհաճ է իմ հանդեպ, զարմանալի աշխատունակ եմ դառնում այնտեղ: Եվ ընդհանրապես, որտեղ էլ լինեմ, ես սիրում եմ աշխատելո՛վ հանգստանալ ու պարապությունից, ընդհակառակը, կարող եմ մի բան էլ հոգնել ու թուլանալ…
Հանգստիս առաջին փուլն արդեն կայացած եմ համարում, ու այս անգամ այն սովորականից տարբեր էր ու անչափ հաճելի, կարելի է ասել՝ հենց իմ անցկացրած լավագույն հանգիստն էր վերջին տարիներին: Նոր եմ վերադարձել Ռումինիայից, ուր հրավիրված էի մասնակցելու պոեզիայի միջազգային փառատոնին: Հրաշալի, լեցուն, անմոռանալի օրեր էին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած բանաստեղծների ջերմ ու մտերմիկ միջավայրում, բոլոր առումներով նպաստավոր պայմաններում: Քուրդիա դե Արջեսը, որտեղ անցկացվում էր փառատոնը (արդեն 19-րդ անգամ) Բուխարեստից 160 կմ. հեռու գտնվող ոչ մեծ քաղաք է, հենց իսկական հանգստավայր՝ ամբողջովին ծառ ու ծաղկունքի մեջ կորած, հյուրընկալ ու խաղաղավետ: Փառատոնի ծրագրում և՛ գրական ընթերցումներ, քննարկումներ էին, և՛ հետաքրքիր հանդիպումներ, և՛ էքսկուրսիաներ պատմաճարտարապետական հուշարձանների մոտ ու թանգարաններում: Ասեմ, որ այս դեպքում էլ աշխատանքն ու հանգիստը հրաշալիորեն համատեղված էին, ու ես երկու առումով էլ շատ գոհ ու բավարարված եմ ուղևորությունից: Տեղը չէ ծավալվելու, թե չէ պատմել-ասելու շատ բան կա: Հուսով եմ, «Գրական թերթը» առաջիկայում ինձ ու իմ երիտասարդ գրչընկերներ Հերմինե Նավասարդյանին, Տիգրան Գաբոյանին հնարավորություն կտա ավելի հանգամանալից պատմելու Ռումինիայում, ապա նաև Մոսկվայում անցկացրած արդյունավետ օրերի մասին: Հիմա պարզապես, օգտվելով առիթից, ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել Մշակույթի նախարարությանը՝ անմոռանալի այդ ուղևորությունը հնարավոր դարձնելու համար…
Դե, իսկ մի քանի օրից ինձ համար ամառային հանգստյան երկրորդ փուլը կսկսվի. կհայտնվեմ իմ սիրելի ծննդավայրում: Հուսով եմ, ամեն ինչ լավ կընթանա, բարի ավանդույթները չեն խախտվի:
Բարի, արդյունավետ հանգիստ եմ մաղթում իմ բոլոր գրչընկերներին, ու, տա Աստված, բոլորս հնարավորություն ունենանք տարվա մեջ գոնե մեկ անգամ մեր ցանկացած վայրում, մեր ուզած ձևով հանգստանալ: Հանգստանալ՝ աշխատելով, մեր Մուսայի ընկերակցությամբ:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ