ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՂԹԱՆ ԳԱՎԱՌԻ ԱՆՎԱՆԻ ՏՈՀՄԵՐԸ / Սարգիս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գողթանի Հայրապետյան տոհմը սկզբնավորվել է 19-րդ դարի կեսերից գավառի Տանակերտ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան): Տոհմի 40-ից ավելի բարձրագույն կրթությամբ անձինք առավելապես արվեստի ու գիտության մարդիկ են, որոնք գործել և գործում են Երևանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Փարիզում, Յամայկայում և այլուր:
Տոհմի ավագ սերնդի ներկայացուցիչներից է անվանի մանկագիր, թարգմանիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Հայրապետ Սարդարի Հայրապետյանը (1.12.1874-7.3.1962): Նա հրատարակել է մանկական գրքեր ու ժողովածուներ, ռուսերենից կատարել բազմաթիվ թարգմանություններ, տարիներ շարունակ (1930-1960) կազմել մայրենի լեզվի դասագրքեր:
1888-93 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուր նրան դասավանդել են Պերճ Պռոշյանը և Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչպես նշում են մանկագրության պատմության հետազոտողները, Հ. Հայրապետյանը այն սակավաթիվ գրողներից է, ով ստեղծագործել է միայն մանուկների համար, եզակի մանկագիրներից է, ում ստեղծագործություններից լավագույնները երգերի են վերածվել, պարբերաբար հրատարակվել են նաև վերջին տասնամյակներում, մշտապես տեղ գտել մայրենի լեզվի դասագրքերում, ընտրանի ժողովածուներում: Նրա ծննդյան 75-ամյա հոբելյանի գնահատանքի ու ող­ջույնի խոսքի մեջ Ավետիք Իսահակյանը գրում է. «Դու ամբողջ կես դար անսպառ եռանդով, մանկական աշխույժով, սիրով ու սրտով աշխատել ես քո հայ մանուկների կրթության վեհ գործի համար, անձնվեր աշխատել ես խոսքով և գրչով, սերունդներ ես դաստիարակել, բարձրացրել նրանց հոգին և զարգացրել նրանց միտքը: Այսօր սովետական հասարակությունը, գնահատելով ըստ արժանվույն քո կատարած նվիրական գործը, հայտնում է իր խորին հարգանքը և ջերմ շնորհակալությունը իր կուլտուրայի անխոնջ մշակին, և հայ աշակերտությունն ու մանուկ սերունդը բերում է իր սերն ու խանդավառությունը իր երախտավորին, իր բանաստեղծին, իր շատ սիրելի ուսուցչին»:
Լյուդվիգ Կարապետյան. «Ինչ որ արարեց, ինչ որ «խոսքով ու գրչով» ստեղծեց՝ դրանցից լավագույնները մեր մանկագրության տարեգրքի ոսկի էջերից են, և ինքը՝ Հայրապետ Հայրապետյանն էլ իր երգերով միշտ կապրի նաև մանկանց ներկա ու գալիք սերունդների հետ»:
Այսօր էլ հայ մանուկների շուրթերից շարունակում են հնչել նրա բանաստեղծություններից շատերը. «Մայրիկը», «Գիշեր», «Ես աշունն եմ սիրում», «Եղևնի», «Վերջին փաթիլները», «Ձնծաղիկ», «Մայիս» և այլն: Իսկ նրա «ամենաքաղաքական» «Լենին պապին» բանաստեղծությունը սփյուռքում ձևափոխվել ու դարձել է «Մեսրոպ պապին»: Հ. Հայրապետյանը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, «Աշխատանքային արիության համար» մեդալով, նրա անվամբ է կոչվում Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, մանկական գրադարան, Երևանի Խորենացու փողոցի թիվ 12 տան պատին տեղադրվել է հուշատախտակ՝ ի հավերժացումն մանկագրի հիշատակի: 1974 թ. Երևանում մեծ շուքով տոնվել է ծննդյան 100-ամյակը:
Կինը՝ Նինա Հայրապետյանը, նույնպես ծնունդով Գողթանից էր՝ Ներքին Ագուլիս, 1920-30-ական թթ. եղել է Հայաստանում նախադպրոցական հիմնարկների ակտիվ կազմակերպիչներից մեկը, հետագայում՝ Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի վարիչը, արժանացել ՀՀ վաստակավոր ուսուցչի կոչման: Նրանց դուստրը՝ Մարիամը, երկար տարիներ աշխատել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցում: Թոռնուհիները ստացել են բանասեր-մանկավարժի կրթություն, իսկ ծոռնուհիները՝ Նինա (քանդակագործ, Փարիզ) և Անուշիկ (մանրանկարիչ, Երևան) Խեմչյանները ավարտել են Գեղարվեստի ակադեմիան: Նինայի աշխատանքները տեղ են գտել Երևանի ժամանակակից արվեստների ու Ս. Փարաջանովի թանգարաններում:
Հայրապետյանների որդին՝ Սուրենը (1905-1934), ծնվել է Տանակերտում, ավարտել Դոնի-Ռոստովի (իրավաբանական ֆակուլտետ) և Լենինգրադի (տնտեսագիտական ֆակուլտետ) համալսարանները: Լենինգրադում ստեղծել է առաջին ընտանիքը, ծնվել է ավագ որդին՝ Եվգենի Հայրապետյանը: Լենին­գրադի պաշարման տարիներին ապաստանել է Երևանում, մասնագիտությամբ լրագրող էր, տպագրվել է նաև երևանյան մամուլում, եղել Լենինգրադի հեռուստատեսության արհմիության կազմակերպության նախագահը: Սուրենը վերադառնալով Երևան՝ ստեղծել է նոր ընտանիք, պատասխանատու պաշտոնում աշխատել կենտրոնական բանկում: Զոհվել է ինքնաթիռի վթարից՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, կնոջ՝ գավառի հայտնի Հախնազարյան տոհմից սերած Հրաչուհու (այդ տոհմի մասին ավելի մանրամասն տես՝ մեր «Նորահայտ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի «տոհմաբանությունը» («Ազգ» 2011 թ.) և Մարիետա Մակարյանի «Ագուլիսցի հայտնի գերդաստաններ» («Գրական թերթ», թիվ 5, 2014 թ.) հոդվածներում) և ծնողների խնամքին թողնելով մեկ տարին չբոլորած որդուն՝ Յուրիին:
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Սուրենի Հայրապետյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում: Մասնակցելով 1955 թ. Վարշավայի Երիտասարդության և ուսանողության 5-րդ միջազգային ֆեստիվալին (2-րդ մրցանակ), 1956 թ. Բուդապեշտի Ֆ. Լիստի անվան միջազգային մրցույթին (4-րդ մրցանակ) և 1960 թ. Բրյուսելի Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթին (8-րդ մրցանակ)՝ դառնում է միջազգային մրցույթների առաջին դաշնակահար-դափնեկիրը Հայաստանում: Նրա համերգների աշխարհագրությունը ընդգրկում է ողջ նախկին ԽՍՀՄ-ը և արտասահմանյան շատ երկրներ: Նշանավոր Յա. Ֆլիերը նրան բնութագրել է որպես «Գերազանց դաշնակահար բացառիկ վիրտուոզ տվյալներով»: Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի կատարումը դարձավ չափանմուշային: Կոմպոզիտորը դաշնակահարին մշտապես հրավիրում էր իր հեղինակային համերգներին բեմի դասական աստղերի հետ՝ Գալինա Վիշնևսկայա, Լեոնիդ Կոգան, Լև Օբորին, Մստի­սլավ Ռոստրոպովիչ:
Յու. Հայրապետյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ամբիոնի վարիչ էր և 16 տարի կատարել է դաշնամուրային ֆակուլտետի դեկանի պարտականությունները: Վերջին 20 տարիներին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է, նրա սաներից շատերը, հայ ու այլազգի, այդ թվում նաև որդին՝ Հրանտ Հայրապետյանը (Փարիզ) միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Արժանացել է Մովսես Խորենացու անվան և Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Անցյալ տարվա աշնանը Մոսկվայում և Երևանում մեծ շուքով նշվեց նրա ծննդյան 80-ամյակը: Երևանում նշվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջազգային փառատոնի շրջանակներում:
Ճարտարապետ-գեղանկարիչ, ՌԴ վաստակավոր ճարտարապետ Շահեն Ալեքսանդրի Հայրապետյանը (1917-2007) Հ. Հայրապետյանի եղբորորդին է: Ծնվել է Տանակերտ գյուղից 1910-ական թթ. Դերբենտ քաղաք (Դաղստան) արտագաղթած տանակերտցու ընտանիքում: 1937 թ. ընդունվել է Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտը, Հայրենական Մեծ պատերազմն ընդհատել է նաև նրա ուսումնառությունը, որն ավարտել է 1947 թ., դիպլոմային նախագծի համար ստանալով ԽՍՀՄ Ճարտարապետների միության մրցանակը: Շուրջ 30 տարի աշխատել է նշանավոր ճարտարապետներ Ա. Շուսևի, Ի. Ժոլտովսկու, Յու. Շևերդյաևի, Ն. Պոսոխինի և այլոց հետ: Մոսկվայում և այլ երկրներում նրա նախագծերով կառուցվել են հասարակական, պետական և բնակելի շենքեր, այդ թվում՝ մոսկովյան եզակի առևտրա-հասարակական համալիր՝ Նոր Արբատը, ՌԴ ԳԱ Լեռնային ինստիտուտի (Մոսկվա), Դամասկոսի (Սիրիա) ԽՍՀՄ դեսպանատան համալիրը, Մոսկվայի Կրեմլում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վերակառուցված շենքը և այլն: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ Պետքաղշինում, փորձաքննելով և խորհուրդներ տալով երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում կառուցվող շենքերի նախագծերին: Բարեկամական ու ստեղծագործական կապեր է ունեցել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի ու Նորայր Մուշեղյանի հետ:
Շ. Հայրապետյանը նաև գեղանկարիչ էր, 1950 թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: 1952-2006 թթ. ստեղծել է կտավների շարք, որոնք պատկերում են հին հայկական ճարտարապետության հուշարձանները (Էջմիածին, Սանահին, Հաղպատ, Օձուն, Աշտարակ, Սաղմոսավանք, Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր և այլն): Նա «Ի. Վ. Ժոլտովսկու ճարտարապետական կոմպոզիցիայի սկզբունքների մասին» ուսումնասիրության հեղինակն է, գրել է հուշեր Հայրենական Մեծ պատերազմի մասին՝ «Իմ պատերազմը»: Թոռը՝ Ալեքսանդր Հայրապետյանը (Մոսկվա) ևս շնորհաշատ ճարտարապետ է:
Հայրապետյան տոհմին է պատկանում Հ. Հայրապետյանի մյուս եղբորորդի, Տանակերտում ծնված (1945) ու հասակ առած տողերիս նվաստ հեղինակը, ով ռուս նշանավոր բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի խոսքերով «…բառացիորեն ոտաբոբիկ՝ իր համար ճանապարհ բացեց գյուղից համալսարան, այնուհետև՝ դեպի գիտություն…» այնտեղ դառնալով Հայկական մշակութաբանական ու ավանդույթաբանական գիտական դպրոցի (հիմնադիր՝ պրոֆեսոր Է. Ս. Մարգարյան) նվիրյալ հետևորդներից մեկը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։