1993-2008 թթ. ապրում էի ինձ հարազատ Մոսկվայում, հարազատ Հայաստանից հեռու… Այն օրերին հասարակությունը փոխվում էր օր-օրի, զարգացման նոր ուղիներ, հոգեբանական նոր լիցք էր ընտրում, որում ժողովրդի նոր հույսերի ու ձգտումների երևակումներն էին և որոնք նաև օգնում էին հաղթահարելու նոր դժվարությունները: Քաղաքական ու տնտեսական փոփոխությունները Ռուսաստանում անցյալ տարվա վերջերին և 2015-ի սկզբներին կարոտ արթնացրին նախկին օրերի Մոսկվայի մասին, ու ես նստեցի գրելու ոչ հեռավոր անցյալի մասին…
Հպանցիկ տպավորություններում ու դիտարկումներում ինչ-որ չափով կիզակետվել է մենթալիտետը՝ և՛ ազգությունների, և՛ անհատների հեռացող և ծնվող ժամանակների դրական և հաճախ՝ այլանդակ հորձանուտում: Մոսկովյան նկարագրությունները հազարամյակների հերթափոխում կյանքի նախանշանների յուրատեսակ հավաքածու է:
Ուրվական է, բայց տես՝ պահպանվել է:
Կրոպոտկինսկայա մետրոյի մոտ: Շտապում եմ Օստոժենկայի վրա գտնվող Գրքի պալատ: Լուսաֆորի մոտ շփոթահար կին է, մտածում եմ՝ հիմա կհարցնի, թե ինչպես ուր հասնի: Իրոք որ մոտենում է ինձ:
– Ներեցեք, խնդրում եմ, չէի՞ք ասի… գլուխ չեմ հանում, սա ինչ արձան է:
Այ թե ինչ. կինը կորել է, բայց ոչ թե փողոցների լաբիրինթոսում, այլ՝ պատմության մեջ: Կարմիր պալատների հենքին, ձախ կողմում վեր է հառնել ժամանակի քմահաճ ճաշակներից չաղճատված մարքսիզմ-լենինիզմի դասականներից մեկը: Ընդ որում՝ Նապոլեոնի հպարտ կեցվածքով: 1996 թ. է, գուցե այդ պատճառով է վատ գործում հիշողությունը: Թեև կինը հիսուն տարեկան էլ չկա:
– Էնգելսն է, Ֆրիդրիխ Էնգելսը,- հընթացս բացատրում ու մղվում եմ դեպի վառվող կանաչ լույսը՝ երկրորդ անցումը հաղթահարելու համար:
Եթե նա մոտենար էլ արձանին, ոչինչ չէր տեսնի, ժամանակը ջանացել ու մաքրել էր պատվանդանի գրությունը: Կարելի է ասել, որ մեր դիմաց գաղափարական ճակատի Անհայտ զինվորի հուշարձանն է: Այն էլ՝ գաղտնագրված:
Ձմեռային արձակուրդներին Էնգելսի կողքին տոնական զարդարված կանաչ տոնածառ էր հայտնվում: Երբ տոնածառը հանեցին, արձանը կարծես տխրեց: Տոնածառն իր հետքը թողել էր ձյան վրա՝ պատվանդանի խաչաձև պատկերն ու քարշ տված ծառի հետքը՝ արբանյակային պոչը: Կարծես տոնածառն իր հսկա խաղալիքներով թռել էր տիեզերք, իսկ Էնգելսին հետը չէր տարել՝ ախր, շատ ծանր է…
Էնգելսի արձանին որ կողմից էլ նայես՝ կողքով է երևում: Այ, լենինյան արձանները միշտ առաջ են նայում, նպատակասլաց են, ոչ մի շեղում աջ կամ ձախ: Եվ իր կեցվածքի շնորհիվ Էնգելսը, փաստորեն, չնկատեց, թե ինչպես իր դիմաց վեր բարձրացավ Փրկչի տաճարը: Ե՛վ տաճարը կառուցվեց, և՛ դասականին թողեցին իր տեղում, ու փառք Աստծուն: Թող կողք-կողքի մնա այդ տարօրինակ համադրությունը ընդդեմ վանդալիզմի: Փառք նաև նախկին քաղաքապետին. երբ 1990-ականներին հուշարձաններ քանդելու սիրահարները աչք դրեցին նաև Էնգելսին՝ Լուժկովն արգելեց:
Իսկ ավելի վաղ արձանը քիչ մնաց… համբառներ: Երբ 1976 թ. վերամբարձ կռունկը Ի. Կոզլովսկու՝ արդեն ավարտուն քանդակը փորձում էր ամրացնել պատվանդանին, ինչ-որ բան խափանվեց, ու սավանով փաթաթված արձանը մի ժամանակ կախվեց օդում: Դրանից հետո ժողովուրդը Էնգելսին կոչեց կոմունիզմի ուրվական:
Որոշ մոսկվացիներ համոզված են, որ դա Կրոպոտկինի արձանն է ու զարմանում են, որ սխալվել են: Նման զուգորդումներն էլ գաղափար տվեցին Էնգելսի արձանը վերածել Կրոպոտկինի, դրա համար ընդամենը պետք է փոխել անվանումը, իսկ այնպես նրանք շատ էլ նման են: Հետն էլ գումար կխնայեին: Մի խոսքով, ոչ թե արձան է, այլ՝ մարդկային անսպառ երևակայության աղբյուր:
ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ
«Պրոլետարսկայա» մետրոյի կայարան: Այս գետնուղին ամայի-ասկետական է, առանց ավելորդությունների: Օդում զգացվում է գործարանին հատուկ հոտը: Բայց մետրոյին մերձ հանրախանութը բավական «զիլ» համարում ունի և ամեևին էլ պրոլետարական սպառողի համար նախատեսված չէ: Հարուստ ու թանկ տեսականի, այդ թվում՝ մթերային: Երկրորդ հարկում զինված հսկիչն է: Բուրժուական ոգին բնավորվում է նաև Մոսկվայի պրոլետարական տերիտորիայում: Բայց կոչերը դեռ անցյալի խմորումն ունեն:
«Տեքստիլշչիկ» կայարանից մինչև «Վոլգոգրադյան պողոտա» մետրոն վերգետնյա է, երկու կողմում ցանկապատված: Կանաչ ցանկապատը ընդմիջվում է քարե ճերմակ պատի կարճ հատվածով, որի վրա հին օրերի արձագանքն է՝ «Կորչեն բուրժույները», «Հանուն ԽՍՀՄ-ի», որոնք հրատապ դառնալու հայտ ունեն:
Պատմական անցյալի հետքերը պահպանվել են նաև «Պրոլետարական» կայարանում: «Բանվորը»: Քանդակագործ՝ Ն. Անդրեև, 1925 թ.»,- գրված է մաշված, անխնամ պատվանդանին: Մոռացված ու լքված արձանին համահունչ է կայարանի աղքատիկ ու տխուր ինտերյերը: Ջահել պրոլետարը զննում է ձեռքում պահած ինչ-որ դետալ: Ղարաբաղյան ու չեչենական ողբերգություններով, մոսկովյան բնակելի շենքերի ու մետրոյի կայարանների պայթյուններով խեղված իմ գիտակցության մեջ դա կարող է զուգորդվել միայն ձեռքի ականի հետ, որին մտազբաղ սևեռվել է հեգեմոնը: Այսինքն՝ պայթեցնե՞լ, թե՞ չպայթեցնել: Կամ շահիդը՝ ինքն է՞լ հետը պայթի, թե՞ այս անգամ միայն պայթեցնի:
Արձանի թիկունքում կարմրաղյուսե պատն է, որի վրա պահպանվել է «Ժդանովյան շրջանի պատվո տախտակ» գրությունը: Բայց ոչ մի առաջավորի լուսանկար չկա, անխնա ժամանակը լիզել-մաքրել է: Արձանի առջև պստլիկ ծառուղի է: Ծառերի տակ խոտ չի աճում: Հետաքրքիր է, 90-ականներից հետո վերջնականապես հրաժեշտ տվե՞լ են «Բանվորին»: Իսկ գուցե այդ պատմական ցուցանմուշը նորոգել են ու նոր շո՞ւնչ տվել:
ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԼՍԵԼ Է ԻԼՅԻՉԸ
Կինն անսպասելի փակեց ճամփաս: Քայլերս դանդաղեցրի ու հայացքս պոկեցի մայթից, որտեղ պստլիկ ու գնդլիկ մի բան շարժվեց:
-Ներեցեք, չե՞ք ասի, ինչպես հասնեմ Իլյիչի գործարան:
Ես էլ այդ կողմ եմ գնում, խմբագրություն: Իսկ մինչև գործարան մի քանի րոպեի ճանապարհ է:
-Այ, այնտեղ է, ուղիղ գնացեք ու հետո անցեք փողոցը:
Հայացքս հանդիպում է պատվանդանի տիրոջը: Այնպես է կանգնած, որ փարթամ ծառերն անգամ չեն կարող փակել:
– Տեսնո՞ւմ եք նրան,- շարունակում եմ բացատրությունս:- Իսկ գործարանը նրա ետևում է:
Պստլիկ գնդլիկը նորից հիշեցրեց իր մասին: Կիսակենդան, թրջված, դանդաղ տեղաշարժվող առնետ: Երևի կրպակներից են դուրս քշել:
Քնքուշ առավոտ է, օգոստոսյան արևը դեռ չի այրում: Ինչպես միշտ ու կարծես ոչինչ չի փոխվել՝ Իլյիչը վեհատես է ու շատ ինքնավստահ: (Ի վերջո, քանդակագործ Ս. Մերկուրովի գործն է, ժամանակին Երևանի հրապարակում վեր խոյացող Լենինի արձանի հեղինակը): Իսկ նրա մոտ կիսակենդան, կորած-մոլորած առնետ: Ես չհետևեցի, թե նա ուր քարշ տվեց իր տխուր գոյությունը, քայլերս ուղղեցի դեպի շենքերից մեկը, որը տրամադրված էր բիզնես կենտրոնի գրասենյակներին:
Երկու օր առաջ Իլյիչի պատվանդանին բարձրախոս էր ամրացված: Տունդարձիս լսեցի արձանի շուրջը հավաքված սակավաթիվ ամբոխի առջև ելույթ ունեցող տղամարդու խոսքերը: Հռետորին ասես ոգևորում էր Իլյիչի ներկայությունը: Ռուսաստանը դժբախտության մեջ է, տղամարդիկ ապրում են 58 տարի ու անաղմուկ մեռնում են: Մոտ 10 միլիոն ռուս երեխաներ թողել են դպրոցը, համարյա ամեն շուկայում կարելի է հանդիպել ռուս երեխաների առևտրով զբաղվող կովկասցիների: Ռուս կանայք ճերմակ ապրանք են երկրից դուրս արտահանելու համար…
Ծանոթ թվեր ու փաստեր են: Հռետորի ձայնի ելևէջումներից զգացվում է՝ մարդը հիանում է իրենով ու իր խոսքերով: Նա «պերեստրոյկայի» ու «գլասնոստի» ծնունդ մարդկային տեսակն է, այն ժամանակի, երբ բոլորի լեզուներն ասես բացվեցին… Բայց ծաղկում ապրեց նաև խոսելացավը, կեղծիքը, ու ճշմարտությունը զիջեց իր դիրքերը…
Լսելու ցանկություն չունեի: Ամենաուշադիր ունկնդիրը Իլյիչն էր՝ փրկված արձանը: (Ժամանակին ինքն էլ այստեղ էր ելույթ ունեցել ու հենց այստեղ նրան հասավ Ֆաննի Կապլանի արձակած գնդակը): Երրորդ հազարամյակի առաջին տարին էր: Իսկ հինգ տարի առաջ, 1995 թ., Ալեքսանդր Սոլժենիցինը զրուցելով Օ. Չայկովսկայայի հետ, ցավով ասում էր. «Ուրեմն դրանց (ԶԼՄ-ների, Կ.Խ.) պետքը չէ, որ Ռուսաստանում դեմոգրաֆիկ աղետ է՝ ամեն տարի մեր ժողովուրդը վերանում է մեկ միլիոն մարդով, բայց նրանք մահանում են լուռ, հեռուստախցիկները ցույց չեն տալիս ո՛չ նրանց, ո՛չ ամեն տարի 70-80 հազար ինքնասպանություն գործողներին, ովքեր ներկա հանգամանքներում ապրելու իմաստ չեն տեսնում»…
Ա. Սոլժենիցինը նաև ասաց մի երևույթի մասին, որը տարիների հետ խորանում ու օրախնդիր է դառնում. «… խոսքի ազատությունը հակառակ կողմն էլ ունի՝ խոսքի սնանկացումը: Երբեմն ամենաբուռն բառահեղեղը չի կարող ազդել դեպքերի ընթացքի վրա: Այն պետք է փոխել միայն ըստ էության: Դրանով էլ զբաղված եմ հիմա»…
ԵՎ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ
ՍԻՄԵՆՈՆԸ
Մերձմոսկովյան էլեկտրագնացքները և՛ կյանք են, և՛ թատրոն անիվների վրա, և՛ առևտրային կետեր, և՛ գրադարաններ, և՛ գժանոց ու պարզապես տուն: Երգում են, ուտում կամ գրկվում-համբուրվում, ասես իրենց տանը լինեն: Համբերիր, եթե ուզում ես տուն հասնել:
Մի քանի րոպեից գնացքը կշարժվի՝ «Պոդլիպկի» կայարանից Մոսկվա: Վագոնը վերածվում է առևտրի սրահի: Առևտուր անողները բնածին հաղորդավարներ են: Մամուլ վաճառողը առաջարկում է նոր 32 էջանոց քրեական թերթ, երեք հազար ռուբլով ապրանքը արագ իրացվում է: Հերթը մինչ այդ մի կողմ քաշված նրա կոլեգայինն է՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն վաճառվում է երկու հազարով: Իսկ «Վտանգավոր դրույքներ»-ից հետո հայտնվում է «Քրեական օրենսգրքի» տարածողը և տեղեկացնում, որ օրենսգրքում երկու հոդված է փոխվել, ու դրանք ուժի մեջ կմտնեն 1997-ին, այսինքն՝ մեկուկես տարի հետո միայն: Օրենսգիրքը հինգ հազար արժե, այնինչ խանութում վաճառվում է 12 հազարով: Ուղևորներից ոչ մեկը չարձագանքեց, արհամարհեցին անգամ գնային շոշափելի տարբերությունը:
Հովանոցներ վաճառողը մեծ սպասումներ ուներ՝ 18 գույնի ապրանք էր առաջարկում: Ցուցադրելով, թե ինչպես պետք է օգտվել հովանոցից, նա միաժամանակ տոպրակից հանեց խոհանոցային դանակների փաթեթն ու զուգագուլպաներ… Բայց բախվեց հասարակության լիակատար անտարբերությանը: Միայն մի կին ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, ու նա շարժվեց դեպի հաջորդ վագոն՝ նույն պահին արթնացած ակորդեոնի ու շեփորի հնչյունների ներքո: Երկու ծերուկ դիմացան մինչև իրենց աստեղնային ժամն ու մինի-համերգ տվեցին: Դիմացը նստած տղամարդը առատաձեռն գտնվեց՝ երկու հազար ռուբլի տվեց:
Նրանք ժողովրդական երգի ավարտին էին մոտենում, երբ վագոնի տամբուրից աղմուկով ներս ընկավ դաջվածքներով, կիսավարտիքով ու շապիկով զարդարված հաղթանդամ ջահելը: Կիսագողական շեշտով ինտելեկտուալ ապրանք առաջարկեց՝ ռուս-անգլերեն ու անգլերեն-ռուսերեն բառարանի նոր օրինակը: Իսկ մինչ այդ սաստեց ակորդեոնիստին՝ «Մաքրվի՛ էստեղից, ոտքի տակ մի՛ ընկնի»… Առատաձեռն ուղևորը խստագույնս գոռաց.
– Ուզում ես էստեղ աշխատել՝ էս բիձեքին ձեռք չտաս, լսեցի՞ր:
Բառարանը ոչ մեկին չհետաքրքրեց, «զիլ» կոնֆերանսյեի մտքով էլ չանցավ համոզել, նա արագ մտավ հաջորդ վագոն, երևի երաժիշտներից առաջ անցնելու համար:
Մոտենում ենք «Յարոսլավյան» կայարանին: Սցենարի ավարտը նույնպես քրեական էր՝ վրա հասավ Ժորժ Սիմենոնի երկհատորյակը վաճառող կինը:
Բայց այդ ամենօրյա բազմաձայնության մեջ պակասում էր ծանոթ ձայնը, և մենք այն լսեցինք: Գնացքն արդեն դանդաղեցրել էր ընթացքը, երբ ձայն տվեց մուրացկան տղան:
– Օգնեցեք, խնդրում եմ,- և ուղևորներին էր դեմ անում արդեն զզվեցրած տեքստով ստվարաթղթի կտորը՝ օգնության, կյանքի պատմության, հիվանդության, հարազատների մահվան մասին…
ՊԱՂՊԱՂԱԿՆ ԷԼ՝ ՎՐԱԴԻՐ
– Շնորհավորում եմ, որ բարեհաջող տեղ գրավեցիք:- Օհո՜, չարչիները նոր սլոգան են հորինել:- Ճանապարհը կարող ենք կարճել երգերի ընթերցումով…
Իսկ եթե հանկարծ ամբողջ վագոնը համերաշխ երգի՞…
Միշտ չէ, որ գիրքը պարզապես ներկայացվում է կարճ տեղեկատվությամբ ու գնով: Երբեմն գնել չարժե, քանի որ արդեն ամեն ինչ իմացել ես: Փորձված գրավաճառները կարճ նախաբանից հետո ապագա ընթերցողին տալիս են անոտացիան, թույլ են տալիս թերթել գիրքը, մի քանի օրինակ են բաժանում ուղևորներին՝ ծանոթանալու համար: Իսկ սկսնակ ջահելը մանրամասն նկարագրում է անգլիացի հոգեբանի գիրքը երեխաների համար, մեջբերումներ է անում նախաբանից գովազդի առավելագույն հավաստիության համար: Բայց ձանձրալի նկարագրությունը հոգնեցնում է ուղևորներին:
«Վիխինո-Մալախովկա» երթուղում նորույթ է հայտնվել՝ գրավաճառը բարձրախոսով է ներկայացնում գիրքը: Առաջարկվում են ոչ միայն Ռեքս Ստաուտի, Բրաունի դետեկտիվները, 19-20-րդ դարերի ռուս գրողների հեքիաթները, այլև կենացներ, անեկդոտներ, խոհարարական բաղադրատոմսեր, օրացույցներ… Գովազդելով գիրքը՝ վաճառողը, իհարկե, դրա գինը համեմատում է խանութի կամ կրպակի գների հետ, որտեղ այն նույնիսկ կրկնակի արժե: Իսկ երբեմն համոզելու մեջ այնքան է ընդառաջում, որ համեմատության մեջ է դնում պաղպաղակի կամ երշիկի գների հետ, ու դրանց գները հավասար են կամ զիջում են մթերքներին:
Բնականաբար, հիշեցնում են, որ գիրքը լավ նվեր է, որն ընդմիշտ կմնա գրադարակի վրա: Ստաուտի երկու գիրքը գրավաճառը խորհուրդ տվեց նվիրել ոչ միայն կնոջը, զոքանչին, բարեկամներին, այլև սիրելի շեֆին: Այստեղ հաճախակի հյուր է նաև Չեյզը՝ մի գրքում երեք վեպ կա, սխալ է չգնելը, հատկապես եթե ժողովածուները չունես:
Առավել հետաքրքրում են արտասահմանյան գրողների հեքիաթները փափուկ կազմով ու երկու հազարով: Կողքիս նստած ամուսնական զույգը որոշում է կայարանում ծաղկեփունջ գնել ու հեքիաթների ժողովածուն, երևի նվեր պիտի տան:
Գրավաճառներն իրենց մասնագիտական պարտքն են համարում ներկայացնել ապրանքի հարակից-գործնական առավելությունները: Ի ցույց են դնում ոչ միայն շահեկան գինը, այլև տպագրական որակը՝ թելակարն ամուր է, կոշտ կազմ է, թուղթը բարձրորակ է, մի խոսքով, ճանապարհներին ընթերցելիս մաս-մաս չի քանդվի:
Ամռանը հետաքրքրությունն աճում է դետեկտիվ ու արկածային, սնկերի, առողջ սննդի մասին գրականության նկատմամբ: Անցյալ տարի ցուցակը գլխավորում էին անեկդոտներն ու խաչբառները: Մշտական պահանջարկ ունի մանկական գրականությունը: Այնպես որ, մերձմոսկովյան գնացքներում տարերայնորեն ուրվագծվում է գրքերի առաջարկի ու պահանջարկի ամպլիտուդան:
– Պաղպաղա՜կ: Սերուցքային, շոկոլադով:
Ինտելեկտուալ կերակուրից հետո կարելի է զովանալ պաղպաղակով՝ հիմնական տեսականին պլոմբիրն է ու սերուցքայինը՝ բաժակով:
Թարգմանությունը՝
Կ. ԽՈԴԻԿՅԱՆԻ