Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ / ՋԵՆՈՎԱ՝ ՋԵՐՄ

Դեռևս չտեսած՝ Ջենովայի իմ մտապատկերին սրբազանություն էր հաղորդում քաղաքի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում պահպանվող Եդեսիայի հայ արքա Աբգարի համար մ.թ. 32 թ. Քրիստոսի կենդանագիր պատկերի՝ Դաստառակի գոյությունը: Ջենովայի անունը առաջին անգամ տպավորված պատմական անցուդարձերի և դեպքերի զուգորդություններով էր պատկերանում նաև՝ Կոլումբոսի, Գարիբալդիի, հայկական Կիլիկիայի հետ առևտրային ու մշակութային կապերի… Մտքումս հնչող Պագանինիի ջութակի հնչյունների ներքո պտտվում էին տողեր Գումիլյովի «Ջենովա» բանաստեղծությունից՝

Ջենովայում՝ պալատում դոժերի,
Պատերին հնագույն նկարներ կան,
Որտեղ առագաստանավերը
Զարմանալի նման են կարապների:
Փորձում էի վերզգալ Բայրոնի լիգուրիական զգացողությունները, կանխավ մերժում էի Չայկովսկու և Մոպասանի մռայլ տպավորությունները: Ենթադրում էի, որ շատ բան է փոխվել Դիքենսի «Իտալական էսքիզնե­րի» ժամանակներից, և հիմա նա հազիվ թե գրեր՝ «Այս քաղաքը լի է հակադրություններով: Ամեն քայլափոխի ձեր աչքերի առաջ հայտնվում են գեղեցիկն ու տգեղը, հոյակապը, հետաքրքրաշարժն ու զզվելին»:
Մարդկայնորեն, սակայն, Ջենովան ես նույնացնում էի իմ ճանաչած միակ իրական և ժամանակակից ջենովացու՝ բանաստեղծ Կլաուդիո Պոցցանիի և ուրեմն՝ պոեզիայի, խոհականության և ազնվականության հետ: Հայաստանյան մեր փոքրիկ խմբին տեսնելուն պես Ջենովայի փառատոնի կազմակերպիչ, մեր ժամանակների մեծահամբավ բանաստեղծ Պոցցանին բացականչեց՝ «Օ՜, Հայաստան, իմ սեր», և մտքիս ժապավենի վրայով սրընթաց անցան Հայաստանին ձոնված նրա հրաշալի բանաստեղծությունները:
…Մենք միանգամից հայտնվեցինք պոեզիայի տոնի մեջ. խոսքը փառատոնի մասին չէ, այլ՝ քաղաքով մեկ թևածող պոեզիայի և տոնականության մթնոլորտի: «Աստորիա» գողտրիկ հյուրանոցից մինչև Դուքսի պալատ մեր պատվիրակությունը՝ «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնի համակարգող, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, բանաստեղծներ Ղուկաս Սիրունյանը, Ռուզաննա Ոսկանյանը, թարգմանիչ Սուրեն Ենոքյան-Իսրայելյանը և ես, քայլում էինք՝ վայելելով քաղաքի բույրերը, գույները, ձայները, մեր զգայական հիշողությանը պահ տալով թանկ ժամերի պատառիկները: Ջենովայի փառատոնի յուրահատկությունը, թերևս, կենդանի, ապրող տոն լինելու մեջ է, այն իսկապես համապատասխանում է փառատոն բառի ստուգաբանությանը՝ փառք և տոն, այն առնչվում է ոչ միայն տարբեր ազգերի մշակույթներ կրող բանաստեղծներին և արվեստագետներին, ոչ միայն կազմակերպիչներին և պոեզիայի սիրահարներին, այլև պարզ ջենովացիներին, որոնք ունկնդրում էին իտալերեն թարգմանությունները և գնահատում ծափերի ուժգնությամբ:
Նույն պոեզիայի տոնն էր Սավոննայում. նախ գրախանութում կայացան բանաստեղծների ընթերցումները. մայրենի լեզուներով՝ հեղինակների կատարմամբ և իտալերեն զուգահեռ թարգմանություններով, որ Կլաուդիո Պոցցանին էր կարդում բացառիկ իր տաղանդով: Ապա, երբ երեկոն իջավ, վրա հասած անձրևի ու մշուշի հետ քաղաքը պարուրվեց Պոեզիայի միստիկայով: Հրապարակում (որտեղ մտովի հանրահավաք պատկերացրեցի, և որտեղ նրանք իրենց քաղաքական հանրահավաքները վաղուց հաղթական հանգրվանի են հասցրել.- կներեք քաղաքական զեղման համար) բեմահաթակ էին հրավիրում բանաստեղծներին, և սավոննացիները փառատոնի մասնակիցների հետ միասին վայելում էին իրենց և հրավիրյալ բանաստեղծների ասմունքը, նաև բարդերի երաժշտական կատարումները: Ոչ ոք ոչինչ չէր պարտադրել ու չէր ստիպել. մարդիկ եկել էին Պոեզայի թովիչ կանչով:
Իսկ Ջենովան ամբողջովին էր պոեզիա, և հիմա, փառատոնն ավատվել է, վստահ եմ, որ Պոեզիան շարունակում է ապրել այնտեղ: Անհնար է, որ պոեզիան Ջենովայից հյուրի պես հեռանա փառատոնի ավարտին: Անհնար է, որովհետև չեն կարող Ջենովայից հեռանալ ծովի գույները և տեսիլները՝ դրոշմված շենքերի նրբահյուս կառույցներին, լուսամուտների մուգ կանաչ փակոցափեղկերին, մայթերը եզերող փթթուն դափնեվարդերի սպիտակ և վարդագույն ծաղկաբույլերի մեջ, շքեղ մագնոլիաների, դեռ նախորդ տարվա անքաղ պտուղներով նարնջագույն ժպտացող թուրինջենիների, զարդոլորուն ճյուղերով լորենիների ու մշտադալար սոճիների մեջ: Չի կարող Պոեզիան զբոսաշրջիկի, թեկուզ և բանաստեղծ զբոսաշրջիկի հանգույն մնաս բարով ասել փառատոնից հետո ու հեռանալ… Պոեզիան չի կարող ցամաքել դե Ֆերրարի հրապարակի շատրվանի ծիածանվող ջրացայտերի մեջ:
Մի՞թե Ջենովայի մայր տաճարի՝ Սուրբ Լոուրենսի՝ գոթական ոճով կառուցված եկեղեցու ներսից ու դրսից հնարավոր է ջնջել սևի ու սպիտակի զարմանալի ներդաշնակությունը, որմնանկարների դասականությունը և Մարիամի խորհրդանշան կենդանի վարդի թփի շունչը եկեղեցիների ներսում:
Ասում են՝ պոեզիան լավ ժամանակներ չի ապրում, ասում են՝ ժանրի ճգնաժամ կա: Գուցե, սակայն աշխարհում կա մի քաղաք, որտեղ կարելի է գալ փառատոնի օրերին, դրանից առաջ և հետո, շնչել ծովից քաղաք հասնող պոեզիան, հպվել պատմությանը, վերագտնել պոեզիան, վերագտնել և գրկախառնվել քեզնից խռոված, կորած բառերի հետ….
Ջենովա մեկնում էի՝ սրտումս կրելով Ջենովային ձոնված բանաստեղծությունը. «Ջենովա՝ հոյակապ».
ՋԵՆՈՎԱ՝ ՀՈՅԱԿԱՊ
Ծովամույն տեսիլքները առաջին
լիգուրների
Ամեն օր ափ են նետվում՝
Փաթաթված ջրիմուռներին՝ կանաչ-կարմիր,
Շշերի մեջ խցանված՝ լողում են
իբրև նամակներ,
Շողարձակում աչքերի մեջ ջրահարսների:
Այդ տեսիլքներով էր հառնել քաղաքը
Հոյակապ
Եվ զարդարվել պալատներով
հազար-հազար:
Այդ տեսիլքներն էին առագաստները
Անհայտ ափեր մեկնող Կոլումբոսի նավի,
Եվ դրանցով էր Մաձինին գծում
Եզերքներն ազատ իր հայրենիքի,
Իսկ Գարիբալդին իր հողահավաք
երազն էր կերտում
Ազատ, միացյալ, նոր Իտալիայի:
Տեսիլքներն էին լիգուրիական
Հնչում ջութակից Պագանինիի:
Տեսլիքներով է անշեջ փարոսը
Լա-Լանտեռնայի,
Նորից գտնված տեսիլքներով է
խաղը հորինվել
Սպինոլա-դի- ելիչերիայի
հազարահմա հայելիների,
Եվ սուզանավը՝ «Նաձարիո Սաուրիո»,
այդ տեսլիքներով է
Ինքնասույզ լռում ջրերի խորքերում:
Ծովամույն տեսլիքները հին լիգուրների
Ձկնորսներն են ուռկանով որսում՝
Ծովերի աստծու օրհնանքների հետ,
Ականջների մեջ՝ տեսիլքներին հպված
Շշուկներն ալյաց լիգուրիական,
Ճայերի ճիչը և որորների կանչը մեղմօրոր:
Ջենովա՝ Հոյակապ,
Դեպի քեզ գալուց առաջ
Գիտեմ, որ մի տեղ, ափին պիտի հանդիպեմ
Իմ քույր Ջրանույշին՝
Լիգուրիական տեսլիքներով հղի
Եվ պիտի բանամ նամակն ինձ մեկնած՝
Վեց դար շշի մեջ խցանված ուղերձ:
Գիտեմ՝ զգույշ պիտի հպվեմ ես
առեղծվածին՝
Տիրոջ լուսաճառագ սուրբ Դաստառակի
Եվ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու գրի՝
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՅԱՅՐԱՊԷՏԻՆ…
Ջենովա՝ հոյակապ,
Գալիս եմ դեպի քեզ՝
Իմ՝ տեսլիքներ որսող,
Առեղծվածներ կորզող
Ցանցով սիրահյուս:
Ջենովա՝ Ջերմ. հոյակապ անվանդ պիտի հավելեմ և այսպես պիտի փայփայեմ քո հուշը: Ես կկարոտեմ փողոցներին, ժպտերես մարդկանց, քաղաքի ծաղկաբույրերին: Կկարոտեմ ծովին, որի ընդոստ ալիքների մեջ սիրտ չարեցի լողալ. հավաքածս Ջենովա-գույն քարերը հիշատակում են լիգուրիական ջրերում օծվելս միայն: Կկարոտեմ մեր հին բարեկամ Կլաուդիոյին, մեր նոր բարեկամներին՝ Բարբարային, Քրիստինային, Լաուրային, Մարիային, մյուսներին… Կկարոտեմ Դավիթին, Ռուզանին և Ղուկասին՝ թրթռուն Բանաստեղծության մեջ, որ Ջենովա է կոչվում:
Եվ գիտեմ, որ ծաղկաթև լորենու ճյուղերին, ում սիրահարվեցի հին դրուիդի պես, հաջորդ տարի իմ հմայական բառերը կծաղկեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։