Նոնա Պողոսյանի նոր ժողովածուն՝ «Ապրելու կանխավարկածե, հոգին ալեբախումներից ազատագրելու ենթատեքստով, առաջնորդում է խաղաղ գոյակցություն աշխարհի և նրա երևույթների հետ՝ չընդունելով սակայն դժգույն իրականությունը: Առանց կապանքների այս պոեզիան կրում է ներքին լարվածության, տագնապների ու անհանգստությունների մեծ պաշար: Եվ ճիչ՝ ուղղված քաղաքակիրթ աշխարհի անկատարություններին, անտեսումներին, հոգևոր կորուստներին: Այն պրկված նյարդաթելերի կծիկ է հիշեցնում, խիտ ու ճկուն ասելիքով: Բացահայտումների ճանապարհով ընթացող ժողովածուի չորս մասերը ներքին հոսքով և կանոնադրությամբ կապված են և ծնվել են խորագետ դիտումներից: Բանաստեղծի աչքն է, որ մանրադիտակի կանոնով տեսել է, վերցրել կարևորը, արժևորել: Այդ դիտումները խորքային կարելի է անվանել, որովհետև մանրակրկիտ հետազոտողի զննումներ են, վերապրուկների շղթայից, սեփական մաշկի վրա հաճախ զգացած լուռ հեծեծումներից: Եվ ոչ միայն իր, նաև մյուսների: Բանաստեղծն իր ցավի ու տագնապի երգիչը չէ, սոսկ /Օ՜, խեղճ մոլորակ… Ամեն օր այդպես մաս-մաս, աննկատ Կործանվում ես հաստատ/, /Ես տեսա, թե ոնց քամին գլխատեց Ծաղկածների մի ամբողջ ցեղի /, Ես պիտի պահի ողերը փրկեմ, Ես պիտի բարու գույները փրկեմ Ու խղճի առջև պիտի ընկրկեմ/: Ժողովածուն, որ կրում է ժամանակակից բանաստեղծության ոճը, դասական պոեզիային հետևելու միտումներ ունի: Եվ հայացք ունի այսօրվա կյանքին, որ չի գոհացնում: Բանաստեղծական շարքերում նկատելի են տագնապի և բողոքի հնչյունները, ժամանակի տխուր հետքերը, չհամաձայնվելը /Աչք. հարմարվել ես լուռ քեզ մատուցածին, Բայց ես դեռ ապրում եմ նույն սևուսպիտակով, Թե չփրկես դու ինձ գույներով մաքրածին, Քեզ կփակեմ ընդմիշտ մի ճշմարիտ ափով/:
Պատահական չէ ընտրված առաջին շարքի խորագիրը՝ «Արթնացող քաղաքե… Իրականությունը՝ քաղաքի տեսքով՝ վհատ, հևասպատ, անբնականություններով: Այնքան անբնական է դարձել իրականությունը, որ մանեկեններն անգամ ուզում են կերպափոխվել: Վախի, անտարբերության, օդի հոգոցների շրջապտույտում, սակայն, եռում են կրքերը: Ցավի ու նրանից վերադարձի համապատկեր է «Ցավի քաղաքըե, որ առանձնանում է այս շարքում սյուժեի և հոգու պատմության ներկայությամբ: Ցավից դեպի կյանք ձգվող ուղևորությունն ավարտված է: Պահն է՝ հասկանալու, որ վերադարձի ժամանակն է: Այդպես է ճակատագրի վճիռը: Ցավի քաղաքն այլևս հուշ է, և ճամփան Արևալույսինն է /Ու ես էի նորից տերը իմ բախտի, Ու ինձ տանում էին խաչելու Հույսին/: Անձնավորված քաղաքը արթնության մեջ է, իր մեջ անընդհատ նոր առավոտներ են բացվում: Կարևոր չէ արդեն, որ քաղաքում միասին են արթնանում հանցագործն ու հացագործը, մարդասպանն ու մարդապանը, բարեպաշտն ու բարերարը: Բանաստեղծն արթնացո՛ղ քաղաքի հևքին է միանում: Աններդաշնակության տարածություն ունի նաև ծովը. նա էլ է անհանգիստ, որովհետև «երբ ծովի երազները փշրվում են ժայռերի վրա, շնաձկները ձվադրում են սարսափը ծովիե, «խխունջներն իրենց հոգում լռեցնում են խշշոցը ծովիե, իսկ «սիրո նավերը խարսխվում են նորից հիշողության ցավինե: Ծովին այլ բան չի մնում անելու. «ծովը դառնում է ամենախորտակ զազրելի տարերքե:
Տագնապներն ու հույզերն ավելի են սրվում երկրորդ՝ «Էժան ծախված աշունե շարքում: Ավելի են ընդարձակվում բառի սահմանները, խորհրդանիշները: Աշունն՝ իր գեղեցկությամբ, բայց կյանքի մայրամուտ տանող, գունագեղ, բայց քամոտ /Այստեղ ամեն հասցե մի կարճ համար ունի՝ «Ուշ է արդենե, Ու կրակված ցավ կա դռների ետևում՝ լուռ ու շփոթահար/: Կյանքի մանրաժամանակները աշնան նրբանցքներն են, որտեղ «երջանկությունն է չորացած տերևե, իսկ «ճշմարտությունը նորից ընկրկում էե: Բանաստեղծի տեսունակ աչքը որսում է անարդարությունների բույլեր՝ հեռացող աշնան անտարբեր երկինքը, մշուշաքայլը, թռչունների չուն, որ իրենց թևերին վերցրած տանում են աշնան վերջին կրակները: Քամին՝ որպես մետաֆոր, շրջում է ժողովածուի տարբեր բանաստեղծություններում: Ամենակարող, փոփոխություններ թելադրող, նաև դաժան ու անարդար՝ չի անտեսվում բանաստեղծի միկրոսկոպ-աչքից, որ տեսնում է նրա ոճրագործությունները՝ ծառերին գլխատելը, աշխարհում մահ ու սարսափ տարածելը, մարդկանց ոչնչացնելը /Ես տեսա ցավի բաց երակներով Կարմիր շորերով վազող աղջկան, Որ տանում էր մի ահագնացող բոթ Այն հողին, ուր էլ խաշխաշներ չկան/:
«Ահա եսե շարքի խորագիրը ինքնության բացահայտման փորձ է, բայց ոչ եսակենտրոն: Բանաստեղծն իր միջով է ճանաչում աշխարհն ու մյուսներին: Իր ցավի վարքը պատմելով՝ ուզում է օգնել մյուսներին: Մարդասիրական հոսքերով այս շարքը ժամանակի ու տարածության արտացոլանք է: Ժամանակը ներկան է, ամեն ինչ է բերում ներկային / Ծնվեցի… Ճչացի… Ապրեցի… Մեծացա… Տոկացի … Հասա… Գտա… Ծնվեցին… Գնում եմ/: Ներկան է որոշիչը: Ժամանակի այս միավորը, որ ավելի է մոտեցնում իր ժամանակակցին /Գրում եմ Իմ գույնը: Գուցե նաև ձեր/, /Գալիս եմ իմ միջով, Գուցե նաև ձեր: Ինչ որ ցանել եմ, այն էլ կհնձեք/ կամ /Նայեք ինձ, ձեր պես եմ՝ Տեսանել գիտեմ/: Դեպի մարդը գնացող բանաստեղծությունների այս շարքը թերևս ամենահաջողվածն է ժողովածուում: Որովհետև աչքի է ընկնում հատկապես ուրույն պատկերների հորդումով: Եվ ոչ միայն պատկերների, այլև ափսոսանքի ու նվիրումի արտահայտման նոր սահմանումներով ու խոստովանանքով /Ինձ առեք ձեր մեջ, ինձ բառեք ձեր մեջ, Ու թե չձայնեմ՝ ինձ փրկեք ձեր մեջ/, /Ես քարանձավ եմ, ուր հարյուր հազար տարիներ առաջ Հոգիս որմնել են քարե պատերին, Որ հարյուր հազար տարիներ դեռ անց Չեն վերծանելու գաղտնիքները իմ/:
Վերջին՝ «Փշուր-փշուրե շարքը, ինչպես առաջաբանում նկատել է գրքի խմբագիրը՝ Արմեն Ավանեսյանը, պոեմի արժեք ունի: Ասելիքի խտանյութով յուրաքանչյուր պատկեր բացվելու և բազմապատկվելու հնարավորություն ունի: Այս շարքը նման է հոգևոր պահոցի՝ ամեն պահի մեծանալու, նոր տողեր վերցնելու և ընթերցողին զարմացնելու ընդունակությամբ /Ես ճերմակ թղթի ազատության վրա Խզբզեցի փոքրիկ, անշուք մի տնակ: Հոգիս այնտեղ էր՝ այն դարձավ դղյակ/, /Լեռները ծերանում են, Երբ լռում են բոլոր հրաբուխները/, /Խոտերն հոտոտում էին վեր խոյացող ծառին. -Ի՜նչ չքնաղ է բույրն իսկական կյանքի/:
Այսպիսով՝ Նոնա Պողոսյանի նոր ժողովածուն մերժում է հուսահատությունը. այն մշտակա լավատեսության հորդոր է: Դեպի լույսը և նոր ժամանակները ձգվող տողերը արթնության կոչեր են՝ ճիշտ գնահատելու կյանքի ակնթարթներն անգամ՝ կյանքն ամբողջովին զգալու հորդորով: Իր կառուցիկությամբ, թեմաների ճիշտ ընտրությամբ, պատկերների առատությամբ «Ապրելու կանխավարկածե ժողովածուն կգտնի իր ընթերցողին, որովհետև ինչպես ինքն է խոստովանում, «ոչ մի տող իզուր չի գրվել, իզուր չի գրվել ոչ մի հանգե: