ՀԵՌԱՑՈՂ ՍԱՅԼԻ ՃՌԻՆՉԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Միշտ էլ ծանր է հեռացող սայլի ճռինչը լսելը՝ թե՛ երբ հեռացողը թշնամին է, որ իր ետևից միայն մահ ու ավեր է թողել, թե՛ երբ գաղթականն է դրա վրա բարձել իր ունեցած-չունեցածը՝ նեղսրտած, անիծելով պապերից ժառանգած հողն ու նրանից այլևս չակնկալվող բարիքները:
Հիմա 2015 թ. մայիսի 11-ն է: 16-ն անց 20: Օրը տարաժամ մթնել է: Որոտ, կայծակ, շռնդացող անձրև: Այսպիսի մի օրվա մեջ է նկարագրված հալածական ծերունի Խորենացին Րաֆֆու «Պարույր Հայկազն» վիպակի ավարտական դրվագում: Գուցե հենց նման մի մթնդած օր էլ գրվում էր մեր մյուս դառնացած հանճարի ձեռոք՝ Աթենքում փառք վայելող, բայց իր ժողովրդի համար ոչինչ չնշանակող «զորավոր հանճարի» մասին:
Սենեքերիմ Արծրունին 11-րդ դարում, Վասպուրականում երևացած առաջին սելջուկ-թուրքի ասպատակությունից հետո, աշխարհի կործանման զարհուրանքը սրտում՝ Բյուզանդիային տվեց իր արքունի գեղատեսիլ, բերք ու բարիքով առատ տարածքները, գաղթեց Սեբաստիա՝ այսպես վերջ տալով Արծրունիների գահատոհմին: Անիի անկումից հետո էլ շատերը գաղթեցին, այսուայնտեղ գոյացրին հայ գաղութներ: Բայց այսպիսի խայտաճամուկ (սա Րաֆֆու սիրած բառն է) պատկեր ներկայացնող հայությանը Րաֆֆին գտավ Քաբուլում, Պարսկահայաստանում, Տաճկահայաստանում, Թիֆլիսում, այլուր, զետեղեց իր մանրակրկիտ հետազոտությունների դաշտում և ավանդեց մեզ: Սակայն ինչպես մենք, այնպես էլ ապագայի հայը, չենք գտնի նույնքան հանգամանալի մի ուսումնասիրություն ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերում, այլև հենց մեր ազատ, անկախ Հայրենիքում այսօր ապրող գեղջուկ, գավառացի, քաղաքացի հայի, նրա կենցաղի, հոգեբանության մասին: Խորքերից իմանալով գաղթականություն ծնող բոլոր պատճառները՝ Րաֆֆին գեղարվեստական ու այլ երկերում աշխարհաքաղաքացու իր պարտքն էր կատարում նաև: Մի քանի այլ ազգեր կարող են հայ գաղթօջախների առնչությամբ նրա ավանդած տեղեկությունների մեջ գտնել իրենց և հարստացնել սեփական պատմությունը: Նա անաչառ ու անխնա է մյուս ազգերի հանդեպ, բայց նաև երբեք չի խնայել մեզ: Սա ոչ թե արևելյան ազգերին բնորոշ ինքնաձաղկում է, այլ՝ մաքառում հանուն առողջ, արժանապատիվ կյանքի: «Չնայելով այն բոլոր վնասներին, որ հայի առջև դնում է յուր անցյալի պատմությունը, նա դարձյալ ձգտում է գաղթել… Հայը յուր հանգստությունը և յուր բարօրությունը միշտ երևակայում է հայրենի երկրի սահմանի դրսում… կարծես նորա բնիկ երկրի հորիզոնը յուր համար թունավորված լինի…»: Հիմա էլ մենք մեր «բնիկ երկրի հորիզոնը» թունավորողների պակաս չունենք, որ խաղատներով, անառականոցներով, գյուղում, քաղաքում գործազրկություն սադրելով՝ չեն դադարում վհատեցնել հային, վայելել ոչ թե ուրիշի, այլ հենց իրենց ազգակցի արյուն-քրտինքով ստեղծված բարիքներն ու հանգիստ խղճով անցնել առաջ, ինչպես խաշնարածներն են իրենց անասունների խժռած մի արոտավայրից անցնում հաջորդին: Բայց ո՞րն է նրանց հաջորդ կանգառը:
«Այսուամենայնիվ, Հայաստանը այն երկրների կարգին չէ, որ յուր բնակիչներին չկարողանա մատակարարել նոցա կենսական պիտույքները և ստիպեցնե նորանց յուրյանց ապրուստը որոնել օտար երկրներում: Հայաստանը ունի կյանքի շատ հարմարություններ, եթե նորա բնակիչները սովոր էին աշխատելու և երկրի հարստություններից օգուտ քաղելու: Բայց հայը գործել չգիտե, դորա համար նա հաց չունի, դորա համար նա թափառում է երկրից երկիր»: (Րաֆֆին՝ նոր ժամանակների մեր մեծագույն պատմիչը, մի պահ անգամ չի կասկածում, որ Տաճկահայաստանն էլ, Ռուսահայաստանն էլ Հայաստան անունով պետք է կոչվեն և ոչ մի այլ կերպ):
«Հայը ուր որ գնում է, պատրաստի ոսկի է որոնում, և շատ անգամ գտնում է, որպես գտան սկզբում Հնդկաստան գաղթող հայերը: Բայց նոցա որդիքն այժմ ուտելու հաց չունեն: Ինչո՞ւ, որովհետև ոսկին կապիտալ կամ հարստություն չէ. նա կարող է այսօր լինել և էգուց օդի մեջ ցնդվել…»: Մարգարե Րաֆֆին անգամ չէր կարող կռահել, թե իր երկրից մնացած բեկորը՝ ՀՀ, ինչ տարատեսակ հանածոներով, էներգիայի աղբյուրներով է հարուստ, բայց գրում էր. «Չենք հիշում, թե որքա՞ն է վնասում գաղթականությունը մեր ազգի աճելությանը, իսկ ավելի զգալի կորուստ է այն, որ հայ ազգաբնակությունը հեռանում է յուր բնիկ կենտրոնից, որի վրա պետք է հաստատված լիներ նրա կյանքը և ապագան: Որ նա յուր հայրենական հողից ստանար յուր սնունդը և ոչ մեծ քաղաքներում համալություն աներ: Ահա գլխավոր խնդիրը, որո վրա պետք է ուշադրություն դարձներ ազգային ժողովը»: Այսօր ապրուստի, էներգիայի, առողջության նորանոր աղբյուրներ գտնող հայ գիտնականը, ոռոգման համակարգի մասնագետը դռներ է ծեծում, մաշում, բայց մեր ոսկեխույզ պարոնների ախորժակը դեռ նոր է բացվել: Իսկ այսօրվա մեր Ազգային ժողովի «ուշադրությունը» այլ «գլխավոր» խնդիրներ ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։