Մայիսի 8-13-ը Գերմանիայի ՊԷՆ ակումբը հրավիրել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին` մասնակցելու եղեռնազոհ հայ գրողների «Ափ մը մոխիր» և հայ ու գերմանացի դպրոցականների շարադրությունների «Ուրացված-մոռացվա՞ծ» գերմաներեն գրքերի ներկայացմանը: Ինչպես հայտնի է, ՀԳՄ-ն երկար տարիներ համագործակցում է Գերմանիայի Ֆրիդրիխ Բյոդեքեր կազմակերպության հետ` հրատարակելով գերմանացի և հայ գրողների ստեղծագործությունների գերմաներեն և հայերեն անթոլոգիաներ: Այդ համագործակցության արդյունք էին նաև այս երկու գրքերը, որոնք կազմել էին գերմանացի գրող, հրատարակիչ, Ֆրիդրիխ Բյոդեքեր գրական միավորման ղեկավար Յուրգեն Յանկովսկին և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Գրքերի կազմման աշխատանքներին մասնակցել էին բանաստեղծներ Հերմինե Նավասարդյանը, Տիգրան Գաբոյանը: Մայիսի 10-ին Մակդեբուրգի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ «Ափ մը մոխիր» անթոլոգիայի ներկայացումը, որին ներկա էին Գերմանիայի ՊԷՆ ակումբի գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ: Ելույթ ունեցան նաև Գերմանիայում ապրող թուրք գրող Դողան Աքհանլին, Հալեի համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը, գերմանացի գրող Միհայլի Թորոկը, Յուրգեն Յանկովսկին: Բոլորի խոսքում գաղափարը մեկն էր` Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ճանաչի ցեղասպանության փաստը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց հայ-գերմանական գրական կապերի կարևորությունը, դասական և ժամանակակից գրողներին գերմաներեն հրատարակելու անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնեց Գերմանիայի ՊԷՆ ակումբին` հրավերի և այս հանդիպումը կազմակերպելու համար: Ընթերցվեցին «Ափ մը մոխիր» գրքում ընդգրկված հեղինակների բանաստեղծությունները հայերեն և գերմաներեն: Մակդեբուրգում ներկայացվեցին նաև Հայաստանում ՀԳՄ-ի և Մշակույթի նախարարության համագործակցությամբ պետպատվերով հրատարակված՝ եղեռնազոհ գրողների գերմաներեն, ռուսերեն, անգլերեն գրքերը: Մակդեբուրգում Էդ. Միլիտոնյանն ընթերցեց Գերմանիայի «Օդա» ամսագրի 2015 թ. առաջին համարում ցեղասպանության թեմայով տպագրված իր շարքի՝ Հրանտ Դինքին նվիրված բանաստեղծությունը` հաստատելով, որ ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօրինակ դրսևորումներով: Նա միաժամանակ շեշտեց, որ Արցախյան պատերազմն, ըստ էության, նույնպես պայքար է թուրքական հայաջինջ քաքականության դեմ: Նրա համոզմամբ` թուրքական այս համակարգված ծրագիրը գործում է 100-ից ավելի տարի: «Յուրաքանչյուր ցեղասպանություն համընդհանրական ողբ է ու ցավ աշխարհի համար»,- ասաց նա: Մայիսի 11-ին, արդեն Հալեի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ վերոնշյալ գրքերի ներկայացումը: Ելույթներ ունեցան թարգմանիչներ Վիլհելմ Բարչը, Անդրեյ Շինքելը, Յուրգեն Յանկովսկին: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո առաջին անգամ են եղեռնազոհ գրողները այլ լեզվով ամփոփվում մեկ ժողովածուում՝ կարևորելով դրանց տարածումն ու տարբեր լեզուներով հրատարակելու անհրաժեշտությունը: Էդ. Միլիտոնյանը և Ավիկ Իսահակյանը մասնակցեցին Հալեում Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի բացմանը, ի դեպ, Ավ Իսահակյանին հրավիրել էր Հալեի հայագիտական կենտրոնը: Մայիսի 12-ին նշված գրքերի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ ՀԳՄ-ի հրատարակած «Հողը կը խօսի» ժողովածուի շնորհանդեսը եղավ Ավստրիայում ՀՀ դեսպանության արվեստի սրահում, որը վարում էր հայագետ Հերբերտ Մաուերը: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` օտար ընթերցողներն առաջին անգամ էին կարդում մեր գրողների ստեղծագործությունները, զարմանալով, որ այդպիսի գրական մթնոլորտ է եղել Կոստանդնուպոլսում, և թուրքերը առաջինը հենց նրանց են սպանել: Ճանաչելով հայ մեծ դասականներին` օտարալեզու ընթերցողները ցանկություն էին հայտնում ծանոթանալ նաև այսօրվա ժամանակակից գրողների ստեղծագործություններին: «Ափ մը մոխիր» ժողովածուն հրատարակել է «Դր. Ցիթեն» հրատարակչությունը, «Ուրացում-մոռացո՞ւմ»-ը` «Դորիս» հրատարակչությունը:
Սեփ. լրտ.