Ցեղասպանության դարաշրջանից` հայրենաշինության նոր դարաշրջան / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցի նախօրյակին աննախադեպ ակտիվությամբ մարմնավորվեց հայ ժողովրդի միասնականության ու միաբանության գաղափարը: Ցավի, տխրության ու սգի համընդհանուր մթնոլորտում ծլարձակեց ազգային արժանապատվության նուրբ, զգայուն, անմոռուկային խորհրդանշական զգացողությունից ավելի բարձր, վեհ ու պարտավորեցնող զգացողություն, որ միակամ նպատակադրում էր բարձրաձայնում: «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը կորուսյալ Հայրենիքի վերագտնման, արդարության վերականգնման, պատմական սխալների շտկման, ինքնության հաստատման, կենսականության ու հավատի հաստատման հոգեղեն լիցքեր էր կրում: Աշխարհն արձագանքում էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, դատապարտում էր թուրքական ոճրագործությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապի աստվածահաճո պահվածքը, նրա շուրթերով ասված «ցեղասպանություն» բառը ասես հնչեցվում էր միլիարդավոր քրիստոնյաների կողմից: Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա ապրողներին Հայոց ցեղասպանության զոհերին ընդմիշտ հիշելու կոչ արեց: Եթե ժամանակին դատապարտվեր աշխարհում առաջին Հայոց ցեղասպանությունը, չէին լինի Կամբոջայի, Ռուանդայի, Բուրունիայի, Բոսնիայի սպանդները: Չդատապարտել ցեղասպանությունները, «թաքցնել կամ հերքել չարը, նշանակում է վերքը բաց թողնել, որ արնահոսի…»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների ելույթները Ծիծեռնակաբերդում, մնացած պետությունների պատվիրակների ելույթները, խոսքերը, հարցազրույցները բարիացած աշխարհի ազատ ու արդարամիտ վերաբերմունքն էր ցեղասպանություն տեսած ժողովրդի նկատմամբ: Այն, ինչ կատարվեց ապրիլի 24-ին Երևանում և աշխարհի շատ ու շատ երկրների մայրաքաղաքներում, բնակավայրերում, մշակութային, գիտակրթական հաստատություններում, խոսում էր հայ ժողովրդի հանդեպ վերափոխվող աշխարհի վերաբերմունքի մասին: Նույնիսկ մեր հեռուստաընկերություններն այդ օրերին եթերը մաքուր պահեցին մեր ազգին ու մշակույթին պատիվ չբերող հաղորդումներից:
Այն, ինչ մենք տեսանք, հուսադրող է: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձավ անցյալ: Բայց անցյալի սխալները շտկված չեն: Մենք ազգովի անելիքներ շատ ունենք. որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն, մենք չպետք է պառակտվենք: Դարեհ Առաջինի ասած «Հայերին հնարավոր չէ հաղթել. նրանց պետք է պառակտել» խոսքերի մեջ պատմական ճշմարտություն կա, արժանավայել գովեստի կողքին կա հեգնանքը: Մեր թշնամիները լավ գիտեն մեր «հանճարեղ անճարակությունը»` ազգային միաբանության անհամերաշխ դրսևորումներով:
Շատ խոսել պետք չէ: Մեր իրավագետների և քաղաքագետների հեռուստաելույթներում նշվել են մեր անելիքները` միջազգային իրավունքի իրավագիտության, պահանջատիրության հիմնահարցերի լուծման ուղղությամբ:
Հայի հնարամտությունն արդեն պետք է օգտագործել ոչ թե ժողովրդական, այլ պետական դիվանագիտությամբ: Կասեցնել է պետք արտագաղթը: Քաղաքի, բնակավայրերի բոլոր ցուցափեղկերից, կանգառներից պետք է հանել մարդկանց օտարության մղող գովազդները: Պետականորեն պետք է արգելել մեր երկիրը կազմաքանդող մարդկանց, տնաքանդ անող հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքը: Պետք է դպրոցներում խորացնել հայրենի գիտելիքներով ամրապնդվող հայրենասիրական ոգին, բացառել օտարամոլությունը:
Ժամանակն է մտածել ազգային գենոֆոնդի ոչ միայն պահպանման, այլև ավելացման, բարելավման մասին: Պետք է խրախուսելով մտահոգվել ազգի վերարտադրման, ծնելիության շատացման, բազմացման հարցերով: Մարգարիտ Թետչերը ճիշտ է նկատել. «Աքլորը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձվերը, միևնույն է, հավերն են ածում…»:
Հայորդիները չպետք է մոռանան «յոթ որդով սեղան նստելու» մեր նախահայրերի հորդոր-պատվիրանը: Ամոթալի է, երբ հայուհիները մոռանում են հայրենիքը առնական, տղամարդկային զորությամբ ամրացնելու իրենց կարևոր առաքելության, ներդրման մասին: Մայր Հայրենիքը կարիք ունի իմաստուն, արդար ու բարոյական զավակների: Օրենքով պետք է ամրագրել հայոց բազմանդամ ընտանիքներ ստեղծելու անհրաժեշտությունը:
Ամուր պետության հիմքերը պետք է ամրացնել օրինական, արդարամիտ, բարի գործընթացներով` օգտագործելով հայոց նյութական, հոգևոր, ֆիզիկական հարստությունը, որով կմարմնավորվի մեր երազած հայրենիքի տեսլականը:
Եվ, ի վերջո, հուսանք, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցից հետո սկսվում է մի նոր գոյատևության ժամանակաշրջան, որի հարատևությունը մե՛նք պետք է ապահովենք` մեր ինքնության առանձնահատկությունները ներկայացնող մշակույթով, հոգեմտածողությամբ, ավանդներով, ծեսերով, ծիսակարգերով և ազգային հիշողության պահպանման համար անհրաժեշտ մշտանորոգ կենսաձևերով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։