Երանի Աստծու խելքին մոտ լինի / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախորդող ու հաջորդող լրահոսին հետևելով՝ և՛ հուսահատվում, և՛ նոր հույսերով ես համակվում: Իհարկե, պիտի այնքան ուժեղ լինեինք, այնքան պինդ կանգնած մեր մի բուռ հողին, Արարատին այնքան վստահ հայացքով նայելու իրավունքով, որ պահանջատիրությունը ցնորք չթվար, որ ոխերիմ հարևանը մտածեր բացառապես հատուցման և մեր կորսված հայրենիքի մի մասը վերադարձնելու՝ իր համար պակաս ցավոտ եղանակի մասին:
Դարավերջը մենք փակեցինք հաղթանակով՝ հող ազատագրեցինք ու նաև գրավեցինք: Եվ եթե ընթացքը չխոտորվեր, հիմա այդպես էր լինելու: Որովհետև պատմությունն իր օրենքներն ունի և իր երբեմն անհեթեթ, բայց զորեղ պայմանականությունները: Թղթի վրա գրված է, որ նման ոճիրները վաղեմության ժամկետ չունեն, բայց… թեթևացած սրտով կշրջեն պատմության էջը ու կփորձեն անցնել առաջ:
Համենայնդեպս, զգացողություն կա, թե հայությունը գտնվում է նոր դարափուլի շեմին, և դա պայմանավորված չէ միայն տրամաբանական փաստարկներով՝ ՀռոմիՊապի փայլուն խոսքը և աստվածային Պատարագը, որին հարյուր տարի սպասում էր ազգային ցավը խտացրած Մեծն Թումանյանի Պատարագը: Եվրախորհրդարանի բանաձևը Հայոց ցեղասպանության մասին՝ աշխարհի ուշադրության կիզակետում հայտնվելը՝ օտար ու նաև հայազգի մեծահռչակների շնորհիվ: Ներըմբռնման մակարդակով զգացողություն կա, թե ինչ-որ վճռորոշ բան է լինելու ներսում և դրսում: Ձկան նման, որ կանխազգում է եղանակի կտրուկ փոփոխությունը, բայց չգիտե՝ առջևում կենարար անձրևնե՞ր են, թե՞ հարատև երաշտ:
Աստծու կամ համաշխարհային ոգու (և կամ՝ ինչպես կանվանեք) կամքով մենք պիտի որ կարողանանք նվաճել մեր արժանի տեղը քաղաքակիրթ աշխարհում: Ոչ թե ցանուցիր լինելով այս ու այնտեղ փայլատակենք, ոչ թե գոյատևենք մեր նվազած, սրտաչափ բնօրրանում, այլ նոր շնչառությամբ շարունակվենք:
Կարծեմ, հենց Տերն է հուշել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը օրեր առաջ դիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի նստավայրը և կալվածքը: Սա պարզ քարոզչական քայլ չէ, այլ տեղավորվում է քաղաքական հեռահար տեսլականի շրջանակներում: Ուրվագծվում է դատական գործընթաց, որ հասնելու է ՄԻԵԴ՝ սկիզբ հանդիսանալով վստահաբար Թուրքիայի համար ամենաանկանխատեսելի և անցանկալի գործընթացների:
Պիտի ազատագրվենք բոլոր կուռքերից՝ հավերժական ոսոխի հանդեպ սարսափից, հավերժական բարեկամի հանդեպ կույր սիրուց, պիտի թոթափենք մեր ներքին ստրկամտությունը, թե առանց մեծ հարևանի մեզ տեղում կհոշոտեն: Պիտի հասկանանք, որ մենք իրականում ոչ միայն թշնամիների կոկորդներում մնացած ոսկոր ենք, այլև քաղցր պատառ ենք բարեկամների համար:
Իսկ կարո՞ղ ենք:
Եթե մեր երկրի ներսում հաղթենք ինքներս մեզ, եթե մեր առաջիններն ու վերջինները իրենց տեղում լինեն, եթե ազգի ճակատագիրն ազգային տեսլական ունեցողները տնօրինեն, եթե չհանդուրժենք անհանդուրժելին՝ այո՛, կկարողանանք:
Կարելի էր սկսել մի պարզ քայլից. միասին ստեղծել անգրագիտությունը չհանդուրժող վիճակ: Գտնել բարձրաստիճանների անգրագիտությունը բացահայտելու-մերկացնելու եղանակներ, այն օրը դնել, որ թողնեն՝ տուն գնան: Այնքան հանրայնացնել, որ հասարակության ամենաստորին շերտում հայտնվածներն անգամ ծաղրեն ու հեգնեն դրանց: Ու մի՛ ասեք, թե բան դուրս չի գա՝ մինչև հիմա էլ ու հիմա էլ արվում է այդպես: Այո՛, բայց՝ ոչ համակարգված ու համատարած: Մեր ինքնության մեջ ամենակարևորն իմացականությունն է, գրապաշտությունը, խելքը: Եվ ուրեմն՝ մենք պիտի մեր ինքնությունն այդ կերպ ժխտողներին պատժենք նույն եղանակով, վանենք առնվազն իշխանության ղեկից: Հանրային մթնոլորտը եթե այս լիցքերով լցվի, անպայման կպայթեն թույլ օղակները:
Ես նույնիսկ կռահում եմ, թե առաջինն ով ամոթահար կլինի ու համարյա գետինը կմտնի, երբ ամբողջ հասարակությունը ասի-գրի-քննարկի-ծաղրի իր սխալները և տգիտությունը:
Երկրորդին և երրորդին նույնպես կռահում եմ:
Հետո՝ հարյուրին: Հաջորդ հազարին:
Բոլորին, ովքեր չգիտեն, որ Հայրենիքը «խոպան» չէ: Որ իրենց նմաններից առաջ և հավիտյանս Հայաստանը Նարեկացու և Կոմիտասի Հայրենիքն է, մեր այսօրվա և վաղվա երեխաների Հայրենիքն է:
Ում խիստ միամիտ կթվա այս մտածումը, ասեմ՝ լիքը լավ բաներ զվարճանալու չափ միամիտ բաներից են սկսվել:
100-ամյակից հետո մարդկության խղճին ապավինելը կամ արդարության զգացողության պոռթկմանը սպասելը խելքին մո՞տ է:
Այո՛, իհարկե, եթե մենք հանկարծ մեր ամբողջ ազգային ներուժով կենտրոնանանք պետականության ամրապնդման, սրտաչափ այս երկիրը բարձրացնելու գործին, եթե համազգային միասնության զարթոնք լինի:
Խելքին մո՞տ է:
Երանի Աստծու խելքին մոտ լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։