Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հակամարտությունների մի քանի օջախներ առաջացան: Ռուսական կայսրության հեռատես ղեկավարները տնտեսական փոխկապակցությանը զուգահեռ ստեղծել էին նաև բազմաթիվ տարածքային չլուծված խնդիրներ, որոնք կբռնկվեին կայսրության կազմաքանդման պարագայում:
Հեռահար ծրագիրն անսխալ աշխատեց. նորանկախ հանրապետությունների տնտեսություններն սկսեցին փլուզվել, ծագեցին սոցիալական խնդիրներ, առաջացան ռազմական հակամարտության օջախներ:
Նորանկախ Հայկական և հարևան Ադրբեջան Հանրապետությունների կեղծ եղբայրական հարաբերությունների մեջ դրված դանդաղ գործող ականը նույնպես պետք է պայթեր: «Կարդաշ օլուբ Հայաստան-Ադրբեջան» երգող հարևանների միջև գլուխ բարձրացրեց տասնամյակներ թաքցված թշնամությունը:
1989 թվականից սկսված՝ սահմանամերձ միջադեպերն աստիճանաբար վերածվում էին զինված բախումների:
Վիճակն ավելի ծանր էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունում: Զգալով Արցախի հայ բնակչության տարիներով զսպված ազատության պոռթկումը՝ Բաքուն ցանկանում էր օգտվել ստեղծված խառնակ վիճակից, հայաթափել Արցախը և վերջնականորեն ազատվել այդ գլխացավից: Նա ուներ այդ պատմական փորձը. Նախիջևանում միայն մեկ հայաբնակ գյուղ էր մնացել, որի բնակչությունը առաջին իսկ զինված բախումներից անմիջապես հետո հեռացավ:
Սակայն արցախցիները վճռականորեն տեր էին կանգնած իրենց հող ու ջրին և Հայաստանի Հանրապետությունից ժամանող կամավորական ջոկատների աջակցությամբ կարողանում էին դիմակայել ազերիների բացահայտ հարձակումներին:
Բաքվի օմոնականներն ու հապճեպորեն կազմավորված զորամիավորումները զավթեցին Աղդամի հարևանությամբ գտնվող հսկայական զինապահեստները. նրանք հայկական կամավորական ջոկատների համեմատությամբ մի քանի անգամ շատ էին ու մինչև ատամները զինված: Առաջին իսկ օրերից թուրքերը փակեցին նաև Ստեփանակերտի օդանավակայանը, Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհը: ՀՀ-ից կամավորական ջոկատներն Արցախ էին հասնում միայն ուղղաթիռներով, որոնք ճանապարհին գնդակոծվում էին: Սակայն կամավորականները, արհամարհելով բոլոր վտանգները, կարողանում էին օգնության հասնել:
Այնուամենայնիվ, ազատության համար ոտքի ելած Արցախի վիճակը գնալով անտանելի էր դառնում: Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բնակավայրերում տեղադրված կրակակետերից և հատկապես Շուշիից անընդհատ կրակ էր թափվում խաղաղ բնակչության վրա:
Շուշին ազատագրելը և հակառակորդի այնտեղի կրակակետերը վնասազերծելն օրախնդիր էր դարձել: Պարզ էր, որ սկսված պատերազմի հաջող ավարտը երկու կողմերի համար էլ կախված էր Շուշիից: Եվ 1992 թ. մայիսի 9-ին հայ կամավորականներին հաջողվեց մտնել Շուշի: Դա հեքիաթի նման մի բան էր: Երբեք ոչ մի զորավարի մինչ այդ չէր հաջողվել նման պայմաններով, զենքի ու զինվորի նման հարաբերակցությամբ գրավել անառիկ բերդաքաղաք համարվող Շուշին: Սակայն հայ կամավորականները կարողացան դա անել:
Շուշիի ազատագրումը վճռորոշ էր: Այն բեկում մտցրեց պատերազմի հետագա ընթացքում: Ազերիների սարսափն այնքան մեծ էր, որ Շուշիից ճողոպրելով` փախուստի դիմեցին նաև ՀՀ-ի և Արցախի՝ աքցանում մնացած Լաչինի (Բերձոր) շրջանից: Դա մեծ հաջողություն էր հայկական կողմի համար. բացվում էր ցամաքային ճանապարհը, որով կարող էին կենդանի ուժ, տեխնիկա և սննդամթերք հասցնել արյունաքամ եղող Արցախին:
Սակայն ամենակարևորը հոգեբանական գործոնն էր: Շուշիի հաղթանակը բարձրացրեց հայերի ոգին, ինչ-որ չափով ազատագրեց ցեղասպանության, անկարողության բարդույթից:
Ազատագրելով Շուշին` թվում էր, թե արդեն հասել ենք հաղթության, բայց հակառակորդը նույնպես չէր հաշտվում պարտության մտքի հետ: Ճիշտ է, այդ ձախողված ռազմագործողության պատճառով տարաձայնություններ առաջացան իշխանական շրջանակներում, սկսեցին հայրենիքի ու պետության դավաճաններ փնտրել, նույնիսկ Պաշտպանության նախարար Ղազիևը դատապարտվեց մահվան և փախավ Մոսկվա, բայց Բաքուն ստեղծված իրադրությունից օգտվելու ռազմական պլան մշակեց: Նախատեսվում էր գործողություններ սկսել Արցախի հյուսիսային` Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ուղղությամբ, տեղահանել բնակչությանը, քշել դեպի Ստեփանակերտ: Նրանք համոզված էին, որ սարսափահար բնակչությունը, կանգ չառնելով Ստեփանակերտում, կճնշվի և բացված Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհով կփախչի Հայաստանի նորաստեղծ Հանրապետություն:
Ռազմագործողությունն սկսվեց անմիջապես: Բաքվի թուրքերը, գնելով Ադրբեջանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազաների հրամանատարներին, մոտ հարյուր զրահատեխնիկայի օժանդակությամբ, հարձակման անցան: Գետաշենն ու Մարտունաշենը հայաթափելուց հետո, ընկավ նաև Շահումյանի շրջանը: Խուճապահար բնակչությունը հազարներով լցվեց Մարտակերտի շրջանը: Առանց այդ էլ մի քանի տարի շրջափակման և պատերազմի մեջ գտնվող Արցախի վիճակն է՛լ ավելի ծանրացավ: Փախստականների մի մասը, ինչպես և կանխատեսել էին Բաքվի իշխանությունները, կանգ չառնելով ոչ մի արգելքի առաջ, բացված ճանապարհով հեռանում էր Արցախից: Միևնույն ժամանակ թուրք օմոնականները, նորաստեղծ զինուժը և ռուսական զրահատեխնիկան հարձակումը շարունակելով` մտան Մարտակերտի շրջան և թափով առաջ էին շարժվում:
Թուրքերի հաջողությանը, բացի ռուսական ռազմատեխնիկայի աջակցությունից, նպաստում էին նաև անբարենպաստ պայմանների պատճառով սկսված միջկուսակցական գզվռտոցները: Անկայուն ռազմաճակատի հրամանատարությունը չէր կարողանում իրականացնել տարբեր կուսակցությունների պատկանող և անկախ կամավորական ջոկատների միասնական ռազմագործողությունները: Գլուխ էր բարձրացնում ազգային հին հիվանդությունը, ինչի պատճառով 1918-20-ականներին հայկական զորամիավորումները թուրքերին հանձնեցին բերդաքաղաքներ ու ռազմական պահեստներ:
Սակայն հակառակորդի ոգևորությունը կարճ տևեց: Հայ ժողովուրդը զարթոնքի շրջան էր ապրում, նրա աստեղային ժամն էր, չնայած թուրքերը գրավել և հայաթափել էին Արցախի ամենամեծ շրջանի համարյա 80 տոկոսը, պատրաստվում էին հաղթանակը տոնել Ստեփանակերտում, բայց հաղթեց հայ կամավորականների ու Արցախի Հանրապետության նոր կազմավորված բանակի զինվորների բարձր, անկոտրում մարտական ոգին: Հակառակորդը կանգնեցվեց Գանձասարի մատույցներում և ետ շպրտվեց: 1992 թ. աշունն արդեն նշանավորվեց հայերի հաղթական գործողություններով: Մինչ 1994 թ. մայիս Արցախի պաշտպանական բանակի և ՀՀ-ից կամավորական ջոկատների միացյալ ուժերով ազատագրվեցին ոչ միայն Մարտակերտի շրջանի գրավված բնակավայրերը, այլև 20-րդ դարասկզբից բռնազավթված և Ադրբեջանի հորինված Հանրապետությանը կցված Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանները:
Հայոց նորաստեղծ զինուժի հաղթարշավը կարող էր ավարտվել Բաքվում կամ, առնվազն, Քուռ գետի ափերին, ինչը կվտանգեր սարքովի պետության հետագա գոյությունը: Սակայն դա հակառակ էր մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերին: Նրանք ընդառաջ գնացին Բաքվի աղաչանքներին և Հայաստանի Հանրապետությանը հարկադրեցին ընդունել հրադադարի պայմանագիրը:
Հայաստանի նորանկախ Հանրապետությունը պարտադրված պատերազմից դուրս եկավ հաղթանակով: Մենք կարողացանք մեկի փոխարեն ստեղծել երկու անկախ հայկական հանրապետություն և աշխարհին ապացուցել, որ հայ ազգի արմատը շատ խորն է ու պինդ, որ այն հնարավոր չէ անգամ ցեղասպանությամբ արմատախիլ անել:
Իսկ թե ինչ մեծ նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտը ոչ միայն հայոց, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար, կարող ենք վկայել ռուս գրող Անդրեյ Նույկինի խոսքերով. «Եթե ԽՍՀՄ խառնիխուռն փլուզման առաջին ալիքի ժամանակ պանթուրքիստներին չհաջողվեց նրանից պոկել մեծ Թուրանի տարածքը, ապա համարձակություն ունեմ պնդելու` միայն այն պատճառով, որ ինչպես հույները Թերմոպիլի կիրճում կամ ռուսները Ստալինգրադի մոտ կտրեցին թշնամու առաջխաղացման դեմը, այնպես էլ նրանց ճանապարհին մահու և կենաց մարտի ելան ղարաբաղցիները» (Անդրեյ Նույկին, «Սահմանների անձեռնմխելիությո՞ւն, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունք», Երևան, 2005 թ.):
1994 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով գրեց ևս մեկ Մայիս, որը մեզնից պահանջեց գրեթե 7000 զոհ: Մենք կարողացանք մեր լավագույններից 7000-ին զոհաբերել՝ ձեռք բերելու համար դարերով կորցրած ազատությունն ու անկախությունը: Կարողացանք նաև մեջքներս ուղղել և վերադարձնել վաղուց կորցրած ազգային հպարտությունը:
Սակայն հարկավոր է զգոն լինել, չմոռանալ հին իմաստություններն ու մեր ազգային տկարությունները: Մենք միավորվում ենք վտանգի ահագնացման պահին, երբ թշնամին բախում է մեր դուռը, բայց շուտ ենք մոռանում ամեն ինչ, երբ գալիս է խաղաղությունը:
Եռաբլուրում ննջող թուխ մանուկներն այդ մասին ամեն օր հիշեցնում են մեզ:
Ամեն ինչ ճիշտ է գրված: Բայց վախկոտորեն չի գրում հեղինակը այն մասին, որ այդ նույն հաղթողները Հայաստանում հաստատել են ֆեոդալիզմ՝ բջջային հեռախոսներով ու ՋԻՊ-երով, որ երեք սերունդների արյուն-արտասուքով ստեղծածը բաժանվեց մի քանի հարյուր մարդկանց միջև ու պետական ողորմելի ապարատի հիմքում դրվեց ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Չի ասում, որ ՀՀ-ն որպես իրավունքի սուբյեկտ, փաստորեն չունի սեփականություն, որ մարդիկ փախչում են երկրից, որ ԱՄՆ-ի գրին կարտը Աստծո պարգև է համարվում ռուսական անձնագրի հետ: Որ Հայաստանում խեղկատակներն են որոշում մեր ժողովրդի ճակատագիրը: