ՀԻՇԵՆՔ, ՊԱՀԱՆՋԵՆՔ ԵՎ ԱՐԱՐԵՆՔ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Վահան Տերյանը «Մեր պարտքը» վերնագրով հոդված է գրել, որը հրապարակվել է «Մշակ» պարբերականում 1914 թվականին: Ուզում եմ մեջբերել մի տող այդ հոդվածից. «Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունը»:
Հարյուր տարի առաջ սկսվել է մարդկության պատմության հերթական մի պատերազմ, որն իր ընդգրկմամբ, ծավալներով, ժողովուրդների ու երկրների, կայսրությունների մասնակցությամբ և, բնականաբար, զոհվածների քանակությամբ չի ունեցել իր նախադեպը, այդ իսկ պատճառով թվագրվել է Առաջին համաշխարհային պատերազմ: Այժմ վերոնշյալ պատերազմը դասի է վերածվել պատմության մասին դասագրքերում, հանգիստ ապրում է շատ երկրների ու մարդկանց հիշողության մեջ, անգամ ստվերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ահեղ մսաղացի ետևում, սակայն մի ժողովուրդ կա, ում համար դառն ու սարսափելի և շարունակական ներկայություն է պարտադրել այդ Առաջինը, որի ընթացքում, 1915 թվականին, տարբեր երկրների շահերի ու խարդավանքների թատերաբեմում ողբերգության արարի վերածվեց Օսմանյան Թուրքիայի հազարավոր տարիներ հայաբնակ Արևմտյան Հայաստանը: Թուրքական յաթաղանի ու հրացանազարկերի տարափից տեղահանվեցին և ապա կոտորվեցին 1.5 միլիոն հայեր: Կոստանդնուպոլսում առաջինը ձերբակալվեցին և ապա սպանվեցին բազմաթիվ տաղանդավոր ու ճանաչված հայ գրողներ: Այժմ աշխարհի շատ երկրներ ճանաչել են մարդկության պատմության մեջ առաջին գենոցիդը:
Մեզ համար ցավալիորեն կենդանի են Առաջին համաշխարհայինի հետևանքները: Մեր սպանված գրողների համար տապանաքար և սուրբ հիշատակ են նրանց գրքերը, որոնք տպագրվում են աշխարհի շատ լեզուներով:
Արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի խաչմերուկում, մեզ թվում է, թե մենք՝ հայերս ենք կանգնած, չորս կողմը թևերը պարզած խաչի նման, մենք՝ պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած Հայաստան երկրի մարդիկ:
100 տարի է անցել, մի՞թե նույն տագնապով չենք կրկնի Տերյանի կոչը: Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և այժմ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Անդրկովկասում և այլուր սողում է մի այլ պատերազմ, որը չի թվագրվում, բայց առ այսօր անտարբերությունը աշխարհի փոքր ու մեծ ժողովուրդների ճակատագրերի հանդեպ նույնն է, նույնն է ուժեղի արհամարհանքը թույլի հանդեպ, նույնն է դիվանագիտական ու քաղաքական թղթախաղի և նավթախաղի դաժան հաշվարկների տակ գալարվող վիրավորի ու մեռնողի անզորությունը:
Ասվում է, թե կառավարելի քաոս են ցանում, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ քաոսը կատաղած շան պես դուրս չի գա կարգի սահմաններից, կամ այդ ո՞ր ժամանակ էր, որ մարդը քաոսից կարգ է սահմանել, ընդօրինակելով Աստծուն, սովորաբար մարդը երեխայի պես սիրում է կազմաքանդել ձեռքն ընկած որևէ մեխանիզմ: Երբեմն վերոհիշյալ մարդու նման են գործել ու գործում ինքնավստահ, աշխարհի ապագան որոշելու կամքով տոգորված կայսրություններ ու իշխանություններ, պետություններ ու թագավորություններ: Այդպես կրկնվում է պատմության անատոմիայի դասը:
100 տարի հետո շոշափելի աշխարհում ցունամիներին թևակից բարձր ու վեհ արժեքային համակարգերն են կործանում նախնադարյան մարդակերությունն ու միջնադարյան ինկվիզիցիան, կրոնական ֆանատիզմն ու բռնակալական ոճիրները, անհատական ու խմբակային ահաբեկչություններն ու գովազդվող ագրեսիվ փողասիրությունը, մարդու իրավունքների շղարշը հագած անբնական սեքսոպատոլոգիան և այս բոլորին գումարած՝ խեղճ, անկյուն քաշված մարդու արցունքները:
Խեղճացել են միջազգային կառույցների գործնական լծակները, կամ դրանք աշխատում են միայն ուղղորդված ու շահադիտական: Բոլոր աստվածներն ու մարգարեները նայում են իրար ակնհայտ տարակուսանքով:
Այդպես նայում են նաև երկրի վրա ապրող և վաղուց դասականացած գրողները:
Երկու հարթություն՝ կրկնության սովորությամբ շարժվող ժամանակ ու պատմություն, և սպիտակ թղթի խորությունը հաղթահարող ինքնատիպ, երբեք չկրկնվող նորաշունչ գրականության ժամանակ ու գրականություն՝ ապագայից ներշնչված:
Ցավոք, այս երկու հարթությունները հազվադեպ են խաչաձևվում: Գրականության ներգործությունը զիջում է ժամանակի ազդեցությանը, գրողի դերը գնալով փոքրանում է քաղաքականություն կազմակերպող ու խաղացող տեսակների թատրոնում:
Սա գրողին զսպանակված ուժ է հաղորդում՝ պայքարելու ճշմարտության, ազատության, բարության, մարդկայնության փակ շուկայում:
Գրողը պատմության պես կրկնելու սովորություն ունի միայն սերը և խիղճը գրով հավերժին հանձնելու կերպով ու միամիտ հավատով:
Ինչո՞ւ միամիտ, գիրն ավելի երկար չի՞ ապրում, քան անցած կայսրություններն ու արդեն ոչնչացած երեկվա բռնակալները, ահաբեկիչները, ինքնահռչակ մարգարեները, մեծատուններն ու գիրք այրողները:
Մեր մեծ Նարեկացու մահից 1000 տարի հետո Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված սրբազան պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, էլ ինչպե՞ս չհավատաս գրի հավերժությանը, մեր ժողովրդի անթաղ զոհերի հարությանն ու հայ ոգու անվերջ արարող կամքին:
Հիշենք, պահանջենք և արարենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։