Նա կենսուրախ չէր, բայց անսահման սիրում էր կյանքը: Առհասարակ, սիրել գիտեր: Հատկապես, դեղին գույնը` արևի գույնը: Եվ իհարկե, մարդկանց: Զարմանալու բան էր, թե այդ նիհարավուն, բարալիկ մարմնում ոնց էր տեղ գտել ապրումների այդքան մեծ աշխարհ, մանավանդ` այդքան սեր: Դա երևում էր նրա աչքերից: Աստվածային սեր էր կրում: Հաճախ լուռ նայում էր խոսողի դեմքին, ուսումնասիրում էր, փորձում ճանաչել, հասկանալ: Անհանգիստ խաղաղություն կար նրա հայացքում:
Դասերի ժամանակ աչքի չէր ընկնում, ի ցույց չէր դնում գիտելիքներն ու ընկալումը: Քննաշրջանում դասախոսներն ապշած էին մնում, երբ հայտնաբերում էին նրա խորքը: Ուսանողական տարիներն առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում: Մի խումբ պատանիներ կյանքի մի ինչ-որ հատվածում միասին նույն օդն են շնչում: Հետո գալիս է այդ օդն արտաշնչելու ժամանակը… Այդ ժամանակն անասելի շուտ եկավ: Ու Մարիամը սկսեց զարմացնել գրչակիցներին: Պատմվածքները հորդում էին մեկը մյուսի հետևից: Այդ շտապողականությունը ոչ մի կասկած չէր հարուցում: Թվում էր, թե շռայլ տաղանդի կնիքն է պարզապես: Հետո հասկացանք, թե ինչու էր նա շտապում գրել, տպագրվել, թեպետ ինքն էլ տեղյակ չէր, որ իր ներսում դարանակալել է դարի հիվանդությունը: Այդ մասին սովորաբար չեն իմանում, քանի դեռ այն զգացնել չի տալիս իր նենգ ճանկերը…
Մի բան հատկապես տանջում է մինչ օրս, քանզի անկարող եմ հասկանալ: Ասում են, այդ ախտը մարդուն մերձեցնում է Աստծուն: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող էր այն արմատավորվել մեկի մեջ, ով իր ողջ էությամբ արդեն վաղուց ճանաչում ու սիրում էր Աստծուն: Անգամ այն օրերին, երբ նա անցնում էր իր չարչարանաց ուղին, ասում էր. «Ես գիտեմ, ինձ չեք հասկանա, բայց անգամ այս ցավի համար ես շնորհակալ եմ Աստծուն: Ճիշտ է, իմ մարմինը գուցեև նեղանում է, բայց միտքն ու հոգիս շնորհակալ են…»: Ես նույնիսկ այդ պահին էի հասկանում Մարիամին, որովհետև լավ էի ճանաչում իր անձը, մինչև վերջ ընկալում էի նրան, չնայած իմ միտքն ու հոգին ցավում էին նաև այդ հասկանալուս համար: Ճիշտ է, ինքը գոհ էր, որ հասցրել է ճշմարիտ սիրել, մայրանալ ու գիրք գրել, բայց չէ՞ որ դա ընդամենը սկիզբն էր: Եվ այդ հոյակապ սկիզբն, ավաղ, պիտի չունենար շարունակություն: Մինչև հիմա զգում եմ նվացող այդ ցավը, թեև նա խնդրեց, որ խոստանամ լաց չլինել…
* * *
Դեղին ձնծաղիկներ երբեք չէի տեսել: Ասացին, որ հարևան Վրաստանից են բերել: 2008-ի ցուրտ փետրվարն էր, բայց սառն օդի մեջ գարնան շունչ էր զգացվում: Գիտակցում էի, որ երբ հայտնվեն դեղին կակաչները, արդեն ուշ կլինի: Որքան ժամանակ էր, Մարիամը տանից դուրս չէր գալիս, միայն պատուհանից էր տեսնում աշխարհը: Իսկ աշխարհը խառնվել էր իրար: Ամենօրյա լրահոսը նման էր աշխարհակործան հեղեղի: Մի՞թե բոլոր այդ մարդիկ մոռացել էին կամ չգիտեին, որ աշխարհում մեռնել կա… և որ մահը ջնջում է ամեն ինչ: Այդ մտքի առաջ նահանջում, փոքրանում էր ամեն խնդիր, միայն թե ո՛չ ոտքի ելած զանգվածը: Մարդիկ պատրաստ էին ամեն ինչի: Եվ նման օրերին որպես կանոն կործանվում են անմեղները…
Իսկ ես, ձնծաղիկները ձեռքիս փորձում էի ճեղքել հոծ ամբոխը, որ վարարած գետի նման լցվել էր փողոցները: Թեկուզ հոսանքին հակառակ գնալու գնով ուզում էի շրջանցել, գտնել մի բաց ճանապարհ Մարիամի մոտ հասնելու համար: Այդպես հասա Կարապի լիճ, որ ձմռանը սառցադաշտի էր վերածվել: Սիրունիկ աղջնակներն ու ոգեշնչված տղաները, պտույտներ գործելով, սահում էին դասական երաժշտության տիեզերական հնչյունների ներքո, մինչև որ միտինգում հնչող բարձրագոչ խոստումները լռեցրին հոգեպարար մեղեդին: Եկել էր ուրիշ պարերի ժամանակը: Ու երեխաներն անտրտունջ նստեցին աթոռներին, որպեսզի արձակեն կապիչները ու հանեն չմուշկները: Քաղաքի երթևեկությունն այդ ընթացքում սկսեց կենդանության նշաններ ցույց տալ: Ու ես վերջապես ճանապարհվեցի: Ես տեղ հասցրի դեղին ձնծաղիկները, որոնցից գալիս էր հողի ու գարնան բույրը: Մարիամն անհագ մոտեցնում էր դրանք դեմքին: Իսկ ես նայում էի ու հիշում, թե ինչպես ինստիտուտի մոտ բուլկեղեն ու խաչապուրի վաճառող ալեհեր կինը կատակով խփում էր Մարիամի ձեռքին, ինչպես չարաճճի բալիկի թաթիկի հետ են վարվում, որովհետև գնելիս նա միշտ փոքրիկ չափի ու ծավալի ուտելիքին էր ձեռքը երկարում: Դրան հետևում էր այդ կնոջ կողմից արված լավագույն ընտրությունը, որ նա դնում էր ուղիղ Մարիամի ափի մեջ ու ժպտում: Այդ կինը հիմա էլ այնտեղ նստած սիգարետ ու անձեռոցիկ է վաճառում: Չգիտես ինչու, սկսել է ներկել մազերը: Ինքը չգիտի, որ ես ուրախ եմ իրեն խնամված տեսնել, առավել ևս, չգիտի, թե իրեն ինչքան եմ շնորհակալ այն հեռավոր հոգատար սիրո համար, որ նա տածում էր իմ ուսանողական ընկերուհու հանդեպ…
SHAT SHNORHAKAL EM SIR JAN .SHAT HUZVECI U NOSTALGII MEJ HAYTNVECI…ANCHAP SHNORHAKALUTYUN HODVACI HAMAR.KAROTOV EV HAMBUYRNEROV MARIAMI QUYRIK HASMIK.
QANI VOR MARIAM@ SHAT ER SIRUM EQZYUPERI MEJ BEREM NRA XOSQ@. AMENAGLXAVOR@ ACHQOV CHES TESNI,MIAYN SRTI ACHQN E SRATES,INCHPES QON@ HARGELI SIRANUYSH.
Սիրելի Հասմիկ, համարյա մեկ տարի անց, պատահաբար տեսա քո այս գրառումները… Շնորհակալ եմ: Եվ վստահ եմ, որ մեր թանկագին Մարիամը Լույս է գրկել: Իսկ քեզ մաղթում եմ Մեծն ու Բարին…ով`
Սիրանույշ
Կարոտ