«ԱՄԱՆԵՋ». ՎԵՊ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Այո՛, Պարույր Սևակի վեպը: Մեծապես գնահատված ու սիրված բանաստեղծի՝ Պարույր Սևակի, ցավոք, անավարտ վեպը: Հանրությանը ներկայացված կենսագրականներում չկա որևէ հիշատակություն, թե Սևակը գրել է նաև վեպ, թեև նրա մահից հետո անմիջաբար գրված՝ Ա. Արիստակեսյանի «Պարույր Սևակ» մենագրության մեջ այդ մասին հիշատակություն կա (էջ 75): Այդ վեպի մասին մանրամասն տեղեկություններ և վերլուծություն այսօր ընթերցողը կարող է կարդալ բան. գիտ. թեկնածու Սևակ Ղազարյանի (Պարույր Սևակի թոռան) «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը» հաջողված մենագրության մեջ, որը լույս է տեսել 1914 թ. և, թերևս, դեռ քիչ է հայտնի ընթերցողին: Եվ վերջապես, ահա մի քանի ամիս առաջ առանձին գրքով վեպը ընթերցողին հասավ (հրատարակության է պատրաստել և ծանոթագրել Սևակ Ղազարյանը, խմբագիրն է Արմեն Ղազարյանը՝ Պ. Սևակի որդին):
Արխիվային նյութերը վկայում են, որ վեպ, արձակ գրելու ցանկություն Սևակը իր մի նամակում հայտնել է դեռևս 1942 թ., որ 1948-49 թթ. որոշել է թեման, նույնիսկ շարադրել 14 էջ, ընտրել է վերնագիրը՝ «Ամանեջ», ապա միայն 1954-ից սկսել լրջորեն աշխատել վեպի վրա: 1955-ին նույնիսկ մշակել-մաքրագրել է վեպի սկիզբը, շուրջ 150 էջ, հետո շարունակել է գրել, բայց չի մաքրագրել: 1957-ից հետո միայն նյութեր է հավաքել, բայց այլևս չի շարադրել: Եվ ահա մաքրագիր այդ էջերը ու ևս սևագիր մի քանի գլուխներ մեկտեղված՝ ընթերցողի սեղանին են:
Եթե արխիվային նյութերը որոշ տեղեկություններ հաղորդում են, թե վեպի գործողությունները ձգվելու էին պատմական տևական մի ժամանակաշրջան՝ 20-րդ դարասկզբից մինչև 1930-ականների վերջերը (պատերազմ, գաղթեր, առաջին հանրապետություն, կոլտնտեսային շարժում, անհատի պաշտամունք և այլն), թե գլխավոր հերոսներից մեկն էլ դառնալու էր Կարապետ Խաչատրյանը, որ վեպի այս մասում դեռ փոքր երեխա է, հետո դառնալու է շրջկոմի քարտուղար, եթե հայոց կյանքի այս դժվարին ու փոփոխական ընթացքի հանգրվաններով պիտի անցնեին վեպի հերոսները, ապա կարելի է պատկերացնել, որ, ամենայն հավանականությամբ, Սևակի այս վեպը լինելու էր մեծ ընդգրկումների, էպոպեային մի վեպ և, անշուշտ, նոր խոսք մեր նորագույն վիպասանության մեջ: «Ամենայն հավանականությամբ»-ը ունի իր հավաստիքը, որ անավարտ վեպի այս ավարտուն գլուխներն են, վիպական կառույցի այսքան մասը, պատումի, կերպավորման այս եղանակն ու մակարդակը:
Փաստորեն ոչ թե առանձին, իրար չկապված հատվածներ են մնացել, այլ վեպի առաջին ավարտուն մասը՝ յոթ գլուխներով, այնպես որ, կառույցը ստեղծված է, հերոսները՝ գործողության մեջ դրված, պատմական, տեղագրական, բնաշխարհի, կենցաղի տեսանելի միջավայրում: Եվ վեպի այս ավարտուն սկզբնամասը (շուրջ 190 էջ, որ ժամանակակից վեպի լիարժեք ծավալ է) լիովին հիմք է տալիս խոսելու հեղինակի վիպասանական կարողությունների մասին, վեպի բովանդակային ու պատումային նոր ու ինքնատիպ կողմերի մասին:
1940-ականների վերջերից հղացված, 1955-ին մաքրագրված սկզբնամասով այս վեպը, հիրավի, նոր խոսք էր հետպատերազմյան, ավելին՝ խորհրդային շրջանի մեր վիպագրության մեջ: Ա. Բակունցի «Կարմրաքար» (անավարտ կամ ամբողջությամբ մեզ չհասած) վեպից հետո «սոցիալիստական ռեալիզմի» տառին համապատասխան՝ Ն. Զարյանի «Հացավան», մասամբ Խ. Դաշտենցի «Խոդեդան», ավելի ուշ՝ Ս. Խանզադյանի «Հողը» վեպերն էին, որոնց նյութը հայ գյուղն էր: Սևակն իր «թիկունքում» ուներ հատկապես «Կարմրաքարը», որի հետ «Ամանեջը» ուներ ինչպես ստեղծաբանական, այնպես էլ «կենսագրական» նկատելի աղերսներ: Եթե ետբակունցյան հիշված վեպերը նպատակ ունեին տալ հայ գյուղի սոցիալիստական վերակառուցման որոշակի կարճ ժամանակահատվածի պատկեր՝ սոցիալիզմի գաղափարախոսության պահանջված գովազդով, ապա Սևակը ընտրում է բակունցյան մոտեցումը՝ հայ գյուղացու կյանքի տևական ընթացքում ձևավորված կենսափիլիսոփայության, նրա տեսակի մեկնությունը:
Թվում է, թե Սևակը, ելնելով հենց այս ելակետից, կամեցել է «շարունակել» Բակունցի անավարտ գործը: Բայց Սևակն ուներ դիտարկման իր հարթակը, կերպարակերտման իր եղանակը, մանավանդ անցել էր ավելի քան քառորդ դար «Կարմրաքարի» հատվածների հրապարակումից: Սևակն էլ է Բակունցի պես վիպական գործողությունները սկսում 20-րդ դարի սկզբից՝ կենտրոնանալով հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիների վրա, թեև երբեմն որոշ ակնարկներով հիշում է ռուս-պարսկական պատերազմի շրջանը (գաղթական ամանեջցիների պատմությունը): Ցավոք, երկու վեպերից էլ միայն սկզբնամասերը ունենք այսօր: Երկու վեպերն էլ ընդհատվում են պատմական նույն ժամանակի դեպքերով, ճիշտ է, տարբեր պատճառներով: Բակունցը գրել էր, բայց երկար ժամանակ չէր կարողանում շարադրել վերջին գլուխը՝ ավարտը (գուցե չգիտե՞ր՝ ինչպես ավարտել, որ ընդունելի լիներ այն օրերին), գրված գլուխներն էլ չէր տալիս մամուլին (գուցե չէի՞ն ընդունում): Սևակը չշարունակեց գրել, սևագրերն էլ չմաքրագրեց (գուցե դժվարանո՞ւմ էր գտնել հետագա՝ 1920-30-ական բարդ թվականները ճշմարտապես ներկայացնելու եղանակը): Սևակն էլ, ինչպես Բակունցը, վիպական գործողությունների սկզբում, հերոսների զրույցով է քննարկում գյուղի «կենսագրությունը» (մեկը՝ հիմնադրման, մյուսը՝ անվան), երկու վեպերում էլ զգալի է, որ պատերազմը պիտի հասունացներ հետպատերազմյան շրջանի համար հերոսներ: Նկատենք, որ Կարմրաքար ու Ամանեջ գյուղերն էլ «պատկից» տարածաշրջաններում են (Սյունիք և Վայոց ձոր), և ո՛չ բնաշխարհի, և ո՛չ էլ գյուղացիական հոգեբանության մեջ «սար ու ձոր» չկա: Ենթադրվում է, որ ավարտի, ամբողջության մեջ այս վեպերը ոչ թե մեկ գյուղի, այլ հայ գյուղաշխարհի խորհրդանիշ ու ընդհանրացում էին լինելու, ինչպես քաղաք Կարսը («Երկիր Նաիրի»), Գորիսը («Կյորես»), Վանը («Այրվող Այգեստաններ»): Եվ, անշուշտ, պատահական չէր, որ բոլոր այս գրողները Երկիր Նաիրի կամ Հայաստան աշխարհի ընդհանրական խորհրդանիշ «հերոսներ» էին դարձնում իրենց ծննդավայր քաղաքներն ու գյուղերը՝ Կարսը՝ Չարենցի, Գորիսը՝ Բակունցի, Վանը՝ Մահարու, Կարմրաքարը՝ Բակունցի մայրական գյուղն էր, Ամանեջը (Չանախչին, որ հենց նշանակում է ամանի մեջ)՝ Սևակի: Պատահական չէր, քանի որ նրանք խորապես ճանաչում էին իրենց ծննդավայրի ամեն «քար ու թուփ», մարդկանց՝ «ներսից էլ, դրսից էլ»:
Քառորդ դար հետո հայ կյանքի, հայ մարդու, այս դեպքում՝ հայ գյուղի ու գյուղացու մասին վիպական իր փորձի մեջ, Սևակը, մեկնակետ ունենալով բակունցյան մոտեցումը, թերևս մտադիր էր լրացնել «Կարմրաքարի» կորած շարունակությունը, բայց և, բնական է, յուրովի, նոր հայացքով, ոչ միայն այն պատճառով, որ քառորդ դար էր անցել, ոչ միայն, որ 30-ական՝ ստալինյան՝ անհատի պաշտամունքի ծանր շրջանը չէր, այլև 1950-ական՝ ետստալինյան շրջանն էր (տարբերությունը հիշելու հարկ չկա), այլև մեզանում սկսվում էր դեպի եվրոպական վեպ շրջադարձի շրջանը: Մարդու ներաշխարհի, ազգայինի խորքում զուտ անհատականի, ոչ թե տիպի, այլ բնավորության, խառնվածքի, տեսակի դիտարկումն ու կերպավորումը, ինչ-որ տեղ զոհրապյան (որ ֆրանսիական արձակի հետ քիչ չէր առնչվում) «լուռ ցավերի» մեկնակետով՝ մարդկային հոգու «մերկացումը», «մարդակենտրոն» արձակի ստեղծման ձգտումի շրջանն էր թերևս սկսվում, և առաջիններից էր Սևակը: Նման արձակ ստեղծելու մտորումն ու ցանկությունը Սևակի նման որոնող անհատի համար ավելի վաղ էր սկսվել: Վկայությունը 1942 թ. նրա մի նամակն է՝ ուղղված Հովհ. Ղազարյանին: Դոստոևսկու «Խաղամոլի» ընթերցման անմիջական տպավորությամբ («Ինձ ապշեցրեց նա: Ա՛յ սա ինձ ավելի հարազատ է») և համեմատելով Ռ. Ռոլանի հետ, Սևակը «բացատրում» է իր ճանաչած Դոստոևսկուն. «Սա հենց այն է, ինչ կյանքը. խառնիխուռն, վայրի, անդասդաս, անկարգ: Բայց այդ անկարգության մեջ կա մի ներքին, ամենախիստ կապով իրար աղերսված կարգավորություն: Այդ իսկական կյանքն է – արտաքինից անկարգ, ներքուստ սակայն ամեն մի չնչին մանրամասներով իրար հետ պայմանավորված: Ռ. Ռոլանը հոգին մատնում է ընթերցողի առաջ. մերկացնելով այն՝ (հոգին), միաժամանակ բացատրում է այդ մերկությունը: Սա (= Դ.-ն) ինձ թվում է միայն մերկացնում է: Եվ դու քո առաջ տեսնում ես այդ մերկ հոգին: Ուզում եմ հենց այժմ նստել և սկսել մի վեպ…»: Այդ վեպը այնժամ նա չի սկսում, որովհետև իր առաջնային ձգտումն էր՝ «մի քիչ ավելի չափածո» գրելը, որովհետև հավատացած էր, թե «Ամենակարևոր անելիքս կլինի չափածոյում», քանի որ «զգում եմ ստեղծագործելու մեծ կարողություն» (Տե՛ս Պարույր Սևակ, Մուտք, Եր., 1985, էջ 186 ):
Սա դեռ ուսանողական տարիներին էր: Արդեն Ռոլան, Դոստոևսկի, Վերհարն (Վարուժանի հետ զուգահեռելով՝ իր դիպլոմային աշխատանքում), անշուշտ և ուրիշներին էր «յուրացնում», իսկ ասպիրանտական ու մոսկովյան ուսումնառության տարիներին, կասկած չկա, որ նա կարդում էր նաև եվրոպական (ռուսերեն թարգմանված) ոչ միայն պոեզիան, այլև արձակը (հիշատակվող անուններ, համեմատություններ, ավելին՝ աղերսներ նրա ստեղծագործություններում քիչ չէ, որ կարելի է տեսնել):
Ի դեպ՝ որոշակի աղերսներ նկատելի են նաև Սևակի այս վեպի և Հակոբ Օշականի վիպագրության մեջ («Ծակ պտուկը», «Մնացորդաց»): Ծանո՞թ էր Սևակը իր վեպը գրելու շրջանում Օշականի վեպերին, հաստատապես չեմ կարող ասել, բայց եթե նա, ճիշտ է՝ ավելի ուշ, Օշականին համարում էր մեր ամենամեծ քննադատը, նշանակում է չէր կարող տեղյակ չլինել նաև նրա արձակին, և եթե անգամ քիչ էր ծանոթ, ապա այդ աղերսները կարող էին միջնորդավորված լինել: Օշականի վեպը ի վերջո աղերսվում էր եվրոպական (Ջոյս, Պրուստ), ռուսական (հատկապես՝ Դոստոևսկի) վեպին: Օշականի «Մնացորդացը» նույնպես անավարտ է (թեև երեք հատոր է), դեպքերը հասնում են մինչև աքսորի օրերը (անավարտ թողնելը ուրիշ պատճառներ ուներ): Սևակն էլ է ընտրել գերդաստանների պատմությամբ վիպական կառույց ստեղծելու և հերոսների ներաշխարհի մեջ ներթափանցման, կերպարը ներսից դիտելու օշականյան մոտեցումը: Ինչ-որ տեղ, թեև այլ պատճառներով և այլ հանգամանքներով պայմանավորված, բայց նման իրողություններ են «Մնացորդացի» Աղվորի և «Ամանեջի» Սրբուհու հետ կատարվածը: Կերպարներն, անշուշտ, այլ են, բայց նրանց հոգեկան դրամայի ցուցադրությունը նույն ելակետից է՝ լուռ տառապանքը՝ սակավ երկխոսությամբ, հերոսին ինքն իր մեջ առավելապես հեղինակային մեկնությամբ բացելու նախընտրությունը: «Ամանեջի» լավագույն հատվածներից հիշենք թեկուզ մեկը (էջ 65-74), որ գրված է բացառիկ վարպետությամբ, Սրբուհու և նրա՝ գյուղացիների կողմից կնքված «էնիք», ասել է՝ «անզոր» ամուսնու՝ Երանոսի «լուռ խոսակցությամբ» ընթացող դրվագը: «Նրանք տանը ամեն ինչ անում էին մեծ մասամբ անխոս, կարծես մեկ անգամ ընդմիշտ պայմանավորված կարգով»: «Չէր խոսում Երանոսը կամ համարյա թե չէր խոսում, ինչպես միշտ: Բայց Սրբուհին հաճախ էր բռնում նրա խոսուն… հայացքը, որ կարծես թե աղաչում էր. մի՛ տանջվիր, բավական է»: Իսկ լուռ տանջանքի պատճառն այն էր, որ Երանոսը գիտեր, որ ինքն «անզոր» է ու ակամա մեղավոր էր զգում իրեն, իսկ Սրբուհին երեխա էր ունենալու (և ունեցավ) Համբարձումից՝ ինքն էլ չիմանալով, թե ինչպես դա պատահեց և ինչպես պիտի իր՝ մայրության պատրաստվելու մասին հայտնի Երանոսին, «ինչպե՞ս բացատրի այն, ինչ ինքն էլ կարգին չի հասկացել ու չի հասկանում»: Բայց «որ մեռնի էլ, պիտի բացատրի, որովհետև այլ կերպ չի կարող ապրել»: Հայտնելը՝ երկու բառով եղավ՝ պատրաստվում է մայրության, ինչպե՞սը՝ մեկ բառով՝ «պատահեց», ապա Համբարձում անունը: Իսկ բացատրությո՞ւնը: «Նա որ երկու բառով հայտնել էր, մի նախադասությամբ էլ բացատրեց.- նա նման էր նրան»: Երանոսը գիտեր, թե ով էր «նրանը». վաղուց հաշտվել էր Սրբուհու առաջին սիրո պատմությանը: Եվ հիմա Երանոսը ոչինչ չասաց: Մնացյալը երկուստեք փոթորկվող հոգիների լուռ դրամա է, որ հոգեբան գրողի նուրբ դիտարկումներով բացում է հեղինակը: Եվ այդ ամենը ընդամենը տասը էջերի մեջ: Լուռ էին երկուսն էլ: Ինչով էին զբաղված, չգիտեին, իրար չէին նայում: «Ինչքան լռեցին՝ չիմացավ ոչ մեկը, որովհետև ոչ մեկը այդ մասին չէր մտածում»: Երանոսը թմբիրի մեջ է, չգիտի՝ երա՞զ է, թե իրականություն, դանակով մեքենայորեն նախշում է գդալի կոթը, դանակով կտրել է ձեռքը, հոսող արյունը չի զգում, մեքենայորեն մտքում կրկնում է. «Նա նման էր նրան…, նա նման էր նրան…»: Կրկնությունը կարծես թե դառնում է հանգերգ… Եվ հանկարծ, առանց Սրբուհուն նայելու՝ «Իսկ հիմա նման չի՞»: Սրբուհին, որ նույնպես թմբիրի մեջ է, կարծես արթնանալով՝ «Չէ… սկսեց նա. մի վայրկյան դադար տվեց, հետո լրացրեց,- … նման չի հիմա»: Ու նորից լռեցին: Շատ անց… Երանոսը լսեց. «Ոչ մեկը նման չի նրան…»: Այսինքն՝ ոչ մեկի հետ և ոչ մի անգամ ուրիշին չի կամեցել: Ուրիշ ոչինչ: «Նրանք գիշերն անցկացրին անքուն: Եվ անխոս: Այլևս ասելիք չկար»: Հետո հեղինակի մտորումներն են հերոսների փոխարեն, թե ինչու ասելիք չկար: Լուսադեմին միայն՝ «Դու պիտի հեքիմի գնաս»,- Երանոսի՝ ներման ու հանուն Սրբուհու՝ երեխա ունենալու համաձայնությունը: Դարձյալ լռություն: Ապա՝ «Շնորհակալ եմ, Երանոս,- շշնջաց լացակումած: -Շնորհակալ եմ… ախպե՛րս»: Ինչպե՞ս հատուցել Երանոսի ներման դիմաց: «Ասա՛, ի՞նչ ես ուզում…, ինչ որ ուզես, կանեմ, ասա՛…»: «Երանոսը ոչինչ չէր ուզում»: Ավելի ուշ, երբ Երանոսը «տրեխներն էր կապում, որ գնա Շեկսարի իր արտը, Սրբուհու համառ «ասա»-ին վախվորած պատասխանեց.
Թող նա նման չլինի նրան…
Ասաց ու դուրս գնաց՝ չսպասելով պատասխանի, գուցեև չլսելով Սրբուհու գոռոցը.
Չի՛ լինի, երբեք չի լինի… Չի էլ եղե՛լ… պատահեց…»:
Այսպիսի հոգեբանական դիտումներ կարելի է գտնել վեպի այլ հատվածներում էլ, այլ «պատահեց»-ների ու դրանց հետևանքների համոզիչ բացատրություններ, ինչպես ասենք Սրբուհու և Հերիքի՝ աղբյուրի մոտ հանդիպման ու չկայացած խոսակցության, դրան հաջորդող՝ Համբարձումի ու Հերիքի հանդիպման, նրանից խուսափելու և տանից փախչելու, հոգեկան խռովքի ծանր պահերը:
Ելնելով այս հատվածներից՝ կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող էր լինել վեպի վերջընթեր՝ «Ինչպես պատահեց» չմաքրագրված և անավարտ գլխի չգրված՝ բուն «ինչպես պատահեց»-ի նկարագրությունը, Համբարձումի և Սրբուհու ընդամենը մեկ անգամ հանդիպման բացատրությունը, որ պարզապես մի պահ էր, որն ապրեց Սրբուհին, բայց որը էլ «չի լինի, երբեք չի լինի… Չի՛ էլ եղել… պատահեց» վճռական որոշման պիտի հանգեցներ նրան: Կարելի է ենթադրել, թե հոգեբանական ինչպիսի խորացումներ կունենար Համբարձումի կերպարը, եթե գրվեր ծրագրված, բայց չգրված այն դրվագը, երբ թուրքերը գյուղ են մտնում: Սևակի արխիվում կա գրառում. «Համբարձումը իր пиралитик հորը գաղթի ժամանակ չի լքում: Երբ թուրքերը մտնում են գյուղ, նա գնդակահարում է նրան (որ թուրքերի ձեռքը չընկնի-Վ. Գ), վերջին գնդակով էլ խփում իրեն… բայց չի մեռնում», ծանոթ քիրվան նրան թաքցնում է, բուժում (Տե՛ս Սևակ Ղազարյանի հիշատակված մենագրությունը, էջ 58):
Կերպարակերտման նման եղանակը, ինչպես նաև վիպական կառույցի մեջ ժամանակային շրջադարձները՝ նախորդ դեպքերով կերպարը ներկայում ամբողջացնելու միջոցը, ակամա հուշում է, որ Սևակը ուզում էր նորացնել մեր դասական վեպը՝ հարստացնելով այն եվրոպական վեպի նոր հատկանիշներով: Այսպես, վեպի «Առաջին մասում» գործող անձ է դառնում Սրբուհին, դեռ անանուն, որպես Շունշալակողենց կրտսեր հարս, որը ծննդաբերում է: Մինչդեռ առաջին գլխում նա դեռ չկա, իսկ երկրորդ գլխում միայն հարս է, գործողության ետդարձով պիտի պարզվի նրա կենսագրությունը, մայրությունը, իսկ չորրորդում է միայն ծնվում երեխան: Իսկ թե ինչպես մայրացավ, դեռ պիտի պատմվեր չգրված գլխում: Այդպես գործողության մեջ է մտնում Զանի աքիրը (մի շատ հետաքրքիր կերպար), բայց նրա հիշողությունների միջոցով հետո է ներկայացվում իր պատմությունը:
«Ամանեջը» հստակ կառուցվածք ունի. երկու հարուստ գերդաստանների՝ Շունշալակող Մարգարի ու Հունանենց Ասվատուրի բազմանդամ ընտանիքներն են, նրանց բազմաթիվ որդիներից՝ Երանոսի ու Համբարձումի նոր կազմվող ընտանիքների դրաման (Երանոս-Սրբուհի, Համբարձում-Հերիք, Համբարձում-Սրբուհի): Կան և ուրիշ ընտանիքներ, ինչպես՝ Հերիքի ծնողները՝ տասնհինգ զավակներով, Տերտերանց տղերքը, գյուղացիներ: Եվ բոլորը՝ իբրև համայնք: «Ամանեջը»՝ սարերի գոգավորության մեջ, ամանեջցիների կապերը հարևան գյուղերի հետ, տարածաշրջանը, մարդիկ, բարքեր: Եվ այս ամենի հրաշալի իմացություն. գյուղն ու գյուղացին «դրսից էլ, ներսից էլ», ինչպես «ափի մեջ»: Այո՛, հենց այնպես, ինչպես ինքն է խորագրել բանաստեղծական իր ժողովածուն՝ «Մարդը ափի մեջ»: Մարդախույզ պոեզիայի ստեղծողը այդ մոտեցումով էր սկսել նաև իր վեպը: Իր «ափի մեջ» է նաև իր գյուղացին՝ դիտված ոչ միայն դրսից: Ի դեպ, վիպասանը ընդգծված միտում ունի. ամբողջ վեպում իր շարադրանքը «համեմել» ժողովրդական առածներով ու ասացվածքներով, որ համահունչ է իր նյութին, հերոսների խառնվածքի, վարվելակերպի, գործողությունների բնութագրմանը: Կենդանի խոսք է, ինչպես կասեին՝ «արոմատը» տեղը: Թեև չկա բարբառային ոչ մի երկխոսություն: Պոեզիային զուգահեռ գրված այս արձակ էջերը «բանաստեղծի արձակ» չեն, վիպասանի՛ արձակ են, բայց հաճելիորեն խաղացկուն, նուրբ հեգնանքով, ոչ ծանր-նկարագրական: Կենդանի խոսք է, երբեմն, ինչպես դիմումնային բանաստեղծության մեջ, այստեղ էլ հեղինակը, թվում է, պատմում է իր դեմ կանգնած, ներկա ընթերցողին (ինչպես Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում). «Նրա կինը «հին հայ» էր, իսկ ամանեջցիները, ինչպես ձեզ հայտնի է, «նոր հայեր» են: Բայց ասենք ձեզ որտեղի՞ց է հայտնի»: Կամ «Ոչ մի կին իրավունք չունի մտնելու Սուրբ Կարապետի փարախը: – Մի՛ հարցրեք՝ ինչո՞ւ: Պարզապես հիշե՛ք այս կողմերի խոսքը. «Ամեն ցավ ցրտից է կամ կնկանից»:
Անավարտ վեպի հիմնական կերպարները, կարելի է ասել, արդեն ավարտուն են: Հասկանալի է, շարունակության մեջ նրանք կարող էին հարստանալ նոր գծերով, կարող էին ավելի ամբողջանալ: Թերևս այլ՝ «թռուցիկ» կերպարներ էլ «բացվեին» նոր գործողությունների մեջ:
Անավարտ վեպում կա որոշակի մի ժամանակի, որոշակի տարածաշրջանի ու համայնքի տեսանելի կյանք, բնություն ու մարդիկ, կենդանի կերպարներ: Իրավ վեպ է՝ հայ վեպի ավանդներին հավատարիմ, բայց և նորացման նոր փուլ նախանշող:
Մեծ վեպը չգրվեց: Ինչո՞ւ… Ենթադրություններ, գուցեև համոզիչ, կարող ենք անել: Հետո: Այսօր այսքանն ունենք: Մեծ վեպի մեծ կառույցի մի մասը: Մեծ, շքեղ շենքի հետ համեմատությամբ՝ ամուր հիմքերի վրա առաջին հարկը կառուցված է տեղը տեղին՝ ամուր, գեղեցիկ, ակնահաճո, հմայող: Բնակեցված է՝ կյանքի կենդանի բաբախը, շունչը զգայորեն փոխանցվում է ընթերցողին: Վեպ է, Պարույր Սևակի տաղանդի ևս մեկ հաստատումը:

One thought on “«ԱՄԱՆԵՋ». ՎԵՊ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։