Մանկական ոգին` հավերժության ելևէջներ կրող

Ապրիլի 2-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսություն, որը համընկավ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և ՀԳՄ-ի հետ համատեղ կազմակերպած Մանկապատանեկան գրքի շաբաթի փակման արարողությանը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` պատահական չէ, որ մանկական գրքերն անվերջ վերահրատարակվում են և զարմացնում իրենց կենսունակությամբ: «Մանկական ոգին հավերժության ելևէջները կրող ոգին է, և եթե ինչ-որ գրող իր մեջ ունի դա, ուրեմն նա շփվում է հավերժության հետ»,- ասաց նա: Ապա անդրադառնալով Ե. Պետրոսյանի գրական գործունեությանը` Էդ. Միլիտոնյանը նշեց, որ նա 50 տարվա մեջ հրատարակել է բազմաթիվ գրքեր, սկզբնական շրջանում ուղղված մեծերին, ապա 70-ականներին շրջադարձ է կատարել դեպի մանկագրություն:
«Երեխաների համար գրելը պահանջում է տաղանդ. գրողը կարող է նաև մանկանալ, իր անկեղծությամբ այնպիսին լինել, որ երեխայի աշխարհին առնչվի և իր գրածով նրան ճանաչելի դարձնի աշխարհը»,- ասաց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը և Ե. Պետրոսյանի ստեղծագործությունները բնորոշեց անկեղծ զգացումներից ծնված ու հյուսված բանաստեղծություններ:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը, խոսելով մանկագրի մասին, փաստեց, ով նա այն գրողներից է, որ կարողացել է գտնել, ճանաչել մանկական հոգևոր աշխարհը իր գույներով ու բազմերանգությամբ:
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը խոսեց ռադիոյի խմբագիր Ե. Պետրոսյանի մասին` տեղեկացնելով, որ Հովհ. Շիրազի մասին կենդանի կադրեր և վավերագրեր ունենալու համար պարտական ենք Ե. Պետրոսյանին:
ՀՀ հանրագիտարանի հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանի շնորհավորական խոսքը կարդաց Էլմիրա Մարգարյանը, Հրաչօի խոսքը` Գ. Սամվելյանը: Գրականագետ Սուրեն Դանիելյանը վստահեցրեց, որ Ե. Պետրոսյանի ժողովածուների խորագրերից կարող է հյուսվել վերելքի այն ճանապարհն ու ներքին բովանդակությունը, որը միմիայն գրողինն է` գույնով, թռիչքով, պատկերային անկրկնելի համակարգով:
Ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի` Ե. Պետրոսյանը գալիս է իր մանկությունից. «Զիլ, խաղացկուն հայերենով գրված բանաստեղծությունները պատմում էին իմ առօրյա կյանքի, իմ արկածների, իմ չարաճճիությունների մասին և, ամենակարևորը, խոսում էին զրնգուն հանգերով ու ինձ համար մատչելի հայերենով»: Նրա հավաստմամբ` Ե. Պետրոսյանն ստեղծել է մանկական բանաստեղծության այնպիսի մի համակարգ, որի ուսումնասիրությունը, օրինաչափությունների մատնանշումը, տեսականացումը կարող է օգտակար լինել բոլոր մանկագիրների համար և ուղեցույց լինել նրանց համար, ովքեր կորոշեն իրենց կյանքը նվիրել մանկական գրականությանը:
Հայ մանկական գրականության զարգացման և տարածման գործում ունեցած երկարամյա վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, Ե. Պետրոսյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Ելույթ ունեցան նաև գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, բանաստեղծ թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ: Երվանդ Պետրոսյանի բանաստեղծությունների հիման վրա գրական կոմպոզիցիա ներկայացրին Խնկո-Ապոր անվան գրադարանի փոքրիկ ընթերցողները, մանկագրի բանաստեղծություններից ընթերցեց Գայանե Սամվելյանը: Ելույթներն ընդմիջվում էին հեղինակի խոսքերի հիման վրա գրված երաժշտական կատարումներով: Հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։