Երբ Յակով Իվանի Խաչիկյանն ինձ նվիրեց «Յա. Ի. Խաչիկյանի կյանքը և աշխատությունները ժամանակակիցների գնահատականներում» վերնագրով շքեղ գիրքը, թերթելուց հետո մտածում էի գրել նրա մասին, որովհետև ինքս էլ ասելիք ունեի անխոնջ գիտնականի և գիտության բացառիկ կազմակերպչի, նաև պարզապես մարդկային նրա արժանիքների մասին: Եվ ուրեմն, սա ոչ թե մահախոսական պիտի լիներ, այլ գնահատանք: Իհարկե, հասկանում էի, որ նա պատկառելի տարիք ունի, սակայն հույս ունեի, որ կհասցնեմ, որ կկարդա և իրեն շոյված կզգա…
Անշուշտ, Յակով Իվանիչը վաղուց ի վեր իր պատվավոր տեղն ունի հայագիտության մեջ՝ հայ էսթետիկական մտքի պատմությունը հենց նրա գիտական ջանքի և նպատակասլացության շնորհիվ վերածվեց առանձին գիտակարգի և դեռ կունենա նոր շարունակություն ու զարգացում: Նրա աշխատությունների շնորհիվ հայ գեղագիտության պատմությունը հանրահռչակվեց նախկին Միության փիլիսոփայապատմական շրջանակներում: Մեր շփումների տարիներին, սակայն, անընդհատ զարմանքով հայտնաբերում էի Յակով Իվանիչին՝ գիտնական լինելուց բացի, նա հրապարակախոս էր, թարգմանիչ, նաև հրաշալի ռոմանսներ է գրել, որ ինքն էլ երգել ու ձայնագրել է: Վաղ տարիքից նվագում էր մանդոլինա, կիթառ, ակորդեոն, դաշնամուր. երաժշտությունը նրա համար ոչ միայն տեսական ուսումնասիրության առարկա էր, այլև կյանքը գեղեցկացնող և մարդուն վեհացնող հրաշք:
Քանի որ խմբագրում էր իմ գիտական աշխատությունը և իմ ղեկավարն էր, հաճախակի էինք տեսնվում: Մեր իրականության մեջ չկար մի բան, որից քաջատեղյակ չլիներ Յակով Իվանիչը՝ գիտությունից մինչև արտաքին և ներքին քաղաքականություն: Նրա մեջ զարմանալի ներդաշնակ էին քաղաքացին, մարդը և գիտնականը: Պայծառ և լավատես մնաց մինչև վերջին շունչը: Եվ՝ գրիչը ձեռքին… Նա հասցրեց ոչ միայն իմ մենագրությունը, այլև գիտական հերթական ժողովածուն կազմել և խմբագրել:
Յակով Իվանիչի կյանքի և գիտական գործունեության միայն հիշարժան տարեթվերի թվարկումն արդեն իսկ ակնածանք է առաջացնում: Անցյալը վերհիշելիս նա ապավինում էր բացառապես իր ֆենոմենալ հիշողությանը՝ ոչ մի օրագրային գրառում, ամեն ինչ ի պահ էր տրված իր մտքի «համակարգչին», որ անխափան գործեց մինչև վերջին օրը: Հարուստ ու փառահեղ իր կյանքից այնպիսի դրվագներ էր մտաբերում, որոնցից յուրաքանչյուրն էր գրարժան: Ծագելով ավանդապահ հայկական ընտանիքից՝ նրա համար միշտ կարևոր մնաց Թումանյանների (իսկական ազգանունն է) իր տոհմածառը, նա կարոտում էր ակունքներին և անասելի գորովանքով էր խոսում թոռների և ծոռների մասին: Յակով Իվանիչի ամենաերանելի հիշողությունները կապված էին ծննդավայրի հետ: «Ստեփանավանը»՝ պատասխանում էր, երբ հարցնում էի, թե ինչն է ամենից շատ կարոտով հիշում: «Կնոջս՝ Ռայային, երեխաներիս ծնունդը (ցանկացած տղամարդու համար ամենահաճելի պահերը կապված են զավակների ծննդյան հետ), ընտանեկան ուրախությունները…»,- շարունակում էր: Իբրև պատասխան՝ անբացատրելի ժպտում էր, երբ ժամանակ առ ժամանակ հարցնում էի, թե որն է համարում մարդկային կյանքի իմաստը: Միայն մի անգամ ասաց՝ «Լավ, որպեսզի տարբեր ձևակերպումներով այլևս չհարցնես, ասեմ՝ մարդու կյանքի իմաստը հենց լինելն է, ապրելը՝ ամեն ինչով… Բնության մաս լինելը, բնության հետ ներդաշնակ ապրելը, բնության դեմ չգնալը… Եվ պետք չէ ապրելու փոխարեն ապրելու իմաստներ հորինել: Գեղեցիկ ապրեք, և դա իմաստ կտա կյանքին»: Երբ ազգայնական ինչ-ինչ երանգ էր զգում խոսքիս մեջ, նրբորեն սաստում էր՝ ազգայնականությունը ազգային էգոիզմն է և նույնքան վատ հետևանքներ է ունենում, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, երկրագնդի բոլոր ժողովուրդները, ինչպես բոլոր մարդիկ, հավասար են ապրելու և երջանիկ լինելու իրենց իրավունքով: Հայ ներկա կյանքին անդրադառնալիս երբեմն վհատվում էր՝ էս ի՞նչ են անում, ախր, այդքան դժվար չէ Հայաստանում գտնել իրենց գործին տիրապետող և նվիրյալ մարդկանց, ու ամեն ինչ իր տեղը կընկնի…
Յակով Իվանիչը իսկապես գեղեցիկ ապրեց: Նա էսթետ էր ոչ միայն մասնագիտությամբ, այլև իր վարքաբանությամբ ու կենցաղավարության մեջ: Իր բազում տիտղոսներից ու պարգևներից առանձնակի հպարտությամբ էր հիշում, որ Ստեփանավանի ասպետ կոչումն են շնորհել: Նա իսկապես ասպետ էր՝ այդ բառի դասական իմաստով՝ գեղեցիկը գնահատող, կնամեծար, պատվախնդիր:
Պատկառելի գրադարան ուներ՝ մի քանի հազար կտոր գիրք: Դրանց մեջ կան հայտնի գիտնականների ընծայագրածները՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Բուլղարիայից: Յա. Խաչիկյանի հեղինակած 67 գրքերը վերաբերում են հայ գեղագիտության պատմության և տեսության, նաև դասավանդման մեթոդաբանության հարցերին, արվեստի տեսության բազմաշերտ խնդիրներին, բայց նա անզուգական էր նաև որպես մեմուարիստ. այդ բնույթի նրա հոդվածներով և գրքերով կարելի է ճանաչել ոչ միայն մեծ անհատների, այլև մի ամբողջ դարաշրջան: Նրա հիշողության «գեղադիտակում» սիրով տեղ են գտել Աղասի Խանջյանը, Հովհաննես Բաղրամյանը, Ավետ Գաբրիելյանը, Ռուբեն Մամուլյանը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը, Վիկտոր Համբարձումյանը, Կարեն Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Հրաչյա Ներսիսյանը, Արամ Խաչատրյանը, Վահրամ Փափազյանը, Երվանդ Քոչարը, նաև Կոնստանտին Սիմոնովը, Իլյա Էրենբուրգը: Մտովի փարված մնալով ծննդավայրին՝ նա կազմեց նաև «Ստեփանավանցիներ» հանրագիտարանային տեղեկատուն՝ մեկ առ մեկ փնտրելով մարդկանց և տեղեկություններ:
Յա. Խաչիկյանը երբեք բառերով չձևակերպեց իր վիրավորանքը… Սակայն երբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի վերջին ընտրությունների առիթով խոսում էինք, միանգամայն անչար նկատեց՝ պետք է վախենալ «ակադեմիկոս» հասկացությունը պատվազրկելուց: Այդ պահին ամաչեցի ասել ինչ մտածում եմ, բայց հիմա կհամարձակվեմ. Յա. Խաչիկյանը այն բացառիկ գիտնականներից էր, ում վայելում էր ակադեմիկոս լինելը: Եվ նա իրականում ակադեմիկոս էր, ով անմահների փաղանգում իր տեղին արժանացել էր գիտնականի և մարդու անբասիր կյանքով ու անմնացորդ նվիրումով:
Հետգրություն- Հեռավոր մի օր Մարտիրոս Սարյանն անձամբ է հավերժացրել մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայի հաղթողներին, այդ թվում՝ պատանի Յակովին: Նայում եմ այդ նկարին և մտաբերում Յակով Իվանիչի վերջին օրը՝ նույն մաքուր և ջինջ, բարություն և խոհականություն ճառագող հայացքն է, ընդամենը կնճիռներ են ավելացել՝ որպես նրա ապրած սիրո և վշտի, իմացական և մարդկային հրճվանքների, աշխատանքի և իմաստնության վկայություններ: