ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐ

ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ԱՄԱՐԻԿԵ
ՍԱՐԴԱՐԻՆ
 ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՔՈՒՐԴ ԳՐՈՂՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ

Փետրվարի 8-ին լրացավ հանրահայտ քուրդ գրող, հրապարակախոս, թարգմանիչ ու գրաքննադատ, վաստակավոր լրագրող ու հասարակական գործիչ Ամարիկե Սարդարի (Ամարիկ Դավրեշի Սարդարյանի) ծննդյան 80- ամյակը:
Մեծ ուրախությամբ նշենք, որ Ա. Սարդարը, չնայած իր պատկառելի տարիքին, դեռ ակտիվորեն շարունակում է մասնակից լինել մեր մշակութային կյանքին: Այսպես՝ միայն անցած տարվա ընթացքում լույս են տեսել նրա երկու նոր գրքերը, մի քանի սուր հրապարակախոսական հոդվածները, բազմաթիվ հարցազրույցներ է տվել, թողարկել է անձնական կայք քրդերեն ու ռուսերեն լեզուներով ու նաև Թուրքիայում վերահրատարակվել են նրա առաջին երեք ժողովածուները քրդերեն լեզվով: Հարկ է նշել, որ Ամարիկե Սարդարի ամեն հրապարակված գիրքը հանրության կողմից մեծ հետաքրքրության է արժանանում ու շատ հաճախ նաև ծավալվում են բուռն քննարկումներ այդ գրքերի շուրջ: Նշվածի վառ օրինակ է «Կարոտ» (2014 թ.) գիրքը, որն իրենից ներկայացնում է ոչ շատ վաղ ու նաև հեռավոր անցյալի մասին անթաքույց անկեղծությամբ գրված հուշերի մի պատմություն: Հենց այդ անկեղծությունն էլ պատճառ հանդիսացավ, որ գիրքը բազմանշանակ կերպով ընկալվեց հանրության կողմից: Նույն օրինակով կարելի է հիշատակել նաև նրա հրապարակախոսական հոդվածներից «Բաց նամակ իմ մահմեդական ընկերոջը», «Արդյո՞ք մեղավոր ենք մենք», «Բաց, բայց չհրապարակված նամակ», որտեղ հեղինակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում քուրդ հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրներին, հակասություններին ու անհամաձայնություններին: Կարելի է նշել, որ վերջին ժամանակներում Ամարիկե Սարդարի գրչի տակից դուրս եկած ցանկացած գրառում անտարբեր չի թողել ընթերցողին ու հանրության կողմից դրանց ընկալումը խիստ հակասական էր՝ հստակ դրականից տատանվելով մինչև խիստ բացասականի միջև: Բայց դրա հետ մեկտեղ, շատերը կհամաձայնվեն այն մտքի հետ, որ Ամարիկե Սարդարը՝ իրենց ժամանակակիցը, քայլում է ժամանակին համընթաց ու, որպես կանոն, քննում ու պատասխանում է այսօրվա հասարակությանն անհանգստացնող հարցերին: Բացի այդ, նա վառ, ինքնաբուխ հեղինակ է, շատ հաճախ կտրուկ լուծումներով, բայց նաև անաչառ ու միաժամանակ նուրբ, լիրիկ ու բարի…
Ամարիկե Սարդարը 1965 թ.- ից Հայաստանի լրագրողների միության անդամ է, իսկ 1995 թ.- ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Նա նաև Պեն-Քուրդ միջազգային ակումբի անդամ է: 1980 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով, իսկ 1986 թ.-ին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչում: 1992 թ.-ից Հայաստանում քուրդ մտավորականների խորհրդի ղեկավարն է: 2009 թ. Միջազգային կենսագրական կենտրոնը (Անգլիա, Քեմբրիջ) Ա. Սարդարին շնորհել է «2009 թ.-ի Աշխարհի առաջատար մասնագետի» կոչում: Նա առաջին քուրդն է, ով արժանացել է նման միջազգային կոչման: Ա. Սարդարը քրդական գրականության ու մշակույթի վերաբերյալ հարյուրավոր հոդվածների հեղինակ է:
Ա. Սարդարի պատմվածքները զետեղված են քրդերենի դասագրքերում, քրդական «Նոր գարուն» տարեգրքում, թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով: Նրա մասին գրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի թերթերը:
Ա. Սարդարը հայտնի է նաև թարգմանչական փայլուն գործունեությամբ: Նրա գրչին են պատկանում քաղաքական գրքերի թարգմանությունները քրդերեն, նաև Հր. Քոչարի «Կարոտ» վիպակը, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի ու մի շարք այլ հայ, ռուս, արևմտաեվրոպական ու ասիական հեղինակների ստեղծագործությունները:
Ամարիկե Սարդարը առաջինն էր, ով դարձավ քրդական գրականության քննադատ:
Նա մեծ ներդրում ունի քրդական արձակի զարգացման գործում, նրա ստեղծագործությունները գրվել են իրական պատմությունների հիման վրա ու այնքան իրական են պատկերում կյանքը, որ կարող են համարվել անգամ փաստավավերագրական:
Կարելի է վստահորեն նշել, որ Ամարիկե Սարդարը խորհրդային շրջանի առաջին քուրդ գրողն է, ով առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր կերպարների հոգեբանությանը, հոգեկերտվածքին, ու նա դա անում է իրապես մեծ հմտությամբ: Նրա կերպարները խոսում են կենդանի լեզվով, ու նրանցից ցանկացածի խոսքը ունի միայն տվյալ կերպարին հատուկ կոլորիտ ու լեզվամտածողություն: Ա. Սարդարը առաջինն էր, ով կիրառեց քրդական գրականության մեջ կերպարների այս ինքնատիպ խոսքի ոճը: Ամարիկե Սարդարը առաջինն էր խորհրդային քրդական գրականության մեջ, ով ներկայացրեց մանրապատումի ժանրը (սպիտակ բանաստեղծություններ), այս գրվածքները կարճ են, առանձնանում են մտքի խորությամբ ու կյանքի փիլիսոփայությամբ:
Շնորհավորում ենք Ամարիկե Սարդարին 80-ամյակի կապակցությամբ, մաղթում ենք նրան քաջառողջություն ու սպասում ենք նրա նոր ստեղծագործություններին:

Նուրե ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։