Ռուս ճանաչված հրապարակախոս Իլյա Էրենբուրգը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ասել է, թե պատերազմում միլիոնավորները զոհվեցին, բայց փրկվեց մեկը` ֆաշիզմը: Պատերազմից ընդամենը 70 տարի անց, դրա կենդանության նշանները ոչ միայն նկատելի են, այլև ազդեցությունն ավելի ու ավելի գերակա է որոշ երկրների քաղաքական օրակարգում: Նացիզմը ոչ միայն չի նահանջել, այլև խորքային առումով շրջանառվում է առավել հիստերիկ ու ցինիկ, այլատյացության և ատելության աննախադեպ դրսևորումներով: Վերջին շրջանում միայն Ադրբեջանում Հայաստանի ու հայերի թեմայի շուրջ նյութերում ու սյուժեներում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ և վիրավորական արտահայտությունների: Ալիևյան ռեժիմը ջանք չի խնայում հայատյաց տրամադրություններ ձևավորելու, դրա համար հաճախ դիմելով այնպիսի քայլերի, որոնք իրենց անբարո բովանդակությամբ անհաղորդ են առողջ տրամաբանությանը: Ինչպես նշում է «Ենի մուսավաթ» թերթը, հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի: Անգամ ադրբեջանական Moderator.az կայքը, ելնելով մասնագիտական էթիկայի ու լրագրողական մշակույթի տեսանկյունից, հարցադրել է, թե որքանով է ճիշտ եթերում նման արտահայտություններ հնչեցնելը, հավելելով. «Արդյո՞ք ադրբեջաներենն այնքան աղքատ լեզու է, որ Հայաստանի նկատմամբ ունեցած ատելությունն ու վրդովմունքը հնարավոր չէ փոխանցել առանց հայհոյանքի ու վիրավորանքների»: Սակայն գլուխգործոցը «Գյունդալիք Բաքը» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հաբիլ Ալիևի խոստովանությունն է. «Ես հայերին իմ մշտական թշնամին եմ համարում: Որտեղ հայ տեսնեմ` լեզուն կտրելու եմ: Եթե անգամ ինձ կտոր-կտոր անեն, հայերին մշտապես ատելու եմ: Եթե մեկ անգամ էլ մասնակցեմ պատերազմին, նրանց երեխաներին անգամ չեմ խնայելու»: Եվ սա ադրբեջանական ֆաշիզմի ամբողջական դիմագիծը չէ: Ադրբեջանը խնդիրներ ունի նաև ներսում: Բռնակալ իշխանությանը հենված ռեժիմը, ում համար կենցաղի մակարդակում է պատմության վերաշարադրումն ու իրականության խեղաթյուրումը, մարդու հիմնարար իրավունքների խախտումն ու քսենոֆոբիան, ինքնադրսևորման յուրաքանչյուր շարժում դատապարտում է աներևակայելի խոշտանգումներով և բանտարկություններով, ինչն էլ միջազգային վարկանիշային կազմակերպություններին մղում է Ադրբեջանին «այլախոհների նկատմամբ անհանդուրժող, քաղաքացիական ազատություններն ու քաղաքական իրավունքները ոտնահարող երկիր» որակել: Սակայն ֆաշիզմին հատուկ է նաև ողջամտության նկատմամբ խլությունն ու ամենաէականը` ռևանշիզմը: Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի, Իրանի և Վրաստանի նկատմամբ նոր չեն: Վերջերս էլ պատմաբան պատգամավոր Յաղուբ Մահմուդովը պարզել է, որ «Հյուսիսային Ադրբեջանը Ռուսաստանին միացնելու արդյունքում «Իլսուի» սուլթանության գրեթե կեսն անցել է Դաղստանի շրջանին: Անջատելով 11 գյուղ Ադրբեջանից և միացնելով դրանք Դաղստանին` վերջինիս բաժին է հասել այդ թվում Ջար-Բելոքան շրջանի մեծ մասը: Այդ պատճառով ոչ ոք չի կարող ժխտել, որ Դերբենտը ադրբեջանական քաղաք է, քանի որ Դաղստանը կազմավորվել է ադրբեջանական հողերի վրա»: Ասել կուզի՝ խելագարության մեխանիզմը աշխատում է: Եվ «արդարությունը» վերականգնելու համար ազերիները զինվում են, առանց հաշվի առնելու՝ ինչն ինչ է և ինչն ինչի կբերի: Մինչդեռ ֆաշիզմը միշտ զոհեր ու ավերածություններ է բերում, շատ զոհեր ու շատ ավերածություններ, որից հետո է բարեհաճում լքել այդ տարածքը` ուրիշ ավելի հիմար բռնապետ ու մոլորված ժողովուրդ գտնելու:
Կարդալ նաեւ․․․

ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԸ ՍԳԱՎՈՐ Է / Սամվել Կոսյան
Հարյուր տարի առաջ Անատոլ Ֆրանսը Հայաստանի մասին փարիզյան իր ելույթում…

ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԳԱԼՈՒ ԵՎ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Այսօր մարդկությունը չհայտարարված պատերազմի մեջ է: Բայց սա սովորական պատերազմ…

ԵՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՐՔ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Չեմ կարծում՝ առաջադրված հարցը որևէ մեկի շփոթմունքը հարուցած չլինի: Ախր,…