Անդունդի եզրով քայլողի ամեն մի շարժում սրտի զարկ է, որը որոշակի նպատակածիրում ձևավորված մարդու գոյության իմաստն է, կյանքը: Ինչքան է ճշմարիտ նրա ընթացքը. ահա հարցերի հարցը, որ շատ անգամ անպատասխան է մնում` սպասելով իր խաչակիր ոգուն` պոետին: Կենսական ճշմարտության իրարամերժ ընկալման ցավից է ծնվում քաղաքացիական պոեզիան: Վերջին տարիներին իրենց ներաշխարհով անցած ցավի ընդվզումը գեղարվեստական խոսք են դարձրել գրեթե բոլոր բանաստեղծները, ովքեր, իրարից տարբեր լինելով հանդերձ, ունեն մեկ ընդհանրություն: Դա ձգտումն է, հանրային ցավը չշրջանցելով, փորձել խոսքով հմայաբուժել հասարակությանը: Քավ լիցի, նարեկյան առաքելություն չեմ վերապահում նրանց, բայց և չեմ կարող չհավաստել, որ ներքին խմորումներից եկող խոսքը ինչքան էլ ծանր լինի, որպես հետևանք բերում է թեթևություն` չարն ու բարին, լավն ու վատը զանազանելու տվյալ ժամանակի արժեհամակարգով: «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով, քաղաքացիական զգացողությունով և ըմբռնումով շնչավորված՝ լույս աշխարհ է եկել Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» բանաստեղծությունների ընտրանին:
Միանգամից ասեմ, որ սա մի գիրք է, ուր միաձուլվում են երկինքն ու երկիրը, ուր ձկներն անգամ կարող են հանգերգել թռչունների պես, նաև` ուր սերը սփոփանք չէ բնավ, հետևապես, ուր աստվածապաշտ չլինելու դեպքում չեն կորցնում աստվածավախ լինելու բնազդը, որտեղ և Մանվել Միկոյանը խոստովանում է, «Ես պահ եմ տվել իմ կարոտը` մի սրտաչափ, որի տրոփյունն արձագանքում է ողջ տիեզերքում մեն-մի բառով` Ծննդավայր»:
Պոետն ամեն օր արթնանում է նոր ծնվելու պես և ճակատագիր դարձած գրչի տառապանքով զարմանում. Ով է հորինել համբերությունը, երբ.
Օսլայած բառեր, սափրված մտքեր վխտում են մեր շուրջ, / օծում խոնջացած մարմինները մեր պատրանքով մի նոր, / անտարբերության ճեղքերից լսվող խզված մի շշունջ / ձոներգ է դառնում դիմակներին ու դեմքերին գինով:
Մ. Միկոյանի խոսքը համարձակորեն դուրս է թռչում համընթաց ներկայի զսպանակող ջղաձգությամբ ու դառնում գեղարվեստական վավերագիր, շապիկ պատռող խոսք և ինքնածանակ անկեղծություն, բայց ոչ երբեք դեպքերի և գործողությունների: Պահերը հոշոտում են հղացումը ժամերի և իրերի անգամ, եթե դրանց տրված են ոգեշարժող հատկանիշներ, Մոլեռանդորեն մի հսկազանգված վիճակագրություն կամ նկարագրություն: Նրա գրիչը շանթարգելի նման իր վրա է վերցնում աջ ու ահյակ ապակե աչքերի մեջ ոսկու անդրադարձը, ամբոխի շուրթերի վրա հասարակացող Տիրոջ անունը ու լսում ցեղական շների հաղթաքայլ դոփյունները:
-Կեցցե մահակն ազատության,/ -Կեցցե կացինն արդարության,/-Կեցցե մի ողջ ցեղ արժեցող / Նավապետի կուշտ ժպիտը…
Պոետին մտատանջում է, որ մարդը ներկա ժամանակներում անցյալի խլյակ է այսպահական, շահախնդրությամբ օրվա ուղեղի:
Ճանապարհի կենտրոնում օրորվող հարբեցողը/ կտրված ճոճանակն է հին ժամացույցի:
Իսկական բանաստեղծները ժամանակ առ ժամանակ հեռանում են իրենց նախընտրած ժանրից, հեռանում են, բայց չեն լքում, որը վկայում է նաև Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» գիրքը: Իրար հաջորդող «Ժամանակի փաթիլներ», «Անդրադարձներ», «Որտեղ են երաժիշտները», «Սկիզբն ու վերջը» և «Արձակ բանաստեղծություններ» հինգ բաժինները գրվել են տարբեր տարիների և պարզորոշ ցույց են տալիս Մանվել Միկոյանի քաղաքացիական պոեզիայի մակընթացությունները, նաև բանաստեղծի քնարերգական և խոհափիլիսոփայական շնորհները: Հեղինակը մե՛րթ տրվում է հիշողության նրբահյուս զգացողություններին. Ձյունաճերմակ, մաքրամաքուր/ պատյանի մեջ հիշողության/ ես ճոճվում եմ իբրև տերև`/ ունայնության ծառից ընկած, / ու շոյում եմ ալիքների/ գանգուրները / մեղմ տարածվող / և զգում եմ բույրը նրանց /թափառական ու տնասեր, մե՛րթ հավատալով ինքնատրոհման առեղծվածին` ունկնդրում է գույների հոգեձայներին. Կաղկանձող ամբոխի ձանձրալի մրմունջներից հեռու, ժխտելով բնականության բոլոր կանոնները:
Գույները սփոփվում են պատկերների հյութեղությամբ,/լույսը վարգում է իր իսկ ստվերից,/մի սադրիչ քամի խառնում է սանրվածքը/սենտիմենտալ կարոտի`/փոխարենը օծելով տարանցողիկ վայելքի / իզուր սպասմամբ…
Հասունացած սիրով, գրում է «Շուրթերով կնքված վկայական» բանաստեղծությունը.
… Եվ վերջապես առաջին անգամ / սիրում եմ անունս, / որովհետև քո շուրթերից է հնչում…
Մանվել Միկոյանը տրվում է իր իսկ արմատներից եկող արյան շնչառությանը: Անկեղծ նվիրումով են գրված «Հորս» և «Մորս» բանաստեղծությունները, որտեղ մորը դիմում է.
Աչքերիդ մեջ / կարոտի ինքնալիքվող հանդարտությունը, / նաև ընդգրկող / վերևից մեզ նայող / հորս ժպտադեմ հայացքը:
Մ. Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» գրքի «Որտեղ են երաժիշտները» բաժնում ավելի սևեռուն, սթափ, իրատես ու սարկազմով հարուստ տեքստով բացվում է լայնալանջ պոետի քաղաքացիական պոեզիայի երկրորդ շնչառությունը: Բաժնի վերնագրի մեջ արդեն կա ինտրիգ, լարվածություն ու միաժամանակ ակնկալվող լավատեսություն արվեստի ամենակարողության:
«Դիետիկ ագռավներ»-ում բանաստեղծը, ասելիքն արտահայտելով այլախոսիկ հնարքով, ներկայացնում է մաֆիոզ միջավայրն ու այնտեղ գերիշխող փոխհարաբերությունները:
Երբ բացվում է խոշտանգված անտառի գորշ առավոտը, / ագռավների ականջներում հնչում է իբրև վերջնագիր./-Կռկռոց բարբառո հանապատի….
Հայկական ժամանակը անդունդի եզրով քայլողի հոգեվիճակը կենսակերպ դարձնողն է, որին դեմ հանդիման անկեղծանում է պոետը.
Ես ոչինչ չունեմ քեզնից թաքցնելու, / քանզի քո մեջ եմ ամփոփված:
Մ. Միկոյանը Աստծու օրը վերապրում է հազարամյա բոլոր ցնցումներն ու արհավիրքները, եռում է ներսը.Սա է ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ: Չխռոված նախնիների հողից շիփ-շիտակ նայում է թղթե պատվանդանին հայտնված իրականությանը:
Ամորձատված գաղափարներ` շքեղ ցուցանակներով, /Կարծիքներ ու փիլիսոփայական եզրահանգումներ`/ Դաջված ջրի պղպջակների ողորկ մակերեսին, / Սովորական երեսպաշտներ ու քաղաքական խամաճիկներ` / Մի գրպանաչափ իրենց բառակույտն անընդհատ ցփնող ժողովրդի դեմքին, / Հայրենիք, ազգ և ժողովրդի շահ բառերը / Իբրև վահան օգտագործող նորաթուխ ու փորձառու գործիչներ, / Ովքեր երբևէ չեն ցանկանա սերտել այդ բառերի իսկական իմաստը…
Գրքում հոռետեսություն չկա. ով չի անցել խավարի միջով, չգիտե արժեքը լույսի, նկատվող հուսանվազմանն էլ իշխում է լավատեսությունը, ինչը բանաստեղծը հասցնում է խոհափիլիսոփայական տարածք` սկիզբն ու վերջը պայմանականացնելով.
Արևը նույն ալարկոտ անտարբերությամբ/փորձում է ջերմացնել ձմռան երեկոն,/և հոգնած մարդիկ դարձյալ ապրում են/օրվա հացը վաստակածի/«անիմանալի բերկրանքը»:
«Ինչ տարբերություն» հարցադրումը Մանվել Միկոյանինը չէ, հատկապես Երբ օրն սկսվում և ավարտվում է տառապանքով: Նրա համար մեկ է` լույսը լավին է հասնելու, և աշխարհի վերջն էլ հետաձգվելու է, միշտ էլ պոեզիան մնալու է կյանքի շարունակությունը` որպես նրա ազնվական խոսք:
Ընդհանրապես Մանվել Միկոյանի բանարվեստում երբեմն-երբեմն արձակ տողեր են ի հայտ գալիս, ձգվում մկանների պես` ամրացնելով նրա կառուցիկությունը: Ուշագրավ է, որ գրքի վերջնամասի արձակ գործերն էլ շատ պոետիկ են: Արդյունքում ստացվել է «Անդունդի եզրով քայլողը» ժողովածուն, որը գտածով չբավարարվող, ինքն իրեն անհաշտ Մանվել Միկոյանի ինքնատիպ գրականությունն է: