Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց ճանաչված արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Կարայանը:
Ռոբերտ Կարայանը ծնվել է 1934թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Տարբեր տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել Հեռուստա-ռադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից: ՀԳՄ անդամ է 1970 թվականից: 28 գրքի հեղինակ է: Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, գրել է նաև մանուկների համար: Նրա գրքերը` «Փրկություն», «Անդրանիկի երգը», «Աչք պահել վանքին, ոչ թե թվանքին», «Առանց թիթեռ ինչ ծաղիկ», «Մարդազարդի տոն արարենք» և այլն, աչքի էին ընկնում կյանքի ճշմարտացի արտացոլմամբ, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ: Երգիծական ստեղծագործություններում անհաշտ մարտիկ էր՝ պայքարելով իրականության արատավոր, բացասական երևույթների դեմ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Արժանացել է բազմաթիվ պարգևների, Մ. Շոլոխովի անվան մեդալի, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի մրցանակին, Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալի»:
2013թ. նրա գրական վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի բարձր կոչումով:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՄԵԶ ԱՍՈՒՄ ԷՐ` ՑԱՎԻԿԴ ՏԱՆԵՄ, ԲԱՅՑ ՑԱՎՆ ԻՐԵՆ ՏԱՐԱՎ…
«Հայրիկը գնաց»` հեռախոսում դստեր լացակումած ձայնն էր: Այդպես էլ ասաց` գնաց: Իսկ ինքն այնպես չէր ուզում գնար: Ու թեև երկարատև հիվանդությունը հյուծել էր նրան, բայց կամքի ուժով դիմագրավում էր ճակատագրի հարվածներին: Օրեր առաջ, իր տուն հերթական այցիս ժամանակ (հարևան շենքում էր ապրում) դեռ հույս էր փայփայում, որ` «անավարտ վեպ ունեմ, գոնե ավարտեմ, նոր կգնամ»: Այդպես էլ ասաց` կգնամ: Չավարտեց, գնաց, մեզ, այնուամենայնիվ, թողնելով ավարտուն բազմաժանր ստեղծագործական արժեքներ` բանաստեղծությունների, առակների, հրապարակագրական տասնյակ ժողովածուներ, վեպեր, վիպակներ, մանկական զվարթ, պատկերախոս գրքեր և մնայուն հետագիծ հայ ժամանակակից պոեզիայի ու արձակի մայրուղում:
«Ցավիկդ տանեմ»` մտերիմներին հաճախ էր իր սիրած այս խոսքով դիմում: Ինքը ցավի մեջ, այլոց ցավերն էր փորձում բուժել: Ի վերջո, ցավը նրան տարավ, նրան, ով դոնկիխոտյան համառությամբ, հրապարակագրական թեժ, կրքոտ խոսքով, առակների եռաժանիով համարձակորեն մեզ ի ցույց էր դնում տիրող իրականության խոցելի կողմերը՝ հնչեցնելով «Ազգահավաքի շեփորականչ»:
Մի անգամ, գրողներից մեկի հուղարկավորության ժամանակ, մտախոհ ասաց. «Մեր ընկերները հեռանում են, նրանց գնալով աշխարհը մի քիչ ցրտում է»: Իր գնալով էլ աշխարհը մի քիչ ցրտեց, իսկ մեր գրական աշխարհում պակասեց վաստակաշատ մի գրող, ազգանվեր մի մտավորական, ում անունն էր Ռոբերտ Կարայան:
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ