ԼՈՌՎԱ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայ թատրոնի պատմության լավագույն գիտակ ու եզակի տեսաբան Հենրիկ Հովհաննիսյանը գրասերներին մատուցել է հաճելի անակնկալ: Նա, ում միտքը միշտ թևածում է գրականության ու արվեստի բարձրագույն ոլորտներում, քննում վեհի և կատարյալի խնդիրները, բացահայտում հայ հնագույն թատրոնի գաղտնիքները, նոր գրքում հմուտ բանահավաքի նման գրառել ու հրապարակ է հանել Լոռվա այն «համով հոտովը», որն առայժմ մեզ անծանոթ է: Ոչ ոք չի կարող ժխտել բանահյուսության ճանաչողական արժեքը: Եթե 20-րդ դարի երկրորդ կեսը բանահյուսություն ստեղծելու ժամանակը չէ, ապա բոլորովին էլ չի նշանակում, թե հավաքական մտածողությունը մեզանում մարել է և չի դրսևորվում իրական կյանքից բխող զրույցներից, անեկդոտներից, քնարական, երգիծական հյուսվածքներից, որոնցում, ինչպես Հենրիկ Հովհաննիսյանն է ասում, բաբախում է կյանքի կենդանի զարկերակը:
Գրքի հեղինակը տարիների ընթացքում կատարել է որոշ գրառումներ իր լսածներից, որոշ հատվածներ պահել է հիշողության մեջ, մի փոքր հատված էլ քաղել է Հովհ. Թումանյանի և Ստ. Զորյանի տպագիր գործերից, որպես ներդաշն հաստատումն իր լսած մանկական հիշողությունների, որոնք 20-րդ դարի առաջին կեսի Հայաստանի խորհրդային կարգերի վաղ շրջանին են վերաբերում:
Իր բանահյուսական ժողովածուին կցել է սեղմ ու պերճախոս նախաբան, որում ներկայացնում է, թե դիվանագետ լոռեցին ինչու գիտակցաբար իրեն «շաշ» է ձևացնում. «Նա ինքն է հորինել իրեն և ներքուստ շրջահայաց է ու դիվանագետ, լինի այդ առօրյա ողջամտության թե ձևացյալ բթության դիրքերից: Լոռեցու պարզամտությունն ու դիվանագիտությունը նույն հարթության վրա են, և այստեղ է պարադոքսը»: (էջ 5):
Ժողովածուն, իհարկե, հումորային ուղղվածություն ունի և ընթերցողի մոտ հաճախ անզուսպ ծիծաղը հոգեկան վայելքի պահեր է պարգևում: Միաժամանակ պարզորոշ երևում է 20-րդ դարի հայ կյանքի էվոլյուցիայի ընկալում սովորական մարդու կողմից:
Շատ սրամիտ է «Ինտերնացիոնալը Խաչի դռան ճամփին» պատումը: 1928 թ. նոյեմբերի 7-ին է տեղի ունեցել դեպքը. պիոներները կարմիր դրոշը պարզած և «Ինտերնացիոնալ» երգելով Հաղպատ են գնում ու ճանապարհի ոլորանին հանդիպում են եզներին լծած քարերով լիքը սայլի. եզները խրտնում են, սայլը գլորվում է ձորը: Հետաքրքիր է պատումի ավարտը: Երբ սայլապանը եզներին դուրս է բերում ձորից, մեկի ոտքը կոտրած և մյուսի՝ պոզը, հարցնում է. «Էն ո՞վ ա, որ աշխարհքը փրկիլ տի»: (էջ 29):
Գյուղացիներին հատուկ սուտլիկությունը հրաշալի է ներկայացված «Մեծ մարդու քեռու պատմածը» հյուսվածքում: Գյուղացիները սիրում են նշանավոր մարդկանց ոչ միայն իրենց ազգական համարել, այլև իրենց դերը տեսնել նրանց փառահեղ դիրքում: Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորող Անաստաս Միկոյանն ամառը եկել է գյուղ և նրան զոռով ուղարկել են տավարը պահելու, վերջինս մոզուն կորցնում է, նրան մի լավ ծեծում են, դե, նա էլ թողնում գնում է Մոսկվա՝ «Ստալինի կողքին նստած ա, Անաստաս Իվանովիչն ա» (էջ 31):
Գրքում բավականին տեղ ունեն կենցաղային զավեշտալի պատումները: Որոշ հարևաններ սիրում են շարունակական ձևով այլ հարևանից ինչ-որ բաներ խնդրել՝ աղ, մաղ, և Սաթենիկ մորաքույրը վերջ է տալիս խնդրանքներին՝ ասելով. «Աղը պակաս, մաղը պակաս, տաշտը պակաս, ալիրն էլ տամ, գամ ձեր խմորն անե՞մ» (էջ 36):
«Ավտոբուս» պատումի մեջ նույն Սաթենիկ մորաքույրը, լսելով ավտոբուսի առաջին տեղում նստելու կռիվ անող երկու ուղևորների վեճը, որոնցից ոչ մեկը չի ուզում վերջին մասում նստել, ասում է. «Վուե՛յ, ձեր զահլեն չգնա՞ց: Ավտոբուսի աղաքը գնըմ ա, քամակը մընը՞մ» (էջ 37):
Գեղագիտական մեծ հաճույք է պատճառում «Ծանր վիրավորանք» պատումը, որը ներկայացնում է ուշացող ավտոբուսին չսպասած մարդու՝ ոտքով անցած ճանապարհի, բնության հրաշալիքները վայելելու զգացողությունը. «Հասանք Մարցի կամրջին: Սա երկրորդ հանգրվանն էր համբերության քարավանի: Մարդիկ սպասում էին ուշացող ավտոբուսին: Ուղեկիցս մնաց այստեղ, ես գնացի: Գնում եմ, ես եմ ու աշխարհը, արևի ու երկնքի, մեղուների բզզոցի, արտույտների երգի ու գետի խշշոցի հետ, աստվածային վիճակ… Տեղ էի հասնում, կանգ առա հին մատուռի մոտ, ավտոբուսը գըռ-գը՜ռռ, ծխի ու փոշու մեջ, կողքի թեքված, քարշ գալով, եկավ, անցավ կողքովս, մտավ գյուղ: Ես տեղ էի հասել» (էջ 47): Ավելի պերճախոս ձևով կարելի՞ է ներկայացնել 20-րդ դարի 50-ականների շրջանային տրանսպորտի վիճակը: «Արձանի մոտ» պատումը ներկայացնում է արվեստ չհասկացող մարդու զարմանքը, թե ինչո՞ւ է դրվել զանգեզուրցի կնոջ արձանը. մի՞թե նա հերոս է, կամ շինողին ինչո՞ւ են փող տվել:
1940-ական թվականների Լորուտի միջնակարգ դպրոց Լուսավորության մինիստրության մեթոդական կաբինետից ավարտական քննությունը լսելու է գալիս Վահան Հովհաննիսյանը (ենթադրում եմ՝ գրքի հեղինակի հայրն է – Ա.Դ.): Աշակերտի հարցատոմսում պահանջվում էր պատմել «Սասունցի Դավիթ» էպոսի չորրորդ ճյուղը: Աշակերտն ասում է.
«Մհերը քարի տակն ա մտնըմ, ասըմ են՝ ընչի՞ չես դուս գալի, ասըմ ա՝ կկենամ, մինչև ինձ խաբար անեք, իմանամ՝ ցորենը հո պակաս չի, թե պակաս ա…»: Հետո աշակերտը լռում է և որպես իր խոսքի ավարտ ավելացնում. «Դե, ոնց որ թուրքն ա ասըմ, հայի եդի խելքն իմն ըլեր» (էջ 52): Մեթոդիստն ուսուցչին հուշում է «հինգ» նշանակել այդ աշակերտին: Որոշ պատումներում երևում է գյուղի կոլտնտեսության նախագահների անգրագիտությունը արվեստի խնդիրներում, երբ նրանք ակուստիկան համարում են իր, որ կարելի է Թիֆլիսից, թեկուզ մասնավոր գնով առնել, չեն հասկանում Մայակովսկու պոեզիայի իմաստը և զարմանում են կոմունիզմ երգող բանաստեղծի ինքնասպան լինելու համար, կամ ասում են՝ «սիմֆոնիան կապում են անմեղ գեղացոց ջանին, թե կարըմ եք, դիմացեք» (էջ 57): Պատումները ներկայացնում են դեմոկրատական ցենտրալիզմ բառակապակցության թյուրըմբռնումը, կամ ֆիրմա բառը խոզերի ֆերմայի հետ շփոթելը: «Ենթատեքստ» զավեշտն իսկական շուտասելուկ է: Որոշ մարդիկ, անտեղյակ իրենց չիմացությանը, թատրոնի մասին խոսակցությանն են խառնվում և Լիր արքայի մասին հարցնում են՝ «Ձորի Լիրո՞ն»: Շատ այժմեական է հնչում «Առագաստ» սրճարանի զրույցներից» հյուսվածքը, որ պատմում է ինքնակոչ և ինքնաբավ հանճարների մասին:
Շնորհավորում ենք գիտության մեծ նվիրյալ, խստապահանջ գրաքննադատ ու թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանին՝ Հովհաննես Թումանյանի ոգով հյուսված ժողովրդական այս գրքի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։