ԵՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՐՔ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Չեմ կարծում՝ առաջադրված հարցը որևէ մեկի շփոթմունքը հարուցած չլինի: Ախր, ինչպե՞ս միայն երեքն ընտրես բազմաթիվ այն գրքերից, որ կարդացել ես տասնամյակների ընթացքում, կյանքիդ այս կամ այն շրջանում տպավորվել դրանցով, ապրել հերոսների կյանքով, սիրել, երբեմն պարզապես երկրպագել հեղինակներին: Իսկապես, շատ դժվար է նման ընտրություն կատարելը, մանավանդ, եթե չորրորդ դասարանից սկսած՝ գրքերի հետ ես կապվել…

Հայրս մեծ, հարուստ գրադարան ուներ, և ես, բնականաբար, նախ հիմնավորապես դրա պարունակությանը ծանոթացա, ապա դարձա Գավառի քաղաքային գրադարանի ամենաակտիվ այցելուներից մեկը: Կարդում էի այն ժամանակ, ինչ խոսք, այնքան էլ չհասկանալով, չխորանալով ընթերցածիս մեջ, ավելի շատ գրքերի արտաքին հետաքրքրությամբ տարված: Դե, այդ տարիքում որքանո՞վ կարող էիր մարսել, ասենք, Րաֆֆու «Կայծերը», Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Պուշկինի «Կապիտանի աղջիկը», Տոլստոյի «Աննա Կարենինան» ու «մեծական» էլի շատ գրքեր: Բացառություն էին երևի «Արկածային գրադարան» մատենաշարով տպագրվող գրքերը, որոնք պարզապես կլանում էի իրար ետևից: Բայց որքան էլ՝ կարդացածիս մեծ մասը հասկանալու-մարսելու անպատրաստ, միևնույն է, իմ խորին համոզմամբ, մանկան, պատանու իմ դեռ խակ, անփորձ միտքն ու հոգին ենթագիտակցորեն կարևոր ինչ-ինչ բաներ վերցրել-յուրացրել են թող որ անկանոն, տարերայնորեն ընթերցված այդ գրքերից, որոնցից շատերը ես, իհարկե, հետագայում վերընթերցեցի. հասո՜ւն տարիքում, երբ արդեն լիովին հասկացել, գիտակցում էի, որ «օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է», և իսկական ընթերցումը նախ և առաջ «սեփական մտքերի ստեղծումն է ուրիշ մարդկանց մտքերի օգնությամբ»: Հիմա, ուրեմն, իմ ճանապարհին հանդիպած այդ «ուրիշ մարդկանցից» (որոնց թիվը բավականին մեծ է ու պատկառելի) ո՞ւմ տեղ տամ պատվավոր եռյակում, որ մյուսներին «չնեղացնեմ»: Ահա ինչու ուզում եմ իմ ընտրությունը կատարել՝ ելնելով նրանից, թե որ գրքերն են առավել նպաստել իմ հակումների, կարողությունների բացահայտմանն ու դրսևորմանը:
Այդ առումով առաջնությունը, անկասկած, Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գրքին է պատկանում: Ինչպես նկատեցիք, վերևում իմ թվարկած գրքերը արձակից էին, ասել է թե՝ դպրոցական տարիներին միայն վեպ ու պատմվածք էի կարդում, չհաշված գրականության ուսուցչի հանձնարարած բանաստեղծությունները: Պոեզիայի աշխարհը դեռ փակ, անմատչելի էր ինձ համար, հասու չէի բառերի կախարդանքին: Եվ ահա մի օր՝ ծննդյանս օրը, մտերիմ ընկերս նվիրեց Սևակի ժողովածուն (այն ժամանակ դեռ գրքեր նվիրում էին), որն ինձ համար բացեց պոեզիայի աշխարհը: Այնպես տարվեցի Սևակի բանաստեղծություններով, անսովոր պատկեր-համեմատություններով, ոչ լիովին հասկանալի, բայց յուրահատուկ մի կախարդանքով ձգող-համակող խոհերով, որ թերթ ու ամսագրերում փնտրում էի նրա անունը, գտնում, կարդում էի նրան վերաբերող նյութերը: Կարելի է ասել, որ հենց Սևակի «խորհրդով ու միջամտությամբ» մուտք գործեցի նաև Նարեկացու, Սայաթ-Նովայի, Չարենցի, Վարուժանի, Մեժելայտիսի աշխարհը, որովհետև նրա հարցազրույցներից ու հոդվածներից իմացա, որ անչափ գնահատում է, գրեթե պաշտամունքի հասնող սեր ունի նրանց հանդեպ, և այդ ամենի արդյունքում, ես, որ ստեղծագործական փորձեր էի անում արձակում, սկսեցի բանաստեղծություններ գրել:
Հաջորդը կնշեի Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» գիրքը, որ կարդացի համակ հետաքրքրությամբ ու մի շնչով:
Էքերմանը, գրական հովերով տարված, բանաստեղծ դառնալու երազանքով ապրող մի երիտասարդ, դառնում է մեծն Գյոթեի անձնական քարտուղարն ու մոտիկից շփվելով, ճանաչելով հանճարին՝ այնպես է տպավորվում, տարվում նրանով, որ մի կողմ է թողնում իր գրական երազանքներն ու սկսում օր առ օր գրի առնել գրականության, արվեստի, հասարակական տարբեր երևույթների, պարզապես կյանքի վերաբերյալ նրա մտքերն ու դատողությունները, ժամանակի նշանավոր մարդկանց հետ ունեցած զրույցները:
Այդ ամենում ուսանելի շատ բան կա, ու այսօր էլ երբեմն բացում, պատահական որևէ էջից կարդում եմ, հաղորդակցվում մարդկության մեծագույն զավակներից մեկի խոհ ու մտորումներին, որոնք, մեծ մասամբ, շատ այժմեական են:
Երրորդ գիրքը դեռևս հորս գրադարանում ինձ հանդիպած՝ Նիկոլայ Կունի «Հին հունական լեգենդներ ու ավանդապատումներ» գիրքն է, Լևոն Հախվերդյանի թարգմանությամբ, որը նույնպես եկար ժամանակ ուղեկցել է ինձ ու, կարծում եմ, զգալի դեր խաղացել իմ ձևավորման, մտքի ու երևակայության զարգացման, ստեղծագործական հնարավորությունների բացահայտման գործում: Այդ գիրքը նախ մի շնչով, ապա հիմնավորապես կարդալուց հետո էր, որ թեև դժվարությամբ, բայց կարդացի Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», հետո, սակայն, ինձ մեծապես հարստացած, ներքուստ բարեփոխված զգալով…
Գուցե ոմանք հարցնեն՝ լա՛վ, իսկ ո՞ւր մնացին Նարեկացի՛ն, Շեքսպի՛րը, Աստվածաշո՛ւնչը, Թումանյա՛նն ու Չարե՛նցը, Բալզա՛կը, հայ և համաշխարհային գրականության մի շարք այլ մեծեր: Նրանք էլ, այսպես թե այնպես, հաճախ ինձ հետ են ու գուցե ավելի մեծ մասնակցություն են ունենում իմ կյանքի ու ստեղծագործության ընթացքի վրա: Բայց, ինչպես արդեն նշեցի, հատկապես հիշյալ գրքերն են կյանքիս տարբեր փուլերում առանձնահատուկ, ընդգծված դեր կատարել իմ ձևավորման, կայացման գործում:
Հազա՜ր անգամ ճիշտ է ասված՝ ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի համար: Երբեք չպիտի դադարեցնել մարզումները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։