ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ / Գևորգ ԳԻԼԱՆՑ

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ - 1Գոյությունդ ինձ թույլ էր տալիս հոխորտալ, թե ընկերներ ունեմ, որոնք ստեղծված են «ըստ պատկերի և նմանության», քանզի «ըստ պատկերին»՝ տեսողական-ֆիզիկականն է, «ըստ նմանությանը»՝ արարչական սկիզբը:
Կաղապարներից ու կարծրատիպերից ազատագրված, համաշխարհային մտածողությունը հայացրած, քո տեսակը թույլ չի տալիս նվնվոցով աղարտել գրի տարածքը, որ սրբազան է, թառանչել , թե՝ «կորցնելուց հետո ենք միայն կորստի գինն իմանում», թե… Ավելի լավ է արցունքից չամաչող տղամարդ համարվել:
Ժառանգորդ էիր, իսկ ժառանգությունը տքնանք է պահանջում, ջանք, անպետքը դեն նետելու կամք, որ զրույցում պայթեց, թե՝ «Էս էլ որերորդ անգամ է, որ ազգից նախրի ենք վերածվում, ի՞նչ երկիր, ի՞նչ անկախություն… Նախիրն անկախ չի լինում, նախրապան է ունենում… Պիտի փորձենք նորից նախրից ազգ դառնալ»…
Նախիրը չի կարող քվեարկել: Քվեարկությունը պարզ ու հստակ գործողություն է, բայց կոճակ սեղմելը միշտ չէ, որ քվեարկություն է: Վերջերս հրամանով «կողմ» կոճակը սեղմեցին խոստացված մի խորոմ նեխած խոտի օգտին, որը մսուրքն են լցնելու երևի մորթելուց առաջ: «Շեֆն» էլ երևի գոհանում է արդյունքով ու չի հասկանում, որ իսկական քվեարկությունն այլ տեղ է անցկացվել: Դու քվեարկել ես Ջոյսով, Էլիոթով, Ֆոլքներով, անկրկնելի ճաշակ և ազատություն պարգևող «Արտգրակով», Լևոնը՝ Խնկի ծառերով, Սև գրքով…
Հետայսու մեզնից յուրաքանչյուրը պիտի չափվի քո սիրած կեսկատակ հարցին սեփական պատասխանը տալով: Քո սիրած հարցն ու պատասխանը (իբր կեսկատակ) վաղուց է հայտնի.
– Ինչո՞վ էիք զբաղված Մեծ Թալանի տարիներին, պրն Մկրտչյան:
– Ես «Ուլիսեսն» էի թարգմանում: Իսկ ինչո՞վ էիք զբաղված ԴՈՒՔ:

 

One thought on “ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ / Գևորգ ԳԻԼԱՆՑ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։