Սոֆիայի «Ավանգարդ պրիմա» հրատարակչությունն այս տարի հատարակել է Ասիայի ժողովուրդների գրականությունն ամփոփող «Այնքան մոտ, այնքան հեռու» գիրքը: Այն լույս է տեսել ի պատիվ Սոֆիայի համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթների կենտրոնի 30-ամյա տարելիցի:
Ներկայացված են պատմվածքներ 68 հեղինակներից, ովքեր արաբական, հայկական, աֆղանական, եգիպտական, իսրայելական, հնդկական, իրանական, քրդական, պակիստանյան, տանզանիական և թուրքական գրականության ներկայացուցիչներ են: Հայ գրականությունը ներկայացված է հայաստանյան արձակի ավագագույն գրողներից՝ Էլդա Գրինի «Ձեռքերը» և «Սոխարցունքներ» պատմվածքներով, ինչպես նաև նորագույն սերնդի հեղինակներից՝ Համբարձում Համբարձումյանի «Հավատանք, որ փոխենք» պամֆլետ-պատմվածքով: Էլդա Գրինին թարգմանել է Արևելյան լեզուների և մշակույթների կենտրոնի դասախոս, բուլղարուհի Անտոանետա Անգելովան, իսկ Համբարձումյանին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, բուլղարահայ Էոժենի Սաքազը: