Դեկտեմբերի 12-ին, ժամը 14-ին Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը:
Գրողների միության Կլոր սրահում տեղի կունենա «Ծիծեռնակ» հրատարակչության լույս ընծայած գրքերի շնորհանդեսը։ Հեղինակներ Ա. Բոստանջյան, Վ. Առաքելյան, Ռ. Հայրապետյան, Ս. Ղազարյան, Ն. Գրիգորյան, Վ. Թևոսյան։
Գրքերը հրատարակվել են Է. Միլիտոնյանի հովանավորությամբ։
«ԾԻԾԵՌՆԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Թոմի
Իրիկնամուտ էր, երբ երիտասարդը իջավ գնացքից և ճանապարհը շարունակեց ոտքով: Երկաթգիծը, որ կառուցվել էր դեռևս Նիկոլայ ցարի օրոք, շարունակվում էր դեպի Թիֆլիս, իսկ երիտասարդին հարկավոր էր գնալ Բարանա, որը քսան կամ քսանհինգ կիլոմետր էր հեռու Այրում կայարանից: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներն էին: Տրանսպորտի միջոց չկար: Նա ոտքով պետք է անցներ այդ ճանապարհը: Ճանապարհը անցնում էր անտառի միջով: Երիտասարդը շտապում էր: Նա նոր էր ավարտել միլիցիայի դպրոցը և նշանակվել աշխատանքի հայրենի Բարանա գյուղում: ՈՒ հիմա կարծես նա ուշանում էր աշխատանքից: Տրամադրությունը բարձր էր, կատարվել էր նրա վաղեմի երազանքը և շուտով աշխարհը պետք է հայտնվեր նրա ոտքերի առաջ: Կյանքը հիասքանչ էր, և երևի մի շնչով կանցներ այդ քսանհինգ կիլոմետր տարածությունը, եթե անտառից դուրս չթռչեր հրացանը ձեռքին մի երիտասարդ, չչոքեր նրա դիմաց և չասեր
– Բաճկոնդ հանիր
Սև, բնական կաշվից բաճկոն էր: Դժվար թե այդ կողմերում գտնվեր մեկը, որ ունենար նման մի բաճկոն: Արեգը չէր ափսոսում այն, կյանքն ավելի թանկ էր, բայց եթե հաներ բաճկոնը, կերևար համազգեստը, ուսադիրները, կաբուրայով ատրճանակը: Պարզ էր, որ երիտասարդը դասալիք է, այդ կողմերում նրանց ղաչաղ էին անվանում: իսկ ոստիկանը նրանց ոխերիմ թշնամին էր: Արեգը բռնեց բաճկոնի թևից, հանեց սկզբում մի ձեռքը, հետո նույն կերպ հանեց մյուս ձեռքը, բաճկոնը շպրտեց ղաչաղի աչքերին ու թռավ դեպի անտառ: Հետևեցին կրակոցները, բայց ղաչաղը վրիպեց: Իսկ ղաչաղը Թոմին էր, ղաչաղ Թոմին: Այժմ նա պետք է կրեր այդ կաշվե բաճկոնը ամառ թե ձմեռ, մինչև այն պահը, երբ գնդակահարության պատի տակ համազարկից վեց անցք պետք է բացվեր բաճկոնի վրա և այն ամբողջությամբ թաթախվեր երիտասարդ Թոմիի արյամբ: Թոմին իր տոհմի վերջին ներկայացուցիչն էր:
Թոմիի մայրը առավոտյան շուտ արթնացավ: Վառարանը վառեց, ջուր դրեց, որ տաքանա, ներս բերեց նախորդ օրը փռած լվացքը, որը սառել ու նմանվել էր փայտի կտորների, դրեց վառարանի մոտ, որ փափկի և չսպասելով, որ այն ամբողջությամբ փափկի սկսեց հարդուկը լիցքավորել վառվող փայտածուխով: Երևում էր, որ շտապում է, բայց և հարդուկում էր ամենայն մանրակրկտորեն, բաց չթողնելով և ոչ մի ծալք: Նա չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր այդ շորերը հագել: Ժամանակ առ ժամանակ հանել էր, թափ տվել, նորից զգուշությամբ ծալել ու մի քանի ծխախոտի տերև դնելով, նորից տեղավորել այն պարկի մեջ, որը գաղթի ճանապարհին մեջքին էր կրել, որպես հակակշիռ փոքրիկ Թոմիին, որը կրծքին էր կախված: Երևի մի թաքուն հույս ուներ, որ այն կհագնի Թոմիի հարսանիքին, կամ միգուցե ամաչում էր նման մի գեղեցիկ շոր հագնել մի գյուղում, որտեղ բոլորն աղքատ էին: Բայց, այսօր, նա հաստատակամորեն որոշել էր հագնել այն: Սկզբում փակեց դուռը ներսից, սողնակով: Ջուրն արդեն տաքացել էր: Լողացավ: Սկսեց դանդաղ հագնվել: Ճակատին կապեց արծաթյա մետաղադրամներով զարդը (մի արծաթյա գոտի էլ մեջքի համար ուներ): Հետո կապեց գլխաշորը: Այն օրից, ինչ նա այս գյուղն էր եկել, միշտ գլխաշորով էր, և համագյուղացիները զարմացան, երբ,առաստաղի գերանից կապած թոկը կտրելով կախաղանից իջեցրին նրա անկենդան դին և տեսան, թե ինչ գեղեցիկ մազեր ունի, հետո ավելի զարմացան, տեսնալով, որ նա սպիտակ մաշկ ունի, որ բոլորովին նման չէ նրա դեմքի ու ձեռքերի մաշկին, որ անապատի արևից ու քամուց բոլորովին այլ տեսք էր ստացել գաղթի երկար ճանապարհին ու այդպես էլ չէր վերականգնվել: Կանայք նաև նկատեցին, որ նա կարող էր նույնիսկ գեղեցիկ համարվել, եթե չլինեին այն բազմաթիվ կապտուկները, որ չեկիստների բռունցքների ու երկարաճիթ կոշիկների հարվածների հետքերն էին: Բայց, ամենից շատ,համագյուղացիներին զարմացրեց այն փաստը, որ նրա դեմքին ժպիտ էր դրոշմվել: Գյուղ գալուց ի վեր ոչ ոք չէր նկատել, որ նա ժպտար կամ արտասվեր: ԵՎ մարդիկ որոշեցին, որ նրա հոգին գաղթի ճանապարհներին մոխրացել է, նա զգացմունքներ չունի: Բայց և այնպես, բոլորը հարգանքով ու պատկառանքով էին վերաբերվում նրան: Կարծես մեր հինավուրձ սարերից մեկն էր հյուր եկել: Ոչ ոք չէր հարցնում նրա անցյալից, հարազատներից, կոտորածից: Ով կարող էր այդքան դաժան գտնվել, որ այդպիսի սարսափելի հարցեր տար: Նույնիսկ Թոմին, երբ մեծացավ, շատ էր ուզում իմանալ, թե ով էր իր հայրը, ինչպես նա զոհվեց, կարողացավ նայել իրեն սպանող թուրքերի աչքերին, թե խնդրում էր նրանց, որ իրեն խղճան, չսպանեն: Բայց նա խղճաց մորը և ոչինչ չհարցրեց, միայն իր մեջ որոշեց, որ ինքը կնայի իրեն սպանողների աչքերին (խեղճ տղա, որտեղից գիտեր, որ մի օր իրեն պետք է սպանեն): Թոմին իր խոստման տերը եղավ: (շարունակելի)