Բարոյականության միջնաբերդի փլուզումը, կամ սկսիր քո տնից / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Նորից ու կրկին ցավ ապրելով 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի համար, մտահոգությամբ պիտի հայտնեմ, որ 26 տարի անց դեռ վթարային շենքերում, տնակներում, կիսակառույց բնակարաններում ապրող մեր հայրենակիցների մեջ այսօր էլ թարմ է երկրաշարժի հիշողությունը: Քաղաքի` դեռևս պահպանված կիսավեր շենքերի սև խոռոչները ակնհայտ դառնությամբ են նայում ժողովրդի և երկրի ցավերին մտահոգ պատասխանատուների այն հազարավոր խոստումներին, որոնք մամռակալեցին իրենց ներսում որպես մեծ աղետի ժառանգություն: Ցավոք, փլվող շենքերի հետ փլուզվեցին նաև ժողովրդի բարոյական արժեքները, որոնց որոնումները, որպես կորած հոգևոր հարազատների, դեռ շարունակվում են…
Բարոյականությունը բոլոր ժա-մանակներում մարդկության, ազգերի և պետությունների հարատևու- թյան հիմնաքարն է եղել. մի բան, որը, դժբախտաբար, մեր օրերում դարձել է ապրողներիս բացակա խիղճը: Այդ օրերից մինչև օրս էլ պայքարում ենք ոգու սովի դեմ, մշտապես հիշելով հավանականության տեսության մասին, ըստ որի` այդ սովը ավարտ ունենալու է: Այդ կորուստը մեզ վարժեցրեց իրականությունը գնահատելուն, և սկսեցինք արդարորեն տարբերակել մեր ճանաչումների սահմանը՝ մեր անմահ հերոսներին, մեր արտաքին ու ներքին թշնամիներին, մեր ժողովրդի օրվա երակներով վխտացող ապազգային ուժերի սադրանքներին… այն ամենին, ինչ կոչվում է հայրենիքի աչք:
Բայց այս աչալրջության մեջ չկարողացանք ճշտել մեր վաղվա օրվա ասելիքն ու անելիքը՝ մտավորականներիս խոսքին ու ձիրքին նայող ժողովրդին համոզելու, որ վաղն ավելի լավ է լինելու: Մենք չկարողացանք հարց տալ մեզ, թե ինչու են մեր մերձավորներն առանց ետ նայելու հեռանում սրբազան հողից, ինչպես պատահեց, որ մեր ձեռքերի վրա իշխանական գահին բարձրացած մեր իսկ զավակները խոսում են ժողովրդի անունից՝ ընդդեմ նույն ժողովրդի: Այդպես էլ մեզ համար պարզ չդարձավ, թե ինչու էին, գենոֆոնդի պակասի պայմաններում, հղի հայ կանայք շարվել բարձրագույն դռան առջև, այն վախով, որ դեռ չծնված երեխան սոված է մնալու… Անկեղծ ասած, հոկտեմբերի 27-ից և մարտի 1-ից հետո, սա երրորդ ազգադավ գործունեությունն էր մեր ժողովրդի նկատմամբ, որի ազդեցությունը հետո ենք զգալու, երբ երկուսի փոխարեն մեկ երեխա կծնվի, այսինքն՝ ծերացող ազգից վերածվում ենք նոր՝ մեռած լեզուների ազգի: Դավաճանությունը ուրիշ էլ ինչպե՞ս է լինում…
Ազգային պետական ծրագրի բացակայության, Եվրոպա-Ռուսաստան քաշքշուկների, թուրքական ու ադրբեջանական ստոր դավադրությունների պատճառով ազգը վախենում է սեփական երկրում զոհի կարգավիճակում հայտնվելու հեռանկարից: Պատմական բոլոր ժամանակներում մեր հաղթանակները ձեռք են բերվել մեր ներքին ամուր բարոյական հիմքի կայունության շնորհիվ: Հաղթանակ տարած և անկախ պետականություն կերտած մեր ժողովուրդը իր հողում որբանում է կորսված հավատից, սեփական տանն ապրելու երջանկությունից, իր տոհմի միակ շարունակողին, միայն հացիվ, ուղարկում է պանդխտության` երբեմն կյանքին հրաժեշտ տալով փակ դռների ետևում: Սպիտակ եղեռնը պոզով-պոչով չի լինում: Իսկ «ազգային ջոջերը», Ակսել Բակունցի ալպիական մանուշակի բզեզի նման, ժողովրդի ցավերին անտեղյակ, վայելում են ծաղկի փոշին՝ մոռանալով այդ ծաղկի ապրած ցուրտ ձմեռներն ու անմոռանալի զոհողություններով այդ նույն բզեզներին պարգևած շքեղությունը: Հոշոտելով ազգի բարոյականության ոգին՝ ո՞ւմ եք վստահում ձեր թիկունքը. նրա՞նց, ում նախնիներն ու ներկաները կարող են արհեստական երկրաշարժերով երկրի 42 տոկոսը ամայացնել, երկրի տարածքները մկրատել ու իր պետական շահերի համար նվիրել ուրիշների, հայ ժողովրդին սեղմել լեռների անապատներում: Թե՞ նրանց, ովքեր աշխարհի բարոյականության միջ- նաբերդ համարվող երկիրը երկրաշարժից ու ազգային-ազատագրական շարժման առաջին օրերից լցրել են համասեռամոլներով, տրանսվիստներով, թմրամոլներով ու խաղամոլներով: Հայրենիքը սեփական տան նման է, այն պետք է կառուցել սեփական դղյակների ամրությամբ, իսկ հայրենիքի սահմանները ամուր պետք է լինեն, ինչպես սեփական դղյակների պարիսպները, որովհետև այդ հայրենիքն է հանդուրժում նաև իր անառակ որդիների ծանրությունը: Օտարներին անմնացորդ վստահելու անհորիզոն նվիրվածությունը մեր մեջ նստած կեղծ պաշտպանվածության ահն է, որի դեմն առնելու միակ դեղատոմսը սեփական ազգի պատմությանը տիրապետելն է ու սեփական ուժին վստահելը:
Ազգի ներսում թերարժեքության բարդույթը կանխելու, նրա ներքին անվստահությունը հաղթահարելու, ազգի շնչառությունը վերականգնելու փոխարեն, 100 տարի դոփում ենք նույն տեղում: Այդպես էլ չհասկացանք՝ եթե մենք ուժեղ չլինենք, աշխարհը մեր խնդրանքներից միշտ էլ զզվելու է և շրջանցելով՝ օգնելու է հակառակ՝ ուժեղ կողմին: Ինքնախաբեության, սնապարծության, զարտուղի ճանապարհներով հարստանալու մոլուցքը ազգային հիվանդության է վերածվել՝ դարձյալ ինքնախոստովանության անկարողության հիմքում: Գարեգին Նժդեհ ենք անգիր անում, իբրև գնահատական անցյալի, բայց երկիրը տալիս ենք որպես գույք՝ պարտքի դիմաց, զավակներին ուղարկում ենք օտարալեզու կրթության, որպեսզի հետո հայրենիքը գրագետ սերնդի վստահենք, նրանք էլ մնում են օտար ափերում՝ սեփական երկրի հանդեպ ո՛չ պատասխանատվություն, ո՛չ դույզն-ինչ սեր չունենալու պատճառով: Դժգոհում ենք բյուջեում փող չունենալուց, 4,5 միլիարդանոց խորհրդարան ունենք (ճիշտ մեր արտաքին պարտքի չափ), խոսում ենք հայրենասիրությունից, իսկ ամենածանր վիճակում ապրողները նրանք են՝ սահման պահողները: Հայոց բանակով էինք հպարտանում, տղաների աճյունները թողեցինք, որ շնագայլերը բզկտեն, ի՞նչ ասեմ…
Ավանդապաշտ հայի միակ զենքն իր բարոյականությունն է, հային զրկիր այդ հզոր զենքից` ստրուկ կդառնա, ինչը որ փորձում են անել: Մարդու բարոյական սրբավայրը իր մարմնի տունն է, որի պատերն անվերջ խարխլում են ներսի ու դրսի կավատները: Սեփական լեզվի նկատմամբ երկրորդական վերաբերմունքի, անտարբերության, տղամարդուն իր օջախը պահել չկարողանալու հուսահատության հասցնելու և այլ որոմներ… համաշխարհային աղբանոցից արտահոսեցին հատկապես այն երկրներ, որոնք ամուր ազգային ավանդույթների կրողներ էին, ինչպիսին նաև Հայաստանն էր: Խնդիրը ազգի բարոյական միջուկի տրոհումն էր, և այն սկսվեց կրոնական ու սեռական շեղումների արատների ներմուծումով՝ հարյուր տարվա ձեթ ու բրնձին շաղախված: Ավանդապաշտ հայերիս դա լուրջ փաստի առաջ է կանգնեցրել այն պատճառով, որ մենք՝ յոթ որդով սեղան նստողներս, ցամաքեցրել ենք մեր օջախի լույսը: Հայի օջախը պահպանելու պարտքի զգացողությունը մեր մտքի քարայրերում է մնացել, ինչպես դարեր շարունակ Մհերին ենք այնտեղ թողել՝ հուսալով, որ նա ինքնուրույն դուրս է գալու: Ո՞ւմ հոգատար ձեռքն է ետ տանելու մեր հասարակության մութ վարագույրը, այն հասարակության, որ 1988 թ. գոռում էր՝ Ար-ցախ և մի-ա-ցում, իսկ 2014 թ. և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում, զոր օրինակ` հոկտեմբերին, Անկախության հրապարակը լցվել էր հեռացիր-ի կոչերով: Սա ազգի ճակատագիր չէ, պարզապես՝ պատմությունից դասեր չքաղելու տխուր օրինակ, որի հետևանքը այսօրվա դատարկվող գյուղերն են: Մինչև դեկտեմբեր, ըստ մամուլի տվյալների, 110 հազարից ավելի մարդ է դուրս եկել երկրից: Ընդունենք, թե Հայաստանում այսօր մնացած բնակչության թիվը կազմում է 2 միլիոն, հաշվեք, թե 10-15 տարի հետո Հայաստանում քանի՞ հայ է մնալու, եթե արտագաղթը այս տեմպերով շարունակվի:
Ո՞ւմ ծրագիրն ենք իրականացնում: Դարերից վաստակած հայկական հիվանդություն կոչվածին այսօր ավելացել է կարոտախտը: Այս աննահանջ արտահոսքի դեմն առնելու համար համազգային մտահոգության պատնեշ պիտի կառուցել, որի շաղախը հոգատարությունն ու սերը պետք է լինի երկրում մնացողների հանդեպ: Աշխարհի ոչ մի գիտնական դեռ չի ստեղծել անտարբերության դեմն առնելու դեղատոմսը: Գիտության զարգացմանը զուգընթաց, մշակվում են նաև մարդկության ոչնչացման նոր տեխնոլոգիաներ՝ երկրաշարժից մինչև նոր կենսաբանական «Էբոլա» վիրուսը: Այս պայմաններում ապրելու վախը այլևս ազգություն չի ճանաչում, և որտեղ մարդը կարողանում է իր գլուխը պահել, այնտեղ հայրենիքն է տեսնում: Մատենադարանի հզոր ճառագումի տեր ազգը, դժվարությամբ մաքառելով իր կենսաբանական գոյության համար, մի՞թե այդքան հեշտությամբ կարող է բաց անել իր պարտության դարպասները:
Եղեռնի հարյուրամյա տարելիցը մեր դռանն է չոքել: Երբեք չպետք է մոռանալ, որ թուրքը եղել և մնում է մեր պոտենցիալ ազգային թշնամին, ոչ այնքան հայերիս էթնիկ գոյությունը կանխելու, որքան հայկական տարածքների վրա ստեղծած իր պետականության սահմանները, դարձյալ, մնացած մի բուռ Հայաստանով լրացնելու նպատակով: Վերջին տասը տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր արվեցին՝ «ֆուտբոլային ճանապարհից» մինչև հայ-թուրքական մշակութային աշխատանքների փոխհամաձայնեցում` նպատակ ունենալով վերականգնել հարևան պետությունների հետ բարեկամության հնագույն ավանդույթը: Ցավոք սրտի՝ միայն հայերիս կողմից, և արդյունքում` թուրքերն ավերեցին հայկական շեն ու հարուստ Քեսաբը` թալանի ու կողոպուտի ենթարկելով երրորդ գաղթ ապրած տեղի հայ բնակչությանը: Մենք նրանց հրավիրում ենք Հայաստան, շքանշաններ ենք հանձնում, իսկ նրանք պայթեցնում են Դեր Զորի Սրբոց Նահատակաց թանգարանը: Այսօր էլ՝ թուրքական ռազմաբազաներում զինվում և պատրաստվում են իսլամիստներ, որոնք և որոնց եղբայրները կործանեցին Հալեպի հայկական գաղութը, այսօր էլ վտանգի տակ պահելով Արևելքի ամենամեծ՝ լիբանանյան համայնքը: Աշխարհը կանգնած է նոր քաղաքական տեղաշարժերի առջև, իսկ մենք նրան դեմ ենք անում մեր խոցելի բարությունը, ցավոք, որը բացակայում է ներսում և չափազանց առատ է օտարների նկատմամբ…
Ոչ թե վրեժի, այլ գիտակից ինքնապաշտպանության պետք է մղել նոր սերնդին: Գենոցիդ տեսած Իսրայելը հարյուր տարի է` չի ընդունում հայոց գենոցիդը, առաջին անգամ հրեա պատմաբան Յաիր Աուրոն իր բողոքն է հայտնում Իսրայելի պետությանը՝ ընդունել 1915 թ. հայական ջարդերը որպես եղեռն: Հալոցքը ահավոր քիչ է, փաստը մնում է փաստ, որ հայոց 100 տարեկան եղեռնը այսօր ողջ է Քեսաբներում ու Դերզորներում, իսկ աշխարհի խոշոր տերությունների աչքը Թուրքիայի գրպանին է… Պետություններն ունեն իրենց շահերը, և հայերս այդ շահերի գերին չպետք է դառնանք: Ազգի առողջացման հրամայականը ո՛չ իմ և ո՛չ էլ ձեր անձնական ցանկությունն է, այլ սերնդի առջև ունեցած պատասխանատվությունը, որպեսզի վաղը նրանք չտառապեն սեփական եղեռնը հաստատելու ստորացուցիչ և մերժելի իրականությունից: Հայը հոգու և հոգևորի ժողովուրդ է: Ուզում եմ մեջբերել ազգային, Տարոնական երդման հիմնադիր Հայկ Ասատրյանի խոսքերը. «Մեռնել, բայց չտեսնել հայրենիքը պարտված»: Հաղթանակից կյանքի բարոյական կանոն հորինել, պարտությունը ստեղծագործաբար ողբերգել և դրանից մեծագործումի նոր ուժ ու խանդ երկնել…
Արդարության ուժն է մեր փրկության բանալին, տեր լինենք այդ ուժին…

4 thoughts on “Բարոյականության միջնաբերդի փլուզումը, կամ սկսիր քո տնից / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

  1. Քանի՞ հոգի կարդաց ու հասկցաւ մղկտացող այս սրտի ըսածը, քանի՞ հոգի վճռեց բան մը փոխելու համար քայլ մը առնել, քանի՞ հոգի ալ ուսերը թօթուեց ու անցաւ ուրիշ բանի, իսկ քանի՞ հոգի չկարդաց անգամ…

  2. Ցավի, սթափության կոչնակներ են ազնիվ…Մնում է անսալ և կենսագործել, եթե դեռ ունակ ենք լսելու և կենսագործելու…որպեսզի պատմության առաստաղը փուլ չգա մեր գլխին…

  3. 1918 թվականին մի հայ գաղթական կին Բողոքում էր …Ես թուրքին ու քրդին չեոր գմեղադրիմ լաո ես իմ ազգի ջոջերին է որ քմեղադրիմ լաո

  4. Ցավն այն է, որ միայն վերնախավի մեջ չէ, որ աղճատվել է մարդկայինը, բարոյականը: Այսօր վիրավոր է աշխատասեր և ուղղամիտ հայի կերպարն ընդհանրապես… Թուրքերը գիտեին, որ այստեղ ենք հասնելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։