Լեցուն իր ապրած կյանքով / Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Նոյեմբերի 18-ին ՀԳՄ Մեծ դահլիճում Երևանի հայոց լեզվի և գրականու­թյան ուսուցիչների հանդիպումը բանա­ստեղծ Ղուկաս Սիրունյանի հետ էր:
Ղուկաս Սիրունյանը, ողջունելով ներկաներին, մարդու ձևավորման հիմքում կարևորեց ուսուցիչների դերը, ապա իր դժգոհությունը հայտնեց դասագրքերում առկա թերությունների վերաբերյալ: «Չեմ սիրում հայրենասիրություն բառը, որովհետև հաճախ այդ բառը լլկում ենք ու չարչրկում: Սեր բացատրելը հայրենիքին, հողին, ջրին, պատմությանը, զինվորին դեռ հայրենասիրություն չէ. դա պաթետիկ վիճակ է, ու, իմ կարծիքով, եթե բարեկրթորեն վերաբերվենք, ճշտապահ լինենք, մեր մեծ ու փոքր գործերը կատարենք սիրով, չարհամարհենք մարդուն, հազար ու մի մանրուքների մեջ կձևավորվի մարդ-անհատը և մարդու հայրենասիրությունը»,- ասաց նա:
Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, Ղ. Սիրունյանի ստեղծագործությունը ներկայացնելուց առաջ, ընդգծեց, որ պոեզիան չի կարող շրջանցել և չմասնակցել այն իրադարձություններին, որոնք մեզ շրջապատում են, որոնց մեջ ենք, որոնք սոցիալական հիմք ունեն և մեծ մասամբ տնտեսական պատռվածքների վրա են զարգանում: «Պոեզիան չի կարող լինել հերմետիկ, փակ, մանավանդ 20-րդ և առավել ևս 21-րդ դարում, պարտավոր է մասնակից լինել այն երևույթներին, որոնք մարդկությանը հուզում են, և որոնց մեջ է մարդը»,- ասաց նա: Ներկայացնելով հանդիպման հյուրին` Ա. Հարությունյանը նշեց, որ Ղուկաս Սիրունյանը այն սերնդի ներկայացուցիչներից է, ովքեր 60-70-ական թվականներին կարողացան ձեռնոց նետել բավական հաստատված մի սերնդի, որը ագրեսիվ կերպով ընդունեց նոր սերնդին: Ապա, անդրադառնալով «Իմ թվերը» ժողովածուին, ասաց. «Իմ և Ղուկաս Սիրունյանի սերնդի հանրագումար գրքերից մեկն է: Ավանդապաշտություն, վատ իմաստով, չկա, այլ նկարագրվում է կյանքի ըմբռնման, փոխանցման գործընթացը` ամեն գնով ցույց տալ այն ժամանակները, որոնք մենք չենք տեսել: Վերնագրերը խոսում են ժամանակակից աշխարհի թոհուբոհի մասին: Լոկ դատարկ թվեր չեն, լեցուն են նրա ապրած կյանքով»,- շեշտեց Ա.Հարությունյանը:
Ուսուցիչներին հուզող` դասագրքերին առնչվող խնդիրներին անդրադարձավ Ղ. Սիրունյանը` պատասխանելով նրանց հարցերին: Նրա կարծիքով, իր սերունդը «չխրձվեց» պետության կողմից, մնաց ցաքուցրիվ, չհավաքվեց, ինչը չի կարելի ասել խորհրդային ժամանակների մասին: Ղ. Սիրունյանը ցավով նշեց, որ հաճախ դասագիրք կազմողները հեղինակներին ընդգրկում են իրենց հայեցողությամբ, ինչի արդյունքում հայտնվում է այնպիսի անուն, որ հաստատված չէ իբրև գրող, ճանապարհ չի անցել: Այնինչ, պետք է ներկայացնեն նրանց, ովքեր ինչ-որ ձևով հայ գրականության ընթացքի մեջ են, ճանապարհ են անցել: Իր մտահոգությունները հայտնեց նաև մանկական գրականության առումով, փաստելով, որ պետական հոգածություն չլինելու պատճառով մանկական գրականությունը այսօր չի շարունակվում, չկա երիտասարդ մանկագիրների սերունդ:
«Իմ թվերը» ժողովածուից կարդալով մի քանի բանաստեղծություններ՝ Ղ. Սիրունյանը նշեց, որ դրանք ոչ միայն իր առարկայապես ապրած, այլև ժողովրդի կյանքում դեր կատարած թվերն են:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։