Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
«Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր
Մի քանի դպրոցների տնօրեններ իրենց պարտականությունները լավ չկատարեցին: Իրոք, դպրոցներում անհարկի դրամահավաքության դեպքեր տեղի ունեցան, որոնք, իհարկե, կապ չունեին մանկապատանեկան մամուլի հետ: Արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրահանգեց, որ դպրոցներում որևէ ապրանք չվաճառվի, եթե, իհարկե, մանկական ամսագիրը կարելի է նույնպիսի ապրանք համարել, ինչպիսիք հիշյալ տնօրենները իրացրել էին: Բայց պետք է իրավունք տալ երեխաներին, որ ցանկության դեպքում հենց դպրոցում ձեռք բերեն նախարարության կողմից հովանավորվող «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ» և այլ մանկապատանեկան պարբերականները: Կրպակների ցանցը անհեռանկար է մանկապատանեկան մամուլի տարածման խնդիրը լուծելու համար, քանի որ երեխաները կրպակներից առևտուր չեն անում:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵՆ
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր
Պետք է շեշտել այն փաստը, որ մանկապատանեկան մամուլը հիմնադրվել է Խորհրդային Հայաստանում: «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթը և «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագիրը հիմնադրվել են 90 տարի առաջ: 5 տարի անց փոքրիկ ընթերցողների համար առանձնացավ «Ծիծեռնակ» ամսագիրը: Անկախության տարիներին ևս մանկապատանեկան մամուլը պետական հոգածության շնորհիվ է գործում: Մինչև այն որոշումը, ըստ որի դպրոցներում արգելվեց դրամահավաքը, ամսագրի ընթերցողների թիվը հասնում էր 7-10 հազարի: Պետք է խոստովանել, որ դպրոցներում դրամահավաքի արգելանքը ճիշտ որոշում է: Սակայն այդ որոշումը չպետք է տարածվի մանկապատանեկան մամուլի վրա: Դա այն հարթակն է, որտեղ գրողը ներկայացնում է իր անտիպ, այսօր ստեղծված գեղարվեստական գործը: Ամսագիրն իր շուրջն է հավաքում թե՛ գրողներին, թե՛ նկարիչներին և թե՛ խաղ, խաչբառ ստեղծողներին: Նաև տպագրվում են երեխաների ստեղծագործություններ:
Այսօր մանուկների համար, հիրավի, լավագույն գրականությունն է ստեղծվում: Անունները հայտնի են. Սուրեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան, Երվանդ Պետրոսյան, Յուրի Սահակյան, Էդվարդ Միլիտոնյան… Հետո գալիս է խզումը: Երիտասարդ գրողները համարյա չեն անդրադառնում մանկագրությանը: Ամեն առիթով մենք այդ փաստն արձանագրում ենք և փորձում խրախուսել երիտասարդ գրողներին:
2015 թ. ՌԴ-ն հայտարարել է ընթերցանության տարի: Նախագահը հատուկ մանկապատանեկան գրականության համար հիմնել է մեծ մրցանակ: Ամբողջ աշխարհում թափ է առնում ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու շարժում: Ընթերցող դառնում են մանուկ հասակից: Հենց այդ կարևոր նպատակին է ծառայում նաև «Ծիծեռնակ» ամսագիրը: Ցանկանում ենք, որ դպրոցները հիշեն կամավոր բաժանորդագրության մասին. դա երեխաներին կօգնի տեղեկացված լինելու, թե Հայաստանում իրենց համար ինչ մամուլ է հրատարակվում: Մանկապատանեկան մամուլը դպրոցներում ներկայացնելու համար անհրաժեշտ է դրանց առջև բացել դպրոցների դռները և թույլատրել կամավոր բաժանորդագրությունը:
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Գրականագետ, հրապարակախոս
Այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ և նույնիսկ բարձրաձայնել:
Հեռուստատեսությամբ մանկագրության շաբաթի շրջանակներում և ՀԳՄ-ում տեղի ունեցած արձակին նվիրված լիանիստի ժամանակ նույնպես այդ հարցը բարձրացվեց, բայց, ցավոք, առ այսօր խնդիրը չի լուծվել: Դպրոցներում, հանդիպումների ժամանակ նույնպես անդրադարձ է կատարվել նույն խնդրին: Տարիներ առաջ կրթության համակարգի չինովնիկների չկշռադատված որոշումով ցուցում է իջեցվել դպրոցներին` արգելապատնեշ դնելով մանկական մամուլի մուտքը դպրոց՝ գոնե կամավոր բաժանորդագրության սկզբունքով: Տարիներ են անցել, բայց հարցը մնում է օդում առկախ: Որքան գիտեմ, ՀԳՄ նախագահը այդ հարցով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ խնդրին լուծում կտրվի, և վերջնականապես դպրոցների դռները կբացվեն մանկական մամուլի առջև ոչ միայն որպես տեղեկատվության հաղորդման միջոց, այլև երեխաների կրթությանն ու դաստիարակությանը մեծապես նպաստող օղակ:
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակախոս
«Ծիծեռնակ», «Աղբյուր», «Ցոլքեր» և մյուս ամսագրերը պետք է դպրոցահասակ երեխայի գրասեղանին դրված լինեն համակարգչի և այփադի կողքին: Եթե ոչ ցանկությամբ, ապա բնազդորեն երեխան առաջին անգամ կբացի էջերը, իսկ հաջորդ անգամ կսկսի կարդալ վերնագրերը և ապա` պատմվածքներն ու բանաստեղծությունները: Ճիշտ այդպես եղավ թոռնիկիս` Անիի հետ, երբ նրան տվեցի «Ծիծեռնակ» ամսագիրը: Երկու օր ուսումնասիրում էր, հետո ասաց. «Գիտե՞ս, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունն էլ կար, ես կարդացի»: Շա՛տ լավ է… Ինչ խոսք, այսօր պարտադրելը դժվար է` հաշվի առնելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, սակայն ասեմ նաև, որ նույն ժողովուրդը կարող է դրսից Հայաստան եկած որևէ երգչի համերգի համար ավելին մուծել, քան արժեն երեք թերթ ու ամսագիրը միասին: Դպրոցում թերթ ու ամսագիր կամովին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ էր 24 տարի շարունակ փակ չպահել մեր մտքի դռները: Մինչդեռ, հոգևոր արժեքների դեմ միջազգայնացված պայքարը նաև, ինչու չասել, ծանր նստվածք թողեց մեր ժողովրդի հոգևոր դաշտում: Նյութի իշխանությունը, գաղտնիք չէ, որ դաժանորեն սողոսկեց յուրաքանչյուր ընտանիք, և գիրքը կուտակվեց մայթերին: Այսօր էլ շատ արտագաղթողներ իրենց հատիկ-հատիկ ստեղծած գրադարանները չնչին գներով վաճառում են թղթի թափոն հավաքողներին: Անհրաժեշտ է վերադարձնել կորցրածը: Ժամանակն է արդեն, որ դպրոցները բաց անեն իրենց հոգու դարպասները` մեր երեխաներին սնելու ազգի ու ազգայինի կենարար երակներով, որի բացակայության մտահոգությամբ էլ անհանգստացած են թերթերի ու ամսագրերի բազմափորձ խմբագիրները, երկրի մտավորականները: Երբեք չմոռանանք. ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք:
ՄԻ ԽՆԴԻՐ ԵՎՍ
ՀՌԻՓՍԻՄԷ
«Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական հանդեսի խմբագիր
Եկավ մոլորված մեղուների ժամանակաշրջանը: Թվում է՝ ոչինչ չի փոխվել: Կա կանաչը, քամին, ծաղիկը, օդը, հողը, ջուրը, բայց աշխարհի երեսից պակասում է քաղցրությունը, և փոշոտում չի լինի: Իր մեղրամոմի ճարտարապետ մեղուն կորցնում է տունդարձի ճանապարհը:
Այսօր մշակույթը գրեթե նույն իրավիճակում է… Ոգեսնման անուշությունը չկա, այն, որ կենսունակ էր պահում նոր կուտակումների համար, որպեսզի ճյուղերն ու արմատը կարողանային խոսել իրար հետ: Չեմ կարծում, թե գրքերի և արվեստի մի ճառագայթ իրենց մեջ չեն կրում պատկան այրերը, որ փակում են լույսի ճանապարհը նոր սերնդի առջև: Անունը դրել են դրամահավաքություն և թույլ չեն տալիս, որ մանկապատանեկան մամուլը դպրոց մտնի: Ինչ է, դրանով էլ ստվեր չկա՞ այնտեղ: Գտել են մի ձև՝ մատնանշում են կրպակները, ո՞ր երեխան կարող է որոնել այդ բազմատեսակ հրատարակությունների մեջ իր թերթը կամ հանդեսը, եթե ծանոթ չլինի նրա բովանդակությանը, իրեն չգայթակղի և կարողանա սիրով դրամը մեկնել կրպակավաճառին: Սա մանկավարժակա՞ն է: Հոգեկրթման այս ձևը միշտ կանաչ օազիս էր և ընդունելի, ինչո՞ւ չէ, նաև պարտադիր:
Դրամի խնդիրը չէ, ուղղակի սկսվել է մամուլի գլխատում. շուտով մոլորված այդ հրատարակիչները ևս չեն գտնելու իրենց ճանապարհը, և կկատարվի այն, ինչը կանխատեսելի է՝ հոգևորին կփոխարինի մեխանիկականը: Հաճախ է ասվում՝ փոխվել է սերունդը: Այո՛… Նրանք չեն գտնում իրենց բարի ավարտով հեքիաթները, որոնք կարող էին աշխարհը առավել գեղեցիկ դարձնել: Հիմա ուրիշ՝ սատանայական, ոչնչացնող հերոսների շրջան է եկել, որը հղի է նաև վտանգներով: Ծիրանենու վրա մի օր կարող են ձմերուկ աճեցնել. երկուսն էլ կլինեն անկատար, թերի և համազուրկ: Մեկը մյուսով փոխելու այս միջոցը ամենևին էլ նվաճում չէ: Ինչպես ուզում են, որ համակարգիչը գիրք դառնա: Կլինի՞: Իհարկե՝ ո՛չ:
Նորից վերադառնամ իմ մեղուներին: Ասում են՝ աշխարհը անհանգիստ է, դեռ փորձում են գտնել նրանց «ոչնչացման» անլուծելի խնդիրը, չեն ուզում զրկվել այդ քաղցրությունից: Ո՞վ իմանա, գուցե մի օր էլ փորձեն մամուլի համար ինչ-որ ելման կետեր փնտրել, որ այն առանց պարտադրանքի դպրոց մտնի, և երեխան կարողանա նորից շոշափել թուղթը, զգալ նրա բուրմունքը, թերթել էջերը և սպասել հաջորդ համարին: Ո՞վ իմանա՝ կվերադառնա՞ նորից մամուլի «ոսկե դարը», թե այդպես էլ կսպառի ինքն իրեն:
Նորից վերադառնամ իմ մեղուներին: Նրանց անհետացումը ի սպառ կփոխի մարդկային կյանքի որակը: Այն ևս անտեսանելի աղետ է, հոգու քայքայման մի ձև: Մտածեք նաև ա՛յդ մասին:
Մշակութային սնուցումը ոչ միայն դասական է, այլև պարտադիր է թե՛ այսօր, թե՛ վաղը: