Ի՞ՆՉ Է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ (Մտորումներ չափանիշների մասին) / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Վազգեն Գաբրիելյան
Ի՞նչ է բանաստեղծությունը: Այսօր, երևի թե դժվար է հստակորեն պատասխանել այդ հարցին: Մշտապես էլ դժվար է եղել, թեև, թերևս բոլոր բանաստեղծներն էլ (էլ չեմ ասում՝ տեսաբանները) չեն մոռացել արտահայտվել «քերթության արվեստի» մասին: Դժվար է, որովհետև ժամանակների հետ փոխվում են հասարակական ու մարդկային, բնություն և մարդ հարաբերությունները, և վիճահարույց են դառնում չափանիշները: Եվ դա բնական ընթացք է: Նոր բովանդակության և հատկապես նոր ձևերի որոնման ձգտումը ինչպես արվեստի բոլոր տեսակներում, պոեզիայում նույնպես խթան է ճշմարիտ ստեղծագործողի համար: Եվ փորձը՝ հաղթահարել նախորդների ազդեցությունը և նորանալ, նոր խոսք ասել, հատուկ է բոլոր ճշմարիտ բանաստեղծներին (և ոչ միայն): Որովհետև՝ «Ամեն պոետ գալիս իր հետ մի անտես նետ է բերում…» (Չարենց), որովհետև՝ «Ինչ որ ասում եմ, ասողն ասել է,/ Ասել պրծել է ինձանից առաջ», բայց և՝ «Աշխարհն ինձ համար դեռ չասված սեր է» և «Ամեն օր նոր է թվում աշխարհը» (Հ. Սահյան): Նորացման ձգտումն անշուշտ խրախուսելի է, որովհետև ճշմարիտ ստեղծագործողը անհատականություն է, ուրիշներից տարբեր էություն, հետևաբար՝
«Բանաստեղծությունն – այդ սրբագործված,/ Ինձանից պոկված իմ էությունն է…» (Հ. Սահյան)
Պոեզիայի (ընդհանրապես՝ արվեստի) նորացման ցանկությունը շատերն են ունեցել, բայց իրագործել, բնականաբար, քչերին է հաջողվել: Եվ այդ քչերի (որ այնքան էլ քիչ չեն) անուններով է ամբողջանում պոեզիայի պատմության շղթան, ու նաև հայ բանաստեղծության՝ վաղ միջնադարից մինչև այսօր:
Բանաստեղծության և չափանիշների մասին իմ մտորումները այսօրեական են՝ թելադրված արդի հայ պոեզիայի հուշումներով: Իմ «արդին» վաթսունամյա պատմություն ունի՝ «ձնհալի» տարիներից առ այսօր, և դա պայմանավորված է ոչ թե գրական կյանք իմ սերնդի մուտքով, այլ 20-րդի երկրորդ կեսում ետչարենցյան սերնդի հայտնի բանաստեղծների նորովի ու արգասավոր պոռթկումով (Հ. Սահյան, Պ. Սևակ, Վ. Դավթյան, Ս. Կապուտիկյան, Հր. Հովհաննիսյան) և հատկապես 1960-70-ականներին ասպարեզ իջած նոր սերնդի դժվար մուտքով, նրանց, որ կռիվ տալով նախ՝ «հների», ապա իրենցից հետո եկածների հետ, զուգընթաց շարունակեցին, ինչպես ասում են, «վառ պահել պոեզիայի ջահը»:
Ինչպես շատ դեպքերում, պոեզիայի մեջ նույնպես շահեկան չէ հակադրությունը: Գնահատականը պետք է բխի պոեզիային առաջադրվող հիմնական չափանիշների հաստատումից. բավարարու՞մ է, անհատականությու՞ն է, ուրեմն բանաստեղծ է: Մնացյալը՝ անձնական (սուբյեկտիվ) է՝ հավանու՞մ ես, սիրու՞մ ես: Ցավոք, շատ օրինակներ գիտեմ, երբ մի բանաստեղծ մյուսի նկատմամբ բացահայտ արհամարհական խոսքեր է ասում, կամ նրա մասին լավ խոսքեր լսելիս «քիթը վեր է քաշում»: Բանաստեղծները խառնվածքով, մտածողությամբ, արտահայտվելու եղանակով, ոճով, բնական է, կարող են տարբեր լինել, բայց պարտավոր են հասկանալ, զգալ նաև ուրիշ խառնվածք ու ոճ: Ուզում եմ հիշել մի պայծառ օրինակ: 1901թ. Փարիզում լույս են տեսնում երիտասարդ բանաստեղծներ Վահան Թեքեյանի և Ատոմ Յարճանյանի (Սիամանթո) բանաստեղծությունների առաջին ժողովածուները: Խառնվածքով, բանաստեղծության տեսակով ու ոճով իրարից միանգամայն տարբեր երկու երիտասարդ բանաստեղծ, որ ծանոթանում են նամակներով, բարձր են գնահատում միմյանց: Սիամանթոյի՝ դեռևս մամուլում տպագրված բանաստեղծությունների ընթերցումից հետո Թեքեյանը նրան գրում է. «Քու բանաստեղծությունդ մտքին ճախրանքն է ոլորտներուն մեջ, ուր ամենուն տրված չէ նույնիսկ նայիլ…», ապա՝ «գեղեցկությունները, որ հոն կը գտնեմ, գոհացումներ կ,ըլլան ինծի»: Ավելորդ եմ համարում քննել կամ վիճարկել անտեղյակների՞ ասեմ թե՞ չընկալողների՞, քմահաճների՞ թե՞ «բարձրաճաշակների» այն (երբեմն՝ վճռական) արտահայտությունը, թե այսօր պոեզիա չունենք: Նաև՝ ասում են՝ ցույց տվեք այսօրվա մեր Չարենցին, Սևակին, Սահյանին:
Հայտնի է՝ մեծերը չեն կրկնվում և այն էլ՝ հաճախ: Իսկ այսօրվա մեր պոեզիան ոչ միայն անտեսելի չէ, այլև արժևորելի է՝ բանաստեղծների տարբեր սերունդների ներկայությամբ, բանաստեղծների ինքնատիպությամբ՝ մտածումների հակումներով ու ոճական տարբեր դրսևորումներով: Առանց հակադրության ու նախապատվության, պարզապես առարկայորեն (օբյեկտիվ) ընթերցումով ճանաչելի, զանազանելի ու գնահատելի են տեքստերը, ասենք՝ Ռազմիկ Դավոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Արտեմ Հարությունյանի, Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Դավիթ Հովհաննեսի, Էդվարդ Միլիտոնյանի, Հակոբ Մովսեսի, Ղուկաս Սիրունյանի, Հրաչյա Սարուխանի, Վարդան Հակոբյանի, , Ներսես Աթաբեկյանի, Խաչիկ Մանուկյանի, Հուսիկ Արայի և էլի շատերի՝ տարբեր սերունդներից՝ մինչև երիտասարդ նորերը (խնդրում եմ ներել անունները չթվարկելու համար և հիշատակված անունների հերթականության մեջ էլ նախընտրություն չփնտրել. խոսքս պոետական դրսևորումների բազմաձայնության մասին է, կարևոր չէ, թե որ ձայնն է ինձ ավելի սրտամոտ և իմ կյանքի որ պահին):
Սակայն իմ մտորումների շրջանակում այսօր մեր պոեզիայի կամ առանձին հեղինակների գնահատման խնդիրը չէ, այլ բանաստեղծներից ոմանց (հատկապես նորերի) կողմից բանաստեղծության կայուն հատկանիշների, չափանիշների անտեսումը: Ինքնօրինակ մտածողությունը, ստեղծագործական ազատությունը ոչ միայն այպանելի չեն, այլև խրախուսելի ու գնահատելի են, պոեզիայի նպատակի, տեսակի, ձևի մասին տարբեր դատումներին կարելի է նաև ըմբռնումով մոտենալ (նոր ժամանակներ են, նոր հարաբերություններ), բայց խախտելով կամ մոռանալով բանաստեղծության համար դարեր ի վեր սահմանված շատ չափանիշներ, կարծում եմ, պետք է պահպանել գոնե հիմնականները, այն, ինչ արել են մեր դասական բանաստեղծությունը մինչև մեզ հասցնողները: Թերևս բանաստեղծության ոչ միայն տեսական սահմանման մեր իմացության, այլև դպրոցական տարիքից կարդացած կամ անգիր արած բանաստեղծությունների զգայական թելադրանքով է, որ շատերը չեն մերձենում արդի բանաստեղծության դժվար ընկալելի այլափոխության օրինակներին և խրտնելով՝ մերժում կամ անտեսում են դրանք:
Բանաստեղծի առաջին նպատակը, կարծում եմ, ընթերցողի մտերմությունը նվաճելն է, սրտամոտ խոսքը, իր զգայությունները, խոհն ու խորհուրդը նրան հասցնելը, իր սիրո խոստովանությունը նրան ասելը, շշնջալը, անգամ անբառ հուշելը, իր հուզումը, զայրույթը, տրտունջը նրան փոխանցելը, բայց ո՛չ որպես խրատ, պահանջ, թելադրանք, այլ այնպես, որ նա հասկանա, ընկալի կամ պարզապես զգա բանաստեղծի հոգեկան ապրումները: Հիշեմ Վահան Թեքեյանի մտորումը, որ նա հայտնում է երիտասարդ բանաստեղծ Լևոն Զավեն Սյուրմելյանին. «Արվեստը բարեկամություն մըն է… Արվեստագետը մարմին տալով իր գեղեցիկի, կատարյալի մտապատկերին, ստեղծելով խանդավառության և սիրո մեջ… ուրիշ բան չըներ, բայց եթե բարեկամներ հայթայթել իր ճանչցած և չճանչցած հոգիներեն, ներկային ու ապագային մեջ…»: Ուրեմն բարեկամություն ու մտերմություն այսօրվա ու վաղվա ընթերցողի հետ: Իսկ եթե կան բանաստեղծներ (ցավոք՝ կան), որ գտնում են, թե ընթերցողին ասելիք չունեն, թե գրում են ոչ թե նրանց, այլ պարզապես «ինքնաարտահայտման» համար, ո՛վ ուզում է, թող կարդա, ո՛վ կարող է, թող հասկանա, դա այլ խնդիր է: Իսկ եթե իրենց սիրտն են ուզում բացել ընթերցողի առաջ, պարպվում են հենց նրա համար, ուրեմն պիտի միտք, զգացմունք, սեր դնեն իրենց մենախոսության կամ երկխոսության այն գրավոր տեքստում, որին բանաստեղծություն անունն են տալիս: Ուրեմն՝ ընթերցողի համար հուշումներ՝ սիրո, հավատարմության, գեղեցիկի, օգտակարի: Չեմ կարծում, թե հնացած է Վարուժանի խոստովանությունը. «Քերթվածիս մեջ… ջանացած եմ երկու տարրերը շաղվելու՝ օգտակարն ու գեղեցիկը, անոնց մեջ խտացնել անհատական հոգիիս հետ բոլոր օբյեկտիվ գեղեցկությունները»: Բանաստեղծությունը պիտի բովանդակության ու արտահայտման արդեն անմերժելի գոնե մի քանի չափանիշներ պահպանի:
Ի՞նչ է բանաստեղծությունը: Դասագիրքը սովորեցնում է, և ավանդաբար մեզ փոխանցվել է գրական այս ժանրի գլխավոր տարբերակիչ հատկանիշը՝ չափածո, ռիթմական հատածներով կարճ կամ երկար տողերի իրար տակ դասավորությամբ հատվածներով (տներով) հուզական, խոհական պատկերավոր խոսք, որ ըստ կառուցվածքի բազմազան անուններ (ժանրաձևեր) է ստացել՝ բեյթ, դիստիքոս, ռուբայի (քառյակ), հայրեն, գազել, մուխամմազ, ռոնդո, սոնետ, տրիոլետ և այլն: Բայց ժանրաձևը չէ էականը, այլ ժանրը, որ բանաստեղծությունն է, որի գլխավոր հատկանիշը, էությունը բանաստեղծականությունն է՝ տպավորիչ, վարակիչ, ներշնչող, հուշող-թելադրող, խոհ ու խորհուրդ սերմանող պատկերավոր խոսք: Բանաստեղծականությունը, որ կարող է երբեմն լինել նաև գեղարվեստական արձակի մեջ (հիշենք Ա. Բակունցի, Համաստեղի, Իսահակյանի արձակի շատ էջեր): Համաստեղի պատմվածքների մեջ կա մեկը («Զրույց շունի մը հետ»), որ լինելով եղեռնի ճամփաներով անցած մի տարագիր հայ երիտասարդի պատմություն (այդքանով այն պատմվածք է), բանաստեղծական արտահայտման կերպ է ստացել՝ հերոսի մենախոսությունն է իր շան ներկայությամբ, իր հոգու, իր տառապանքների, հայրենի գյուղ վերադարձի իր երազի ու որոշման ոգեշունչ մենախոսությունն է (այդքանով էլ բանաստեղծություն է): Համաստեղի այս գործը ծնվեց Մերձավոր Արևելք՝ Դեր-զոր, ճամփորդությունից հետո: Վերադարձել էր ծանր տպավորություններով, հիշում է Կարո Սասունին. «Համաստեղի դեմքին վրա ողբերգություն մը կը թրթռար: – Բանաստեղծություն մը սիրտս կը դղրդե,- ըսավ Համաստեղ,- ու անուն չեմ կրնար տալ այն նյութին, որ համերգի բազմահնչյուն արձագանքներով կը լեցնե հոգիս»: Մի երկու ամիս հետո արդեն «Հայրենիք» ամսագրի խմբա­գրի սեղանին էր «Զրույց շունի մը հետ» արձակը, որ հեղինակի խոսքով, որպես «բանաստեղծություն» էր հնչել իր սրտում, իսկ խմբագիրը այն համարում է «խորունկ ապրումներու և բանաստեղծական թռիչքի ինքնահատուկ ստեղծագործություն»: Ուրեմն՝ բանաստեղծությունը, որպես արտահայտման կերպ, հուզումի, խոհի ծնունդ, կարող է շարադրվել նաև արձակ: Ինչո՞վ «բանաստեղծություն» չէ, ասենք Իսահակյանի «Սիրո վեպը» արձակը, որ հեղինակը արձակ պոեմ է անվանել: Կամ Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի առաջաբանը՝ ներքին լարումով, հուզումով, ներշնչումով, պատկերներով, տպավորականությամբ, այլև ռիթմական հնչումով արդեն իսկ բանաստեղծություն չէ՞: Առանց որևէ բառի տեղափոխության կարող ես այն տողատել և կարդալ որպես ազատ բանաստեղծություն: Ուրեմն նյութի բանաստեղծականությունը կամ բանաստեղծությունը, որպես էության դրսևորում, չափածոյի և արձակի խնդիր չէ: Ամեն չափածո դեռևս բանաստեղծություն չէ, եթե անգամ չափն ու հանգը տեղը տեղին են: Կարող եմ ցանկացած հոդված բառերը ետ ու առաջ տանելով, ռիթմական միավորներ ստեղծելով, նույնիսկ հանգավորելով՝ չափածո դարձնել (իսկ հանգաբան բանաստեղծների համար, կարծում եմ, դա բոլորովին դժվար գործ չէ: Ասում են՝ խորհրդային ժամանակներում մի բանաստեղծ չափածո էր շարադրել կոմունիստական կուսակցության պատմությունը):
Չմոռանանք, որ գոյություն ունի նաև արձակ բանաստեղծության ժանրատեսակը: Նաև նրանից միանգամայն տարբեր՝ ազատ բանաստեղծության՝ վերլիբրի տեսակը, որ մեզանում դարից ավելի կենսագրություն ունի և տարածում է գտել հատկապես 1960-ականներից (պոլսահայ բանաստեղծության մեջ՝ 1940-ականներից): Իհարկե, ազատ բանաստեղծությունը արտահայտման, զգացումի դրսևորման անկաշկանդվածության առավել հնարավորություններ է տալիս, բայց դա չի նշանակում, թե ճշմարիտ բանաստեղծություն հնարավոր չէ դասական տաղաչափական սկզբունքով «կառուցել»: Թումանյանի չափածո խոսքի ազատ ընթացքի մեջ խոչ ու խութեր չկան, ասես «հոսող» արձակ է, Տերյանի չափածոն ասես մեղեդի է, ո՞վ է մտածում վանկի ու հանգի մասին, և այդպես է դասական բանաստեղծության բոլոր մեծերի մոտ: Վերլիբրով ստեղծված ճշմարիտ բանաստեղծության օրինակներն էլ օրինակելի են: Հետևաբար՝ ճշմարիտ ներշնչանքը, խոհը, բանաստեղծականը բանաստեղծության մեջ բնավ էլ կապ չունի ձևի ընտրության հետ՝ հանգավոր կամ անհանգ վանկա-շեշտային ոտանավո՞ր, թե՞ ազատ բանաստեղծություն:
Այսօր հայ բանաստեղծներից քչերը չեն, որ հավատարիմ են մնացել բանաստեղծության ավանդական եղանակներին, նաև քչերը չեն, որ գրում են թե՛ դասական բանաստեղծության տաղաչափության բոլոր կանոնների պահպանությամբ, թե՛ ազատ բանաստեղծության զանազան ձևերով, և չես կարող գերապատվություն տալ մեկին կամ մյուսին, եթե դրանք իրապես պոեզիա են, տպավորվում են ընթերցողի մտքում ու սրտում: Ուրեմն ձևը ըստ էության այնքան էլ էական չէ (թեև բազմաձևությունը գնահատելի է): Սահյանն ասում էր՝ ճշմարիտ երգի «հին ու նորը ո՞րն է», Չարենցը իր ասելիքը հնչեցնում էր ոչ միայն եվրոպական ու արևելյան բանաստեղծության հին ու նոր, այլև հայ միջնադարյան բանաստեղծության գրեթե բոլոր ժանրատեսակներով, գրում էր թե՛ քառատող տներով, թե՛ ազատ ընթացքով: Կարևորը ինչ-որ բան ասելն է՝ իր մտորումը, ապրումը տեղ հասցնելը (ընթերցողին): «Ով բանաստեղծություն է գրում, նա ձևի փնտրտուք չի ունենում, նրա միակ նպատակը լինում է իր ասելիքը տեղ հասցնելու մտատանջանքը,- ասում էր Պարույր Սևակը և ավելացնում,- ասելիքը տեղ հասցնելու մտատանջանքը այլ բան չէ, քան ձևի որոնում»: Ապա՝ «նոր ձևեր ու նոր եղանակներ փնտրվում են այն նպատակով միայն, որպեսզի բան ասեն, ասեն ավելի թարմ ու խոր»: Նույնիսկ «ձևի արտառոցությունը» հանդուրժելով Սևակը կարևորում էր այլ բան. «Թող գրեն անհանգ, թող գրեն առանց չափի և առանց կշռույթի, թող գրեն առանց մեծատառերի և առանց կետադրության, ում խելքին ինչպես բրթում է, միայն մեկ պայմանով, թող բա՛ն ասեն, այդ բանը լինի թարմ և չլինի չնչին»: Սևակի պահանջը արդեն այն ժամանակ հասցեատեր ուներ և, կարծում եմ, ունի նաև այսօր: Եվ Սևակը նաև այսօրվա բանաստեղծն է ու տեսաբանը: Ե՛վ այսօր էլ, և՛ մշտապես բանաստեղծությամբ ասված այդ բանը պիտի ոչ միայն չնչին չլինի, այլև պիտի լինի թարմ, այսինքն՝ նոր, եթե ոչ չասված, ապա գոնե նորովի ասված՝ ինքնաբուխ պատկերով, ինքնատիպ, իսկ ինքնատիպությունը նկատելի է նախ և առաջ պատկերավոր մտածողության մեջ:
Ցավոք, հաճախադեպ են արդի՝ «երիտասարդական» (երբեմն նաև՝ ոչ երիտասարդական ) պոեզիայում այս պահանջների անտեսումները: Անուններ և օրինակներ չեմ բերում (թերևս միայն մեկ-երկու օրինակ) հատկապես չընդգծելու, նաև չծավալվելու համար, քանի որ այն ենթադրում է նաև վերլուծական խորացումներ, ծավալ, որ թերթի սահմաններում տեղավորելի չէ: Նաև դա այս մտորումների խնդիրն էլ չէ, իմ մտորումը երևույթի մասին է:
Նախ՝ պատկերավոր խոսքի (ոչ հատկապես համեմատության կամ մակդիրի) բացակայության մասին, որ տանում է դեպի պարզ արձակ շարադրանքի, այսպես կոչված՝ «անբանաստեղծական բանաստեղծության» վաղեմի բանաձևումով, այլև երբեմն ամփոփ տողի բռնի տողատման՝ ռիթմից ընկնելու հատուկ նպատակով, կամ պարզապես ոչ բանաստեղծական արձակ ընդարձակ նախադասության տողատումով (երկար ու կարճ տողեր՝ առանց ռիթմական որոշակիության), երբեմն պարզապես իրար տակ շարված մեկական բառ, նույնիսկ իրարից անջատելով կապական բառերը, ստորոգելին ու հանգույցը (այդպես անգամ ֆուտուրիստները չէին անում, նրանք պահում էին շեշտային ոտանավորի սկզբունքները): Մեկ օրինակ. «ես սահում եմ տողերի վրայով/ դանդաղ/ մինչ կարդում եմ մի տառը մոռանում/ եմ մյուսը/ եւ էդպես համառորեն ոչ մի բառ չեմ/ կարողանում կարդալ/ միայն սահում եմ դանդաղ/ տառերի տողերի վրայով/ դատարկ»:
Կարդացվում է որպես արձակ և ազատորեն տողերը կարող էին կողք-կողքի շարվել որպես սովորական մի բարդ նախադասություն (միայն թե ստորակետերը պետք է ավելացնել): Երբեմն փորձել եմ այդպիսի 10-15 տողանոց բանաստեղծական «տունը» արտագրել արձակ, և ստացվել է մի սովորական բարդ նախադասություն, սովորական մի միտք, որ եթե անգամ իմաստ ունի, խոհ է կամ խրատ, բայց պոեզիայի հետ հեռավոր նմանություն չունի: Կա, իհարկե, նաև սրա հակառակը, երբ պատկերներ, համեմատություններ, պոեզիայի հատկանիշներ կան, բայց վերացական են, երբեմն անհասկանալի (հետևաբար՝ ոչ ընկալելի, հետևաբար՝ տպավորություն չեն գործում), և տողերը իրար չեն միանում, բանաստեղծական «տունը» չի ամբողջանում և «տան», ինչպես և ամբողջ բանաստեղծության իմաստն է անհասկանալի դառնում: Վերացական, աննյութական պատկերներով, անհասկանալի մտքերով շլացնելու կամ զարմացնելու հեղինակի ցանկությունը այս դեպքում ի չիք է դարձնում ընթերցողի ցանկությունը՝ հասկանալու, թե ինչ է ի վերջո ուզում ասել հեղինակը, չի կայանում բանաստեղծ-ընթերցող կապը, և ընթերցողը անհաղորդ է մնում բանաստեղծի ներշնչմանը, որ պիտի պարզապես փոխանցվեր:
Եվ կառույցի մասին: Որքան էլ որ ընդունենք, որ բանաստեղծությունը մեկ ներ­շնչման (անցյալում ասում էին՝ Մուսայի այցելության) արդյունք է, այն պիտի կառույց ունենա, որի «ճարտարապետն» ու «շինարարը» բանաստեղծն է: Գիտենք, թե մեր մեծերը ինչպես էին մշակում, փոփոխում, հղկում նախնական ներշնչման տեքստը: Ե՛վ բառերը, և՛ պատկերները, և՛ կառույցը: Մեր դասական բանաստեղծությունը՝ մեծ թե փոքր, մի կարևոր հատկանիշ պահպանել է. մտքի, տրամադրության, զգացումի, ապրումի ընթացքը հաջորդական է, ունի սկիզբ, ընթացք ու ավարտ: Բայց ահա այսօր շատ բանաստեղծությունների մեջ հաճախ փնտրում ու չեմ գտնում այդ սկիզբն ու վերջը, էլ չեմ ասում՝ մտքի, զգացումի, ապրումի ներքին զարգացումը: Փորձել եմ ետ ու առաջ տանել դրանց տարբեր մասերը (ասենք՝ տները), և ոչինչ չի փոխվել: Նաև այդ առանձին մասերի մեջ առանձին միավոր մտքերը հաճախ իրար չեն կապվում կամ տողերի միջև չասված մտքերը (հասկանալի է, որ հեղինակը ընթերցողին խորհելու, ենթատեքստը հասկանալու տեղ պիտի թողնի) չափազանց անկռահելի են դառնում, ասելիքը՝ անհասկանալի, հետևաբար բանաստեղծությունը տպավորություն չի թողնում, մանավանդ եթե այն ուղեկցվում է աղավաղված հայերենով՝ լեզվական խաթարումներով, նոր «բառաստեղծումներով»: Թերևս բերենք մեկ օրինակ: Բանաստեղծությունը վերնագրված է «Կեղևեքում» (?). «կեղեքում…/ կեղևից դուրս…/ կեղևում –/ կեղևեքում (?)…/ մեկը…/ երկուսը…/ մեկը երկուսում…/ ու ևս մեկը մեկում –/ երկատում…/ բարձունք…/ պրկում…/ պրկանքներում (?) /ձնարձակում/ ու անկումի մեջ –/ դատարկության ձգողություն…/ ձնծաղիկի տեղ (?) ջղաձգում – /սառցունքներում… (?)
Անկեղծ ասած՝ բազմակետերի խորքում ոչինչ չկռահեցի և ոչ էլ հասկացա, թե ինչ են նշանակում կեղևեքում, պրկանքներում, սառցունքներում բառերը, չտեսա կապը կեղևի ու բարձունքի, չհասկացա «ձնծաղիկի տեղ (?) ջղաձգում» – ի իմաստը, կետա­դրական գիծ ( – ) նշանը, որ հայերենում գոյություն չունի:
Չհասկացա նաև մեկ ուրիշի՝ «Կարոտիս քառակուսին» «բանաստեղծության» վերնագրի իմաստն ու կապը, հեղինակի հարաբերությունը իր սրտի, ուղեղի, հոգու հետ (նրանցից անջատ ինքն էլ ո՞վ է), չհասկացա նրանց գործողությունները՝ ցատկերն ու ապահարզանը, և թե՝ ինչու՞, ի՞նչ պատճառով: Ահա՝ «Սիրտս ճչաց/ Ու դուրս ցատկեց (?) պատյանից,/ Ուղեղս ապահարզան ուզեց ինձնից,/ Իրերն հավաքեց, որ հեռանա,/ Բայց սիրտս ճչաց նորից,/ Հոգիս վայր (?) ցատկեց քնից (?),/ Երազանքս ջնջեց երազիս միջից (?),/ Եվս մի օր գլորվեց՝/ Մտրակվելով կարոտից (?):
Չհասկացա, թեկուզ այստեղ միտքը ավելի պարզ է, գրված է կետադրական նշաններով, տողերը սկսվում են մեծատառով: Սա, իհարկե, փաստարկ չէ, որովհետև արդեն քանի տարի կարդում եմ այսպիսի բանաստեղծություններ. մեկը գրում է միայն փոքրատառերով, անգամ անձնանունները, վերնագրերը, մյուսը՝ բոլոր տողերը փոքրատառով, միայն առաջին տողը մեծատառով, երրորդը չի դնում ոչ մի կետադրական նշան, չորրորդը մի բանաստեղծություն կետադրում է, մյուսը՝ ոչ, երբեմն նույն բանաստեղծության մի հատվածում դնում է, մյուսում՝ ոչ, կամ գրում է առանց վերջակետի, բայց տեղ-տեղ հայտնվում են բութն ու ստորակետը կամ հարցական նշանը, «ում խելքին ինչ բրթում է», ինչպես իրոնիայով ասում էր Սևակը: Բայց չէ՞ որ սա լոկ ձև է, ձևականություն և ոչնչով չի նպաստում ո՛չ իմաստին, ո՛չ բանաստեղծականությանը և ո՛չ էլ ընկալմանը: Ավելին՝ խանգարում է ճիշտ ընթերցմանը ու հատկապես այն ընթերցողներին, որ նաև բանաստեղծությամբ, գրավոր խոսքով պիտի սովորեն հայերենի կետա­դրության ճիշտ կանոնները:
Դասական բանաստեղծության կառույցը, հիշենք, անխաթար էր քառյակի մեջ, տրիոլետի, սոնետի, առհասարակ տարբեր քանակի տողերով կազմված տներով փոքր թե ծավալուն բանաստեղծությունների մեջ: Պատահական չէ, որ բանաստեղծության մասերը սկզբնապես հենց տուն են կոչվել՝ գրվելով առանձին, իրարից բաժանված կամ թեկուզ միասին: Որովհետև դրանք ավարտուն մտքեր են եղել: Ավելացնեմ՝ դրանք գծագրական որոշակի տեսք ունեն. չորս տող՝ հավասար վանկերով, հավասար երկարությամբ, բարձրությունը և երկարությունը մեր ավանդական բնակելի տների քառանկյուն տեսքը չե՞ն հիշեցնում: Եվ տների իրար վրա դասումը՝ բազմահարկի: Եվ կառույցը ունի իր հիմնապատն ու վերին շարը՝ քիվով, տանիքով: Այդպիսի կառույց է նաև բանաստեղծությունը՝ իր հիմքով ու ավարտով, մի շարը մյուսին հենված ու ագուցված պատերով և ոչ թե «շինանյութը» (բառերը) խառնիխուռն մի տեղ կուտակված:
Տարագիր բանաստեղծը՝ Մուշեղ Իշխանը, հակառակ համեմատությունն է արել: Հավատալով, թե մի օր «հողին վրա հայրերու» պիտի կերտի իր տունը՝ «գինով, անհագորեն, քար առ քար», տալով «մեր հին քարերուն բոցե շաղախն արյունիս», այնպես, ինչպես կերտվում է… ճշմարիտ բանաստեղծությունը: Այդ ինքն է ասում հենց առաջին տողով. «Պիտի կերտեմ ես կրկին քեզ քերթվածի մը նման…»: Ուրեմն քերթվածն էլ է կերտվում, և տու՛նը՝ նրա՛ նման: Եվ բանաստեղծություն-տուն կառույցը սոսկ պատերը չեն. նրա մեջ «արևաշող կյանք» է «բաբախում»: Բանաստեղծությունը տան պատկերով է տեսնում նաև հայաստանա­բնակ բանաստեղծը՝ Ռ. Դավոյանը.«Ես ուզում էի բանաստեղծության պատին քանդակել/ բառերը սիրո, հավատարմության ու եղբայրության… /Շոյիր պատերը բանաստեղծության, /քո մատների տակ սիրտ է բաբախում»:
Դժվար է կառուցումը բանաստեղծության և եթե ոչ վեհ ու շքեղ, եթե ոչ Արևշատ Ավագյանի ցանկության չափով, թե երգի (ասել է՝ բանաստեղծության) հուշարձանը կամենում է կերտել՝ «լռության պատվանդանին» դնելով «մի բառ – որի մեջ թրթռա լույսը,/ մի տող – որի խորքում տեղ լինի ծովի և ցամաքի համար,- մի քառյակ, որի մեջ կենաց ծառը ազատորեն ծաղկի երկնքի կամարի տակ» և այն լինի այնքան կառուցիկ մի երգ, որից ներշնչված «երազի թռչունը գիշերվա ճյուղից թռչի լուսաբացի ճյուղին»: Եթե ոչ այսպես, ապա գոնե «պատերը» իրենց տեղում, սկիզբ ու ավարտով, ու նրա մեջ կյանքի մի կտոր՝ սրտի բաբախ ու բանաստեղծի տաք շունչը, սիրո ջերմությունը՝ փոխանցված այդ կյանքին: Իսկ այդ կյանքը, երևակայությամբ հորինված անըմբռնելի ու անբռնելի պատկերների կուտակումը չէ, անորոշ ու անհասցե, ցաք ու ցրիվ «խելոք» մտքերի շարքը չէ, որ պիտի հորինվի, այլ մեր կյանքը՝ մարմնավոր ու հոգևոր, կյանքը՝ մեր շուրջը ու մեր մեջ՝ ազգային, սոցիալական, հասարակական, ներանձնական տագնապներով ու հրճվանքներով, մեր առօրյան ու նրա վերապրումը: «Իմ կարծիքով բանաստեղծությունը այն օդն է, որ շնչում ենք, կենդանության ջուրն է, որ խմում ենք, հոգևոր հացն է, որ ուտում ենք, այսինքն՝ բաներ, որոնց գոյության կարևորությունը, եզակիությունը զգում ենք միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք, այլևս չունենք»,- մի առիթով գրել է Դավիթ Հովհաննեսը: Բանաստեղծը այն պարտավոր է տեսնել նաև կորցնելուց առաջ, բանաստեղծությունը հաճախ տագնապ է կորցրածի ու նաև կորցնելիքի (պատահական չէ Դավիթ Հովհաննեսի շարքերի «Տագնապներ» խորագիրը) ու նաև կարոտ ու խոստովանություն՝ սիրո, նվիրումի: Բանաստեղծությունը հեղինակի ապրումի, մտորումի դրսևորումն է. գրեթե մշտապես այն մենախոսական զրույց է բացակա ինչ-որ մեկի հետ, որ բանաստեղծի համար ներկայություն է, ու նրան է բացում իր սիրտը: Բանաստեղծությունը լինում է առավելապես դիմումնային՝ ինչ-որ մի համակիր կամ հարազատ հոգի բանաստեղծի կողքին է, որին նա դիմում է՝ Տե՛ր, Աստվա՛ծ, հոգի՛ս, սի՛րտ իմ, հրա՛շք աղջիկ, կապուտաչյա՛ սիրուհիս, քու՛յր, ընթերցո՛ղ, մարդի՛կ և ուրիշ անուններով, նույնիսկ անորոշ մեկի, որի ներկայությունը ակամա թելադրում է խոստովանության, խորհրդի անկեղծություն, որն էլ հաղորդական, ջերմ ու տաք, որպես իր էությունից՝ իր ցավից, տագնապից, սիրուց, իր էությունից զատված մի մաս՝ փոխանցվում է ընթերցողին: Չեմ կարծում, թե հնացած է Վարուժանի բնութագրությունը. «Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ’է. ամեն բառի մեջ սրտին կաթիլ- կաթիլ արյունումն է ստեղծելը… Արվեստի գործ մը հեղինակի սրտեն փրթած փերթ մըն է, թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն…»: Մերօրյա բանաստեղծն էլ է այդպես մտածում. իր վերջին գրքի վերջին էջում բանաստեղծության մասին Հակոբ Մովսեսը ասում է.«Ինքս իմ մեջ մտած՝ բառերն իմ հանեցի,/ Հանց հացթուխն է փռից իր հացերը հանում/ Եվ ձեռքերը խանձած կարմիրի մեջ բոցի,/ Մայրամուտի կապույտ քարերին է դնում…»
Ուրեմն բանաստեղծությունը արարվում է (թխվում է) որպես հոգևոր հաց՝ տաք, թարմ, խանձած ձեռքերով սրտի թոնրից հանված:
Բանաստեղծության չափանիշների, հատկանիշների, ստեղծագործական ներշնչանքի մասին բանաստեղծական պատկերավոր բնութագրություններ կարող ենք գտնել գրեթե բոլոր բանաստեղծների մոտ (էլ չեմ ասում գրականագիտության մեջ): Դրանք մեկտեղելով՝ կարելի է կազմել մի ամբողջ ժողովածու, ես մի քանիսը հիշեցի միայն՝ առանց նախընտրության, ես ինձ էի ուզում հաստատել: Ես այդպես եմ մտածում, այդպես եմ զգում բանաստեղծությունը, բայց և չեմ կարծում, թե հենց այդպես էլ պարտավոր են մտածել ու զգալ նաև ուրիշները: Գուցե՞ ես չեմ հասկանում, գուցե՞ ետ եմ մնացել, ինչ կա որ: Գիտեմ, կարող են ասել, թե հիմա նոր ժամանակներ են, աշխարհը անհանգիստ է (իսկ ե՞րբ է եղել հանգիստ. Վարուժանի՞ ժամանակ, Տերյանի՞, թե՞ Չարենցի), թե այսօր կյանքը քաոս է, ապագան՝ անորոշ, պոետը՝ մոլորված կամ հոգեպես ավելի հարուստ է (արդյո՞ք), թե բանաստեղծությունը որքան թերասաց լինի, հատվածական, թռիչքաձև, աննյութական, բարդ ու անհասկանալի, այնքան ավելի հետաքրքիր կլինի և ընթերցողին մտասուզումների, ենթատեքստեր փնտրելու հնարավորություն կտա (արդյո՞ք), թե կարևոր չեն հողը, հայրենիքը, քաղաքացին, նրանց ճակատագիրը, կյանքը՝ անցյալը, ներկան, ապագան, թե պոետն է ու իր ներանձնական, հոգու քաոսի կամ եսի իմաստասիրական զննումները (արդյո՞ք): Իսկ բանաստեղծի խնդիրը ընթերցողին այդ «քաոսից» դուրս բերե՞լն է, թե՞ նրա մեջ ներքաշելը:
Շուտով Գրողների միության կայանալիք լիանիստը նվիրվելու է արդի հայ պոեզիայի խնդիրներին: Ես շատ կուզեի, որ խոսակցություն ծավալվեր այս բոլորի, մեր այսօրվա բանաստեղծության և ընդհանրապես այս ժանրի բովանդակության, ձևի, չափանիշների ու նաև, հատկապես, նպատակի մասին՝ թող որ (և դա բնական է) մոտեցող կամ հակառակ դիտումներով: Բազմակարծությունը թերևս հուշեր, թե որն է բանաստեղծության ճշմարիտ առաքելությունը, և որոնք են նրա գոնե մի քանի բնորոշ անմերժելի հատկանիշները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։