Լևոն Անանյանը` հրաշալի ընկեր, հրապարակախոս

Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով 70-ականների սկզբներից «Գարուն» ամսագրում Լ. Անանյանի հետ համատեղ աշխատելու մասին, բնութագրեց նրան որպես «գլխապատառ գործի մեջ մտած մարդու, ով երբեք չէր մտածում գնահատվել-չգնահատվելու մասին»: Նրա հավաստմամբ` «Գարունի» աշխույժ, գործուն կյանքը, հատկապես մշակույթի ասպարեզում, պայմանավորված էր Լ. Անանյանով: «Գլխավորելով ամսագրի արվեստի բաժինը` նա թատրոնի կյանքը հսկայական հորձանքով բերեց ամսագիր` դրան զուգակցելով հրապարակախոսական գործունեությունը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Նա նշեց նաև, որ ՀԳՄ նախագահ եղած տարիներին Լ. Անանյանի շնորհիվ վերականգնվեցին նախկինում եղած և մոռացության տրված արարողություններ` Մանկական գրքի շաբաթը, Թարգմանչաց տոնը, աշխուժացան Հայաստան-Սփյուռք գրական-մշակութային կապերը, տարբեր երկրների հետ գրական համագործակցությունները: Խոսելով նրա մարդկային նկարագրի մասին` ՀԳՄ նախագահն ընդգծեց մարդկանց սատարելու, բոլորի հանդեպ ուշադիր լինելու, ինչպես նաև երիտասարդներին մշտապես աջակցելու նրա ցանկությունը: Այնուհետև ներկաներին տեղեկացրեց, որ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված երիտասարդ գրողների ստեղծագործությունների մրցույթ է հայտարարվել, որը հովանավորում է Նաթելլա Լալաբեկյանը (ԱՄՆ): Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելուց հետո Էդ. Միլիտոնյանը Նաթելլա Լալաբեկյանին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով` Լ. Անանյանի հիշատակին նվիրված երիտասարդ գրողների ստեղծագործության ամենամյա գրական մրցանակաբաշխությունը հովանավորելու համար:
Ըստ բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանի` Լ. Անանյանը հրաշալի ընկեր էր, հրապարակախոս, բանաստեղծ և անտարբեր չէր գրողի ճակատագրի հանդեպ: «Նրա շնորհիվ վերահաստատվեց իմ կապը հայրենիքի հետ»,- ասաց նա:
«Դժվար է խոսք ասել մի մարդու մասին, ում համարում ես քո կենսագրության անբեկանելի մասը, ում անունը կապված է «Գարունի» հետ, իսկ դու քեզ համարում ես «Գարունի» բախտակիցն ու ժամանակակիցը»,- ասաց «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Խոսելով Լ. Անանյանի հրապարակա­գրության մասին, որպես մեր ժամանակների լավագույն վավերագեղարվեստական իրողություն, հատված կարդաց գրողի «Արմատ և սաղարթ» գրքից:
Լիբանանի հայ գրողների համախմբումի անունից խոսք ասաց արձակագիր Արամ Սեփեթճյանը` գնահատելով Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերն ամրապնդելու ուղղությամբ Լ. Անանյանի կատարած աշխատանքը:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն անդրադարձավ Լ. Անանյանի` որպես ՀԳՄ նախագահի գործունեությանը` նրա ղեկավարած տարիները գնահատելով ամենատարբեր տեսանկյուններով:
Ըստ բանաստեղծ Մանվել Միկոյանի` Լ. Անանյանի համար կարևորը գրականության մեջ հեղինակի ասելիքն էր: «Դառնալով ՀԳՄ նախագահ` նա ջնջեց մայրաքաղաքի և մարզերի միջև սահմանները, ինչի շնորհիվ գրական ընթացքը զարգացավ մարզերում»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականու­թյան ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը:
Լ. Անանյանի ստեղծագործություններից, նաև Գառնիկ Մանուկյանի բանաստեղծությունը` նվիրված Լ. Անանյանին, կարդաց Ամիրան Գալստյանը, ով նաև վարում էր հուշ-ցերեկույթը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։