Ինչերե՞ն է գրում շվեյցարացի բանաստեղծ Վահե Գոդելը:
«Դա ի՞նչ հարց է,- կպատասխանի քիչ թե շատ բանիմաց ընթերցողը:- Իհարկե, ֆրանսերեն»:
Իսկ ես կասեմ. «Չարաչար սխալվում եք. Վահե Գոդելը գրում է հայերեն, ըստ որում, արևելահայերեն»:
«Բայց, սպասեք,- կասի առավել բանիմաց ընթերցողը:- Հապա 40-ից ավելի նրա արձակ և չափածո ժողովածունե՞րը, որ անցած 50 տարիների ընթացքում տպվել են ֆրանսերեն` Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում»:
«Դա ոչ մի նշանակություն չունի,- կպատասխանենք մենք,- այդ գրքերը պատրանք են, աչքի խաբկանք, վերջապես` միրաժ, կրկնում ենք. Վահե Գոդելը գրում է արևելահայերեն, վե՛րջ»:
«Չեղա՛վ, չեղա՛վ,- կհամառի ընթերցողը:- Անցած 40 տարում Վահե Գոդելից հինգ ժողովածու է տպվել Հայաստանում, հինգի վրա էլ գրված է. «Թարգմանված է ֆրանսերենից»: Ուրեմն, ինչ է, քառասուն տարի շարունակ մեզ խաբե՞լ են»:
«Այո, խաբել են, անամոթաբար, անպատի՜ժ…»:
«Բայց սա զավեշտ է,- կվրդովվի ընթերցողը»: «Այո,- կհամաձայնենք մենք:- Միայն թե այս զավեշտի հեղինակը մենք չենք, այլ անբեկանելի հեղինակությամբ օժտված գիտական, կաճառակա՜ն մի հաստատություն, որի կարծիքից առավելը միայն Աստծունն է. ՀՀ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտը: «Ընդ աստեղոք» կա՞ արդյոք ավելի հեղինակավոր և անքննելի բան, քան այս ինստիտուտի կարծիքը»:
Չե՞ք հավատում: Բացեք այդ հաստատության կազմած և 2014 թ. տպագրած «Գրական Սփյուռք-թիվ 4» տարեգիրքը և այնտեղ, հենց առաջին 30 էջերի վրա կտեսնեք 15 բանաստեղծություն և արձակ Վահե Գոդելից: Արևելահայերե՛ն: Թարգմանչի անունը չփնտրեք: Չեք գտնի ո՛չ շարքի սկզբում, ո՛չ վերջում, ո՛չ տպագրված նյութերի ցանկում, ոչ էլ գրքի 300 էջերից որևէ մեկի վրա: Ահա և զավեշտը. բանից անտեղյակ ընթերցողը լրջորեն հավատալով հեղինակավոր հաստատությանը, պարզ հետևություն է անելու. Վահե Գոդելը գրում է հայերեն, ըստ որում, չգիտես ինչու, արևելահայերեն:
Խեղճ ընթերցողն ի՜նչ իմանա, որ այդ 15 գործերը վերցված են հետևյալ ժողովածուից. Վահե ԳՈԴԵԼ. Ճամփորդի արյունը. Երևան, «Լուսաբաց հրատարակչատուն», 2006 թ., որտեղ գրքի 2-րդ էջին գրված է. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ` հայերեն թարգմանության համար, 2006»:
Օղակի մեջ դրված C տառն ասում է, որ նշված գրքից որևէ էջ օգտագործելուց առաջ պետք է անպայման ձեռք բերել իրավատիրոջ` Ալեքսանդր Թոփչյանի գրավոր կամ գոնե բանավոր թույլտվությունը: Այդ տառն ասում է, որ անգամ մեկ տող մեջբերելիս պետք է անպայման նշվի աղբյուրը և թարգմանչի անունը: Այդ տառն ասում է նաև, որ թարգմանիչը պետք է վճարվի, և որ վճարի չափը, օգտագործման պայմանները որոշվում են համատեղ կնքված պայմանագրում: Այդ տառն ասում է մանավանդ, որ վերոթվարկյալ պայմանների խախտման դեպքում, տուժած կողմը, այսինքն` Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ, կարող է դատարան դիմել և վնասից հատուցում պահանջել, բարոյական թե նյութական, և քանի որ խախտումն առավել քան բացահայտ է, ապա կաճառականներն ամենայն հավանականությամբ դատը կկորցնեն և ստիպված կլինեն ոչ միայն հրապարակավ ներողություն խնդրել թարգմանչից, այլև կլորիկ մի գումար վճարել: Չասած այն մասին, որ ստիպված կլինեն նաև դատական ծախսերը հոգալ:
Եղածը մի բան չէ, կասեն ոմանք: Իսկապես, այն ահավոր բաների կողքին, որ այսօր կատարվում են Հայաստանում և երբեմն մնում անպատիժ, սա իրոք մի բան չէ: Բայց երբ այս «մանր» ավազակությունները դառնում են առօրյա երևույթ և մասնավորապես մենք բազմիցս ու շարունակաբար դառնում ենք դրանց զոհը, ապա համբերության բաժակը լցվում է: Ասենք, Համալսարանի հրատարակչությունը տպագրում է մեր թարգմանած` Դենի դը Ռուժմոնի «Սերը և Արևմուտքը» կոթողային աշխատությունը (մոտ 600 էջ) և ստորաբար ջնջում մեր անունը: «Արտասահմանյան գրականություն» հանդեսը տպագրում է բելգիացի մեծ դրամատուրգ Միշել դե Գելդեռոդի «Բարաբբա» հանճարեղ պիեսը, մեր թարգմանությամբ, և «մոռանում» նշել, թե ով է թարգմանիչը, «Նռան հատիկ» թատերական փառատոնը, առանց մեր գիտության, առանց մեր արտոնության ներկայացնում է «Ե՛վ Մարդ, և՛ Աստված» մեր մոնոդրամը և դարձյալ «մոռանում» նշել հեղինակի անունը, մեր ճանաչված փիլիսոփաներից մեկը հեղինակավոր թերթում գրախոսում է նույն Ռուժմոնի մեկ այլ ստվարածավալ աշխատություն` «Եվրոպայի 28 դարերը», որը դարձյալ մենք ենք թարգմանել, և հարկ չի համարում նշել թարգմանչի անունը, իսկ երբ խմբագրությանը և գրախոսին հարցնում ես, թե ինչու չեք նշել, զարմանքով նայում են քեզ` իբր այս ի՞նչ հիմար հարցեր է տալիս:
Եվ այսպես, կարող ենք ևս մի տասն օրինակ բերել, երբ մեր կատարած աշխատանքից օգտվել են և ջնջել մեր անունը, շատ հաճախ գիտակցված, չարամտորեն:
Սակայն սա ոչ միայն նախանձի և չարակամության, այլև բարոյական դեգրադացիայի, անպատասխանատվության և մանավանդ մոլեգնող գավառականության արտահայտություն է, երբ ամեն ինչ արվում է «գեղական կարգով»: Եվ որպես կանոն, նման դեպքերում, այդ «մոռացկոտները» երբեք չեն մոռանում իրենց անունը գրել «խոշոր գիրերով», ինչպես Աբիսողոմ աղան կասեր, ըստ որում մի քանի անգամ, տարբեր տեղերում, որպեսզի, առիթից օգտվելով «ինքզինքնին երևցնեն», եթե նույնիսկ ոչ մի առնչություն չունեն այդ գործի հետ:
«Վարո՜ւմ էինք` վարատեղից»:
Խնդրո առարկա տարեգրքում էլ անունների մի բույլ ենք տեսնում, երկու անգամ` սկզբում և վերջում, և ես, իմ աշխատանքի հանդեպ ցուցաբերած նրանց բարձր գնահատությունից խորապես հուզված և անսահման երախտագիտությամբ լցված, այդ անունները թվարկում եմ երրորդ անգամ. Ավիկ Իսահակյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հրաչյա Սարիբեկյան, Արմեն Ավանեսյան:
Այս մարդիկ իրենց, անշուշտ, մտավորական են համարում, և հուսամ նրանք գիտեն, որ մտավորականի մարդկային և մասնագիտական պարտադիր առաքինություններից մեկը հարգանքն է ուրիշի աշխատանքի հանդեպ, մանավանդ ստեղծագործական աշխատանքի, մանավանդ հանդեպ մի աշխատանքի, որից օգտվել ես: