Թերթը՝ ի պատկերի յուրում / Աշոտ ԱՎԵՏԻՍՅԱՆ

unnamed
Լրացավ «Ձայն համշենական» թերթի 10-ամյակը: Այսօր թերթ հրատարակելը (այն էլ «Ձայն համշենական»-ի պես մի թերթ) ծանր խնդիր է, մանավանդ նյութական բավարար բազայի և աշխատակիցների բացակայության պայմաններում: Եվ 10 տարի շարունակ լուռ ու անտրտունջ այդ գործին է լծվել մեր օրերի ազգապահպանության և բանահավաքչության նվիրյալներից մեկը՝ Սերգեյ Վարդանյանը:

Տասնամյակներ առաջ, երբ գրքերում կարդում էի Սրվանձտյանի, Լալայանի և մեր մյուս երախտավորների անունները, նրանք իրենց գրի առած հեքիաթ-առասպելների հերոսների պես ինձ անիրական էին թվում, իսկ նրանց մարդկային տեսակը՝ ժամանակի հոլովույթի մեջ այլևս չկրկնվող:
Ինչ իմանայի, որ տարիներ անց այդպիսի մեկի ընկերությունը պիտի վայելեմ: Գործի բերումով կամ անառիթ երբեմն-երբեմն պիտի հանդիպեմ նրան, միշտ անբաժան պայուսակը պիտի բացի ու՝
– Թերթի նոր համարը տվե՞լ եմ քեզ:
– Մի շաբաթ առաջ Խոփայում էի:
– Աբխազիայից հյուր ունեմ:
Ինչ իմանայի, որ յոթանասունականների սկզբի հիպպիական հովերով տարված, ամեն ինչ հեգնող, անսովոր ու ալոգիկ մտքերի և բառախաղերի վրա ջանքն ու երևակայությունը վատնող Մանկավարժականի ուսանողը, գիտության և արվեստի գերժամանակակից մարզերը թողած, խորանալու էր մեր օրերում գրեթե անտեսված, փառք ու դրամ չբերող գործի մեջ:
Խորացավ, այն էլ ինչպես:
Ինչին ձեռք զարկեց՝ հայտնագործություն եղավ գոնե սովետահայերիս համար: Մտավորականի իր սուղ միջոցներից կոպեկ-կոպեկ հետ գցեց, գնաց Աբխազիա, Կրասնոդար, Ստավրոպոլ, Ղրիմ, Միջին Ասիա, Պամիր՝ հայության մոռացված բեկորները գտնելու: Ուր է, թե դժվարությունը միայն նյութականի պակասը լիներ: «Եվ հաճախ էր պատահում, որ մի տեղացի այլազգի թոշակառու կոմունիստ կամ ցածրաստիճան կուսակցական, տեղական պաշտոնյա իր պարտքն էր համարում ստուգել իմ փաստաթղթերը, տնտղել, թե ինչու եմ եկել, ինչու եմ միայն հայ երեխաներին լուսանկարում, ինչ նպատակով եմ գրի առնում Մեծ եղեռնը տեսածների հուշերը, ովքեր են ինձ ուղարկել: Պատահում էր, որ առգրավում էին արածս լուսանկարները»:
1982-ին «Գարուն» ամսագրում տպված նրա ուղեգրության մի հատվածը՝ «Համշենցիները՝ ծանոթ և անծանոթ», լայն արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում և Սփյուռքում, այլև ազգային հարցերը շրջանցող խորհրդային գերատեսչությունների գրասենյակներում: Հայության գրեթե մոռացված մի հատված հայտնվեց համազգային ուշադրության կենտրոնում: Իսկ պետական մարմինները շատ կարևոր գործնական քայլ արեցին՝ մանկավարժներ պատրաստել Աբխազիայի և Կրասնոդարի հայկական դպրոցների համար:
Դա սկիզբն էր: Բանասերների, պատմաբանների, ազգագրագետների համար խոպան տարածք էր, նյութը՝ անհատնում: Կարելի էր նստել, և մի քանի ամիս հետո դիսերտացիան պատրաստ կլիներ:
Բայց կոչում ստանալը Սերգեյ Վար-դանյանի նպատակը չէր: Բանահյուսական ու ազգագրական մասունքները փրկել էր պետք, և նա շտապում էր (մեկ տարի առաջ Հայաստանի և ներքին Սփյուռքի երեխաների կողմից գրի առած հեքիաթների ժողովածու էր կազմել ու հրատարակել):
Եվ ոչ միայն բանահյուսական մասունքները: Ինչ-որ տեղից տեղեկացել էր, որ Միջին Ասիայում և Պամիրում աքսորյալ համշենցիներ են ապրում: Գտավ նրանց, և հանդուգն միտքը՝ նրանց մի մասին տեղափոխել Հայաստան, իրականություն կդառնար, եթե երկրի քաղաքական կացությունը չփոխվեր:
Քաղաքական վիճակի փոփոխությունը բազում լավ ու վատ բաների հետ հեշտացրեց Թուրքիա գնալը, բացեց բուն Համշենի ճամփան:
Սերգեյ Վարդանյանը քսանից ավելի հայախոս գյուղ գտավ միայն Արդվինի նահանգում: Գնաց, եկավ, հետաքրքրվեց, տնտղեց, գրի առավ, նկարեց ու ձայնագրեց համշենցուն իր պապենական հողում: Հընթացս շարունակեց ուսումնասիրել նրա նիստուկացը, երգն ու հեքիաթը, ծեսն ու հավատալիքը, դեպի դարերի անհայտությունը գնացող բառի արմատը, տեղանունը: Արդյունքը ստվարածավալ մենագրությունը եղավ՝ «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը»:
Սակայն այդ գիրքը, ինչպես նաև բազմաթիվ հոդված-ուսումնասիրությունները բավարար չէին (դրանք կարդում էին հիմնականում խնդրով հետաքրքրվողները): Հարկավոր էր գործուն, կենդանի մի միջոց՝ Համշեն-Հայաստան և հետադարձ կապն ամրացնելու համար: Եվ ծնվեց թերթ ունենալու գաղափարը:
Գիտնականի, գրողի և հրապարակախոսի իր բազմաշնորհ տաղանդով Սերգեյ Վարդանյանը միայնակ լծվեց այդ գործին:
2004 թ.-ից հրատարակվող «Ձայն համշենական» թերթը դարձավ այդ գործուն կապը: Դժվարանում եմ որոշել թերթի բնույթը՝ ազգագրակա՞ն, հասարակական-քաղաքակա՞ն, պատմաբանասիրակա՞ն, թե՞ գեղարվեստական: Ամեն ինչ կա: Ծայրից ծայր կարդացվող այդ թերթի ամեն մի համարը մի նոր բան է ավելացնում եղածին, մի նոր շերտ բացում, մի նոր երանգ ու շունչ՝ կամաց-կամաց վերականգնելով մեր էթնիկ ամբողջականությունն ու միասնական հայացքով ապագային նայելու մեր կորսված կարողությունը:
Իսկ դա բոլորիս ուզածն է:

«Գրական թերթը» սրտանց շնորհավորում է տասնամյա «Ձայն համշենականին» և ցանկանում երկարակեցություն
լրագրողական դաշտում:

2 thoughts on “Թերթը՝ ի պատկերի յուրում / Աշոտ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.