Պոեզիայի արցախյան և հայաստանյան միջազգային առաջին փառատոների մասնակից՝ սերբ անվանի բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը հե- տևողական աշխատանք է տանում մեր արդի պոեզիան սերբ ընթերցողին ներկայացնելու համար: Նիշ քաղաքում հրատարակվող «Գրադինա» գրական, գեղարվեստական, մշակութային ամսագրի՝ օրերս լույս տեսած համարի թարգմանական բաժինն ամբողջությամբ նվիրված է ժամանակակից հայ պոեզիային: Բանաստեղծուհու թարգմանությամբ ներկայացված են Հովհաննես Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Շանթ Մկրտչյանի, Գոհար Գալստյանի, Հասմիկ Սիմոնյանի և Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները: Այս հրապարակումը վերջին մեկ տարվա ընթացքում Սերբիայի գրական մամուլի՝ թվով 4-րդ անդրադարձն է հայ պոեզիային: Ավելի վաղ «Պուտևի կուլտուրե» ամսագրում տպագրվել են Դավիթ Հովհաննեսի և Էդվարդ Միլիտոնյանի, ԳՄ «Կնիժևնե նովինե» հանդեսում՝ Գագիկ Դավթյանի, Վարդան Հակոբյանի, Ռուզան Ասատրյանի և Հերմինե Նավասարդյանի բանաստեղծությունները՝ դարձյալ Լյուբիցա Միլետիչի թարգմանությամբ: