ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ / ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, լրագրող

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆԻՆ

ծննդյան 85-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Նկարիչը Երևանում ամենուրեք էր` սիրում էր դիտել ֆուտբոլի, բասկետբոլի խաղեր, գեղարվեստական մարմնամարզության մրցույթ, թատրոնների մշտական հանդիսատեսն էր, սիմֆոնիկ համերգ գրեթե բաց չէր թողնում: Դրանք սնում էին նրա երևակայությունը` պահի տակ ծնված պատկերը հետագայում դառնում էր նկար: Դեմքին այնքան ոգեշնչվածություն կար, որ նրան չճանաչողն էլ կասեր` արվեստի մարդ է:
Ծնողները նրան կնքել էին Հայկ անունով, և նա, հավատարիմ իր նախահորը, ամենուրեք ազգայինի լույսն էր տարածում` նկարները Հայաստան աշխարհն էին, նրա գույները, սիրտն ու հոգին ունեին: Թվում էր՝ կտավները լեզու առած պատմում էին մեր հին ու նոր օրերից` հերոսականը, էպոսը, հեքիաթն իրար միահյուսած: Սիրում էր վրձնով ու գույնով, նկարի բոլոր ժանրերով արտահայտել մտքերը, զգացմունքները:
Հայկը հպարտանում էր իր ժողովրդի անցյալով ու ներկայով, նրա տաղանդավոր զավակներով, թեև հոգում խոր վերքեր ու վիրավորանքներ կային` հայոց Մեծ եղեռնը, Հայրենական մեծ պատերազմը, որին զոհ գնաց նաև իր հայրը: Պատկերեց մարտնչողներին, որդեկորույս մայրերին, անհայր մեծացող երեխաներին: Նա ուներ իր երազած թեմաները, որ խորհրդային իշխանության օրոք չէր թույլատրվում կտավին հանձնել: Ասում էր`«Ինչո՞ւ չպետք է նկարեմ Արարչին, Աստվածամորը, երբ ամենուրեք նկարիչները սկսում են նրանց ու սրբապատկերներ նկարելով, տեղայնացնելով դիմագծերը. իտալացին նրանց պատկերում է իտալական դեմքով ու հագուստով, գերմանացին` իրենց, հայերն էլ` իրենց նման»: Սակայն սովետական կարգերը հոգևոր թեման կտրուկ արգելել էին, և նկարչի հոգին ընդվզում էր: Նրան ցավ էր պատճառում նաև, որ հոգևոր երգերը փակի տակ են, չեն հնչում, ու ժողովրդից մի հսկայական գանձ է թաքցված:
Հայկի ամենաերջանիկ օրերից մեկը Հայհամերգի փոքր դահլիճում Արամ Տեր- Հովհաննիսյանի ղեկավարած երգչախմբի համերգն էր, երբ առաջին անգամ հնչեցին «Սուրբ, սուրբը», «Հայր մերը» և հոգևոր մյուս երգերը: Որքան ճիգ ու ջանք էր պետք դրա թույլտվությունը ստանալու համար. համերգը սկսվեց երաժշտագետի խոսքով: Նա ամեն կերպ ջանում էր համոզել՝ իբր այդ ստեղծագործություններն աշխարհիկ երգեր են, որ իրենց ծագումով կապ չեն ունեցել եկեղեցու հետ, և հետագայում է եկեղեցին դրանք իրենը դարձրել:
Այդ գիշեր նկարիչը գրեթե չէր կարողացել քնել` ականջին աստվածային մեղեդիներն էին, իսկ հոգում կուտակվում էր ըմբոստությունը՝ մարդու ազատությունը ճնշող իրականության դեմ:
Գեղարվեստաթատերական ինստիտուտը նոր էր ավարտել, երբ որոշում ընդունվեց Էջմիածնի Մայր տաճարի Հովնաթանյանների խմբի հեղինակած որմնանկարները վերանորոգել, վերականգնել, որովհետև բավականին փչացել էին, կային նաև բաց տեղեր, դրանք պետք է նույն ոճով նկարազարդվեին:
Մի օր նկարիչ ընկերներից մեկը Հայկին ասաց.
– Չե՞ս ուզի մտնել նկարիչների խմբի մեջ, որն աշխատում է Մայր տաճարում:
– Ո՞նց թե, ուրախությամբ. ես մանկուց կապված եմ եկեղեցու հետ, մանավանդ հիմա, երբ լսել եմ մեր հոգևոր երգերը, սկսել եմ նկարել մի ուրիշ ոգևորությամբ, մի ուրիշ ներշնչանք է վրաս իջել:
Հայկը մոտ մի տարի աշխատեց Մայր տաճարում` հայ մանրանկարչության նվիրյալ Լիդա Դուրնովոյի ղեկավարած խմբում: Սովորեց աղոթքներ, եկեղեցական երգեր: Աստված նրան օժտել էր գեղեցիկ ձայնով, անգամ գտնվեցին մարդիկ, որ նրան խորհուրդ տվեցին փոխել մասնագիտությունը, դառնալ օպերային երգիչ:
– Ո՛չ,- ասում էր Հայկը,- իմ կոչումը նկարչությունն է, ես նպատակ ունեմ և պետք է հասնեմ` ինչ գնով էլ լինի:
1955 թվականին նոր լույս ծագեց Հայաստանում` այդ լույսը Վազգեն Առաջին հայրապետն էր, ով իր գիտելիքներով, նվիրումով ու հմուտ քաղաքականությամբ կարողացավ մեր եկեղեցին ոտքի կանգնեցնել, հավատացյալների առջև Աստծո տան դռները լայն բացել: Եկավ և այն բաղձալի օրը, երբ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը հնչեցրեց հոգևոր երգերը կատարման իրենց հատուկ ոճով: Դա հրաշք էր` մաեստրոյի ձեռքերն արծվային թևերի սլացք, ուժ հաղորդեցին ժողովրդին: Եվ հետո` Աստծո կամոք, հայտնվեց Լուսինե Զաքարյանը, ում երգն աղոթք էր առ Բարձրյալը: Սկզբում երգեց պատարագների ժամանակ` Մայր տաճարում, իսկ հետագայում ոչ ոք ի զորու չեղավ փակելու նրա ճանապարհը դեպի համերգային բեմ: Լուսինեն խիզախեց, նրա թիկունքին կանգնած էր ժողովուրդը, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Հայկին այդ իրադարձությունը ոգևորության նոր ալիք տվեց` ճանաչման հասավ. գրավեց իր տեղը հայ առաջատար նկարիչների շարքում:
1988 թվականին, երբ ժողովուրդը պայքարի ելավ հանուն ազատ Հայաստանի, հանուն Ղարաբաղի, Հայկը անկասկած կմիանար իր գործընկերներին, ովքեր զենքով գնացին պաշտպանելու երկրի սահմանները, բայց հայրենիքում չէր` 1976 թ. առաջին իսկ պատեհ առիթով ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Բոստոնում, դարձել ԱՄՆ-ի քաղաքացի: Հեռացել էր հայրենիքից ու ավելի հայ դարձել: Սրտի ուզածի չափ նկարեց Աստվածամորը` հայի խորունկ, թախծոտ ու գթառատ աչքերով: Նկարեց Արարչին, սրբապատկերներ, խաչքարեր` այն ամենը, ինչ հային կարող էր օտարության մեջ հայ պահել: Այստեղ էլ որպես նկարիչ մեծ հաջողության հասավ:
Ղարաբաղյան շարժման առաջին իսկ ամիսներին նա կնոջ հետ եկավ Հայաստան, երբ դեռ կար սովետական իշխանությունը, և Մոսկվան աշխարհին իր ուզած ձևով էր ներկայացնում հայաստանյան անցքերը: Ամերիկա վերադարձին Հայկը չմերժեց ընկերների խնդրանքը` իր հետ տանելու Ղարաբաղում ադրբեջանցիների ծավալած կոտորածները պատկերող տեսաժապավեններ, որոնք նոր լույս սփռեցին, թե ինչո՞ւ են հայերը ոտքի ելել, ի՞նչ են ուզում, և ո՞րն է ճշմարիտ իրողությունը: Հայկը գիտեր, որ եթե բռնվի` կհայտնվի Սիբիրում:
Եվ շնորհիվ Հայկի ու նրա նման հայրենասերների՝ գաղտնի նկարահանած տեսաժապավենները հասան արտասահման, ու տեղի հեռուստաընկերությունները դրանք սփռեցին աշխարհով մեկ:
Նոր` 21-րդ դարի սկիզբն արգասավոր եղավ Հայկի համար. նա գրեթե ամեն տարի կնոջ հետ մի քանի ամիս ապրում էր Հայաստանում և 70-ն անց տարիքում ստեղծեց իր հոգում այնքան փայփայած նկարները: Գնալով երիտասարդանում էր, Հայաստանում ստեղծագործական նոր ուժ, նոր լիցք էր ստանում: Ի՜նչ ծրագրեր ուներ՝ անհատական ցուցահանդես էր ուզում կազմակերպել հայրենիքում, բայց անողոք մահը վրա հասավ հանկարծակի, միայն հասցրեց կնոջն ասել.
– Աճյունասափորս տարեք Հայաստան ու մայրիկիս կողքը թաղեք:
Եվ Հայկի կինն ու որդին, որ կես խոսքից իրար հասկանում էին` հակադրվեցին.
– Պետք է հայրիկիդ կամքը կատարենք,- ասում էր մայրը:
– Մենք ապրում ենք Ամերիկայում, իսկ Հայաստանը շատ հեռու է, մենք, լավագույն դեպքում, տարին մեկ անգամ կկարողանանք գնալ Երևան` նրա շիրիմին այցի: Ես ուզում եմ ամեն շաբաթ այցելել գերեզմանին, նրա հոգու հետ հաղորդակցվել:
– Տղա՛ս, նա այստեղ այնքան հիշատակներ է թողել, յուրաքանչյուրը մի մասունք է, նրա հոգին իր կտավների մեջ է, դրանց հետ հաղորդակցվիր:
– Ճիշտ ես, բայց շիրիմին այցի գնալը ուրիշ է: Այնտեղ կարող ես սրտիդ ուզածի չափ լալ, այնտեղ կարող ես հետը խոսել, ու նա քեզ կլսի:
– Բայց մի՛ մոռացիր, որ աճյունասափորը Հայաստան տանելը նրա վերջին ցանկությունն էր: Ինչպե՞ս կարող ենք նրա կամքը չկատարել: Գուցե աճյունը կիսե՞նք, ինչպես, համաձայն կտակի, վարվեցին Վիլյամ Սարոյանի դեպքում. նա ունի երկու գերեզման` Ֆրեզնոյում և Երևանում:
– Չեմ թողնի, որ հորիցս մնացած սրբությունը մասնատվի` գուցե սի՞րտն ենք կիսելու, գուցե հրաշագործ ձեռքե՞րը… Ո՛չ, հայրիկն ամբողջությամբ պետք է այստեղ` մեզ մոտ մնա:
Մայր ու տղա լալիս էին, ու ելքը չկար:
Հայկի կինը բազում գիշերներ լուսացրեց, մտքում ամուսնուն խնդրելով.
– Օգնիր ինձ, հուշիր՝ ինչպե՞ս վարվեմ, որդուդ ինչպե՞ս համոզեմ: Երևանում արդեն պատվիրել եմ շիրմաքարդ, որ մայրիկիդ կողքը լինես:
Կինը խոսում էր ու լալիս: Եվ հանկարծ միտքը պայծառացավ, ասես Հայկը հուշեց.
– Չէ՞ որ որդուս ասացիր, որ իմ թողած յուրաքանչյուր նկարի, վրձնի, ներկապնակի ու իրի մեջ իմ էության մի մասնիկն է: Քի՞չ է եղել, որ պատերազմում զոհված զինվորի հարազատները նրա զգեստն են հանձնել մայր հողին, հուշարձան կանգնեցրել ու հավատացել, որ ննջում է այդտեղ: Դու էլ այդպես արա:
Որդին երբ իմացավ այդ մասին, փաթաթվեց մորը՝ ասելով.
– Վերջապե՜ս հոգիս կխաղաղվի:
Մի քանի օր անց նրանք նոր աճյունասափորի մեջ ամփոփեցին Հայկի վրձինը, ներկապնակը, վերնազգեստը ու թանկագին մասունքներով սափորը գրկած՝ ինքնաթիռ նստեցին:
Երևանում շատ մարդ էր Հայկին ու տիկնոջը ճանաչում, շատերը մասնակցեցին աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը:
Քահանան շիրիմն օրհնեց: Օրհնեց նաև հոգեհացը: Երկրորդ, երրորդ թասը խմելուց հետո շշուկով ծայր առավ մի խոսակցություն, թե ինչու են հայրենիքից հեռացածներից ոմանք կտակում, որ իրենց աճյունասափորը պահ տրվի մայր հողին: Նրանց հայրենիքի սե՞րն է կանչում, թե՞ մանկության, երիտասարդության բաղձալի տարիները կամ գուցե ծնողների հանդեպ կարո՞տը: Չէ՞ որ մարդը որքան ծերանում է, այնքան դեպի մանկությունն է գնում, հատկապես մորն է ուզում, որ նա սփոփի իր ցավերը, համբուրելով ասի` «Ոչինչ, կանցնի»:
Խե՜ղճ հայ…
Որդիներդ դարձել են չվող թռչուններ, տուն ու տեղ, հարազատների գերեզմաններն անտեր թողած, գնում են` հեռուներում գտնելու տաք անկյուններ: Օտարության մեջ նոր բույն են շինում` լավ կյանքի հույսով: Մեկի բախտը բերում է, մյուսինը` ոչ, բայց քանի երիտասարդ են՝ դիմանում են, տոկում` հանուն իրենց երեխաների, թոռների լավ ապագայի: Բայց ինչ-որ մի տեղ, իրենց հոգու խորքում անթեղված կրակը` հայրենիքի կարոտը, մոխիր չի դառնում` կանչում, ձգում է տուն: Եվ հոգին ու միտքը նրան հանգիստ չեն տալիս:
– Վերադարձիր, – ասում է հոգին:
– Ու՞ր ես գնում,- սաստում է միտքը,- այնտեղ է՛լ տուն չունես, դու արդեն այս կյանքին ես վարժվել:
– Բա՞ մեր սուրբ հո՜ղը` էսպես որ շարունակվի, ո՞վ պիտի պահի, ո՞ւմ ենք թողնելու:
– Կպահեն նրանք, ովքեր մնացին:
– Միևնույն է, վաղ թե ուշ վերադառնալու ես՝ թեկուզ աճյունասափորի մեջ ամփոփված…
Խե՜ղճ Հայաստան:
Քո հողի վրա հիմա ծնվողները քիչ են, մեռնողները` շատ: Գերեզմանները ձգվում են սարն ի վեր, սարն ի վար, գրավում առանց այդ էլ սակավ վարելահողերդ: Աճյունասափորներով մի շատացրու գերեզմաններդ:
Չվող թռչունները տուն են վերադառնում իրենց թևերով:
2012 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։