ԱՆՄԵՂ ԱՐՅԱՆ ՆՈՒՅՆ ԾԱՐԱՎԸ / Սամվել Կոսյան

Սամվել-ԿոսյանԴեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, փորձագետների և վերլուծաբանների կարծիքով, ծրագրված և ուղղորդված էր Թուրքիայի կողմից: Թուրքերի և արմատականների միջև կապի կողմնակիցներն այս վարկածը պաշտպանում են անհերքելի թվացող մի շարք վկայություններով, որոնցից առաջինը պատմական Քեսաբի դեմ հարձակումն էր՝ իրականացված Թուրքիայի տարածքից և աջակցությամբ: Հաջորդը իսլամիստների կողմից թուրք 49 քաղաքացիների հանկարծակի ազատ արձակումն էր, երբ ահաբեկիչներն, անկախ պատանդների դավանանքից, սեռից ու ազգությունից, հենց այնպես ոչինչ չեն անում: Այս գործարքը վարչապետ Դավութօղլուն շտապեց թուրքական դիվանագիտության ձեռքբերում հայտարարել, երբ իրականում եղելությունը բոլորովին այլ էր: Տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվեց 49 տանկերով թուրքական գնացքի ճամփորդությունը իսլամիստների հասցեով: Թուրքական դիվանագիտության ձեռքբերման գինը հավանաբար այս 49 տանկն էր, իսկ որ ավելի հավանական է, պատանդների պատմությունն այն կեղծ պատրվակն էր, որը Թուրքիային թույլ էր տալիս սպառազինել գրոհայիններին և հետագա մեղադրանքներից պաշտպանվելու ալիբի ունենալ: Ակներև է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին թուրքերը շարունակելու են հայերի և Հայաստանի նկատմամբ սադրանքներն ու կոշտ գործողությունները, դիմելով անհնարին ու հնարավոր ստորությունների, օգտագործելով աշխարհում վխտացող բազմադեմ իսլամիստական խմբավորումներին, այդ թվում և վայրագ բարբարոսություններով աչքի ընկած Իսլամական Հանրապետությանը: Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը Հայոց ցեղասպանության կարևոր հուշարձան էր հենց Դեր Զորում` ցեղասպանության իր փոքրիկ թանգարանով, թուրքական ժխտողականության դեմ հերթական անմարսելի կռվանն էր, այն հիմնական շարժառիթը, որով էլ պիտի պայմանավորել զազրելի ոճրագործությունը: Թուրքիան այս կերպ է փորձելու դիմակայել Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պահանջատիրությանը: Եկեղեցու պայթեցումը մեսիջ էր, որ ցեղասպանության խնդրի բարձրացումն ու հետապնդումը միջազգային ատյաններում ընդամենը խորացնելու է երկու պետությունների միջև թշնամանքը: Թուրքիան նախահարձակ է շանտաժի լեզվով և, հավանաբար, առաջիկայում էլ կփորձի օգտագործել շանտաժն առանց փակագծերի և քաղաքական շպարի: Թուրքիա-Իսլամական պետություն ստվերային միությունը դեռ շատ ողբերգություններ է արձանագրելու: Սրբոց Նահատակաց եկեղեցու պատմությունը հայկական հոգևոր հաստատությունների դեմ իսլամիստների իրականացրած եզակի քայլը չէ: Դեռևս 2013թ. սեպտեմբերին ահաբեկչական կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսում` Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու գմբեթից իջեցրել էին խաչը և փոխարինել կազմակերպության դրոշով՝ ավելի ուշ եկեղեցին վերածելով դատական գրասենյակի: Այս սցենարի մեջ պիտի ընդգրկել պարբերաբար կազմակերպվող գրոհները Հալեպի հայկական թաղամասերի և մշակութային ու հոգևոր օջախների վրա: Իսլամական պետությունն իր գաղափարախոսությամբ, դաժանությամբ ու անմարդկայնությամբ քեմալական Թուրքիայի կրկնօրինակն է, և հոգեհարազատությունը նկատելի է բոլոր գործողություններում: Անմեղ արյան և ոճրագործությունների նույն ծարավը, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի անվտանգությանը: Արևմուտքը, ԱՄՆ-ի ղեկավարությամբ, վտանգի դեմն առնելու պայքարի կոալիցիա է փորձում կազմել: Սակայն ինչպես նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Ահաբեկչու­թյան դեմ ձևական պայքարը չի կարող հանգեցնել կայունության ու անվտանգության հաստատմանը: Ահաբեկչությունն ունի տարբեր աղբյուրներ, հետևաբար եթե ցանկանում եք դրա դեմ պայքարել, պիտի այդ աղբյուրների հետ կապերը խզել»: Ասվածը անմիջականորեն վերաբերում է նաև Թուրքիային, ով հրաժարվել է միանալ կոալիցիային, ինչը ահաբեկիչների հետ նրա համագործակցու­թյան հերթական փաստարկներից է, թեև ավելի ուշ որոշել է միանալ պայքարին: Մինչդեռ աշխարհը կարծես չի շտապում Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկել: Այս անգամ էլ պայքարը ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ է լինելու, որովհետև նաև կոալիցիայում ընդգրկված երկրների «բարի» ցանկությամբ է իսլամիստական պետությունը թևեր առել ու ինչպես հաճախ է լինում, ձգտում է իր իսկ ստեղծողին ոչնչացնել: Թերևս ճշմարիտ է Իրանի նախագահը, որ «լավ ու վատ ահաբեկչություն գոյություն չունի, բոլորն էլ վատն են: Չպետք է այդ խմբերից մեկին ռազմական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, իսկ մյուսին՝ ռմբակոծել: Ահաբեկչությունը միայն Մերձավոր Արևելքով չի սահմանափակվի, և այսօր ոչ միայն եվրոպական երկրների դարպասի հետևում, այլ հենց այդ երկրների կենտրոնում այն գործուն ներկայություն ունի»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։