ԳԱՌՆԻԿ  ԱՆԱՆՅԱՆ

ԳԱՌՆԻԿ  ԱՆԱՆՅԱՆ

ՊԱԿԱՍՈՒԹՀՈՒՆԸ՝ ՄԻՇՏ,
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԲԵՔ…

Գառնիկ Անանյանն այսօր կլիներ ութսուն տարեկան: Նրա նման կյանքով լի ու եռանդուն բնավորության համար այնքան էլ շատ չէ: Բայց, երևի նախախնամության կամքով, շուտ պիտի հեռանար մեզանից՝ անցած յոթ տարիների հետ մեզ ավելի մոտենալու համար: Վկան՝ նրա թողած բարի անունը, գործն ու վաստակը, որ մեկ անգամ ևս հաստատում է հայտնի իմաստությունը, թե՝ մարդը ինչ տա, էն կշահի…
Իբրև գրականագետ, հրապարակախոս, մանկավարժ, լայն հետաքրքրություններով մտավորական գործիչ՝ նա շատ բան տվեց մարդկանց՝ ինքը հաճախ պարտք համարելով դա և մեծ արժեք չտալով իր արածին: Նրա ուղենիշ լույսով են իրենց ճանապարհը գտել հարյուրավոր համալսարանական սաներ, նրա հեղինակած ու մոռացությունից լույս աշխարհ հանած գրքերով է շարունակում կրթվել նաև այսօրվա սերունդը, կրքոտ հրապարակախոսի նրա ձայնը այսօր էլ հրատապ է հնչում մեր բազմահոգ կյանքի տարբեր ոլորտներում, նրա հաստատած հիմքի վրա է օրեցօր բարգավաճում համալսարանի լրա­գրության ֆակուլտետը…
Տարիների հեռվից նրան մոտիկից ճանաչածների ու նրանց համար, ովքեր բախտ են ունեցել վայելելու նրա ընկերությունն ու մտերմությունը, նորանոր հարստություններով է բացվում նաև նրա մարդկային նկարագիրը: Անսահման մարդամոտ ու կարեկից հոգի, միաժամանակ խիստ ու անողոք ամեն չարի ու վատի հանդեպ, միշտ պատրաստակամ նեցուկ լիմելու, թեև շատ հաճախ ինքն էր դրա կարիքն զգում, զվարճասեր ու սրամիտ, բայց ներքնապես մտահոգ ու խոհուն… Նրա ասպնջական հարկը մշտապես բաց էր ներս մտնողի համար: Ընտանիքի անփոխարինելի հայր էր, անսահման զավակասեր. գորովագին սիրով էր սիրում մանավանդ իր կրտսեր դստերը՝ շնորհալի նկարչուհի Մինային… Ճակատագիրն էլ այնպես էր սահմանել, որ հայր ու դուստր կյանքից պիտի հեռանային գրեթե միաժամանակ, և այսօր երկուսի անունով հուշատախտակի մոտով չի կարելի անցնել առանց հուզմունքի…
Ասում են՝ մարմինը թողած հոգին միայն քառասուն օր է շրջում անցողիկ աշխարհում, հետո միանում է հավերժու­թյանը… Բայց անուններ կան, որ հոգիանալով՝ շարունակում են ապրել նաև այս աշխարհում, ամենուրեք ուղեկցում են մարդկանց, իսկ ավելի մերձավորներն ու մտերիմները ամեն քայլափոխի զգում են նրանց պակասությունը, բայց բացակայությունը՝ երբեք: Այդ անուններից է Գառնիկ Անանյանը…

Վլադիմիր
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՀԱՆՈՒՆ  ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Մշտապես եմ հիշում իմ գործընկերներին, բարի եմ հիշում և հաճախ մասնագիտության բերումով անդրադառնում եմ նրանց հոդվածներին, իմաստուն մտքերին, նրանց ապրելու, ստեղծագործելու նշանաբանը դարձած ասույթներին:
Գառնիկ Անանյան…
Մի մտավորական, գիտնական, հրապարակախոս, ում հետ բարեկամությունը միանգամից քեզ դարձնում էր հարուստ մարդ, որով հպարտանում էիր այն բանի համար, որ նրա մեջ անթեղված էր համարձակ հրապարակախոսը, խելացի բանասերը, հայ մամուլի պատմության գիտակը, մայրենի լեզվի նախանձախնդիր պաշտպանը, հմուտ մանկավարժը և… ժողովրդավարության, քաղաքակրթությունների բախման մասնագետը, աշխարհի հետ համաքայլ ընթացող մեր ժողովրդի ազգային ինքնությունը պահելու-պահպանելու հոգսով այրվող հայը:
Գառնիկ Անանյանի համար չկար երկրորդական հարց:
Առաջնային էր ապագա լրագրողներին հարուստ գիտելիքներ տալը, կարևոր էր պայքարել մի շարք լրատվամիջոցների վերաբացման համար, կյանքի նպատակ էր ժուռնալիստիկայի բաժինը ֆակուլտետ դարձնելը, ֆակուլտետի տեխնիկական վերազինումը, թեև հասարակական կարգով, բայց պատվով կատարել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալի աշխատանքը:
Եվ այս ամենը անել վայելուչ պահվածքով, առանց ցուցադրության, առանց ինքնամեծարման տենչի:
Գործընկերները գնահատում էին նրան ու սովորում նրանից. սովորում էին համեստություն, նվիրվածություն, պարկեշտություն:
Գործընկերները գնահատեցին նրա հրապարակախոսությունը` շնորհելով լավագույն հրապարակախոսական պարգևը` «Ոսկե գրիչ»:
Այդ կրծքանշանը փորագրված է Գառնիկ Անանյանի գրանիտե շիրմաքարին:
Հազար հիշատակ և խնկարկում:

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԺՄ նախագահ

ՈԳԵՂԵՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերջին գիրքը, որ լույս տեսավ իր մահից մոտ երկու տարի անց` «Վերադարձ ինքներս մեզ կամ ինքնության որոնումներ», այսպիսի ընծայագիր ունի. «Նվիրում եմ դստրիկիս` աստվածային Մինայի հիշատակին»:
…Իսկ գրքի վրա սկսեց աշխատել 2007-ի օգոստոսից: Աշխատում էր իրեն բնորոշ նվիրումով, եռանդով, բայց դժվար չէր նկատել, որ եռանդն ու ջանքը յոթնապատկվել էին:
Հոգում ի՞նչ փոթորիկ էր… Արտաքուստ թևաթափության, հուսահատության ոչ մի նշույլ: Սենյակում գրքեր էին, Մինայի կտավները, կողքի պատին, որի մոտ դրված էր իր մահճակալը, երջանկահիշատակ մոր նրբահյուս, ձեռագործ գորգը… Մինային նվիրված գիրքը ծնվում էր այստեղ, այս սենյակում, իր ծնկների վրա: Շտապում էր: Կանխազգո՞ւմ էր անխուսափելին… Վատառողջ էր:
2007-ի սեպտեմբերի 1-ին չկարողացավ համալսարան գալ: Իր հանձնարարությամբ ես խոսք ասացի: Առաջին անգամ իր բացակայու­թյամբ ծափահարեցինք իրեն` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանին: Երեկոյան մանրամասն պատմեցի: Ձեռքը տխրությամբ սահեցրեց մոր գործած գորգի վրայով…
Այդպես ամեն օր, դասերից հետո պիտի խոսեինք օրվա անցուդարձից, հետո զրույցը դառնար իր նվիրական գրքին, վերջին գրքին:
Հերթական հոդվածն էինք ընտրում` «Կյանքի և հեքիաթի սահմանագծում». արձակագիր Ռուբեն Հովսեփյանի «Ես ձեր հիշողությունն եմ» պատմվածքների ժողովածուի մասին: Ասաց. «Գիտե՞ս, տեսակի շարունակությունը միայն պատմական հիշողությամբ չի իրականանում: Յուրաքանչյուր ապրած կյանք արդարացում պետք է ունենա»: Լռեց: Բացեց Ռ. Հովսեփյանի գրքի 216-րդ էջը և կարդաց. «Մարդիկ չեն կարողացել բացատրել մահացածի ներկայությունը, գրեթե ողջությունը` հողի տակ թաղվելուց էլ հետո և ստիպված հորինել են «այն աշխարհը», որտեղ իբր շարունակվում է կյանքը: Այնինչ շարունակությունն այստեղ է, այս աշխարհում… Ասել է թե` ապրածովդ ես դառնալու այն շարունակությունը, որ մնալու է հավերժությանը: Ասել է թե` ինքդ ես քեզ ծնում…»:

Հանգիստ էր: Իր ապրած անհանգիստ կյանքը, իր գիտական, հրապարակախոսական և մանկավարժական վաստակը, իր անցած երկրային ճանապարհը, որ մոտենում էր եզրագծին, իրեն հանգիստ հեռանալու հնարավորությունը տվել էին:
Աստվածային Մինային նվիրված գիրքը լույս տեսավ 2009-ին, երբ իր բացակայությամբ նշում էինք 75-ամյակը (հինգ տարին անցավ ակնթարթի նման, պատրաստվում ենք 80-ամյակը նշել): Մայր բուհի «Եղիշե Չարենց» սրահում խոսք ասացին ընկերները, արժևորեցին Գիտնականին և Ուսուցչին, ում գիտական հետաքրքրության շրջանակն ընգրկուն էր ու անպարագիծ. 19-րդ դարավերջի հայ մամուլից մինչև մերօրյա մամուլի լույսն ու ստվերը, Ավետիք Արասխանյանից մինչև Նիկոլ Աղբալյան և Եղիշե Չարենց, գլոբալացող աշխարհի ամենակուլ հոլովույթին հանձնված ազգային ինքնություն, աշխարհի հետ համաքայլ ընթանալու խոհեմություն…
Այդ օրը խոսք ասացին, հետաքրքիր դրվագներ մտաբերեցին նաև իր հոգևոր զավակները` սաները, և բոլորը համոզված էին, որ երիցս ճշմարիտ էր իրենց երջանկահիշատակ Ուսուցիչը. «Մարդկանց սովորական, առօրեական կյանքի մեջ հանկարծ ներխուժում է խորհրդավորությամբ պարուրված հիշողությունը, որի կորուստը անխուսափելի խաթարումներով է հղի…»:
Ավարտվում է 2014 թվականի սեպտեմբերը, իսկ 2007-ի նոյեմբերի 20-ից իր ոգեղեն ներկայության ժամանակը սկսվել է ու այլևս շարունակվում է կենդանի ռիթմով:

Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի դեկան

ԳՐՔԻ ԿՅԱՆՔԸ

… Ժուռնալիստների միության վարչության հերթական նիստը լիներ, ավարտվելուն պես երկու տեղակալներս հրաժարվեինք նախագահի՝ տիկին Աստղիկի սուրճ խմելու, այսինքն` նիստի արդյունքները համատեղ քննարկելու առաջարկից, մեր զբաղվածությունը պատրվակելով ելնեինք փողոց ու իսկույն էլ ամեն զբաղվածություն մոռանայինք, խոսակցությամբ տարված չնկատեինք, թե ինչպես ենք մոտենում ձեր տանը, ահաբեկված հետ դառնայինք, հանգրվանեինք Օղակաձև զբոսայգու որևէ սրճարանում, շարունակեինք մեր ինքնամոռաց զրույցը՝ անտեսելով հարևան սեղաններից պարբերաբար մեզ ուղղվող տարօրինակ հայացքները…
Գառնիկ Անանյանը լայն հետաքրքրությունների գրականագետ էր, նրա գիտական հետազոտություններն սկսվում էին Ներսես Լամբրոնացուց, ներառնում Գրիգոր Արծրունուն, Նիկոլ Աղբալյանին ու Չարեցին, բայց կյանքում սկզբունքային քաղաքացի էր, երբեք չգայթակղվեց անկախության վերականգնման առաջին տարիներին իրո՛ք սնկի պես բազմացող կուսակցությունների պատեհապաշտ կարգախոսներով, հավատարիմ մնաց իր միակ հավատամքին՝ անմնացորդ նվիրմանը Հայաստանին, հայ ժողովրդին, նրա ապագային:
Կյանքի վերջին տարիներին նման հախուռն մտավորականը զարմանալիորեն ինքնամփոփ դարձավ, համակերպվեց մահվան անխուսափելիությանը. մենք գիտեինք պատճառը, բայց քանի որ ինքը չէր ասում, գլխիկոր լռում էինք: Այդ շրջանում նրա միակ մտահոգությունը բազում երախայրիքներն էին, երկար տարիների ջանքերով մայր բուհում իր իսկ ստեղծած ժուռնալիստիկայի ամբիոնը, գլխավորած հրատարակչությունը, սկզբնավորած «Ուսանողի գրադարանը», «Հայագիտական հետազոտություններ», «Քրեստոմատիա» մատենաշարերը:
Չգիտեմ՝ Գառնիկ Անանյանի այս և նման այլ հրաշալի նախաձեռնությունները սերտաճո՞ւմ են, եթե չեն սերտաճում, գոնե պահպանվո՞ւմ են. ավագ ընկերոջս կորցնելուց հետո ժուռնալիստիկայի կրթաճյուղի աստիճաններով բարձրանալ դժվարանում եմ:
Որքան տարիներն անցնում են, այնքան հաճախ ենք մեր մտերիմներին շիրմատուն ուղեկցում, մենակ վերադառնում: Բարեբախտաբար, մեզ հետ մնում են նրանց գրքերը: Գառնիկ Անանյանի գրքերը շարունակելու են զրուցել ոչ միայն մեր, այլև գալիք սերունդների հետ:
Նրանք փոխանցելու կարևոր պատգամ, պատվիրան ունեն:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։