Հայ երգի Մեսրոպ Մաշտոցը / Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ

ԿոմիտասԱյսօր բոլորեց Հայոց երգի Մեծ Վեհափառ, Հայ երգի ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ Մեծն ԿՈՄԻՏԱՍԻ ծննդյան 145-ամյակը: «Սողոմոն նախախնամության ընծան եղավ Սուրբ Էջմիածնին: Կոմիտաս վարդապետ Սուրբ Էջմիածնի ընծան հանդիսացավ հայ ժողովրդին»,- այսպես է ար­ժևորել նրան Ամենայն Հայոց կաթողիկոս ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԸ:

Շարունակելով իր միտքը` Վազգեն Վեհափառն ասում է. «Կոմիտաս վարդապետը բարենորոգիչն է հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության, գյուտարարը, որուն գործը կարելի է արժևորել միայն ՄԵՍՐՈՊՅԱՆ չափանիշով: Ինչպէս Սուրբ Մեսրոպ քաոսէն դուրս բերաւ և բիւրեղեց ձայները հայ բարբառին և իր ազգին ու աշխարհին պարգևեց կոթողը հայերեն լեզուին` Հայոց տառերը, այնպես էլ Կոմիտաս վարդապետ պեղեց, մաքրեց, լույս աշխարհ բերաւ կոյս աղբիւրը հայ երգին… Կոմիտաս վարդապետը եկավ շարունակելու Օշականի Մեծ վարդապետին` Սուրբ Մաշտոցին գործը` երգի անդաստանին մեջ` վասնզի երգը շարունակությունն է և պայծառակերպումը անոր»:
Սիլվա Կապուտիկյանի խոսքերով ասած` Հայ երաժշտության ԶՎԱՐԹՆՈՑ Կոմիտասին իր էությամբ ու արարչագործությամբ շատերն են համեմատել Մաշտոցի ու Նարեկացու, Շնորհալու ու Աբովյանի հետ, որոնք լուսավոր հետք են թողել հայ ժողովրդի կյանքի ու մշակույթի մեջ:
«Մեծն Կոմիտասը հայ երաժշտության Մաշտոցն է, Նարեկացին ու Աբովյանը, այրվեց իր իսկ արծարծած կրակի մեջ և թողեց իրենից մի պայծառ ջերմություն հայ երաժշտության և ողջ մշակույթի մեջ»,- գրում է Դերենիկ Դեմիրճյանը:
Ամբողջ կյանքում կոմիտասասիրահարվածությամբ տառապող (իր բառերն են` Խ.Բ.) տաղանդավոր կոմիտասագետ Պարույր Սևակի հետևյալ խոսքերը ամենաբնութագրականն են, իր խոսքերով ասած` «ամենաբախտավոր ու ամենա­դժբախտ աստղի տակ ծնված այդ մարդակերպ ոգիի-հանճարի էությունը բնու­- թագրելու.
Դու ամենայն հայոց երգի
վեհափառն ես …
Դու մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիր ու տառն ես հայոց երգի»:
Նրա «Անլռելի զանգակատուն» սքանչելի ծավալուն պոեմը երգ-երգոց է՝ նվիրված Կոմիտասի կյանքին:
Մեծ բնապաշտ Հ. Շիրազը աստվածացնում է Կոմիտաս վարդապետին` նրան նմանեցնելով այն փութաջան ու աշխատասեր մեղվին, որը հազարերանգ ծաղիկներից երգեր քամեց: «Կոմիտասը ինքը հայ ժողովուրդն է. մեղվի պես նա տուն էր բերում մեր գեղջուկ երգերի նեկտարն ու անշոշափելի մանանան: Կոմիտասը իր հանճարով ոսկե մեղվի նման հավաքեց հայ ժողովրդի բազմադարյա երգերի նեկտարը, և համայն երաժշտական աշխարհում աղոթքի արժանացավ Կոմիտասի անունը»:
Կոմիտասը ծնվեց, որպեսզի իր ժողովրդի երգը չմեռնի, Կոմիտասն ապրեց, որպեսզի հայ երգն ու երաժշտությունը զատվի օտարամուտ տարրերից` մաքրվի ու բյուրեղանա և տարածվի ամբողջ աշխարհում. այդպես էլ եղավ: Կոմիտասն ապրեց, որ աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին ապացուցի, որ հայն ունի իր ազգային երաժշտությունը, որն այնքան հին է, որքան նրա ստեղծողը. այդպես էլ եղավ… Կոմիտասն ապրեց, որպեսզի ապրեցնի ու հավերժացնի իր ժողովրդին ու նրա դարավոր մշակույթը: Այդ են վկայում նրա հավաքած ու մշակած ավելի քան 4000 շարականները, մեներգերն ու պարերգերը, խմբերգերն ու քառաձայն «Պատարագը»:
Բեռլինի արքայական կոնսերվատորիան, ինչպես նաև` համալսարանի փիլիսոփայության բաժինն ավարտած մեծ երգահանն ստեղծել է նաև մեծ կտավի գործեր. նրա «Անուշ» օպերայից հատվածներ են պահպանվել, իսկ ամբողջական օպերան, ինչպես նաև «Սասնա ծռեր» և «Կարմիր Վարդան» օպերաները, ավա՜ղ, հոշոտվեցին 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը Պոլսում նրա բնակարանը ներխուժած թուրք բարբարոսների կողմից… Տասնհինգ թիվ… կոտորած… որն էլ եղավ Մեծ ազգանվեր երգահանի հոգեկան հիվանդություն ստանալու, 20 տարի հոգեբուժարաններում անցկացնելու և 1935 թ. հոկտեմբերի 21-ին Փարիզի հոգեբուժարանում մահկանացուն կնքելու պատճառը: Նրա հոգեհանգիստը մեծ շուքով կատարվեց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մուտքի մոտ (ներս տանելը ժողովրդի շատության պատճառով հնարավոր չէր) հոկտեմբերի 27-ին: Զմռսած դագաղը ութ ամիս պահվեց եկեղեցու նկուղում: Հայաստանի Կոմկուսի քարտուղար Աղասի Խանջյանի շնորհիվ Կոմիտասի աճյունը մայիսին Փարիզից տեղափոխվում է Երևան, երկու օր ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում Հայաստանի մտավորականներն ու գրեթե ողջ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս նրան. աճյունը հուղարկավորում են պանթեոնում, որը կոչվեց նրա անունով:
1915 թ. մարտի 15-ին Պոլսի «Թյուրք- օջախ» փառահեղ սրահում երիտթուրքերը հայերի հետ մեծ հանդես էին կազմակերպել` նվիրված հայ գրերի գյուտի 1500-ամյակին: Հավաքվել էին կառավարության անդամները, թուրք ընտրանի մտավորականները. հանդեսի գեղարվեստական մասն ապահովելու համար հրավիրված էր Կոմիտասի «Գուսան» երգչախումբը: Ներկա էին նաև Թալեաթ և Ջեմալ փաշաները:
Հանդիսավոր պահին բեմ են բարձրանում «Թյուրք-օջախի» նախագահ Համտուլլահ Սուպեհի բեյը և Կոմիտասը: Բնիկ ակնեցի, հրաշալի հռետոր և հայ ազգին լավ ճանաչող Սուպեհի բեյը նախ ներկայացնում է Կոմիտասին, խոսում նրա` իր ազգին անձնվիրաբար ծառայելու մասին, նշում է Կոմիտասի աշխարհահռչակ երաժիշտ լինելու մասին և խորհուրդ է տալիս թուրք երաժիշտներին` հետևելու Կոմիտասի օրինակին, շրջելով ժողովրդի մեջ` հավաքել ու մշակել թուրքական երգերը: Եվ որ ամենակարևորն է` թուրք հռետորը թուրքական կառավարության ընտրանու առաջ խոստովանում է ճշմարտությունը` որքան էլ այն դառը լինի: Եվ նա ներկայացնում է հայ ժողովրդին, թե նա ինչ է արել Օսմանյան կառավարության մեջ գիտության, մշակույթի, ճարտարապետության, տնտեսու­թյան, արհեստների, առևտրի զարգացման և ուրիշ բնագավառներում: Ահա նրա ելույթը, որ գրի է առել բժիշկ Մանուկյանը.
«Ճշմարտությունը, որքան ալ դառը ըլլա, պետք է խոստովանել, որ հայ ազգը դարեր ի վեր մեր մշակույթին կյանքին մեջ իր հառաջապահի մասնավոր տեղը ունեցած է: Թուրքիո որ կողմն ալ երթանք, Անատոլուի որ անկյունն ալ ըլլանք, հայ միտքը, հայ ստեղծագործ ձեռքը «հոս եմ» կըսե: Օրինակ կուզեք` Պոլսո սուլթանական պալատները մեյ-մեկ գլուխգործոցներ են` հայ ճարտարապետության գեղեցիկ նմուշներ են, դեպի երկինք բարձրացող մինարեթները, ուր ամեն օր մուեզզինը «Ալլա էքպեր» կպոռա, շատերը հայ ստեղծագործ ձեռքերու մեյ-մեկ կոթողներ են, ձեր սիրելիներու տապանաքարերը, որոնք այնքան նրբություն ունեն, նորեն հայ վարպետներու գործեր են: Վանի նշանավոր, գեղաճաշակ արծաթյա տուփերը, որ օտարականներու անգամ հիացում կազդեն` հայ ոսկերչության արտադրություններ են:
Բժշկական համալսարանի հիմնադիրները և գիտական գրքերու առաջին հեղինակները նորեն հայերը եղած են:
Թուրք թատրոնը իր գոյությամբ հայերուն կպարտի:
Դահա խոստովանելու էլի բաներ կան…»:
Թուրքերի` հենց իրենց բերանով խոստովանած նշված և բազմաթիվ այլ փաստերի վկայություններով աշխարհահռչակ լեզվաբան ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԸ այդ տարիներին մի հրաշալի հոդված է տպագրում՝ «Հայոց դերը Օսմանյան կայսրության մեջ»: Աճառյանի վկայու­թյամբ՝ թուրքերը չեն ունեցել նույնիսկ իրենց սեփական տառերը և պատրաստ են եղել ընդունել հայկական տառերը, բայց թուրքական կառավարության փառասիրությունը չի գնացել այդ քայլին:
Իսկ այս ամենը… հայ ստեղծագործ ժողովրդի միտքն ու քանքարը ինչպե՞ս գնահատեց դիվանագետ ու կեղծավոր, ստախոս ու արգահատելի, բարբարոս ու մարդակեր տաճիկը…
…1915 թիվ, ԱՊՐԻԼԻ 24… Ահա նրա պատասխանը:

Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։