ՄԵՐ ՏՆԻՑ ԴԵՊԻ ՄԵՐ ՏՈՒՆ (ՎԵՑՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ) / Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երվանդ Պետրոսյան
Կենսագրությանս մեջ ունեցել եմ երկար ու կարճ ուղևորություններ, բայց սա հերթական մի ուղևորություն չէր, սա ուխտագնացություն էր, որի ընթացքում ես պարտավոր էի ԷՐԳՐԻ ամեն անկյանը, ամեն մի թիզ հող ու քարին նայել ոչ միայն իմ, այլև պապերիս ու ծնողներիս կարոտ աչքերով ու սրտով, նրանց ցավով ու երազանքով:
…Մեզ «շռայլորեն» հնարավորու­թյուն է ընձեռվել զբոսաշրջիկների կարգավիճակով այցելել երեկվա մեր տուն, տեսնել ավերակված, երբեմն էլ՝ դեռ կանգուն մեր վանք ու եկեղեցիները, մեր ամրակուռ բերդ ու ամրոցները, որ անտերության ու մեր անմիաբանության պատճառով ի վիճակի չեղան պաշտպան կանգնելու մեզ, և այժմ, փոխադարձաբար, մեկմեկու նայում ենք գլխահակ:
…Հայաստանի ու Թուրքիայի սահմանները բաց չեն. այլապես մեր ավտոբուսն այնտեղ կմտներ Կարսով կամ Անիով և ոչ թե Ախալքալաքով ու Ախալ­ցխայով, ստիպելով հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր և Անի ու Կարս հասնել հոգնած ու տանջահար…
Մեծ սիրով ու ցավով սկսվեց մեր հաղորդակցությունը Կարսի Առաքելոց եկեղեցու (ներսից մզկիթի վերածված), Բերդի, Վարդանի կամրջի, քաղաքով մեկ տարածված հայկական ընտիր, անշփոթելի շինությունների հետ, որոնց մասին շեշտում է և Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը… Եվ այդ հպարտացնող ու միաժամանակ կսկծացնող համայնապատկերի վրա է՛լ ավելի մեծ կսկիծ է հաղորդում մեծ Չարենցի ավեր տան վիճակը (խարխուլ, անծածկ պատեր, անձրևաջրերով լցված «հատակ»):
Շուտով այդ ամենին գումարվում է ավելի հին, խորունկ ու բազմադեմ մեծ ցավը՝ 10-րդ դարից աշխարհը հիացնող վարդագույն մեր հրաշք մայրաքաղաք Անիի ներկա գետնամած վիճակը, որ անգամ այսպես հիացնում է գեղեցկությունն ու վեհությունը գնահատող ամեն անձի: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրան այցելողների մեջ շա՜տ-շատ են այդպիսիք: Ահա մեր խումբը, որտեղ «հայտնաբերեցի» գրչակիցներիս՝ բանաստեղծներ Վառլեն Ալեքսանյանին ու Գագիկ Դավթյանին: Բայց, ի՞նչ խոսք, միայն նրանք չէին. միասին անցկացրած օրերը վկայեցին, որ ազգային արժանապատվության ու մեծ կորստի ցավի գիտակից կրողներ էին և՛ սննդի, և՛ ջրաչափության բնագավառի աշխատակիցները, և՛ կենսաբանն ու լեզվաբանը, և՛ նորապսակ զույգերը…
Ժամանակին գրել եմ մեր տարածքից՝ Խարկով գյուղի մոտերքից, ռուս սահմանապահների հեռադիտակով Անիի հազարամյա շքեղ շինությունների ճաքերն ու փլվածքները դիտելուս մասին, բայց չեմ նկատել, որ պարիսպներից հազիվ 100 մետր այն կողմ, քրդական գյուղի տներն են՝ անհամար անասուններով, և մեր սրբավայրը, փաստորեն, արոտատեղի է նրանց համար:
Ավելի քան 500 կմ ճանապարհ անց­նելուց հետո գիշերում ենք Սարիղամիշ փոքրիկ, Ծաղկաձորը հիշեցնող քաղաքում ու թեև անտանելի հոգնած ենք, բայց խորը գիշերվա մեջ (ժամը 4.30-5-ի սահմաններում էր) տագնապով արթնանում եմ անսովոր ձայնից, գլխի եմ ընկնում, որ դա նամազ կոչվածն է: Եվ դա շարունակվեց ամեն օր, ամեն գիշեր…
Մինարեթներն ամենուր էին: Որևէ գյուղ չհասած, հեռվից արդեն տեսնում էինք նրանց սուր կատարները: Դրանք ամենուր են՝ անկախ բնակավայրի մեծությունից: Քաղաքներում ամեն քայլափոխի կհանդիպես. տարբեր գույնի, տարբեր չափի, մեկը մեկից բարձր ու շքեղ… Եվ բոլորը գիշեր ու ցերեկ կոչում էին զգոնության, միավորման ու նվիրումի:
Իսկ մենք՝ քրիստոնյաներս, ե՞րբ ենք հիշում մեր հավատի, մեր միասնականության մասին: Եվ դրանից չէ՞ նաև, որ այժմ, սարեր ու ձորեր կտրելով, մենք մեր սրբավայրերն ենք այցելում իբրև զբոսաշրջիկ: Դեռ լավ է, որ թողնում են (շահավետ է իրենց)…
Սարիղամիշից Էրզրում (Կարին) ճանապարհին Վառլենը պատմում է մեծերից լսածները, որ Սարիղամիշի փայտն ամենադիմացկուններից է, և պապերը սայլերը բարձել են ընտիր գերաններով և մի քանի լուծ եզներով օրեր ու շաբաթներ շարունակ (գուցե և ավելի) քշել-հասցրել են Թալինի շրջանի իրենց լեռնային Գառնահովիտ գյուղը:
Իսկ մենք ժամանակակից մեքենայով սլանում ենք ժամանակակից ճանապարհներով և մի երկու ժամ անց արդեն Էրզրումում ենք: Բայց քանի որ խոսք եղավ ճանապարհների մասին, վկայեմ, որ դրանք, իրոք, ժամանակակից են:
Ակամա ուշադրություն էին գրավում նաև արևի էներգիայից օգտվելու կոչված մարտկոցներն ու սարքավորումները, որ տեսնում էինք ամենուրեք:
Չմոռանամ նշել և այն, որ որևէ քաղաք մտնելիս մերձակա մի բլրի վրա, ի տես ողջ քաղաքի, Թուրքիայի մեծ դրոշն էր, իսկ հրապարակներում, խաչմերուկներում ու կարևոր շինությունների առջև անպայման Քեմալ Աթաթուրքի արձանն էր պատվանդաններին փառաբանական ու շնորհակալական գրություններով՝ ազգի անունից: Այդպես նա կանգնած էր նաև Էրզրումի նշանավոր Սանասարյան վարժարանի առջև, իսկ շենքի տանիքին ծածանվում էր Թուրքիայի դրոշը:
Սարիղամիշից Էրզրում ճանապարհին Հովվի կամուրջը շատերիս թվաց, թե Սուլուխի կամուրջն է՝ այնքան նման էին իրար:
Հիշեմ նաև Բասենի բերդը և մեկ օր առաջ Արդահանի ճանապարհի սառնորակ աղբյուրը, որի կողքով անտարբեր չէր կարող անցնել ո՛չ մի մարդ ու մեքենա, որից մեծ գոհությամբ օգտվեցինք թե՛ գնալիս, թե՛ վերադառնալիս:
Արկածներով (ավտոբուսի խափանվելը, քրդերի հյուրընկալությունն ու օգնությունը) Մալաթիայից հասանք յոթերորդ երկնքում բազմած Նեմրութ լեռան շա՜տ-շատ վերևները, տեսանք ու մոտիկից շփվեցինք, մտերիմների պես նկարվեցինք հեթանոս աստվածների հետ, այնուհետև, կտրելով Տավրոսի լեռնաշղթան, եկանք-հասանք Դիարբեքիր, որի բնակչության թիվը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, կտրուկ տարբերվում են իրարից: Հիմնականում քրդեր են: Քաղաքապետն էլ քուրդ է: Այցելեցինք սուրբ Կիրակոս եկեղեցին, տեսանք պատմական քաղաքի բերդապարիսպները:
Տանիքը վերակառուցած հայկական եկեղեցին (պատեր, օժանդակ շինու­թյուններ, սալահատակված բակ ու բարձր պարիսպներ) կառուցապատվել է միագույն բազալտով: Ամենուր մաքուր է ու գեղեցիկ: Ափսոս միայն, որ եկեղեցու տեր ու տիրական հայը հայերեն չէր խոսում, իսկ հայ հավատացյալներն էլ՝ հազարից մեկ են:
Ըստ ծրագրի՝ Դիարբեքիրից պիտի ուղևորվեինք Մուշ և այնուհետև, առանց բարձրանալու Սասնա լեռները, պիտի անցնեինք Վան ու Վանա լիճ: Բայց մեր խափանված ավտոբուսը դեռ չկար, իսկ վարձված մեքենայի քուրդ վարորդն էլ սասունցի էր և տեղական ճանապարհների գիտակ ու մեզ Մուշ տարավ Սասնա լեռներով, որ և՛ կարճ էր, և՛, ամենակարևորը, մեզ զուրկ չթողեց Սասնա լեռները մեր կողքին տեսնելու բավականությունից:
Հետո իջնում ենք սարերից ու կանգնում Արածանիի ափին, որի մեջ են առաջին անգամ կնքվել մեր ապուպապերը: Իսկ մեր դեմ Սուլուխի կամուրջն է, որ հռչակավոր է շնորհիվ ժողովրդական աննկուն հերոս Գևորգ Չաուշի. այստեղ, ուր կանգնած ենք, մի ժամանակ հայկական գյուղ է եղել, ֆիդայիների խումբն այստեղ անակնկալ պաշարվել է կառավարական զորքերի կողմից, և կատաղի կռվում վիրավորվել, ապա կամրջի շամբուտներում իր մահկանացուն է կնքել մեծ հայրենասերը:
Տխուր խոհերով բարձրանում ենք Մուշ քաղաք ու տեսնում ենք մեր ավտոբուսն ու աշխույժ մեր վարորդին՝ Կարոյին: Խմբի ղեկավար Վահանի ապսպրած մասնագետի հետ այցելում ենք սուրբ Մարինե կիսավեր վանք ու շարունակում մեր ճամփան դեպի Վան:
Գիշերում ենք այնտեղ և բացվող մեր 5-րդ օրը ներծծվում ու ողողվում է Վանով ու Վանա լճով… այց Տուշպա բերդ, Մհերի դուռ: Վանա աննման կատուներ… Նավարկում ենք դեպի Աղթամար կղզի, մեր հիացմունքով ավելացնում Սուրբ Խաչ եկեղեցով սքանչացողների թիվը, վերադարձին վայելում Վանա հռչակավոր տառեխը և վերջում, իբրև հրաժեշտի գրկախառնում, նետվում Կտուց կղզու ջերմ ու աղի ալիքների գիրկը:
Մեր վայելքին գումարվում է մեկ այլ վայելք, որ մեր աչքով իրիկնամուտի կապույտի մեջ տեսնում ենք առավել կապույտ Սիփանը… Բնության շռայլ շնորհ. բաժանում Վանա լճով ու Սիփանով:
Ավտոբուսով դեպի մեր վերջին գիշերատեղին՝ Բայազետ ուղևորվելիս գոհունակությամբ մտաբերում եմ, որ կատարել եմ փեսայիս պատվերը՝ մի բուռ հող տանել Վանից, որ նա շաղ տա իր պապ ու տատի գերեզմաններին:
Վաղն արդեն իմ պապի ու նրա հարազատների համար եմ մի բուռ հող վերցնելու Ալաշկերտից. չէ՞ որ մեր պապերը Ստամբուլ են գնացել Ալաշկերտից: Այն մեր ծրագրի մեջ չի մտնում, բայց Վահանը, որ նույնպես մի ճյուղով կապված է Ալաշկերտի հետ, խոստացել է անցնել այնտեղով:
Իսկ առայժմ ավտոբուսում ենք, որ մեզ տանում է Բայազետում գիշերելու: Ափսո՜ս, մի փոքր ուշացել ենք, մութն իջել է, և նոր ենք հասնում Բերկրիի սքանչելի ջրվեժին: Հսկայական ձորը լցված է սթափեցնող խշշոցով, բայց դժվար է անգամ լուսանկարելը: Ճոճվող կամրջով անցնում ենք ձորի մյուս ափը, ջուրն արդեն խշշում է մեր դեմ դիմաց, բայց միևնույն է, մութ է, ճերմակ խշշոցն է մեզ հասնում միայն:
Գիշերում ենք Բայազետում, իսկ լուսաբացին, ուխտագնացության վերջին օրը, պարզվում է, որ… Ալաշկերտով չենք անցնելու, որ դա 150 կիլոմետրով մեզ շեղելու է մեր երթուղուց, իսկ խումբն ուզում է անշեղ ընթանալ… որ Երևան հասնի նախանշված ժամանակին: Ես համակերպվում եմ: Ինձ համար նույնքան հարազատ ու թանկ է իմ պապերի Էրգրի ամեն անկյուն, ամեն մի բուռ հող ու քար, ամեն մի հիշատակ:
Եվ բացվող օրվա մեջ տեսնելով Բայազետը, Դարոյնք ամրոցը, ապա և Արարատը՝ մեզ համար անսովոր կողմից, սկսում ենք Ախալցխայով ու Ախալքալաքով ձգվող մեր երկար ճանապարհը՝ մեր տնից դեպի մեր տուն:
2014 թ. օգոստոս

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։