23 տարի… և անց… / Նառա Վարդանյան

Նառա ՎարդանյանՈրքան էլ տարօրինակ է, անկախության մասին մտքերս սկսվում են այն մեծ սահնակի սառած պարանից. սահնակի, որի վրա նստած` ես ու հորեղբորս տղան բարձրացանք դիմացի սարը՝ փայտ բերելու: Հիմա չէ, բայց այն ժամանակ երկար էր ճանապարհը, երկար ու սառը, երկար ու ցավոտ. դե այսօր էլ այդ ճանապարհը գուցե թվա երկար, եթե ցրտից ուռած ոտքերով երկու փոքրիկ ճամփա ընկնեն դիմացի սարը: Այդ սարից իջնող փոքր գետակ կար, որի կողափերի սառույցները այնքան սիրուն էին փայլում, որ անսովոր ուժով գետակի ափով էլ բարձրացանք: Երևի հենց այդ ժամանակից սկսեց հայրենիքը գրավել իր հմայիլներով:
Կտորտանքներ, շիվեր, փայտի մնացորդներ, կիսասուր սղոցով կտրած փոքր ճյուղեր հավաքելուց հետո իջնում էինք, երբ ճանապարհին անտառապահը կանգնեցրեց, հավաքած ցախը թափել տվեց, շատ-շատ վատ բան է գողությունն ասելով նախատեց, ու ձեռնունայն իջանք: Եղբայրս ինձ նստեցրեց սահնակին ու երկուսով մրսած, լացած՝ գետակի ափով իջանք: Դե չէ, սա հեչ կապ չունի անկախության հետ:

Յոթերորդ հարկում էինք ապրում, մեր շենքի դիմաց՝ սպիտակ փոքր տնակի մոտ, ամեն երեքշաբթի ու հինգշաբթի մեծ, շատ մեծ ավտոբուսներ էին կանգնում, ու թաղամասի ծանոթ-անծանոթները վերմակ-բարձերը ծածկոցների մեջ փաթաթած, ավելի շուտ, քան կժամանեին ավտոբուսները, սպասում էին: Հիմա եմ գիտակցում, որ գալիքը մարդկանց առաջ մութ-մթի պես էր: Հեռացողների մեջ ամեն անգամ իմ դասընկերներից կային, միշտ կարծում էի՝ մոլորվել են գնացողների մեջ, ավտոբուսների գնալուց հետո կվերադառնան իրենց տները: Հետո շատ էի մտածել, թե ավտոբուսների շարժվելուց առաջ լսվող ողբն ու բարձրաձայն հրաժեշտի լացը, դատարկ Հայաստանի մղձավանջային երազներս ինչ կապ ունեն անկախության, պետականության հետ: Հիմա չեմ վախենում դատարկվող Հայաստանի համար, գիտեմ, որ ե՛ս ու իմ նմանները երբեք չենք լքելու նրան: Էն ժամանակ կամքն իմը չէր: Հեռանալու խոսակցություններ էլ էին եղել: Մղձավանջներս անհայտություն գնալու պատճառով էր:
Ու էդ մղձավանջային երևույթները անընդհատ շարունակվելու էին տարիներ հետո, երբ պատահաբար ականատես եղա, թե հարևաններն ինչ պլպլան աչքերով էին գնում հյուսիսային զորամասերից մեկի խոհանոցի պատասխանատուի վաճառած շատ էժան խտացրած կաթը, շաքարավազը, պահածոյացված միսը՝ «շատ էժան եմ տալիս հայացքով»: Ախր սա ինչպե՞ս կապ չունի պետության, պետականության, անկախության ու հայրենիքի հետ: Հիմա այդ հարևաններն էլ կան, բայց նրանց գոյության տեղերում խոր անդունդներ են: Դատարկ փոսեր: Կուզեի՝ նրանք էլ գնացած լինեին:

Ասածիս հետևանքով անկախ երկրիդ պաշտոնյաները մուննաթով, հեգնանքով, արհամարհանքով պատասխանում են Հայաստանի քաղաքացիների կարկամած հարցերին. մասնավոր կազմակերպությունը պետականորեն հաստատված կնիքով է նրանց տներն առել, քաղաքա­ցիներին թափառական է դարձրել:
Անկախ երկրիդ, սիրուն հայրենիքիդ հեգնախառը, անհոգատար պաշտոնա­կատարները:
Գիտեք, դարձյալ նույն հարցն է ծագում` ասածներս ի՞նչ կապ ունեն անկախության հետ:

Հիմա ամենակարևորի մասին. այնպես պատահեց, որ ամբողջ օգոստոսին սահմանամերձ Տավուշում էի: Հազվադեպ գիշերներին էինք քնում, որովհետև հրավառության նման կրակահերթեր էին լինում: Ու հաջորդ առավոտներին, երբ արևածագի հետ ծառերի ճյուղերին թռչուններն էին երգում, ճամփա էի ընկնում սահմանի գյուղերը՝ մոտից, շատ մոտից տեսնելու հակառակորդի պատճառած վնասները, զենքի մնացորդները: Գյուղացիների դեմքերը անքնությունից գունատ էին, ու մենակությունը՝ նրանց աչքերում: Ժլատ էին խոսքի մեջ: Նրանց համար լռությունն էր խոսքը, հետո զենքի ձայներն էին խոսքերը, հետո էլի՝ առավոտի լռությունը:
Նրանք արդեն քանի տարի է չեն մշակում հենց սահմանին կպած իրենց արտերը, վազնուտները, սակայն հարկեր են վճարում Արարատյան դաշտավայրի գյուղացիների նման, ովքեր իրենց բերքը խաղաղ մշակում են, խաղաղ հավաքում են, խաղաղ վաճառում են: Էստեղ է պետք պետությունը, ժողովրդի թիկունքին լինելու համար, չէ՞ որ սահմանամերձ ապրող գյուղացուց մի քանի հարյուր մետր այն կողմ պետություն կորցնելու վտանգն է: Մի՞թե կարելի էր քսան տարվա ընթացքում բարձիթողի, շրջանի համար միակ անվտանգ՝ Իջևանից Բերդ տանող ճանապարհը չնորոգել: Ինչ-որ հիմնադրամ կար, ինչ-որ փողեր կային, բայց ճանապարհին փոշիացան: Հե՛յ: Պետությո՛ւն:
Ասում են` երբ վտանգ կա, մեր հայրենիքն է, երբ պետք է մեջքներիս կանգնեն՝ պետություն են:
Իսկ այս մտքերն ինչ-որ կապ ունե՞ն քսաներեքամյա Հայաստանի անկախության հետ: Չգիտեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.