Սիրում եմ ամռանը Ծաղկաձորի ստեղծագործական տան բաց պատշգամբում աշխատել: Բայց այսօր նստել ու մտածում եմ, թե մա՞րդ էլ քառասուն տարի շարունակ նույն տեղում հանգստանա և աշխատի: Հետո էլ, չգիտես ինչու, սկսեցի հաշվել` հիմա և այստեղ գրականագետ-գրաքննադատնե՞րն են շատ, թե՞ գրող-թարգմանիչները: Ու անկախ ինձնից աչքս դիպավ դարպասի դիմաց վեր խոյացող երկնահաս բարդուն ու դրան կիպ կպած դառնագին լացող ուռենուն: Քառասուն տարի չէի նկատել: Ժամանակին ո՞ր խելոքն է ազգային խորհրդանիշ այդ տանդեմը Գրողների տան դեմը տնկել:
Միացրեցի համակարգիչս, էկրանը դեռ նոր էր սկսում բացվել, երբ անսպասելիորեն էկրանի մեջ գլուխ հայտնվեց, այն էլ` ուղիղ իմ գլխավերևում: Արագորեն կողմնորոշվեցի ու վայրկենապես գլխի ընկա, որ գլուխը պատշգամբի միջնորմի ետևից էր ցցվել, և դրա երկար-սապատավոր քիթն ուղիղ մեր պատշգամբի մեջտեղն էր խցկվել: Անմիջապես շրջվեցի, բայց գլուխը չքացել էր:
– Աղջի՜,- գլխի ձայնը ծղրտաց ժամանակին չճարվող երկդռնանի «Մինսկ» սառնարանի դղրդյունի մեջ, որ առողջապահական նկատառումներով պատշգամբում էր դրված,- կողքը ոնց որ թե գրող ա, փաթեթով չի:
Հասկացա, որ հարևաններս սոցփաթեթով են հանգստանում, բայց լավ էր, որ սոց-ը չէին նշում, թե չէ խոր կարոտաբաղձության գիրկը կընկնեին: Չնայած մեր գրողներն ու գրա-ներն էլ են փաթեթով, բայց անունն ուղեգիր են դրել:
– Էս գրողներն էլ անհետաքրքիր մարդիկ են,- սա արդեն երկրորդ գլխի ձայնն էր,- մի մասը սենյակում փակվում, գրում-մրում է, մյուսներն էլ կամ անիմաստ թափառում են, կամ էլ իրար գլխի հավաքված սրանից-նրանից են բամբասում:
– Չեն բամբասում, է՜, գրականության ներկայից ու ապագայից են խոսում,- հաստատ երրորդ գլուխ էլ կար, որովհետև այս մեկը ոչ թե բերանով էր խոսում, այլ՝ քթով:
– Լա՜վ էլի, հիմա ի՞նչ գրականություն կա, որ խոսեն,- կրկին առաջին գլուխն էր:
– Շա՞տ ենք կարդում, որ իմանանք:- Երկրորդն ավելի սթափ էր:
– Ընչի չենք կարդում,- ասաց քթախոսը,- հենա մեր հարևանը ընե՜նց լավ ա գրում, գիրքը տվեց` կարդացի: Իսկական Թումանյան: Համ էլ ոսկու գործ ա անում: Գիրքն էլ էրկու-իրեք անգամ ուզածիդ պես տպեց ու էն ամենամեծ դահլիճում ինչ-որ շքեղահանդես արեց, մենք էլ գնացինք` լա՜վ կերանք-խմանք: Ա՛յ, գրողը ըտենց կըլնի:
– Բա չէ, սրանց պես,- բողոքեց առաջին գլուխը,- ո՛չ գիտես` ինչ են գրում, ո՛չ կարգին շոր կա հագներին, ո՛չ էլ ռիսկ են անում էս նանարներին մի տեղ տանեն:
– Տեղ ասեցիր` հիշեցի,- ասաց երկրորդը,- ասում են` ըստեղ ժամ կա: Չգնա՞նք մի-էրկու մոմ վառենք:
– Ո՞վ հավես ունի էդքան ոտով գնա ու գա,- պատասխանեց քթախոսը:
– Ընչի՞, ըստեղ տրանսպորտ չկա՞,- զարմացավ երկրորդը:
– Ա՛յ խելոք,- ասաց առաջին գլուխը,- էսի անունով ա քաղաք:
Այլոց խոսակցությանն ականջ դնելն առնվազն անքաղաքավարություն է, բայց աշխատելն այլևս անհնար էր: Ակամայից ինքս էլ իջա ծովի հատակը և սկսեցի աննման մարգարիտներ ժողովել, որ հարևանուհիներս շռայլորեն շաղ էին տալիս ձկների ու ձկնորսների առաջ: Ափսոս, չգիտեի, թե սրանք ո՞ր փաթեթավորներից էին` կրթությա՞ն, առողջապահությա՞ն, թե՞ այլ բնագավառի: Միևնույն էր, համոզվեցի, որ թե՛ մենք և թե՛ մեր երեխաները իմաստունների ձեռքերում ենք:
Բայց պարզվեց, որ այս շենքի մթնոլորտն, այնուամենայնիվ, գրական է, որովհետև բազմաքանքար գլուխները կրկին այդ թեմային վերադարձան:
– Բա իմացա՞ր, Մարթայի աղջիկը գիրք ա գրել,- դարձյալ քթախոսն էր,- մի հատ էլ ջահել սպոնսոր ունի, տարել-տպել են:
– Ո՞ր աղջիկը, էն որ ֆրանսերենի դասատու ա՞,- հարցրեց երկրորդը:
– Հա՛, էն տարած-հետ բերածը:
– Դրա գրածը ի՞նչ պըտի ըլնի,- խոսեց առաջին գլուխը:
– Չի գրել, է՜, թարգմանել ա,- ասաց քթախոսը:
– Աղջի՛, էնի ըսկի հայերեն չգիտի, հլը ֆրանսերենն էլ հարց ա, էտի ո՞նց պըտի թարգմանի,- զարմանքից երկրորդ գլխի աչքերը հաստատ ճակատից էլ վեր էին թռել:
Ես էլ պակաս չէի զարմացել, բայց գլուխների անուրանալի իմաստնության վրա: Ականջներդ կանչե՛ն, թարգմանության տեսության չգիտեմ քանի ամբիոն, որ ո՛չ ձեր գիտական փաթեթներում և ո՛չ էլ կուրսային ու դիպլոմային աշխատանքների փաթեթներում մերօրյա թարգմանությունները չկան, երևի չեք կարդում, կամ ձեզ չի հետաքրքրում: Եվ ճի՛շտ եք անում, ախր, դրանց մասին ո՛չ ուրիշ գրքերում և ո՛չ էլ համացանցում ոչինչ չկա: Բայց այս դառը խորհրդածությունս ընդհատեց զիլ ճիչը:
– Կոֆե կխմե՞ք,- հավանաբար լոգասենյակից ձայնեց առաջին գլուխը:
– Հա՜,- արձագանքեց երկյակը:
– Լսի՛,- ֆսսացրեց քթախոսը,- բայց առաջվա գրողներն իսկականից ուրիշ էին, չէ՞:
Մթնոլորտն, իրոք, խորն էր խոցել սրանց խոր հոգու խոր ու խորաթափանց խորխորատները:
– Ուրիշը ո՞րն ա, խելառ-մելառ բաներ էին, էլի,- պատասխանեց երկրորդը:
– Չէ՛, խելառը մենակ բանաստեղծներն էին,- առաջին գլուխն արդեն բերել էր սուրճը:
– Հմի էնքան խելառ կա, որ չգիտես՝ ո՛րն ա սովորական խելառ ու ո՛րն ա բանաստեղծ,- անչափ խելացի միտք արտահայտեց քթախոսը:
– Լա՜վ, էկեք ուրիշ բանից խոսանք,- վերջակետ դրեց երկրորդ գլուխը:
Վերջ դնելով նաև ակամա տառապանքիս: Բայց դեռ չգիտեի, որ աշխատելու փոխարեն նստելու և այս անհասկանալի բանն էի գրելու:
Խե՜ղճ «Գրական թերթ»-ի անխոնջ խմբագի՛ր, երբ ստանաս այս նյութը և հանկարծ որոշես տպել, չես կողմնորոշվելու` առաջին էջերո՞ւմ դնել, թե՞ վերջին:
Անկեղծ ասած, կապ չունի: Դրանից ոչինչ չի փոխվելու: Փաթեթավորները կա՛մ չեն կարդալու, կա՛մ էլ չեն հասկանալու ու չեն հավանելու, փաթեթավորողներն էլ նայելու են անհաղորդ և շարունակելու են փաթեթավորել:
ՍՈՑՓԱԹԵԹ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ
