ՔՈ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ / Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ՔՈ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ

1
Հայաստան,
լեռների ամուր կապուկը ձեռքիդ,
ցրտից կապտակող օդի մեջ համառ
շարժվում ես առաջ.
դեպի գերեվար Մայր լեառն Արարատ,
դեպի Գեղամա սարերն հեթանոս
(Սևանը` քուրմդ զմրուխտ տաճարի),
դեպ կտրուկ բացվող լեռնանցքը Շուշվա,
որ քեզ հանում է դուռը Արցախի:
Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում`
քանդել քարկապը դարավոր իղձիդ…

2
Դու դեռ կքայլես երկար ու երկար,
լեռներիդ շքերթն այնքա՜ն խրոխտ է,
այնքա՜ն ցնծագին:
Իսկ մինչ այդ, մինչ այդ,
սևասուգ մի օր,
դյութանքով Նեռի
դու մասնատվեցիր գագաթ առ գագաթ,
լեռնալանջերիդ արնահոս վերքեր
(Նոր սպի բացվող հների վրա),
ուր ցեղասպանի ժանտ դեմքը տեսար…
Անաղարտ ձյունն էլ իր վիրակապով
անկարող եղավ վրեժդ ամոքել:
Եվ երբ ձնհալը այրող ցավերի
ժահրը առվակեց դեպի Մայր Արաքս,
այգիներիդ ու արտերիդ վրա
իբրև բալասան անփույթ տարածեց
Տերը թաշկինակն իր ասեղնագործ:
Եվ աստվածային շնորհով վերին
Լեռան ընդերքից հորդացող հեղեղ`
քո մանուկներն են
կանաչ հովիտներ փնտրում խուռներամ`
հեքիաթի չքնաղ դղյակի համար:
Փնտրում են, վազում դեպի Մայր հողը,
ուր ժայռուտներին
վայրի վարդի պես փշոտ ու անբարբառ
ծաղկում է սերը լեռնաբնակի:

3
Այսպես դարեդար դու հետևում ես
Հայոց լեռների թափառումներին,
որ նույն ճամփան է կեռմանվող-կորչող
դեպ գրվող տողս
(մենք այնքա՜ն տարբեր ու
այնքա՜ն մի՛ ենք):
Իսկ իրականում
դու հենց Փյունիկի համաստեղության
աստղն ես լուսատու,
մեռնող ու հառնող,
միշտ բոցավառվող…
Դու վաղնջական,
ինչպես մորուքը Նոյ Նահապետի,
նույնպես և ներկա,
ինչպես ճգնաժամն աշխարհը ցնցող,
այստե՛ղ և հիմա՛:
Մաշկի պես ձուլված հոգուս քարտեզին
դու խաչելություն ու ճակատագիր,
Աստված ու աղոթք,
դու սրտեր սնող փորոք ես երկճյուղ`
Հայաստան-Արցախ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։