Փիթեր Սուրյանը ծնվել է Բոսթընում, ավարտել է Հարվարդի համալսարանը:
Բնակվել է Եվրոպայում, երկու տարի ծառայել է գերմանական բանակում:
Ներկայումս Նյու Յորքի Բարդ քոլեջի անգլերենի պրոֆեսոր է: Հեղինակ է երեք վեպերի և արձակ ու չափածո ստեղծագործությունների մի քանի ժողովածուների:
Թե՛ մայրս, և թե՛ հայրս մահացել են: Ընկղմվել եմ խոր բազկաթոռի մեջ, գլուխս հետ եմ գցել և հայացքս հառել եմ բարձր առաստաղին` զուսպ ու համեստ, սակայն նրբաոճ ծեփակերտ զարդաքանդակներին: Մանհեթենի կենտրոնում ինձ հաճախ ազատության ոգևորիչ զգացումով է համակում գլխիս և առաստաղի միջև կատարելապես անշարժ օդային տարածությունը` ըմբոստ իր վիթխարի անօգտակարությամբ: Բայց երբեմն, երբ քարանում եմ անկողնում, անվերջ շուռ ու մուռ գալուց և վերջնականապես քուն մտնելուց առաջ, զոռ եմ տալիս երևակայությանս, իբր եգիպտական շքեղ, հսկայական գերեզմանի զմռսված մթնոլորտի մեջ եմ:
Քաղց զգացի, ուստի վեր կացա և ներքև իջա, որպեսզի ուտելիք գտնեի: Գիտեի, դռնապանն ու նրա կինը դեռ քնած էին: Եթե այս ժամին արդեն զարթնած լինեին, կսկսեին կռվել, և ձայներն ինձ կհասնեին, ականջս կծակեր Լերոյի կատարյալ անհոգի բառապաշարը, որն իմ ներկայությամբ երբեք չէր օգտագործում:
Նրանց միակ փոքրիկ պատուհանն ու ապակեպատ դուռը նույն բակին էին նայում, ուր բացվում էր նաև մեր խոհանոցի պատուհանը:
Եթե լույսը վառեի, կխանգարեի նրանց:
– Նիքոլա՛ս, խոհանոցի լույսը չվառես: Լիլիանին ու Լերոյին կարթնացնես, – մայրս մշտապես բղավում էր անկողնուց, երբ շատ ուշ և քաղցած էի տուն վերադառնում` պատրաստ խառնշտելու սառնարանը ճաշի մնացուկի հույսով. գուցե սառած բրի՞նձ գտնեի կամ ջրակալած, սառցապատ աղցա՞ն: Ճաշասենյակի հետևի իմ ննջասենյակի ճանապարհին անպատճառ ոտքս կախ էի գցում խոհանոցում:
Երբ ավելի փոքր էի, զարթնում էի, ինչպես ինձ էր թվում, գիշերվա կեսին և սոված շան նման գաղտագողի խոհանոց էի սողոսկում: Սառնարանում, որպես կանոն, ոչինչ չէր լինում, բացի հորս նախաճաշի մածունից, որն ինձ բացարձակապես չէր հետաքրքրում: Մայրս մածունը մերում էր մեծ ամանի մեջ և մնացորդն օգտագործում էր որպես մերան` հաջորդ անգամվա համար: Դրա համն ինձ տարօրինակ էր թվում, ոչ մի կերակուրի նման չէր:
Բայց հաճախ չտապակած խոզապուխտի շերտեր էի ճարում, որ մնում էին կիրակնօրյա նախաճաշից, երբ մերոնց պարբերաբար հյուր էին լինում ընկերները` նկարիչներ ու դերասաններ: Կիրակնօրյա այդ երկարատև նախաճաշերը ճաշասենյակի մեծ սեղանի շուրջ ձգվում էին մինչև երեկո` հագեցած աշխույժ, մեծական զրույցներով, որ քրոջս` Էլիզաբեթի և ինձ համար անչափ ձանձրալի էին:
Բացված փաթեթից էի վերցնում խոզապուխտի շերտիկները: Երբեք նորը չէի բացում: Բացի գողության մեջ բռնվելուց, վախիս պատճառն առաջին հերթին այն էր, որ մշուշոտ պատկերացում ունեի, թե հում խոզապուխտը երբեմն, չնայած ոչ միշտ, լի էր կենդանի որդերով, աննշան մեծության, որ մնում էին ներսումդ և ամբողջ կյանքում ցավեցնում էին ստամոքսդ, ցավեցնում էին անբուժելիորեն:
Բռնում-բարձրացնում էի խոզապուխտի ճարպոտ ու ճերմակ շերտիկը և ուսումնասիրում սառնարանի լույսի տակ, ամեն անգամ նորովի ձեռնամուխ լինելով այդ արարողությանը` փորձելով խելամտորեն որոշել՝ արժե՞ր հանդգնել և ուտել: Համենայն դեպս, զգուշավոր էի ձևանում, քանզի համոզված էի, որ այդ ծիսակատարությունն ավարտվելու էր խոզապուխտն արագորեն կուլ տալով: Լավ գիտեի, որ անթաքույց դերասանություն էր, չնայած, միաժամանակ, այնքան էլ համոզված չէի այդ բանում: Ամեն դեպքում, հաջողությամբ ձևացնում էի, որովհետև լավ էի ճանաչում թե՛ դերասաններին, թե՛ խաբվող հանդիսատեսին:
Խոզապուխտը կոշտ էր և դժվար էր ծամվում: Համը դուրեկան էր, չնայած տհաճություն էի զգում, երբ թվում էր, թե կուլ տվածս պատառը ոչ մի կերպ ստամոքսիս չէր հասնում, հորիզոնական դիրքով լըռվում-մնում էր կերակրափողիս մեջ:
Կարծում էի, թե պետք էր երկար և մանրամասն ծամել: Մտածում էի, որ այդ ձևով ավելի քիչ կվնասեր ներսս: Բայց հաճախ անկասելի ցանկություն էի ունենում մի կտոր ևս կլլելու, նախքան հարցերը կլուծեի առաջինի հետ, որ դեռ ծամելու գործընթացում էր, այնպես որ, պատահաբար կուլ էի տալիս այդ պատառը գրեթե առանց մշակելու` տարօրինակ կերպով վախենալով, թե ինչ-որ կախարդանքով երկրորդ կտորը խլելու էին ձեռքիցս:
Եթե խոզապուխտ չէր լինում, խոհանոցի սեղանի գլխավերևի պահարանում հաճախ շոկոլադով քաղցրակուտապի փոշի էի գըտնում արիշտայի, սպագետիի, բրնձի կամ մակարոնի տուփերի կողքը` կանոնավոր սննդամթերք, որ կարելի էր հավերժ պահել առանց հատուկ խնամքի` չմտահոգվելով պիտանելիության ժամկետի մասին:
Սիրում էի օսլայով հարուստ այդ սնընդամթերքը, անխառն` միայն կարագով, և երբեմն ոտաբոբիկ մագլցում էի խոհանոցի կարմիր աթոռակին, լավ իմանալով, որ անեփ մակարոնը պարզապես անհնար է սիրել, և ծամում էի մակարոնը կամ բրնձի հատիկները հենց այդպես, կարծես դրանք չեփած ավելի համեղ էին, և արդեն ձանձրացած նույն բանն անելուց, նաև ակնկալելով, թե դարձյալ անելու էի այն, ինչը գիտեի, որ այլևս չպետք է անեի, այսինքն` վերցնելու էի շոկոլադով քաղցրակուտապի տուփն ու ճաշի մեծ գդալը և ճաշասենյակով անաղմուկ հետ էի փախչելու իմ սենյակը` թերևս համոզված չլինելով, որ վերևում մայրս, որ իմ կարծիքով իրականում երբեք էլ քնած չէր, գլխի չէր ընկնելու, թե այստեղ` ներքևում էի:
Սենյակս հասնելով` անմիջապես անկողին էի մտնում, բացում էի տուփը և արմունկիս հենվելով` բերանս էի լցնում չոր փոշին` զգուշանալով, որպեսզի մթության մեջ չթափեի այն:
Երբեմն էլ, երբ գործս ավարտում էի և դատարկ տուփը խնամքով թաքցնում էի մահճակալիս տակ (առավոտյան դպրոցական պայուսակիս մեջ էի խցկելու, հետո նետելու էի աղբարկղը, իհարկե, տնից ապահով հեռավորության վրա) և կրկին դուրս էի թռչում անկողնուց, դարձյալ վազում էի ճաշասենյակով, ոգևորված ցատկում էի աթոռակին, երկրորդ տուփ փոշին էի վերցնում և անվնաս տեղ էի հասցնում, որպեսզի դարձյալ հոշոտեի իմ որջում:
Այժմ նույնպես բացեցի սառնարանի դուռը և ներս նայեցի, չնայած համոզված էի, որ ոչինչ չէի գտնելու: Շշով ջուր: Տարված էի դրա մեջ կենդանի բաներ պահելու մըտքով, արագ փչացող սննդամթերք, որ եթե ուտելի չէր, գոնե փոփոխության կենթարկվեր` ինչպես իրական կյանքում. սունկը կաճեր, լոլիկները կհասունանային: Սեխն իր գագաթնակետին կհասներ, և եթե այլևս ուշադրություն չդարձնեի, այսինքն` չուտեի, կսկսեր նեխել: Փորձում էի փոքրիկ հարափոփոխ աշխարհի վերածել սառնարանս, բայց հետագայում անուշադրության մատնեցի:
Թիկունքումս` դարակին, երկու թիթեղյա տուփ կար, մեկի մեջ մակարոն և պանիր էր, մյուսի մեջ` Քեմբելի հավի ճտով ու արիշտայով ապուր, հանրախանութ կատարած արշավանքիս հետքերը:
Չնայած խոհանոցում մութ էր, գիտեի, որ տուփերն իրենց տեղում էին: Հեռացա սառնարանից` թողնելով, որ դուռն ինքն իրեն փակվեր, և դարակը շոշափելով գտա տուփերը, վերցրեցի և խոհանոցի սեղանին դրեցի: Հետո նորից բացեցի սառնարանի դուռը, որպեսզի լույս լիներ, և քանի դեռ այն դարձյալ չէր փակվել խուլ շրխկոցով, շտապեցի դեպի լվացարանակոնքի սեղանիկի դարակը, որպեսզի տակնուվրա անեի և գտնեի երկու միանման բացիչներից այն մեկը, որ դեռևս գործածելի էր: Սառնարանի դուռը զարմանալիորեն արագ վրա եկավ, հազիվ էի հասցրել դարակը դուրս քաշել: Կտրուկ նազանքով հետ ընկրկեցի, որպեսզի կրկին բացեի, միաժամանակ ձգվեցի դեպի դարակը և փորձեցի գտնել բացիչները, նախքան դուռը դարձյալ կփակվեր: Բացիչները սառնարանին մոտեցրեցի, մեկ անգամ էլ դուռը բացեցի և լավ զննելով, վերցրեցի այն, որ դեռ պիտանի էր:
Կարծում էի, որ երկու տուփերն էլ կարողանալու էի բացել մթության մեջ, բայց հանկարծակիի եկա` տեսնելով, որ առանց լույսը վառելու այդ անելը գործնականում անհնար էր, թերևս բոլորն էլ կարծում են, թե հնարավոր է:
Իսկ ինչո՞ւ պարզապես չվառեմ լույսը և գործս չավարտեմ: Հիշեցի, թե ինչպես մի անգամ վերևում անսպասելիորեն և իսկապես անզուսպ ու կատաղի գոռացի մորս վրա, երբ Ծննդյան տոների օրերին նախապատրաստական դպրոցից արձակուրդ էի եկել և գիշերը խոհանոց էի իջել ու պայծառ լույսը վառած գլխավերևումս՝ նստել, սառած գառան տապակա էի անուշ անում: Մայրս ձայնեց անկողնուց, որպեսզի լույսը հանգցնեի: Լիլիանի ու Լերոյի հանդեպ հարգանք չունե՞ի: Առանց հապաղելու թունոտ ճչացի, թե չեմ հանգցնելու: Պարզորոշ պատկերացնում էի, որ կյանքդ պետք է այնպես դասավորես, որպեսզի կարողանաս ազատորեն վառել խոհանոցի լույսը այն բնակարանում, որտեղ ապրում ես: Ինչևէ, այդ պահին, հնարավոր է, անխոհեմ գտնվեցի, անտաշություն արեցի: «Ավելի վատ», – ասացի ինքս ինձ` ավելի արագ սղոցելով գառան մսի քառթավոր կտորները և իրար հետևից բերանս խցկելով ու կրկնելով. «Անտաշ չեմ, անխոհեմ չեմ», և ամեն կտորի հետ մտածելով, որ այդ մեկը վերջինն էր լինելու:
Վերջապես հասկացա, որ անհնար էր միաժամանակ մարմնով պահել սառնարանի դուռը և բացել տուփերը, որովհետև դրանք պետք է ամուր մակերեսի վրա դըրվեին, դրա համար էլ բաց թողեցի սառնարանի դուռը, մոտեցա սեղանին և փորձեցի դուռը ոտքով պահելով` գործի դնել բացիչը: Սառնարանը սեղանից շատ էր հեռու:
Մի պահ դադար տվեցի, որպեսզի հանգստանայի հերթական գրոհից առաջ: Ձեռքերս գոտկատեղիս էին, ծանր էի շընչում և հայացքս հառել էի խոհանոցի պատուհանին, կարծես ասում էի. «Թող գրողի ծոցը կորչի այս ամենը», և պատրաստվում էի վառել լույսը, երբ հանկարծ գլխի ընկա, որ կարող էի առավոտյան խանութ գնալ և անիծյալ պատուհանի համար վարագույր կամ արևկալ գնել, կամ` երկուսն էլ և բերել ու կախել և այդուհետ ի վիճակի կլինեի օրվա ցանկացած ժամին` գիշեր թե ցերեկ, մտնել խոհանոց` իմ խոհանոցը և ինձ համար ուտելիք պատրաստել կամ պարզապես նստել այնտեղ և գուցե ագահորեն նայել: Գոհ էի, որ նման ազատագրական հայտնագործություն էի կատարել: Այն ապշեցրեց ինձ որպես իրական առաջընթաց առ հասունացումն ու ազատությունը:
Իսկ առայժմ կշարունակեմ առաջընթացս առ ուտելիք հայթայթելը: Հաջողացրի բացիչը մակարոնի տուփի սիրտը խրել և ոտքով մի կերպ պահելով սառնարանի դուռը` բացեցի տուփը: Զարմացա, որ սառնարանի դուռը պահելիս ոտքիս մկաններն այնքան էլ չցավեցին:
Հետո փորձեցի նույն կերպ բացել հավի ճտով ու արիշտայով ապուրի տուփը` դեռևս փոքր-ինչ զարմացած, որ մթության մեջ չէր հաջողվել:
Հնարավորինս կտրուկ պտտում էի բացիչը` շտապելով խուսափել ոտքիս ջիլը ձգելուց, որ համոզված էի, թե ուր որ է լինելու էր: Եվ հենց որ շրջանն ավարտեցի, ճիշտ այդ պահին ջիլս ձգվեց: Ընկա հատակին` սալօջախի և սեղանի արանքը: Քանի որ կորցրել էի բալետային պրկված դիրքս, ճանկեցի ապուրի բացված տուփը. ամուր բան էր հարկավոր, որպեսզի փըրկվեի:
Ամեն դեպքում, ապուրն ինքնին այնքան սորուն էր, որ ինձ հետ միասին հոսեց, թափվեց վրաս և հատակին:
Մի պահ անշարժացա: Թվաց, թե լալիս էի, բայց հոգեբանորեն ծորացող արցունքների զգացում չունեի: Հետո թափ առա, ոտքի կանգնեցի և վառեցի լույսը:
Սառը ջրով, սպունգով ու թղթե անձեռոցիկներով ակնթարթորեն մաքրեցի չորս բոլորը` մի լավ թրջելով վերնաշապիկս ու անդրավարտիքս:
Երբ խոհանոցը կարգի էի բերել, մտքովս անցավ, թե ուր որ է ասելու էի` «Գրողի ծոցը կորչի այս ամենը» և շարունակելու էի ուտել լույսի մեջ, և ճաշի գդալս պատրաստ պահած նստեցի սեղանի մոտ, բայց զգացի, որ նեղսրտում էի` հիշելով, որ Լերոյն ու Լիլիանը դեռ քաղցր քնի մեջ էին, այնպես որ, կրկին անջատեցի լույսը:
Վերջին օրերին սովորություն էի դարձրել ինքս ինձ ստիպել ուտելուց առաջ տաքացնել կերակուրները, դնել ափսեի մեջ, նույնիսկ փորձում էի մարդավայել ուտել` ոչ շատ արագ, առանց ափսեն բերանիս մոտեցնելու: Բայց ամեն անգամ, երբ ինձ ու ինձ որոշում էի, որ այդպես էի վարվելու, դարձյալ շարունակում էի նույնն անել: Հիմա էլ մի ձեռքիս մակարոնի տուփն էր, մյուսում` ճաշի գդալը, անհանգիստ էի` շտապում էի դուրս գալ, մի պահ մտքովս անցավ, որ հնարավոր էր տաքացնել, չնայած լավ էլ գիտեի, որ պարզապես խաղ էր, միևնույն է` նույնիսկ փորձ չէի անելու: Ապա սկսեցի մակարոնն արագորեն բերանս լցնել: Երկու րոպեում վերջը տվեցի: Անցա հավի ճտով ու արիշտայով պահածոյացված ապուրի մնացորդին: Առաջին գդալից հետո տուփի ներսը նայեցի: Չնայած մութ էր, նշմարեցի լպրծուն արիշտաները` ճերմակ ճիճուները, որ կծկվել, խըմբվել էին տուփի հատակին: Տուփը սեղանին դրեցի, դուրս եկա խոհանոցից և աստիճաններով դանդաղ վերև բարձրացա:
Անգլերենից թարգմանեց
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ