ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ / ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Նորայր-Ադալյան

Խորհրդային Միությունը և Ամերիկան իրենց քաղաքականությամբ ստեղծեցին առնըվազն երկբևեռ աշխարհ՝ ձըգտելով միաբևեռության, որն առաջացրեց շատ ժողովուրդների արմատական դժգոհությունը հատկապես մայրենի լեզվի, գրականության ու գեղարվեստական մշակույթի ասպարեզներում: Միությունը կործանվեց: Չեմ կասկածում, որ նույն ճակատագիրն սպասում է և ԱՄՆ-ի միահեծանությանը: Հինավուրց պատմություն, մշակութային ավանդույթներ, մայրենի լեզու ունեցող որևէ ժողովուրդ չի պատրաստվում կուլ գնալ այդ կաշալոտ քաղաքականությանը: Եվրամիության ձևավորումը, որի շրջանակում յուրաքանչյուր ժողովուրդ-պետություն իր եսի ու ինքնության տերն է, ուղղված է ոչ այլ ինչի, քան համաշխարհայնացման դեմ, միաբևեռ աշխարհ կառուցելու սորոսների մտագարության:
Հիշում եմ, անցած դարի կեսին ինչպիսի կույր ուրախություն առաջացրեց էսպերանտո՝ միջազգային հաղորդակցության լեզու շրջանառելու փորձը, տպագրվեցին մինչև իսկ գեղարվեստական տեքստեր՝ անսիրտ ու անհոգի, ասես քիմիական խտանյութ: Հայաստանում դրա ջատագովն անվանի ակադեմիկոս, լեզվաբան Գուրգեն Սևակն էր, նա էսպերանտացրեց Իսահակյանի, Թումանյանի, Շանթի, Չարենցի որոշ երկեր: Ինչ լավ է, այսօր այդ հակալեզուն, լեզվական աճպարարությունը ծիծաղելի հուշ է դարձել: Հիշում եմ, թե ինչպիսի դժվարությամբ, կրեմլյան հզոր արգելափակոցը հաղթահարելով, հայոց լեզուն հաղորդակցային-խոսակցական կարգավիճակից դարձավ պետական լեզու: Սա հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր իրողություններից է, կարծում եմ՝ մեր անկախության հիմնարար նախերգանքը:
Չգիտեմ ֆրանսիացիներն ինչ են մտածում իրենց լեզվի մասին, ինչ նշանակություն են տալիս նրան պատմության քառուղիներում, ռուսները, գերմանացիք և այլք, որոնք ունեցել են տիրական թագավորություններ, հզոր բանակ և ոչ վայրենաբարո հարևաններ, մեզ համար մայրենի լեզուն եղավ և մնում է ազգը համախմբող գլխավոր ուժ, նրա ինքնության անժամկետ վկայագիրը, պետականազուրկ դարերում կատարելով պետության դերն ավելի, քան քրիստոնեական կրոնն ու մեր առաքելական եկեղեցին: Հազկերտ Երկրորդը կրոնափոխություն պահանջեց մեզնից և Ավարայրում բացասական պատասխանի արժանացավ: Մենք արյունով մարտընչեցինք ոչ միայն հանուն քրիստոնեության, այլև, գիտակցենք, ի սեր հայոց լեզվի: Թուրքի իրագործած ցեղասպանությունը նպատակ ուներ բռնազավթել ավետյաց երկիրը, որի միջով աստվածային Եփրատն է հոսում, և ոչնչացնել նրա բնիկ ժողովրդին: Նաև, չմոռանանք, արմատահան անել նրա լեզուն, որ աշխարհից հայերենն իսպառ վերանա: Հայ մարդկանց լեզուն կտրելու բազմաթիվ վկայություններ կան ցեղասպանության մատյանների մեջ: Երբ լեզուն բացակա է, չկա ո՛չ ժողովուրդ և ո՛չ իսկ հայրենիք: Ո՞ւր են աքքադացիներն ու շումերները: Իրենց լեզվի պես մեռած են, չկան, ընդամենը անհիշելի, հեռավոր հուշ են մնացել:
Մենք հայոց լեզուն համարում և անվանում ենք «մայրենի»: Դրանք յուրահատուկ հոմանիշներ են: Ինձ հայտնի չէ որևէ այլ ժողովուրդ, որն իր լեզվին «մայրենի» ասի, սովորաբար կոչում են «հարազատ»: «Մայրենիի» ու «հարազատի» տարբերությունն այն է, որ առաջինը բովանդակված է «սկիզբ», «ակունք», «արմատ» իմաստներով, իսկ մյուսն արտահայտում է հեռու-մոտիկ արյունակցական կամ զգացմունքային առնչություններ: Հայոց լեզուն մայրենի Եփրատն է, եդեմաբույր գետ, որ ծնվում է ծաղկավետ լեռների հավերժական ձյուներից:
Հայոց լեզվով խոսք ու միտք դարձան մեր էպոսը, բանահյուսությունը, պատմագրությունը, վիպասանությունը, պոեզիան, հումանիտար գիտությունները: Հայոց լեզուն ամրապնդեց մեր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր աշխարհագրությունն այս արևի տակ՝ յուրահատուկ ու անկրկնելի դիմապատկերով: Նա եղավ մեր ժողովրդին միասնականացնող գլխավոր ուժը մինչև իսկ հասարակական, ազգային, քաղաքական տարբեր շարժառիթներով երկփեղկված ժամանակներում: Նա Հայաստան է ու հայ ժողովուրդ: Այդպիսին էլ լինելու է ընդմիշտ: Չկա մեծանուն որևէ հայ, սուրբ Խաչատուր Աբովյանից սկսած, որն իր սերը, պատկառանքն ու հիացմունքը, հոգու գլխիկոր խոնարհումը, ինչպես Աստծո առաջ, արտահայտած չլինի հայոց լեզվի հանդեպ: Մեր գրականության մեջ մայրենիի անունն արտասանվում է աղոթքի նման՝ հայոց լեզու: Անհնարին է այս երկրպագությունը կշռել-գնահատել նույնիսկ հայերենի որևէ արտահայտությամբ: Չարենցն ասաց՝ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», այսինքն՝ լեզուն: Գտնվեցին մարդիկ, որոնք «բառը» հասկացան «բար»՝ միրգ, հանճարեղ բանաստեղծին բերելով իրենց մրգասեր բանջարեղության աստիճանին: Սա էլ Հայաստանը բնութագրող Պարույր Սևակն է՝ «Իմ քաղցրանո՜ւն, իմ բարձրանո՜ւն», որտեղ դժվար չէ լսել քաղցր ու բարձր հայոց լեզվի ձայնը: Կապուտիկյանը որդուն հորդորեց. «Թե մորդ անգամ մտքից հանես, Քո մայր լեզուն չմոռանաս»: Իսկ Համո Սահյանը հայաստանյան ամբողջ բնությունն ու դարերը խոսեցնում է հայոց լեզվով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան լեզուն սրբացնող գովք-աղոթաերգ: Համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ Նարեկացու «Մատյանը» գըրվեց հայերեն: Սահյանն ինձ հետ համաձայն կլինի. մեր եկեղեցիների զանգերը հայերեն են ղողանջում:
Արվեստաբան չլինելով՝ մի լրացուցիչ զգայարանով լսում եմ հայոց լեզվի ներկայությունը մեր գեղարվեստական մշակույթի բոլոր ասպարեզներում՝ հինավուրց քարափորագիր թե մանրանկարչական արվեստից մինչև արդի բարձրակարգ կերպարվեստը, ճարտարապետական կառույցներում, ի բացառյալ նորօրյա շինությունների, որոնք մաս առ մաս կլանում են թամանյանական Երևանն իրենց ապակեպատ աշտարակներով, ժողովրդական, ոչ լամբադային պարարվեստի պլաստիկայում, երաժշտության ոճակերպի ու հնչողության մեջ, նկատել-զգացե՞լ եք Կոմիտասի երգերի անբառ կատարումները դաշնամուրով և լարային քառյակով որքան հայերեն են զրուցում սիրտ ու մտքիդ հետ: Ամեն տեղ էլ հայերեն կա, մայրենի լեզու՝ իբրև հոգի, հոգեղենություն, հոգեկերտվածք:
Երբեմն հարցնում ենք ինքներս մեզ. ո՞վ ենք մենք: Օտարներին կարող է պատասխանն անհասկանալի կամ տարօրինակ թվալ. մենք հայ ենք, ադամանդի պես խտացված մեր հայրենիքը՝ հայոց լեզուն:
Հայ ժողովուրդը պահանջատեր է Թուրքիային՝ իր բնիկ հայրենիքի մեծ մասի բռնազավթման, շուրջ երկու միլիոն նահատակների և բարոյական մեծագույն կորուստների ու չարիքների համար, որոնք առ այսօր անփարատելի ողբերգություն են յուրաքանչյուրիս: Սա հարաբերություն է դրսի, օտարի հետ: Սակայն մենք ունենք նաև ներկայի պահանջ, մենք՝ մեզ. պահպանել, զարգացնել, հարստացնել հայոց լեզուն, դրանով իսկ՝ հայրենի երկիրը:
Հայոց լեզուն միշտ գտնվել է գրական այրերի բարձր ուշադրության կենտրոնում, հատկապես սուր պայքար է եղել պատմական խաչմերուկներում լեզվի նորացման ուղղությամբ՝ այն առավելագույնս համապատասխանեցնելու ժամանակի հոգևոր պահանջներին: Իսկ այսօր լեզվի մաքրության խնդիրն է կանգնած մեր առջև, նրա վերադարձն իր ազգային բնույթին ու բնությանը: Նկատի ունեմ ոչ միայն օտար բառերի ու արտահայտությունների հնչեցումը ճագարների պես բազմացող կատակաբան դերասացների և բազմաթիվ հեռուստահաղորդավարների կողմից, դա չարյաց փոքրագույնն է, այստեղ կարելի է բառն արգելել Լեզվի տեսչության օրենքով կամ էլ նրանց բերանը փակել, այդ ինչ բառ ես ասում, ա՛յ ընկեր, ա՛յ ընկերուհի ու տիկին, խոսքս հայոց լեզվի համակ քերականության՝ նրա արյան աղարտումների մասին է, երբ արյունը ոչ միայն սպիտակում, այլև չորանում է:
Կարպ Խաչվանքյանը տաղանդավոր արտիստ էր՝ հայոց նորագույն թատրոնի պատմության մեջ ունի իր էջը, սակայն հայերենի նրա շարահյուսական, առոգանային ու շեշտադրական կիրառումները, կարծում եմ, թեև ոգևորիչ, այդուամենայնիվ խիստ բացասական ազդեցություն գործեցին անմիջական հետնորդների վրա, որոնք զուրկ լինելով նրա շնորհներից, այսօր հանդես են գալիս իրենց «լեզվագիտության» ամոթալի մերկությամբ: Անուններ չեմ տալիս, բոլորդ գիտեք ովքեր են, ինչպիսի ինքնավստահությամբ են բեմ և լավագույն հաղորդաժամերին էկրան բարձրանում, եթե քիչ թե շատ լուրջ մարդ ես, ծիծաղդ չի գալիս, ուզում ես ողբալ ներկայիս քո մայրենիի բախտը, որն այսօր մի զգալի չափով այդ բախտախնդիրների բերանում է: Իմ ավագ սերունդն առ այսօր լսում է կատակերգություններում Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի, Դանզասների, Արման Կոթիկյանի, Մհեր Մկրտչյանի հնչեցրած արևելահայ թե արևմտահայ հայերենի արձագանքները. կարծես մեր լեզվի հոգին է մենախոսում: Դա գիտելիք է, բայց և կուլտուրա, որից վերջին տարիներս թափով նահանջում ենք դեպի հակահայերենը: Որքան ցավալի է նշել. այժմ մերն զգալապես ուրիշ է, նկատի առնելով «Վերվարածներն ընտանիքում» կինոշարը, որը հասնում է նաև Սփյուռք, ես դա կանվանեի լեզվական ճպլիզմ: Դերասանին, որին չեմ ճանաչում, բնավ նկատի չունեմ, գուցե նա իր ընտանիքում խոսում է օրինակելի հայերենով: «Ստոպ» չանելով, նույնը պիտի ասեմ նաև այստեղ վերուվար անող Արբիի և Սաթենիկի վերաբերյալ: Նրանք էլ են ճպլ: Էլ չեմ խոսում կինոշղթայի շատ գործող անձանց մարդկային խայտառակ կերպի, նրանց հարաբերությունների անորակ որակայնության մասին: Սա՞ է հայ ժողովուրդը: Ի՞նչ էին մտածելու մեր մտավորական-հոգեղեն անցավորները՝ սրանց տեսնելով: Չեմ կարծում կարողանային որևէ բառ ասել: Մտահոգվելու էին իրենց հոգու ամբողջ տխրությամբ:
Ճպլիզմը գրիպի պես վարակիչ է, որով վարակվում է հատկապես «միջին խավի» երիտասարդությունը: Այսօր այն երևանյան փողոցային աղբի նման շատանում հա բազմանում է և չի հավաքվում: Եթե չմաքրագործվենք, հեռու չէ այն օրը, երբ շատերը կխոսեն ու կգրեն ճպլերեն: Կհասկանանք իրար, բայց կօտարանանք մեզ ու չենք լինի մենք:
Թատրոնը, բեմահարթակները, հեռուստացույցը լեզվի դպրոցներ են նաև՝ այսօր շատ ավելի բազմամարդ, քան դպրոցներն ու համալսարանները, ամբողջ ժողովուրդն է ունկնդիր դրանց: Երբ լեզվի ուսուցումն իրականանում է բարձր բուհերի ոչ բոլոր բաժիններում, հատկապես կարևոր է դառնում հեռուստատեսիլի դերն իբրև դպրոց: Նա այդ դերն անում է չափազանց վատ և անպատասխանատու, հաճախ հենց ճպլավարի:
Ավարտեմ, թեև դեռ այնքան ասելու բան կա:
Այո՛, մեր մայրենին՝ հայոց լեզուն հայրենիք է: Ազատել նրան ավգյան ախոռներից՝ նշանակում է ունենալ ավելի մաքուր և լուսավոր հայրենի երկիր: Դա օրենքներով չի լինի, մանավանդ մեզանում օրենքները շատ դեպքերում մնում են թղթի վրա, չեն վերածվում իրական կյանքի: Այստեղ յուրաքանչյուրիս առաքինի աշխատանքն է անհրաժեշտ, համազգային գիտակցություն, պատասխանատվության բարձր կուլտուրա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։