ԷՍ ԵՆՔ. ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾԱԾՆ ԵՆՔ / Վ. ՓԻԼՈՅԱՆ

Ծիրանի ծառերի տակ(Ռուբեն Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակ» վեպը)
Վեպը ծանր ու լուրջ, բայց և քմահաճ ժանր է: Հաճախ այն մնում է իր կերտման ժամանակի մեջ, ավելի հաճախ ժամանակից հետ է ընկնում, և քիչ է պատահում, որ առաջ ընկնի, մնա ու լինի: Եվ ժամանակի արագացած ռիթմն է հակադարձ համեմատական վեպին: Ահա և ընթերցողի սեղանին է Ռ. Հովսեփյանի ,Ծիրանի ծառերի տակ» (Ե., 2006թ.)՝ ծավալով փոքր (206 էջ) վեպը, որին անդրադարձներ եղել են, որը պսակվել է մրցանակով, սակայն այնքան արժանավոր է թվում, ուր յուրովսանն իմաստավորելու պարտավորություն ենք զգում:
,Ծիրանի ծառերի տակ» վեպը հետաքրքիր է ֆաբուլա-սյուժե հարաբերակցության տեսակետից: Արտաքին գործողությունը` ֆաբուլան, երևելի կամ տարողունակ չէ. Ավետիքն իր Հրեշտակ ձիով ու սայլով երկու պարկ սալորաչիր ու քոթուկ է տանում Երևան, շուկայում վաճառում չիրը, այցելում խնամիներին, քոթուկը զբոսայգի տանում` Վարոսին հանձնելու (մահացած Վարոսի փոխարեն տալիս է վերջինիս որդուն), այս ընթացքում ըստ էության որդեգրում է որբ մի երեխայի` Պլնչոտին, ու Արմավիր տունդարձի ճանապարհին է: Ֆաբուլիկ այս նեղլիկ ու բարակ լարն է դառնում սյուժեն կրող ամրանը, և բացահայտվում է առնվազն մի քանի սերունդ տևած կյանքի ժամանակագրությունը` տեր Ստեփանոս, սրա որդի Ավետիք, սրա որդի Գոռ և ըստ էության որդեգիր մուրացկան մանուկ: Եթե որպես ֆաբուլա ապագային միտված ժամանակագրություն է` անցյալով փաստված, ապա որպես սյուժե նախորդած ժամանակների արձագանք–կրկնություն է, որովհետև նշված հինգ սերնդին էլ բաժին է ընկել կենսակերպի անտրոհելի բաղկացուցիչ դառնությունը:
Ժամանակագրական այս ընթացքը, սակայն, վերջնական արդյունքում ամբողջություն չի դառնում, այլ ամեն սերունդ յուրովի կրկնում է նախորդի փորձությունը (,իբր քեզանից առաջ ոչինչ չի եղել, ոչինչ չի հորինվել, և դու ես քարանձավից ելած մարդը» (էջ 18)):
Կյանքի դիպաշարային-նկարագրական պատկերումն այսօր անաքրոնիզմ է թվում, և ավելի կարևոր է դառնում ,թղթապանակի միջի թղթապանակ…» սկզբունքը` ,ժամանակի մեջ դրսևորվող մարդու հոգու մեջ տեղ գտած խռովք» տարբերակով, ասել է` գենետիկ ժառանգվածն ու ժամանակակիրը: Ժամանակն ամեն օր գրականությանը նույն պահանջն է առաջադրում` ,Պատկերի՛ր ինձ», բայց ամեն օր նորովի է հնչում պահանջը. ,Պատկերի՛ր ինձ այսօրվա մեջ»: Այս վեպում ժամանակային ցուցիչներն ավելի շատ են, բայց կա ,հենման կետը»` Հայաստան երկիրը` արտաքուստ ու ներքուստ, և կա հայ մարդը` իր անցյալով ու ներկայով:
Կա այսօրվա մոլորակաբնակ Հայաստանը, , որի լեռներից ծնված աղբյուրները վտակ-վտակ վազելով ու իրար միանալով, մի կարգին գետ չդարձած, մի կարգին, ամբողջական հովիտ չկազմած, թափվում էին այլոց ծովեր ու ոռոգում այլոց հողեր: Լեռնաշղթաները դեռ մի կարգին չծավալված, պար էին բռնում այլ աշխարհներում… Բնությունը ամբողջական է, ներդաշնակ, լեռից հարթավայր, ջրից ցամաք անցումները մեղմ են, սահուն, իսկ մարդկանց գծած քարտեզները, ահա, հող ու հոգի կտրատող… Սարի անվանումը քոնն է, սարը քոնը չէ: Քոնն է ու քոնը չէ: Պատմությունը քոնն է, ներկան` օտարինը, ապագան` Աստված գիտե, թե ումը: Հոգին քոնն է, նյութը` ուրիշինը: Հոգուց խլել են նյութը, նյութից` հոգին: Ոչ նյութազուրկ հոգին է նյութ ծնում և ոչ էլ հոգեզուրկ նյութը` հոգի: Փետրահան թևերով հոգու ճախրը երկինք չի հասնում, մեղսաշաղախ նյութը հրեշներ է ծնում…» (էջ 131-132): Սա միայն մենք չենք տեսնում, այլև ուրիշները, և կարող են փաստել. ,Ձեր այս փոքրիկ հողամասում այդքան սնունդ չկա բոլոր սերմերի համար… Եվ ոչ էլ այդքան զորություն ունեք, որ ընդարձակեք հողամասը… Ուրեմն պիտի աշխարհով մեկ ցրեք ձեր սերմը…» (էջ 202): Սա օտարի կողմից հայոց ճակատագրի անկիրք շարադրա՞նք է, թե՞ անեծք ու խարան: Եվ վեպում թեկո՛ւզ մասնակի, դրվագային, որպես ամբողջի անտրոհելի ու նկատելի բաղկացուցիչ, տեղ է գտնում նաև արտագաղթը` ,աշխարհով մեկ ցրեք ձեր սերմը»: Սա միայն կեցության արտաքին պարտադրանքների` հացի, ջրի, լույսի, ջերմության չգոյության, շրջափակման ու պատերազմի արդյունքը չէ: Մեր ներսում` մեր էության խորքերում է փնտրվելու դա` իրարից ու ինքներս մեզնից օտարվելը.
,Կտրատվել են ներցեղական կապերը, փրկություն է թվում փախուստը, մի այլ ցեղի, բարեկեցիկ ցեղի մեջ տարրալուծվելու գաղափարը: Հարմարավետ ու տաք անոթի փնտրտուք է: Իսկ քո անոթի վրա թքած: Քո անոթը թաղանթ է: Քո անոթի կճեպը փշրվել է, մնացել է թաղանթը: Այլոց անոթներից ջինի նման դուրս ելած հայածին պոռթկումը փառաբանում է դառնում օտար անոթի, և ոչ թե ցեղիդ ոգու, որի պոռթկումը ավելի ուժգին էր լինելու, եթե դուրս ժայթքեր սեփական անոթից: Աշխարհաքաղաքացի՞ եք ուզում դառնալ: Աշխարհաքաղաքացին քո անոթից ելած ջինն է: Մնացյալը կենվորներ են…» (էջ 184):
Եվ այսքանից հետո (կամ առաջ) վեպում կռանված-կոփված մի ձևակերպում կա, որ մեր տեսակին է վերաբերում. ,Ներսից առասպելն է ուտում պատմությունը, դրսից` քաղաքականությունը» (էջ 132):
Եվ կա հայրենիքի խորհրդակիր պատկերը` Մ. Սարյանի կողմից ձևակերպված որպես ,Ծիրանի ծառերի տակ» կտավ: Կտավը կյանքից է եկել և ներդաշնակության խորհուրդն ունի: Եվ կտավը ներգործում է կյանքի վրա` այս անգամ այլ ժամանակի մեջ: Կտավն ու իր հեղինակը այս վեպի հեղինակի ու գլխավոր կերպարի համար դարձել են ներդաշնության բարձրագույն արտահայտություն` ձևակերպվելով որպես վերնագիր, և անգին նկարին տեր լինելու ձգտումը փոխաձևվում է նկարը կյանքում վերակերտելու, կյանքը ներդաշնակելու ձգտման: Կնոջ` Օվսաննայի խորհուրդը` ,Այգիդ նկար դարձրու» (էջ 42), իրականացավ, և ,Բոլորից թաքուն Ավետիքը, վերջապես ձեռք էր բերել հրաշք այն կտավը, որ անգին էր ու վաճառքի ենթակա չէր…:
Ժամանակներն ու տարածություններն իրար խառնելով, նա մտնում էր նկարի մեջ, դառնում նկարի մասը, գույնը, երանգը… Լինում էին ինքնամոռացման պահեր, երբ Ավետիքը իրեն միաժամանակ թե ծառ էր զգում, թե՛ գույն, թե՛ լույս, թե՛ վրձին, թե՛ … Սարյան» (էջ 42): Սարյանական նկարը արվեստի կատարելության արտահայտություն է, և մարդու վերաբերմունքն առ այն որոշակիորեն կոնկրետ է. ,Քո երևակայությունը կարող է ճախրել անավարտի, արատավորի շուրջ, կատարյալի դիմաց երևակայությունդ քարանում է պատվո պահակի պես…» (էջ 40): Սակայն նկար այգին կենդանի գոյություն է, ուրեմն` նաև հարափոփոխ, իր հավերժական շրջապտույտն ապրող, և կարող է հավելվել նոր կերպարներով ու մանրամասներով. ,Ծիրանիների տակ, մինչև գոտկատեղը մերկ կանգնած, ատրճանակը ձեռքին, աչքը ճտած Գոռը նոր մանրամասն էր մեծ նկարի կտավում, բայց արի ու տես, որ ջահել, առույգ, առնական մարմնի գեղեցկությունը բոլորովին չէր խաթարում նախաստեղծ ներդաշնակությունը: Օտար մարմին չէր Գոռը: Կտավն ընդունել էր Գոռին» (էջ 49): Սեփական զենքի, ուժ ու զորության ներկայությունը պատկերում մոտենում է այլաբանության ու խորհրդանիշի, հանգեցնում ընդհանրացումների:
Նկարն ու այգին տեսնողը, այգին կտավի ներդաշնակությանը հասցնողը, այգու ու նկարի միջնորդը մարդ Ավետիքն է, ում համար և ում կամքից անկախ տրոփում է ժամանակը` Մեծ ժամանակը, Երկրի ժամանակը և Իր ժամանակը, և սրանց միջև կա աններդաշնությունը` որպես պարտադրված կենսակերպ. , զուգահեռ կյանքի ցավալի իրողությունը շերտ առ շերտ բացահայտվեց առաջին աքսորից հետո, սարդարապատյան երկնքի տակ, երբ հանկարծ պարզվեց, որ երկրագնդի ինչ-ինչ անկյուններում, սերնդեսերունդ փոխանցված քաղաքակրթության ձեռքբերումները տրվում էին ձրի, որպես ելման կետ` շարունակելու արդեն անվերջ շարունակությունը: Անցյալը, սկիզբը պատմություն էր, որ կարելի էր սերտել կամ չսերտել, իմանալ կամ չիմանալ, սիրել կամ չսիրել, և սա բնական ընթացք էր, ունենալու ընթացք: Անբնականը ամեն ինչ նորից ապրելն էր, նորից հայտնագործելը` անիվից մինչև հրթիռ: Իբր քեզանից առաջ ոչինչ չի եղել, ոչինչ չի հորինվել, և դու ես քարանձավից ելած մարդը» (էջ 18): (Միջանկյալ` ,Մեղա-մեղա, բայց մեր պահանջատիրությունը թուրքից ոչ այնքան կորուսյալ երկրի վերադարձը պիտի լիներ, որքան առաջընթացից ահա այսքան ետ մնալու գինը…» (էջ 20)): Ըստ էության շեշտվում է շեղումը ժամանակ-մարդ շարժման ներդաշնությունից, բայց և կարևորվում է հիշողության` անցյալի վաշխի անհրաժեշտությունը: Մոռացումը կրկնություն է ծնում կամ կրկնության նախապայման: (Միջանկյալ` այսօր էլ շատերին է թվում, թե Աբդուլլա Գյուլի` Երևան գալ-գնալով սկսվում է հայ-թուրքական բարեկամությունը, թե սահմանը բացելով կսկսվի տնտեսական վերելքը, թե Ֆեհթիյե Չեթինի ,Մեծ մայրս» գրքույկով թուրքերն ընդունեցին ցեղասպանությունը): Այդ պատճառով է վեպում բարձրաձայնվում. ,Հիշողությունից բուժում չկա, հերս: Հիշողությունը բուժած մարդը հիշողություն չունեցողն է: Իսկ հիշողություն չունեցողն արդեն մարդ չէ… Ոչ էլ ազգն է` ազգ… Տգեղ ենք, կռնատ ենք, ընկնավոր ենք, թունոտ ենք, կռվարար ենք, մեծամիտ ենք թե վախկոտ` էս ենք: Աշխարհի ստեղծածն ենք» (էջ 200):
Հատուկ պետք է շեշտել հեղինակի սևեռուն ու դիտողունակ հայացքի առկայությունը, որ կարողանում է տեսնել ու իմաստավորել կյանքի, զգայնության մանրամասնը և հատընտրելով դարձնել արվեստի մանրամասն ու աֆորիստիկ խոսք: Ասենք` ,Երբ սիրտն ու ուղեղը հաշտ չեն, ավելի լավ է մեռնես ու չտեսնես երկուսի էլ պարտությունը» ( 34), ,Անապատի ավազը բովանդակությունն էր, բարխանը` ձևը» (130), ,Այսքան ապրեցինք այս երկնքի տակ, գլխի չընկանք, որ Աստծուց էլ, մարդուց էլ խնդրում են այնքան, որքան նրանք կարող են տալ» (178), ,Նախորդ տարվա թունդ գինին մարդկանց, նույնիսկ խաղողն օրհնած քահանաների դեմքից լվացել էր սուրբ մեռոնը, արթնացրել քնած հեթանոսին, և այս անմահ ծերն ավելի առույգ էր, քան ծեսից հոգնած քրիստոնյան» (200): Այս ամենի արդյունքում ձևավորվում են տպավորիչ գեղարվեստական պատկերներ (մուտքը (3-4), Ավետիքին ուշքի բերելու տեսարանը (143), երկրաշարժին Պլնչոտի փրկվելու պատմությունը (186), վեպի էպիլոգը, որ բացարձակապես այլ ռիթմ ու շեշտ ունի` ասես պոկված էպիկական ասքից):
Եվ մի դիտարկում, որ կարող է զգացողությունից զատ այլ հիմք չունենալ: Վեպի հյուսվածքում սովորական` մյուսներից չզատվող պարբերություն կա. ,Նաև ուզում էր ասել, որ կրկեսի ձեռնածուներից ոմանք, հանդիսատեսի առջև, չգիտես ինչու, սիրում են բացահայտել հրաշքի գաղտնիքը ու հենց գաղտնազերծում են, հրաշքը ցնդում է, դառնում սովորական օյին: Իսկ Վարոսի համրիչի հրաշքը բոլորովին չի ցնդում Եվ ստիպում է փաղաքշանքով, աննկատ, համարյա առանց ստիպելու, և դու կամավոր, նույնիսկ, հաճույքով ես տրվում խաբկանքին» (էջ 187): Ասել է` գաղտնազերծվածն այլևս հրաշք (առասպել, հեքիաթ, արվեստ…) չէ: Եվ հեղինակն էլ տարիներ առաջ չքողազերծեց որդան կարմիրի առասպելը, երբ, թվում էր, Լևոն պապն արդեն գտել է ճշմարտությունը: Միֆի քողազերծումը միֆի մահն է, ,հոգու գաղտնարանների սնանկանալը», երբ չի լրացվում նորով: Միֆն ապրեցնել է պետք, որ ,չցնդի՜ երբեք ու մնա-երազ» (Չարենց): Սրանով իսկ հեղինակի` պատահական թվացող դիտարկումը դառնում է իր գեղարվեստական մտածողության պարզաբանման բանալիներից մեկը:
Այս վեպում կա՞ն խորհրդանիշեր: Թերևս կան, և կարող ենք իմաստավորել, սակայն այս պայմանականության մեջ անիմաստ կարող են դիտարկվել դրանք, որովհետև սա ժամանակի շնչառությունն իր մեջ առած վեպ է, որ չի հասցրել առարկան ու երևույթը խորհրդանշելու փոխանցումավազքն անցնել: Սակայն կանգ առնենք գոնե մի իրողության վերաբերմամբ: Ցույցի ընթացքում (,այս քանակի բազմություն Հայոց աշխարհը դեռ չէր տեսել, և քարե կաղապարի մեջ կծկված Մաշտոցի ոգին անհարմար էր զգում հիշել արքայավայել իր դիմավորումը Ռահ գետի ափին») , շան կաղկանձ էր լսվել ու երեխայի լաց: Ամբոխը ընկրկել էր, բացել փոքրիկ ու վերջին ջղաձգումներն արձակող շան մարմինը: Հուզված Մորուքավորը ճառը կիսատ էր թողել, իջել աստիճաններով, ծնկել շան դիակի առաջ, և, մատները խրելով դեռևս տաք բրդի մեջ, արձակել էր շնչափոկը ու հանձնել լացող տղային: ,Մի լա,- ասել էր,- ես քեզ նոր շուն կնվիրեմ: Նույն տեսակից» (էջ 158):
,Չնչին միջադեպ էր` արագորեն մոռացվեց» (էջ 159):
Բայց այնքան մոռացկոտ չենք, որ ընդհանրապես մոռանանք, և ահա նախագահ դարձած Մորուքավորի ապրած մղձավանջում հայտնվում են մանչուկն ու խոստումը: Պարզվում է, որ ,տրորված շան փոքրիկ տերը վաղուց ի վեր հոգեբուժարանում է, և նրան բուժելու բոլոր միջոցներն ապարդյուն են անցել: Նա չի ուտում այլևս, չի խմում, չի խոսում և ձեռքից բաց չի թողնում շնափոկը: Բայց այս առավոտ շնափոկն անհետացել է…» (էջ 159), և որպես խոստման առհավատչյա ու որպես հավաստում խոսքի դրժման` ,Շնափոկը ճոճի մեջ էր» (էջ 159): Մորուքավորը պահանջում է այրել. , այրել` նշանակում է ոչնչացնել, վերացնել, չհիշել: Այրել` նշանակում է անհաղորդ մնալ, անմասն մնալ առասպելաստեղծմանը: Թող անտառի թռչունները լուր տանեն, թող օջախի մոխիրը տարածի տհաճ խանձահոտը… Իսկ դու մի՛ միջամտիր: Մի՛ հերքիր: Մի՛ հաստատիր: Թույլ տուր, որ առանց այն էլ արտասովոր այս միջադեպը առավել արտառոց դառնա և …առավել հավաստի» (էջ 162):
Սա մանչուկին ու ժողովրդին տրված խոստման ուրացումն է` իրականությունից ածանցված: Դաժան, բայց ճշմարիտ պատկերը իր դաժան զարգացման տրամաբանությունն ունի` կապված Գոռի ճակատագրի հետ: Բայց այս և ուրիշ զարգացումներ վեպին քաղաքական ուղղվածություն են տալիս, ինչից թերևս տուժում է ասելիքը:
Երևի կամակոր պնդում է, բայց պատմությունը ժամանակի հանդերձն է, և գրքից ակնկալում եմ ժամանակի զգացողությունն ու իմաստավորումը, բայց ոչ պատմության շարադրանքը (դրա համար այլ գրքեր կան): Ժամանակը պատկերելը նպատակ է, պատմության պատկերումը` հետևանք, բայց արդյունքը վեպն է: Ժամանակի ձորձը դառնում է իկարոսյան թռիչքը խոչընդոտող բալաստ:
Այնուամենայնիվ, ժամանակի վավերագրի, վերջին անկախական տարիների քրոնիկոնի արժեք ունի այս վեպը նաև մասնակի թվացող իր այն անդրադարձներով, որ վերաբերում են արտագաղթին, Արցախյան պատերազմին, երկրաշարժին, քաղաքական սպանություններին: Սակայն որպես նկատելի բաց կարելի է տեսնել վեպի կուսակցականությունը, քանի որ բացահայտ է հեղինակի` որոշակի կուսակցության պատկանելը, այնինչ Շանթի կամ Համաստեղի գեղարվեստական գործերին անդրադառնալիս տեսնում ենք, որ այդ հեղինակները գրասեղանին մոտենալուց առաջ շատ հեռու են կախել իրենց կուսակցական համազգեստը: Մի հատված վեպից. ,Ծաղրածուի տարազով պատմության ուսուցիչ Տրդատը վազում էր դեպի Խորենացի ու ասում. ,Ես հարցեր ունեմ, բայց չեմ տալիս, չէ՞…»: Մյուս պատմիչներին արհամարհում էր, մոտ չէր գնում…» (էջ 132): Իսկ թե Փարպեցու մոտ գնանք կամ հե՛նց Խորենացու, նրանք Սահակ Պարթևի բերանով ասելու են. ,Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է» (Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981, էջ 433):
Հայ գրողը հովիվ ու հովվապետ է նաև և տեր է իր հոտի ախտավոր ոչխարին նաև, ու Արարատի հայացքի ներքո` ծիրանի ծառերի տակ, Գիրը ո՛չ բաժանելու, այլ բալասանելու խորհուրդ ունի:

Վ. ՓԻԼՈՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու., դոցենտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։