Շնորհավորական ուղերձներ Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ

Ուղերձ
Հայաստանի գրողների
միության հիմնադրման
80-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի գրողների միության նախագահ հարգելի Էդվարդ Միլիտոնյան,
Միության վարչություն,
Մեր գրչեղբայրներ,
Կալիֆոռնիայի հայ գրողների միության վարչությունը, նրա բոլոր անդամները շնորհավորում են Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-րդ տարեդարձը:
Գրողի անձն ու գործը՝ թե անհատական և թե հավաքական իմաստով՝ Հայ ազգի ճակատագրում ազգակենտրոն բացառիկ դեր ունեն:
Հայ գրողը միշտ իր տեղում է՝ ազգի ներսում:
Մեր էպոսը ստեղծող անձինք անմահ են:
Հայաստանի գրողների միությունը սերունդների հանդիպավայր հանդիսացող գրական միջավայր է՝ նաև դեռևս խորհրդային ժամանակներից պետական-պաշտոնական ազդեցությամբ, միջոցներով ու հնարավորություններով օժտված ազգային-պետական կառույց:
Մենք Հայաստանի գրողների միությանն ենք պարտական բացառիկ արժանիքներով օժտված գրողների՝ վիպասանների ու բանաստեղծների սերունդների և անհատ ստեղծագործողների ի հայտ գալու, նրանց ունակությունների զարգացման և դրսևորման, հայ մշակույթը բացառիկ ստեղծագործություններով հարստացնելու համար:
Հայաստանի գրողների միության շատ անդամներ, հիմնվելով իրենց տաղանդի, հեղինակության, իմաստ­ նության և անձնական այլ բացառիկ հատկանիշների վրա, խորհրդային ամբողջատիրական պայմաններում անասելի աշխատանք են տարել ցեղասպանության արծարծման, հայապահպանության, Սփյուռքում հայ ոգու մշտարթուն գոյության, Արցախի, Նախիջևանի, Ջավախքի հայության անկապտելի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Հայ ազգը այս պահին նախ և առաջ բարոյական առողջացման խնդիր ունի:
Անհրաժեշտ է վերագտնել և վերազինվել հոգեբարոյական այն կեցվածքներով, որոնք կվերացնեն և կկանխեն ազգային ամեն տկարացում և նահանջ:
Եթե հայ գրողն իր դերում չլինի, ապա անարդարու­թյան, անբարոյության, աղքատության դեմ ոչ մի պայքար արդյունք չի բերելու, իսկ հայ ազգը գալիք մարտահրավերներին անպատրաստ է դիմավորելու:
Նախ և առաջ հայ գրողի պարտականությունն է պայքարել ազգի բարոյական առողջացման համար. եթերը, մամուլը, հրատարակչությունները հագեցնել բարձրարժեք գործերով, արդի տեղեկատվական միջոցներով: Երիտասարդությանը մշտապես անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկություններ փոխանցել է պետք մեր ավանդներին հավատարմորեն ծառայելու, նրանցով ապրելու նշանակության և անհրաժեշտության վերաբերյալ:
Շնորհավորում ենք ձեզ՝ մեր ազգային կյանքում կարևոր նշանակություն ունեցող իրադարձության՝ Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ, ձեզ բոլորիդ ցանկանում ենք առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և նվաճումներ:

Համատեղ գործելու հավատով և
վճռականությամբ՝ Կալիֆոռնիայի հայ
գրողների միության վարչություն
23 հունիսի 2014, Գլենդել,
Կալիֆոռնիա, ԱՄՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայ գրողներին` Հայաստանի գրողների միու­թյան ստեղծման 80-ամյա հոբելյանի առթիվ և ցանկանում նրանց բոլորին բեղմնավոր ստեղծագործ աշխատանք:
Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանը համազգային կարևոր իրադարձություն է: Դարեր շարունակ գրչի հայ մշակները եղել են մեր ժողովրդի երազների ու տառապանքների լավագույն արտահայտիչները, հույս ու հավատ ներշնչել նրան և օգնել դիմակայելու տարբեր ժամանակների ամենադաժան փորձություններին:
Մեր օրերում տեղի են ունենում հայու­թյան ջանքերի միավորման գործընթացներ ազգային կյանքի տարբեր ոլորտներում: Ժողովրդի շահերին ծառայելու նպատակով նրա զավակների ուժերի միավորումը ժամանակի հրամայական պահանջ է դարձել: Հայ գրողներն իրենց հերթին ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացներին, նախաձեռնում հայրենիքի և Սփյուռքի նորագույն գրականություններին փոխադարձ ճանաչողության և համազգային հոգևոր մշակութային խնդիրների հետ առնչվող այնպիսի քննարկումներ, ինչպիսիք են՝ Գրողների համահայկական և օտարագիր հայ գրողների համաժողովները: Առանց վերապահման կարելի է ասել, որ Հայաստանի գրողների միությունը ներկայումս դարձել է համայն հայ գրականության օջախ:
Այսօր ստեղծագործական, կառուցողական սերտ համագործակցություն է հաստատվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միության միջև: Մեր համագործակցության հիմքում ընկած է ազգահավաքի առաքելությունը` միասնաբար դիմագրավել նոր հարյուրամյակի մարտահրավերները, սատարել նորանկախ հայրենիքին` հզոր ու բարեկեցիկ պետու­թյան տեսլականով, համախմբել մեր մտավոր և ստեղծագործական ներուժը:
Կրկին շնորհավորելով հայ գրողներին Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ արգասաբեր գործունեություն, համոզված լինելով, որ հայ գրականությունը կապրի մի նոր վերածնունդ, ընթերցողի սեղանին կդրվեն համամարդկային կյանքի բոլոր կողմերն ընդգրկող գրական նոր գործեր:

Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի
միության նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆԸ
1921թ. դեկտեմբերի 15-ին, երբ մի խումբ նախանձախնդիրներ Երևանում հիմնադրում էին Խորհրդային Հայաստանի գրական անդրանիկ կազմակերպությունը` «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը», բնական է, մտքներով չէին անցկացնում, որ ավելի շուտ քաղաքական-գաղափարախոսական, քան ստեղծագործական նպատակներով ստեղծված այդ միությունը ժամանակի ընթացքում այնպիսի հզոր գրական համախմբում է դառնալու, որ հազարամյակների հայ գրականությունը հարստացնելու է Չարենցի, Բակունցի նման հանճարներով, բազմաթիվ շողշողուն անհատականություններով ու մեծություններով:
Հասկանալի է` ոչ մի գրական կազմակերպություն գրող, առավել ևս, մեծ գրող չի երկնում, սակայն Գրողների միությունը, Թումանյանի բառերով, մի «Վերնատուն» է, որտեղ բանաստեղծներն ու արձակագիրները, քննադատներն ու թարգմանիչները համախմբվում են, համատեղ այն դժվարին ու արգասաբեր ուղին անցնում, որը հայ գրականության ներկան ու նաև, պետք է հուսալ, ապագան է կոչվում:
Առանց կեղծ համեստության ուզում եմ հավելել, որ բոլոր դրվատանքները, որոնք արժանիորեն հնչել ու հնչելու են Հայաստանի գրողների միության հասցեին, իրավամբ վերագրվում են նաև մեր` Ժուռնալիստների միությանը, որովհետև բառացիորեն չի եղել հայ գրող, որն իր ստեղծագործական գործունեության որոշակի փուլում լրագրությամբ չի զբաղվել և չի եղել այնպիսի անհատականություն ունեցող գրող, որն իր հրապակագրությամբ չի փայլել: Բավական է ասել, որ Ժուռնալիստների միության բարձրագույն «Ոսկե գրիչ» մրցանակի գրեթե բոլոր դափնեկիրները մեր լավագույն գրողներն են, որոնց անունները հարկ չեմ համարում առանձին-առանձին հիշատակել:
Կրկնեմ` որևէ գրական կազմակերպություն որևէ ժամանակ Չարենցներ ու Բակունցներ չի ծնում, սակայն այսօրվա հոբելյարը` Հայաստանի գրողների միությունն այն օրրանն է, որտեղ նոր Բակունցներ, նոր Չարենցներ պիտի ծնվեն, սլացքի թևեր պիտի ստանան ու իրենց անմահ գործերը երկնեն:
Ես դրան հավատում եմ:

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Հարգելի նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Չինաստանի գրողների միության և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայ գործընկերներին Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ:
Հայաստանը երկար պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթությամբ երկիր է: Ազգային անկախության համար երկար տարիների պայքարի ընթացքում հայ ժողովուրդը հրաժարվել է զիջելուց ու նահանջելուց՝ իր փորձառությունը փոխանակելով նաև չին ժողովրդի հետ՝ նրա ազգային-ազատագրական պայքարի ընթացքում: Ու գրականությունը եղել է յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ուժը բոլոր ժամանակներում: Վերջին 20 տարիների ընթացքում՝ Չինաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային բնագավառում երկու մարդկանց միմյանց հասկանալու հնարավորություն է ընձեռում:
Հուսամ, որ գրական համագործակցությունը մեր երկու երկրների միջև կարող է իր սեփական դերն ունենալ՝ ի նպաստ Չինաստանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամության ու փոխհասկացողության:
Լավագույն ցանկություններով՝

Թայ ՆԻՆԳ
Չինաստանի գրողների միության նախագահ

Այս տարի համագործակցության նոր կապեր են հաստատվել Հայաստանի գրողների միության և Չինաստանի գրողների միության միջև: Ծրագրվում է հայ դասական, ինչպես նաև ժամանակակից գրականու­թյան թարգմանություն և գրքերի հրատարակում: Միությունների միջև տեղեկատվություն է փոխանակվում իրականացվող ծրագրերի մասին, նախատեսվում է հայ և չինացի գրողների փոխադարձ այցելություններ:
(«ԳԹ»)

Հար­գե­լի՛ գոր­ծըն­կեր­ներ, հա՛յ գ­րող­ներ

Սեր­բիա­յի գրող­նե­րի միութ­յու­նը շնոր­հա­վո­րում է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յա­նը` 80-ամ­յա նշա­նա­կա­լից հո­բել­յա­նի առ­թիվ: Ան­ցած տա­րի­ներն ի­րենց կեն­դա­նի և ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­կա­յութ­յամբ տե­սա­նե­լի են ե­ղել ինչ­պես հայ­րե­նի, այն­պես էլ մի­ջազ­գա­յին գրա­կան ու մշա­կու­թա­յին աս­պա­րեզ­նե­րում: Մեր եր­կու միութ­յուն­նե­րի հա­ջող և ար­գա­սա­բեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ար­տա­հայտ­վել է գրա­կա­նութ­յան և մշա­կույ­թի բնա­գա­վա­ռում սերբ և հայ գրող­նե­րի ու­նե­ցած ձեռք­բե­րում­նե­րով, գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի թարգ­մա­նութ­յուն­նե­րով, ինչ­պես նաև ա­ռան­ձին հրա­տա­րա­կութ­յուն­նե­րի և ան­թո­լո­գիա­նե­րի լույ­սըն­ծայ­մամբ: Դա լավ հենք է ծա­ռա­յել նոր գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, սերբ և հայ գրող­նե­րի, մեր եղ­բայր ժո­ղո­վուրդ­նե­րի փոխ­մեր­ձեց­մանն ու մտեր­մաց­մա­նը: Այդ ա­մե­նը մեր ա­պա­գա բա­րե­կա­մութ­յան ընդ­լայն­ման, հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և փոխ­հարս­տաց­ման լա­վա­գույն ե­րաշ­խիքն է:

Ռա­դո­միր ԱՆԴ­ՐԻՉ
Սեր­բիա­յի գրող­նե­րի միութ­յան
նա­խա­գահ
20 հու­նի­սի 2014 թ., Բելգ­րադ

Հայաստանի գրողների միության
հարգելի՛ գործընկերներ

Շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության 80-ամյակի կապակցությամբ: Ինձ առիթ է ընձեռվել երկու անգամ այցելել ձեր հրաշալի երկիր. 2010 թ.` թարգմանիչների ու հրատարակիչների համաժողովին և 2013 թ.՝ Պոեզիայի միջազգային փառատոնին: Տպավորություններն անմոռանալի են: Իհարկե, մեր թերթում արձագանքներ եղան այդ իրադարձությունների մասին՝ բազմաթիվ լուսանկարներով, հայ հեղինակների բանա­ստեղծություններով: Հուսամ, որ Բուլղարիայի գրողների միությունը ավելի սերտ կապեր կհաստատի Հայաստանի գրողների միության հետ. չէ՞ որ մենք կապված ենք պատմական ու գրական ամուր կապերով: Մենք վերջերս նոր նախագահ ունենք, և, կարծում եմ, միջազգային կապերի կարևոր բաժինը կվերադառնա իր նախկին բարի ավանդույթներին:
Ջերմ ողջույններով ու ստեղծագործական մեծ հաջողությունների մաղթանքով՝

Նադյա ՊՈՊՈՎԱ
Բուլղարիայի գրողների միության
վարչության անդամ
«Խոսքն այսօր» թերթի խմբագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Միլիտոնյան, Հայաստանի գրողների միության անդամ սիրելի քույրեր և եղբայրներ,
Հանուն Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալ հայորդիների շնորհավորում ենք Հայաստանի ԳՄ 80-ամյա հոբելյանի առիթով:
Մեր ժողովրդի հազարամյա կենսուղին հազարավոր փորձությունների մեջ հաստատվել ու փայլատակել է շնորհիվ երկու գոյապայմանի՝ հավատի և լեզվի: Մեր առաքյալներով Հայաստան հասած և 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով վառած կանթեղը, Հայ Եկեղեցու խորանից ճառագելով, լուսավորում է մեր ճանապարհը, իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնած գործը, արմատներով դարերի խորքերը մխրճված ժողովրդական բանահյուսությամբ, մեր պատմիչների, մեր հոգևոր հայրերի, մեր քնարերգուների գրչով հղկվել ու լուսարձակել է՝ դառնալով մեր գոյության անխաբ վկան: Հիրավի, ապագայում լինելու մեր հավակնությունն անհիմն կլիներ առանց մեր դարավոր գրականության, առանց Գողթան գուսանների, առանց պատմագրության, առանց հոգևոր երգերի, առանց հանճարեղ Նարեկի ու միջնադարյան սիրերգության, առանց հայ նոր գրականության, որի մշակներն եք նաև դուք: Ձեր զինակիցներն առաջիններն էին, որ նահատակ դարձան 1915 թվականի խոշոր ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության, և նրանց սրբադասումով ու աղոթքներով է, որ վառվելու է մեր հավերժության ջահը՝ լուսավորելով մեր ուղին առ անմահություն:
Մաղթում ենք ամենքիդ քաջառողջ, արևշատ տարիներ և աստվածազգաց ստեղծագործական վերելքներ: Թող Աստծո մշտանորոգ օրհնությունը ուղեկցի հայ մտքի մշակներիդ և ձեր միությանը:

Տ. ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության վարչությունը ի սրտե շնորհավորում է Հայաստանի գրողներին նշանակալից հոբելյանի` հանրապետությունում գրողների ստեղծագործական միության ստեղծման 80-ամյակի առթիվ:
Դուք շատ դժվարություններ եք հաղթահարել ձեր փառավոր ճանապարհին: Դժվարին ժամանակներ ենք ապրում մենք բոլորս նաև այսօր, այդուհանդերձ հուսով ենք, որ նույնիսկ այս բարդ պայմաններում Հայասատանի գրողները կշարունակեն կատարել երիտասարդ սերնդին մեր բազմադարյա եղբայրական ավանդույթների ու բարեկամական փոխհարաբերու­թյունների ոգով դաստիարակելու սուրբ պարտականությունը:
Անկեղծորեն ցանկանում ենք Հայաստանի բոլոր գրողներին բեղմնավոր աշխատանք, ընթերցողների գնահատանքն ու ստեղծագործական նորանոր թռիչքներ:

Վլադիմիր ԲՈՅԱՐԻՆՈՎ
Վարչության նախագահ
Ալբերտ ՕՀԱՆՅԱՆ
Վարչության քարտուղար

Ռուսաստանի գրողների միության վարչությունը շնորհավորում է Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանի առթիվ: Հայաստանի գրողներին մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական եռանդ:
Հուսով ենք, որ մեր ստեղծագործական կապերը կամրապնդվեն ու կզարգանան:

ՎԱԼԵՐԻ ԳԱՆԻՉԵՎ (նախագահ ),
ՎԱԼԵՐԻ ՌԱՍՊՈԻՏԻՆ (համանախագահ)
ԳԵՆԱԴԻ ԻՎԱՆՈՎ (առաջին քարտուղար)

ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում ենք ձեզ այս նշանակալից և արժանահիշատակ իրադարձության՝ Հայաստանի գրողների միության փառապանծ 80-ամյակի առիթով£
Գալակտիոն Տաբիձեն գրողների միությունն անվանում էր «սրտերի միություն»£ Վրաց գրողները ճիշտ այսպես սիրով ու գրական-գործնական փոխառնչություններով ամենից ավելի շատ կապված են հայ գրողների հետ£ Այս մասին են վկայում մեր թե՛ անցյալը և թե՛ ներկան£
Դեռևս 19-րդ դարասկզբի վրաց գրական-հասարակական մեծ գործիչ, սրբոց շարք դասված Էքվթիմե Թաղաիշվիլին գրում էր. «Անհրաժեշտ է հիմնադրել գրողների մի միավորում, որը կառաջնորդի ազգին»£
Ձեր Հայաստանի գրողների միությունն, իրոք, ազգային առաջնորդն է և 80 տարի շարունակ արժանիորեն է իրականացնում ազգի առաջնորդի իր կարևորագույն առաքելությունը£
Մաղթում ենք ձեզ ստեծագործական նորանոր հաղթանակներ£

Ջերմ սիրով ու նվիրումով՝ Վրաստանի գրողների միություն
Մաղվալա ԳՈՆԱՇՎԻԼԻ
Ջանսուղ ՉԱՐԿՎԻԱՆԻ
Ռևազ ՄԻՇՎԵԼԱՁԵ

Գրողների միությունների միջազգային ընկերակցության գործկոմը ջերմորեն շնորհավորում է գրչակից եղբայրներին՝ Հայաստանի գրողների միության փառավոր 80-ամյակի առթիվ:
Հայաստանի գրողների միությունը ստեղծագործական մեծ ավանդ է մուծել ազգային և ամբողջ խորհրդային գրականության գանձարանը: Երկար տարիներ ձեռք ձեռքի տված մենք ընթանում ենք ընդհանուր ճանապարհով, միասին աշխատում մարդասիրության հաստատման, ոգեկան բարձր իդեալներին հավատարմության և մեր հայրենիքին ծառայելու ասպարեզում: Ձեր ստեղծագործական միության անդամները վաստակել են իրենց երախտապարտ ընթերցողների սերն ու հարգանքը, նրանց բազմաթիվ երկերն արժանիորեն գնահատվել են աշխարհի շատ երկրների իրենց գործընկերների և ընթերցողների կողմից:
Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բազմամյա ստեղծագործական բարեկամությունը, ուրախ ենք, որ այսօր ևս, արդեն պատմական նոր իրակություններում, Հայաստանի գեղարվեստական խոսքի վարպետները հոգատարությամբ պահպանում և շարունակում են ԽՍՀՄ գրողների միության փառավոր ավանդույթները, ամրապնդում են ԱՊՀ միասնական գրական տարածքը:
Հոբելյանական այս օրերին Հայաստանի բոլոր գրողներին ի սրտե մաղթում ենք քաջառողջություն, ստեղծագործական երկարակեցություն և անսպառ ոգեշնչում՝ հայրենական խոսքարվեստին ծառայելու գործում:

Ի. Ի. ՊԵՐԵՎԵՐԶԻՆ
Գրողների միությունների միջազգային
ընկերակցության գործկոմի նախագահ

ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Հայաստանի գրողների միության կազմավորման 80-ամյակի կապակցությամբ:
Հայ ժողովուրդն իր գոյության առաջին օրերից ունեցել է ստեղծագործելու հզոր ներուժ, ինչը մշտապես դրսևորվել է նաև գրականության մեջ:
Մեր գրականությունը մեր ժողովրդի ուղեկիցն է եղել, գրողները՝ ժողովրդի առաջամարտիկները, գրողի խոսքը՝ ժողովրդին ոգեշնչող ուժ:
Համաշխարհային գրականությունը հարուստ է նաև հայ ժողովրդի գրականությամբ, հայոց մեծերի համամարդկային արժեք ներկայացնող ստեղծագործություններով:
Հայ ժողովուրդը երկրապահ ժողովուրդ է, մեր գրականությունն էլ է երկրապահ, մեր գրողը, բանաստեղծը երկրապահ են, և մենք մեր երկիրը պահել և պահում ենք նաև գրականությամբ: Այս է ցույց տալիս հայ ժողովրդի հազարամյա մշակույթն ու գրականությունը:
Ազգային-ազատագրական պայքարի վերջին փուլի առաջամարտիկն ու հայ ժողովրդի կողմից սպարապետ ճանաչված ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը Գրողների միության ընտանիքի անդամ էր և գրիչն ու զենքը նրա համար համազոր էին:
Անկախության գործընթացի ակունքներում Գրողների միությունն էր, որն այդ օրերին դարձել էր ազգային հուզումների ուղղորդման և խնդիրների կարգավորման օջախ:
Անկախության գործընթացում և ազատագրական պայքարում մենք կորցրինք նաև գրողներ, ովքեր մարտադաշտում գրիչը փոխարինել էին զենքով:
Փա՛ռք անկախության ու ազատագրության համար նահատակված բոլոր հայորդիներին:
Փա՛ռք ժողովրդի ինքնության պահպանման, անկախության ու ազատության համար նահատակված մեր գրողներին:
Եվ փա՛ռք մեր ժողովրդին, որ ունի Նարեկացի ու այսօր էլ շարունակում է իր դրոշը վեր պահել համաշխարհային գրականության ասպարեզում:
Եվս մեկ անգամ Գրողների միության կազմավորման 80-ամյակի առթիվ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, ձեզ, հարգելի գրողներ, և մաղթում առողջություն, ընտանեկան երջանկություն ու ստեղծագործական բեղմնավոր գործունեություն, ի փառս հայ ժողովրդի, հայոց պետականության և հայ գրականության:

Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։