ԵՐԲ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԴՈՓՈՒՄ ՏԵՂՈՒՄ… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-Գաբրիել ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

 Գաբրիել ՍՈՒԼԹԱՆՅԱՆԱլիս ՀովհաննիսյանԳաբրիել Սուլթանյանի առաջին գիտական աշխատությունը` նրա 30 տարիների տքնաջան աշխատանքի առաջին արգասիքը, որ հիմնված էր ոչ թե հայտնի «փաստարկների», այլ միմիայն իր կողմից վերծանված նշանագրերի վրա, տպագրվեց Անգլիայում, 2004 թ.: Ըստ Գ. Սուլթանյանի` թեև լեզվի հնչյունաբանական տվյալներն ու ավանդություններն անկարևոր չեն պատմագիտության համար, սակայն իրենց նշանակությամբ միայն հաջորդել կարող են քարեղեն արձանագրություններում պահպանված գիտելիքին: Գ. Սուլթանյանի հետ իմ հարցազրույցի առիթը վերջերս հայերենով լույս տեսած նրա առաջին գիրքն է, որին դեռ ձեռագիր վիճակում առիթ ունեցա ծանոթանալու և ապշելու` ոչ թե այն բանից, թե այս ասպարեզում որքան քիչ և որքան անհաստատ գիտելիք են տվել ինձ համալսարանում, այլ` որքան աշխատանք, տքնանք ու խիզախություն է պետք հատկապես մեր երկրում բոլոր բնագավառներում ձևավորված կարծրատիպերի հետ բանավիճելու համար: Դեռ չխոսենք հաղթող դուրս գալու մասին: Առիթը նաև այն է, որ մի քանի օր առաջ գիտնականին ԱՄՆ-ի հռչակավոր համալսարաններից մեկի Լեզվաբանության՝ հնագրերի կենտրոնական ամբիոնից առաջարկ է արվել վերանայել և շտկել Լարոշի կազմած և 1960 թ. Ֆրանսիայի Սաարլենդ քաղաքում տպագրված պատկերագրերի քարտարանն ու վերծանությունները: Գիտնականն արդեն ավարտին է հասցրել այդ աշխատանքը:
Գ. Սուլթանյանը ծնվել է Կիպրոսում, սովորել է Մելքոնյան վարժարանում, գործի բերումով մեկնել է Մանչեստր և հասել տեքստիլ ոլորտի բարձունքներին, որից հետո թողել է ամեն ինչ և ամբողջությամբ նվիրվել հայագիտությանը: Երբ պատրաստել է առաջին մեհենագրերի վերծանության փորձը անգլերենով և ուղարկել հոլանդացի նշանավոր գիտնական, հայագետ Ջոս Ուայթենբերգին, պատասխանը եղել է. «Դու ո՞վ ես, նորելուկ, որ բոլոր գիտնականներին իմաստակի տեղ ես դրել»: Երբ Գ. Սուլթանյանը նրան ուղարկեց երկրորդ գիրքը, գիտնականը շնորհակալական նամակ գրեց, իսկ երրորդ գրքից հետո Ուայթենբերգն իր պատասխան նամակում գրել է. «Այս գիտությունը քո դրած հիմքերի վրա պետք է առաջ գնա»: Զարմանալի է, բայց այսօր քչերը գիտեն, որ մինչև մ.թ. 2004 թ. հայոց նախապատմություն գոյություն չի ունեցել: Եղել են միայն ավանդությունների, հնչյունաբանական ուսումնասիրությունների և մտքի հնարանքների վրա հիմնված ենթադրություններ, որոնք անգամ մեծամեծ գիտնականների, հայրենական և օտար հայագետների կողմից ընդունվել են որպես ճշմարտություն, հաճախ զուտ ճշմարտություն և ամենավտանգավորը` որպես միակ ճշմարտություն: Մինչև այդ էլ օտարազգի գիտնականները չեն ընդունել հայերի նախապատմությունը` ասելով, որ դա առասպել է, իսկ հայ գիտնականները հորինում էին այն և դեռ շարունակում են հորինել:

 

Ալիս Հովհաննիսյան – Որտե՞ղ են այն արձանագրությունները, որոնք Լարոշի կողմից լուսանկարվել, ի մի են բերվել և դարձել են Ձեր ուսումնասիրության նյութը:
Գաբրիել Սուլթանյան – Դրանք հիմնականում սփռված են եղել ներկայիս Թուրքիայի տարածքում: Այժմ պահպանվում են Ստամբուլի, Անկարայի, Նյու Յորքի, Բոստոնի և Բրիտանիայի թանգարաններում:
Ա. Հ. – Իսկ ի՞նչ էին ասում աշխարհի, այդ թվում՝ հայ գիտնականներն այս արձանագրությունների մասին:
Գ. Ս. – Ընդամենը մի քանի տարի առաջ անդրադարձա, որ այս գիտնականները աշխարհի տարբեր համալսարաններում բարձր գիտելիքներ են ստացել, բայց հեռու են երևակայությունից: Զարմանում էի, թե ինչպես կարելի է չհասկանալ և այլ բացատրություն տալ նշանագրին, որ բացահայտորեն մուկ է նշանակում կամ մարդու կիսադեմ: 1995 թ. Իտալիայում կայացած գիտաժողովում գիտնականները նոր նշանագրեր ներկայացրին, բայց չգիտեին դրանց նշանակությունը: Դրանք վերագրվել են Լուվյաններին, բայց պատմության մեջ գոյություն չունի մի փաստ, որ Լուվյանները Անատոլիայի հարավ-արևմուտքից գաղթել են հարավ-արևելք` Արամի երկիրը: Լուվյանները մ.թ.ա. 13-րդ դարում անհետացան պատմության ասպարեզից, երբ հայերը դեռ Անատոլիայում չէին կազմավորվել որպես ժողովուրդ: Եվրոպացիները հայկական արձանագրությունները վերագրեցին Լուվյաններին, մերոնք էլ ընդունեցին դա, քանի որ, ցավոք, մեր գիտնականները` իրենց տիտղոսներով հանդերձ, տակավին չեն կարող հասկանալ իրենց հայրենի նախալեզուն, որի համար մասամբ պատասխանատու է նաև Մ. Աբեղյանը, և հետևելով օտար` հայերենին անտեղյակ հեղինակներին, առատաձեռնորեն այդ արձանագրությունները պարգևում են Լուվյաններին:
(Իսկ որ դրանք հայերեն արձանագրություններ են` Գ. Սուլթանյանի նորարարություններից միայն մեկն է հայոց նախապատմության մեջ, գուցեև` ամենակարևորը: Նա վերծանել է Լարոշի քարտարանում զետեղված մոտ 150 արձանագրություններից 107 ամենածավալունները: Զարմանալի չէ, որ բացառիկ ներքնատեսությամբ օժտված մարդը չի հասկանում, թե ինչո՞ւ բոլորն էլ օժտված չեն այդ հատկությամբ: Ա.Հ.):
Ա. Հ. – Ե՞րբ սկսեցիք զբաղվել այս գիտությամբ:
Գ. Ս. – 1975 թ., երբ սկսեցի հետաքրքրվել հայոց նախապատմությամբ, պարզվեց, որ նման բան գոյություն չունի: Ուսումնասիրեցի բոլոր ազգերի նախապատմությունները. դա տևեց մինչև 1982 թ.: Այդ թվականին էր, որ կարողացա բացատրել պայոնես բառը, որ նշանակում է հայ արարածներ, մի բառ, որի բացատրությունը չէին գտել ո՛չ Ջահուկյանը, ո՛չ բուլղարացի գիտնական Ջորջիևը: Դրանից հետո ամեն ինչ հեշտացավ: Հասկացա, որ ի տարբերություն Լուվյանների և Հեթիթների, որոնց ժամանակակիցն են համարում հայերին, հայը նախապատմության մեջ երբևէ չի բացակայել, և հայերի մասին փաստերն այն մասին են խոսում, որ Բալկաններից գաղթեցին Արամի երկիր: Երբ հայերը եկան Արամի երկիր և հետո մտան Ուրարտու, Սևանա լիճը, որ շատ նման է Բալկաններում գտնվող Լիխնիդիս լճին (ներկայումս` Օխրիդ), անվանեցին Լիխնիդիս: Երկուսն էլ գտնվում են ծովի մակերևույթից մեծ բարձրության վրա (Սևանը ավելի բարձր է): Բալկաններում նրանց կենտրոնական գետը կոչվում էր Աքսիոս, որ նշանակում է արժեքավոր: Երբ նրանք Արամի երկրից Ուրարտու մտան, կենտրոնական գետը անվանեցին Արաքսի, որ նշանակում է նախնական արժեքավորը: Կարկամիշի առաջին թագավորի անունը Հույս էր: Նա մի արձանագրություն է թողել, որ շատ կարևոր է մեզ համար. «Հայի մի կտոր եկավ և իմ քաղաքներից մեկը գրավեց»: Ինքը` Հույսն էլ, հայ էր, ամուսնացել էր Կարկամիշի թագավորի դստեր հետ և տիրացել գահին, իսկ նրա թողած արձանագրությունը վկայում է հայերի շարունակական գաղթի և ինքնահաստատման մասին: Հայերը, որ մասնակցեցին Տրոյայի պատերազմին, հենց Բալկաններից էին: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու բանակում հայերը, դարձյալ Բալկաններից, ունեին երեք զորագունդ, որոնք լավագույններն էին ճանաչվել Մակեդոնացու արշավանքների ընթացքում: Այս մասին վկայությունը պահպանվում է Քուինտոս Զմիուռնեուսի «Տրոյայի անկումը» աշխատության մեջ (մ.թ. 2-րդ դար):
Աճառյանը նույնպես ընդունում է այն փաստը, որ հայերը Բալկաններից են եկել և բնակություն հաստատել այստեղ. «Նախահայրենիքից մեկնելով` հայերը Սև ծովի հյուսիսային կողմից անցան և նրա արևմտյան մասը քերելով դեպի արդի Բալկանյան թերակղզին առաջացան: Այստեղ մի ժամանակ հաստատվելուց հետո, թերևս թրակո-փռյուգիացիներից քշվելով, փոքր Ասիա մտան և դեպի Ալիսի հովիտը դիմեցին»: (Հ. Աճառյան «Հայոց պատմություն` հյուսված ընդհանուր պատմության հետ»):
Ա.Հ. – Ձեր գրքերով և փաստորեն բոլորովին նոր հայեցակետով Դուք մարտահրավեր եք նետում բոլոր այն գիտնականներին, ովքեր համոզված են, որ հայերն ու ուրարտացիները նույն ժողովուրդն են, և հայերը Հայկական լեռնաշխարհում բնիկներ են և ոչ թե եկվորներ:
Գ.Ս. – Աշխարհում բնիկ ժողովուրդ գոյություն չունի, բոլորը եկվոր են: Հազարամյակների ընթացքում չի կարող որևէ ժողովուրդ տեղաշարժված չլինել, եթե, իհարկե, չի վերացել:
Ա.Հ. – Ըստ Ձեր ուսումնասիրությունների` մեզ համար բացվում է պատմության շղարշը, և բոլորովին մի նոր Ուրարտուի և բոլորովին նոր Հայաստանի պատկեր է ներկայանում: Սա շատ տարողունակ նյութ է, բայց տարբեր աղբյուրների և Ձեր ուսումնասիրությունների միջոցով ապացուցում եք, որ հայերը Բալկաններից եկան Արամի երկիրը, 600 տարի ապրեցին այնտեղ ուրարտացիների և արամեացիների հարևանությամբ, երբեք չհարձակվեցին մեկմեկու վրա, այլ ապրեցին խաղաղության մեջ, իսկ օտար հարձակումներից միասին էին պաշտպանվում: Եվ թե ինչպես, ի վերջո, ուրարտացիները որպես ազգ վերացան, իսկ հայերը մնացին այս տարածաշրջանի տերն ու տնօրենը` հիմնավորում եք Ձեր բոլոր աշխատություններում: Ինքս պատմաբան չլինելով` մտածում եմ, որ սա ավելի մեծ ուժի, զորության նշան է` բարձր քաղաքակրթվածության, ողջախոհության, բարձր բարոյականության և ժողովրդի ամբողջական պատկերը ներկայացնող այլ հատկանիշներով, քան բնիկ լինելու հանգամանքը:
Գ.Ս. – Այո, մինչև Ուրարտու գալը մենք` հայերս, 600 տարի ապրել ենք Արամի երկրում, ունեցել ենք բազմաթիվ փոքր թագավորություններ: Խորենացու «Պատմության» 12 և 19-րդ գլուխներում հիշատակված թագավորները բոլորն էլ Արամի երկրի թագավորներ էին: Նրանք մինչև մոտ մ.թ.ա. 708 թ. ունեին իրենց անկախ թագավորությունները: Մինչև Վաղարշ թագավորը (մ.թ. 113-144 թթ.) Ուրարտու եկած ընտանիքները նահապետական ընտանիքներ էին: Վաղարշի օրով նրանք ստացան նախարարական կոչումներ` ինչպես և ուրարտացիները:
Ա.Հ. – Ըստ Ձեզ, ինչպե՞ս տեղի ունեցավ ուրարտերենի լուծումը հայերենի մեջ: Աճառյանը սրա մասին ասում է հետևյալը. «Երկու դար տևեց ամբողջ ձուլման գործը. հայերը խալդիներից նվազ քաղաքակիրթ ժողովուրդ էին, ուստի շատ բան ընդունեցին բնիկների քաղաքակրթությունից, ստացան նրանց պետական կազմը, նախարարական կազմակերպությունը, ընդունեցին խալդյան ազնվական տոհմերին իրենց մեջ, բայց պահեցին իրենց բնիկ լեզուն, որին ենթարկվեցին նաև բնիկները: Դժբախտաբար, հայերը չսովորեցին խալդյանների բևեռագրական դրությունը, որ կարող էր նաև հարմարվել իրենց լեզվին, և այս պատճառով շատ ուշ ձեռք բերին գիր և գրականություն»:
Գ.Ս. – Չափից դուրս մեծ հարգանք ունենալով Հ. Աճառյանի հանդեպ և ընդունելով, որ առանց նրա վիթխարի աշխատանքի, հատկապես փոխառությունների ուսումնասիրման հարցում, իմ աշխատանքը գլուխ չէր գա, պիտի ասեմ, որ պարզապես նրան հայտնի չէին շատ ու շատ փաստեր, որոնք տասնյակ տարիներ անց ի հայտ եկան: Նրան հայտնի չէր, որ հայերը թե՛ գիր և թե՛ գրականություն ունեին հույներից 250 տարի առաջ և գուսաններ ունեին Հոմերոսից առաջ: Երբ Անատոլիա վերաբնակվածների թիվը մ.թ.ա. 12-րդ դարից սկսեց ստվարանալ, այնտեղ էլ կազմավորվեցին և 10-րդ դարից սկսած հաստատվեցին թագավորություններ, որոնք էլ թողեցին մեհենագիր արձանագրություններ: Այսպիսի մի ժողովուրդ, որ կազմավորված է և ունի գիր, գրականություն, հարկ է կոչել քաղաքակրթված: Ուրարտերենը հայերենի մեջ լուծվելու և հայերենի վերածվելու գործընթացը տևեց մոտ 1000 տարի: Եվ այդպես էլ ուրարտացի ազգը դարձավ հայախոս, ի վերջո քայքայվեց: Այո, փաստ է, որ ոչ թե հայերենը լուծվեց ուրարտերենի մեջ, այլ` հակառակը: Եվ դրա հետ մեկտեղ կայացել է ուրարտացիների ուծացումը:
Ա.Հ. – Գալով հայերենով լույս տեսած Ձեր առաջին գրքին` «Հայոց պատմությունը և Մովսես Խորենացին», պետք է դարձյալ նշենք, որ այն նախ և առաջ լույս աշխարհ է եկել մի շարք գիտական կարծրատիպեր հաղթահարելու և պատմական իրողությանը մի քանի քայլով էլ մոտենալու միտումով: Այստեղ նույնպես դուք հայերեն (հայտնաբերման տեղի անունով Անատոլյան են կոչվում) արձանագրությունների վրա հիմնվելով և բոլորովին նոր տվյալներ ի հայտ բերելով, ոչ միայն ճշգրտում եք Մ. Խորենացու ապրած ժամանակաշրջանը` գուցեև մեկընդմիշտ վերջ տալով այս անիմաստ վեճին, այլև մեկ առ մեկ դիտարկելով Պատմահոր տվյալները և արժանին հատուցելով ոչ միայն հայ ազգին, այլև համաշխարհային պատմությանը մատուցած նրա բացառիկ ծառայությանը, ճշգրտում եք այն բոլոր փաստերը, որ ներկայացրել է Խորենացին` հենվելով իրենից ժամանակային առումով 600 տարի առաջ ապրած Մար Աբաս Կատինայի և նրա` մ.թ. 2-րդ դարի վերջերին կամ 3-րդ դարի սկզբին ապրած հանճարեղ խմբագրի տվյալների վրա: Ընդ որում` Մար Աբասի անհայտ խմբագրի վարկածը ձերն է: Եվ զարմանալի խորատեսությամբ կռահել եք, որ դարերի ընթացքում Մար Աբասի գիրքը չէր կարող անփոփոխ ձևով հասած լինել Խորենացուն, և պատմական փաստերը համադրելով` հիմնավորել եք Ձեր կարծիքը, որով անգնահատելի լույս է սփռվում նաև հենց Խորենացու պատմության, նրա նկարագրած պատերազմների, թագավորական տների և շատ այլ հանգամանքների վրա, որ և ավելի է բարձրացնում Պատմահայր Խորենացու անգնահատելի արժեքը:
Գ.Ս. – Ինչպե՞ս մեղադրես այդ հանճարեղ ծերունուն, եթե իրենից 1500 և ավելի տարիներ հետո, բազմաթիվ նորահայտ փաստերի առկայության պայմաններում, գիտական միտքը տակավին սխալ ճանապարհով է ընթանում և հնարում են Արարատյան կամ Հայկազունիների թագավորություն, որի նույնիսկ թվականը գիտեն (տե՛ս` Հայաստանի Ազգային Ատլաս, 2008թ., հատոր Բ):

Այս սեղմ հարցազրույցի սահմաններում հնարավոր չէր գոնե մոտավոր պատկերացում տալ Գ. Սուլթանյանի կատարած ահռելի աշխատանքի մասին, որը, ցավոք, մեր գիտնականներից ոչ մեկի լուրջ ուշադրությանը չի արժանացել: Պատճառներից մեկը գուցե այն է, որ այս աշխատությունն ուսումնասիրելը նույնքան մեծ ջանքեր է պահանջում այն հերքելու կամ նույնիսկ հաստատելու համար. թերևս չի բավականացնում համարձակությունը, թեև մի շարք օտար հայագետ պատմաբաններ (ինչպես և Վենետիկի Մխիթարյանները) ընդունել են նրա աշխատության դրույթները և իրենց թույլ տված սխալները: Չարձագանքելու մյուս պատճառը կարող է լինել գիտական աստիճաններ, կոչումներ չունեցող պատմաբանի աշխատությունը լռելով լռության մատնելու միտումը: Ես նպատակադրված ձևով չմեղմացրի մեր ժամանակների, մեր կողքին ապրող նվիրյալի կողմից հայ և օտարազգի գիտնականներին ուղղված նախատինքի խոսքերը, որ գուցե այս կերպ նրանք, եթե անգամ չեն ուզում ընդունել Գ. Սուլթանյանի գրքերում շարադրված տեսությունները, ոչ թե խռովածի տեսք ընդունեն, այլ փորձեն գոնե վեճի բռնվել: Գուցեև կարողանան իրենք էլ` իրենց հերթին, այստեղ որոշ լրացումներ, շտկումներ կատարել, քանի որ պատմագիտությունը, ինչպես և մյուս գիտությունները, չի կարող տեղում դոփել:

One thought on “ԵՐԲ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԴՈՓՈՒՄ ՏԵՂՈՒՄ… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-Գաբրիել ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։