ՈՏՔԸ ՇԵՄԻՆ ԴԵՌ ՉԴՐԱԾ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան
Աստանայում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի ընթերցումը, որով կոչ էր արվում Հայաստանին Եվրասիական միություն մտնել միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Ղարաբաղի, թերևս անակնալ էր ոչ միայն Հայաստանի նախագահի, այլև արարողությանը մասնակից մյուս ներկաների համար: Այն, որ Պուտինն ու Լուկաշենկոն ծանոթ են եղել նամակի բովանդակությանը, անառարկելի է, կասկածելին նրանց կողմից մինչև վերջին պահը այդ մասին լռելն էր: Գուցե ենթադրել են, որ Հայաստանը կդիմադրի դրա բացահայտ հրապարակմանը, ինչն, անշուշտ, քաղաքական էթիկայի շրջանակում կլիներ, մանավանդ, ինչպես հենց Նազարբաևն էր պնդում, Եվրասիական միությունը բացառապես տնտեսական բնույթի կառույց է, ոչ թե քաղաքական և սահմանային հարցերի լուծման ատյան: Սակայն երեք մասնակիցներն էլ դավադրաբար լռել են, ներքին համաձայնությամբ նամակի անակնկալ հրապարակումը կապելով ինչ-ինչ խնդիրների հետ: Այս միությունը դեռ չի սկսել գործել, բայց արդեն իր հիմնական նշանակությունից շեղման նշաններ է ցույց տալիս և երկակի ստանդարտների մեխանիզմով է առաջնորդվում: Չէ՞ որ Ռուսաստանի պարագայում գոյություն ունի Ղրիմի խնդիրը: Ռուս փորձագետները փորձում են Ղրիմն ու Ղարաբաղը չհամատեղել մանկամիտ մի հիմնավորմամբ, այն է, իբր, Ռուսաստանը ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչել: Ալիևի պահանջն է եղել, որ Հայաստանը` ինչպես ԱՀԿ մտնելիս, Եվրասիական միություն էլ մտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Բայց չէ՞ որ աշխարհը չի ճանաչել կամ չի հասցրել Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչել: Միայն Ռուսաստանի ճանաչելը դեռ քիչ է, այդպես կարելի է ամբողջ աշխարհը քո անբաժանելի մասը համարել ու ճանաչել, հետո ինչ… Միջազգային հանրությունն ու Ուկրաինան պայքարում են Ղրիմը կրկին Ուկրաինայի կազմ վերադարձնելու ուղղու­թյամբ, և այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելու: Նման պարագայում Նազարբաևի պատճառաբանությունը, թե պետք չէ գրգռել մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում, պարզապես աճպարարություն է, քանի որ Ղրիմի խնդրի շրջանցումով վիրավորել են ավելի հեղինակավոր ընկերոջը` Ուկրաինային: Մյուս կողմից էլ, առնվազն աննրբա­նկատություն է ինչ-որ մեկին հաճոյանալու համար տհաճություն պատճառել ապագա գործընկերոջը: Սակայն յուրաքանչյուրն առաջնորդվելով իր շահերի պաշտպանությամբ՝ հազիվ թե ի վիճակի է բարեկրթությանը հետևել: Իսկ շահեր, իրոք, կան, որոնց իրականացման ճանապարհին գնալով նվազում է Հայաստանի դերը: Ռուսաստանին Մաքսային միությունում Հայաստանի ներկայությունը անհրաժեշտ էր Ուկրաինային ներգրավելու համար: Հիմա, երբ այսպես թե այնպես ուկրաինական թնջուկը լուծված է, տնտեսական ոլորտում Հայաստանն այնքան էլ հետա­քրքիր չէ: Ղազախստանի և Բելառուսի համար էլ Հայաստանը անցանկալի է, քանի որ վախ ունեն, թե Ռուսաստանի ազդե­ցության տակ մշտապես քվեարկելու է նրա օգտին, մյուս կողմից էլ, մեծ է նրանց ցանկու­թյունը Ադրբեջանին ևս ներքաշելու այս միության մեջ: Որքան էլ Ադրբեջանը դիմադրում է, սակայն տվյալ հարցում յուրաքանչյուրն իր շահագրգռվածությունն ունի: Կրեմլը դեռ չի լուծել Ադրբեջանին իր տոտալ ենթակայության տակ գցելու խնդիրը: Նազարբաևը, ամենայն հավանականությամբ, փորձում է ուժեղացնել մահմեդական թևը, ձգտելով Ադրբեջանի հետ Ղրղզստանին էլ ներգրավել: Գաղտնիք չէ՝ Նազարբաևը, Ալիևն ու Էրդողանը հաճախակի են հանդիպում Թուրքիայում: Հնարավոր է, որ Ալիևի նամակը հենց այդ հանդիպումներից մեկում էլ մտահղացվել է: Եվ պատահական չպիտի համարել Նազարբաևի կողմից սահմանների հարցի բարձրաձայնումը, ինչը բացարձակապես հարիր չէր նիստի բովանդակությանն ու ձևաչափին: Դրանից հետո Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներն արդեն հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում: Ալիևն իր և ողջ ադրբեջանցի ժողովրդի անունից հասցրել է երախտագիտություն հայտնել Նազարբաևին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար: Հարց է առաջանում. արդյո՞ք Ղարաբաղը չի լինելու այն գինը, որ վճարվելու է Ադրբեջանին անդամակցության դիմաց: Ղազախստանը երբեք չի թաքցրել իր ադրբեջանամետ կողմնորոշումը, Ռուսաստանի համար էլ նորություն չէ սեփական շահը գերադասել ռազմավարական ընկերակցության պարտավորություններից, նույնիսկ այն դեպքում, երբ հարյուրավոր ազերիներ բացահայտ իրենց օգնությունն են առաջարկել Ուկրաինային` կռվելու Ռուսաստանի դեմ: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի թյուրք-քարափափախների խորհրդի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը. «Այդ կերպ նրանք ցանկանում են պաշտպանել Ղրիմի թաթարների՝ թերա­կղզու էթնիկ բնակիչների և այլ թյուրքերի իրավունքները, քանի որ Կրեմլի ագրեսիվ գործողությունները կարող են վնասել այլ երկրների, մասնավորապես, Ադրբեջանին կամ Ղրղզստանինե: Պատահական չէ, որ տնտեսական հռչակված ու դեռ չգործող միության կուլիսներում արդեն իսկ այլ նպատակներ են ուրվագծվում: Որքան էլ հայտարարվի, թե Եվրասիական տնտեսական միությունում որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի սկզբունքով, ինչը երաշխավորում է պետությունների ինքնիշխանության պահպանումը, այդուհանդերձ, թվում է՝ Հայաստանի համար այնքան էլ հաճելի չէ հայտնվել մի միության մեջ, որտեղ դեռ շեմը չմտած, արդեն հասկացնում են, որ չփորձի հավասարի վարք ցուցաբերել:
Նման իրավիճակում հայտնի չէ, թե Հայաստանն այս միության մեջ ինչ է փնտրելու և գտնելու: Եթե ԵՏՄ-ում հայտնվելու գերնպատակը Ղարաբաղի անվտանգությունն էր, հիմա հնարավոր է, որ Ղարաբաղի ամենաիրական վտանգը հենց այստեղ թաքնված լինի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։