Կարճ նախադասությունների անսահմանությունը / Անի ՓԱՇԱՅԱՆ

…Երբ հիանում եմ ես հրաշալի հավքով կամ ճպուռով
Կամ մայրամուտ ապրող հրաշք օրով
Կամ աստղերով հեռու, որ շողում են
այնպես պարզ ու խաղաղ,
Եվ կամ գարնանային երիտասարդ լուսնի
նուրբ կորությամբ:
Ուիթմեն. «Հրաշքներ»

Արամ Պաչյանի «Աշխատանք, աշխատանք» պատմվածքը մոլորակի բաց, ամբողջական կտավ է: Գործազուրկն իր չաշխատելով ամենամեծ մասնակցությունն ունի կյանքին, քան առաջին հայացքից` «զբաղվածները» Կյանքի ռիթմը ներսում կրող, հասարակության աղբը տեսանողը հասցնում է այնքան գործ անել, որքան հնարավոր չէ պատկերացնել: Ամեն ինչ իրենց ուսերին տանող, առատ հևքով կարճ նախադասությունները կարողանում են պատումային հորձանք տալ հերոսի` առաջին հայացքից տխուր ու անհետաքրքիր կյանքի դրվագներին:
Պատմվածքում հետաքրքիր քննություն են բռնում տարածությունն ու ժամանակը: Փոքրիկ սենյակից կյանքը տեղափոխվում է քաղաքի փողոցները, ինտերնետ ակումբների գաղջությունից հասնում բացարձակ իրականություն… Այս ամենի հետ` հերոսի հոգու թափառումները սառնարանի դատարկությունից մինչև մարդկանց աղքատ ու սառնարանից էլ սառը հոգիների ներկայությունը: Եվ քաղաքում կյանքն այնքան սիրող հերոսի բացառիկ ներկայությունը: Ներկայություն, ով այնքան շատ բան գիտի չարության մասին, ում համար ներելը հաճույք է վաղուց: Մի բան, ինչը արդեն մոռացվում է մեզանում: Ներկայություն, ով բոլորին կարծես խանգարում է. դերձակ հարևանն անընդհատ հիշեցնում է, որ նա գործազուրկ է, բայց երբ սկսում է աշխատել որպես մատուցող, դուր չի գալիս ծանոթ-բարեկամներին: Իր լավ աշխատելով էլ անգամ չի գոհացնում «Մոցարտ» կոնֆետ ուտող և միաժամանակ խոսող ինտերնետ ակումբի տնօրենին:
Ամեն ինչ զգացող ու հասկացող հերոսը շարունակում է հետաքրքիր ապրել: Կյանքը անսահման հաճույք է պատճառում Նրան, ով իր թիկունքից հաճախ է լսում` անպետք արարած, դո՞ւ ես… Բայց նրա ուշադիր հայացքից չի վրիպում անգամ ճանճերի սիրախաղը, բաժակի գեղագիտությունը, մուրացկանի ներկայությունը, սիգար վաճառող սքանչելի վաճառողուհին և էլի շատ բաներ: Իր մոտ հայտնված փոքրիկ գումարով նա գեղեցկություն է քաղում կյանքից` գնելով գիրք, սիգար և ժամանակը գեղեցիկ անցկացնլու հնարավորություն:
Պատմվածքն առանձնանում է արձակի արվեստի կարևոր մի առանձնահատկությամբ ևս` ռիթմով: Արագահոս, ոչինչ չխնայող, իրականության բաց պատկերներով առաջ շարժվող` այն իր մեջ է առնում գրեթե ամբողջ մոլորակը. աշխարհի տարբեր ծագերում իրենց օրն սկսող մարդկանց առօրյան, դիմանկարների ամբողջական պատկերներից հասնում երևանյան քարուքանդ փողոցներ, մետրոյի «ընդերքային օդ»:
Հոգու փրկության կոչով այս պատմվածքն առանձնանում է ժամանակակից արձակի այսօրվա պատկերում իր սրատեսությամբ, իրականության ներկայությամբ, արձակի արվեստի խոր շերտերով և մեծ ասելիքով: Աշխարհը զգացող և նրա երջանկության համար մտորող հերոսի եզակի ներկայությունը կյանքը վերափոխելու, այն շատ ավելի լավը դարձնելու կարևոր առաքելություն ունի: (Հատված «Աշխատանք, աշխատանք» պատմվածքից)
Արևածագին քուն մտա: Երազ տեսա: Իբր քայլում եմ Երևանի փողոցներով` տխուր, անհանգիստ, մերժված: Բազմության միջով անցնելիս մարմինս փշաքաղվում է. մարդիկ քայլում են առանց գլուխների, բայց, չգիտես ինչու, սևեռուն հայացքների ծանրություն եմ զգում, ամոթխածության մշուշով եմ պարուրվում: Քայլերս արագացնում եմ: Փողոցի անկյունում հսկա ձվաձև հայելի եմ նկատում, արագ կերպարանքս հանձնում եմ հայելու դատին: Կարկամած գամվում եմ: Իմ փոխարեն ամբողջովին մերկ մի մարմին է` ծորացող քրտինքի կաթիլներով ողջագուրված: Չեմ հասկանում հետագա անելիքս: Հետաքրքրասեր, անգլուխ բազմությունը շուրջկալում է ինձ: Չգիտես որտեղից ոստիկան է ծլում: Ոգևորված` հասարակական վայրերում մարդկանց պահելաձևի դրույթներն է լուսաբանում: Ապուշ կտրած ծիծաղում եմ` չհասկանալով պահի լրջությունը: Ոստիկանի զարմանքը գնալով խառնվում է անիմաստ քրքիջիս` րոպեական ընդմիջումներով: Հետո ոստիկանի գլուխը վերածվում է էծի գլխի` սուր պոզերով, խիտ մորուքով, որին հենց նոր են կթել և որը, թեթևության հաճույք ըմբոշխնելով, մկկում է հոգեթով շարունակությամբ: Վերջում բոլորս միասին անցնում ենք հայելու անեզրության մեջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։