…Հայհոյելով և՛ ինձ, և՛ անամոթ
տողերը իմ պերճ…
Դավիթ Հովհաննես
Դավիթ Հովհաննեսի «Իմ առաջին գիրքը, ինչպիսին որ պիտի լիներ» ¥1964-1969¤ հատորը հետաքրքիր ճակատագիր է ունեցել: Այն լույս է տեսել գրվելուց տասնամյակներ անց: Գրքի վերջում դրված «Հեղինակի կողմից կամ Ողբ ի վերայ Գլավլիտի» վերջաբանը, որը գրվել է 2013 թ. հոկտեմբերի 28-ին, ունի ճանաչողական անուրանալի արժեք. այն վկայում է խորհրդային տարիների գրաքննադատության և գրականության կաշկանդվածությունը, որին, բնականաբար, տուրք էին տալիս այն օրերի և՛ գրականագետները, և՛ գրողները: Զգույշ լինելու բնազդը հատկապես առավել տարեցներին սևեռնամիտ ձևով հիշեցնում էր 1937 թվականը` որոշ նախորդող և հաջորդող տարիներով:
Դավիթ Հովհաննեսի առաջին գիրքը պետք է լույս տեսներ 1969 թ., սակայն այն չտպագրելու ելքը եղել էր պարզապես գրքի մեքենագիր օրինակը «անդարձ ու անհետ» կորցնելը: Բանաստեղծը թեև չի ուզում «հին դարմանը քամուն տալ», սակայն թվականներով, ասելիքի ոճով ու բովանդակությամբ հավաստում է, թե այս նոր գրքի երրորդ բաժինը «Իմ առաջին գիրքը» վերնագրով տպագրվում է առաջին անգամ, իսկ նախորդ բաժինները` «Երգերի պսակ», «Տասնհինգ տարի անց»` տպագրվում են գլավլիտային աղճատումներից ազատագրված: Դավիթ Հովհաննեսը ջանադիր գրականագետ հետազոտողի նման վերականգնել է հեղինակային անաղարտ բնագրերը: Գրքի վերջում զետեղված են նաև երեք գրախոսականներ 1974-ին լույս տեսած` «Երգերի պսակ» առաջին գրքի մասին, որոնց հեղինակներն էին Ալեքսանդր Թոփչյանը, Աբրահամ Ալիքյանը և Հենրիկ Էդոյանը: Վերջինիս գրախոսությունը` գրված ստրուկտուրալիզմի դիտակետից, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Անժիկ Հակոբյանը չի տպագրել, և այն լույս է տեսնում նույնպես առաջին անգամ:
Հենց սկզբից ասենք, որ Դավիթ Հովհաննեսի այս նախաձեռնությունը խրախուսելի է. այն ներկայացնում է XX դարի 60-ականներին երևանյան բանաստեղծների ու գրողների մի օժտված խմբի, որը ձգտում էր համընթաց քայլել այդ ժամանակահատվածի քաղաքակիրթ գրականությունների և գրողների հետ, և դա նրանց հաջողվում էր: Հայ գրականության մեջ հանդես էր եկել նոր սերունդ` առավել ազատ ժամանակների հնարավորությանն ապավինած:
Հայ գրաքննադատը իսկույն կնկատի, որ Դավիթ Հովհաննեսի առաջին գրքում առկա են առաջին հերթին Եղիշե Չարենցի հզոր քնարի և Վահան Տերյանի նրբակերտ խոսքի ազդեցությունները: Սա բնական է, ազդեցություններից դուրս է միայն Աստված, կարևորը, որ այդ ազդեցությունը ներկայացվում է նոր ասելիքի կարևորությամբ: Իսկ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն ասելիք ունի և այդ իր մղումը ձևակերպել է 1969-ին գրված «Եթե ուզենաս մի օր ինքդ քեզ մոտենալ» քերթվածում, որից իմանում ենք, թե որքան դժվար է նոր ասելիք ունենալը, և շատ հաճախ մարդն ապրում է մի ամբողջ կյանք և չի ունենում ասելիք:
Բանաստեղծի անդրանիկ ժողովածուից երևում է նրա մղումը` հնարավորինս շատ գիտելիքներ ունենալ աշխարհի մեծ գրողների ու մտածողների գրվածքներից:
Ռուս տաղանդավոր դերասան Սերգեյ Բեզրուկովը երևանյան իր մենահամերգի ժամանակ պատմեց, թե հայրն ամեն օր իրեն արթնացնում էր ասելով. «Արթնացե՛ք, կոմս, օրը ճաշ դառավ, մինչդեռ Ձեզ մեծ գործեր են սպասում»: Այս նախադասությունը Դավիթ Հովհաննեսն օգտագործել է 1966-ին գրված «Օր» բանաստեղծության մեջ` ծանոթագրելով, թե այն չի պատկանում ո՛չ ուտոպիստ-սոցիալիստ Սեն-Սիմոնին ¥1760-1828¤, ո՛չ Լյուդովիկոս XIV-ի օրերին ապրած մեմուարիստ Սեն-Սիմոնին ¥1675-1755¤, այլ շատերին անծանոթ դուքս Սեն-Սիմոնին ¥1720-1799¤, որին ծառան արթնացնում էր վերոհիշյալ խոսքերով:
Շատ կարևոր են այն ծանոթագրությունները, որոնք հեղինակը կցում է բանաստեղծություններին. դրանք մեզ համար բացում են հայ գրական կյանքի անծանոթ ծալքեր, միաժամանակ ներկայացնում բնագրային չմիջնորդավորված տարբերակներ:
Հիանալի բանաստեղծություն է հետևյալ երկար վերնագրովը` «Անցած-գնացած մի օր, երբ անձրևը ծեծում էր պատուհանդ, իսկ դու տխուր չէիր, այլ նորից չար-չարացած, չարացած…»: Հաստլիկ օրիորդի, որը «լավ գիտեր կերպարվեստի ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ» ու երիտասարդի զրույցն այնքան խորքային ու սրամիտ է, որ այս ազատ ոտանավորով գրվածքը թվում է նովել, որտեղ կան և՛ Գոգենը, և՛ Վան Գոգը, և՛ Ռոնսարը ¥առաջիններից մեկը` լիբիդոյի սիրահարներից¤, և՛ Ջեքսոն Փոլաքը, և՛ Սարյանն ու Կոջոյանը: Եվ կեցցե՛ Մկրտիչ Սարգսյանը, ով երիտասարդ բանաստեղծի այս գրվածքը «փրկել» է Գլավլիտից, ու այն լույս է տեսել անդրանիկ ժողովածուում, էրոտիկ երեք տողերի փոխարեն կետ-գծեր ունենալով, որոնք ներկա գրքում վերականգնված են:
Առաջին գրքից դուրս է շպրտվել նաև մեկ այլ հիանալի բանաստեղծություն` «Եվ իմ արյունը, և իմ տաք ու փափուկ արյունը», որը ձեռագիր վիճակում շատ էր հավանել Մուշեղ Գալշոյանը. նա բանաստեղծից պահանջում էր լույս աշխարհ հանել իր սիրելի գրվածքը. «Եվ ինձ էր նայում իր պահանջկոտ, կապույտ ածուխի պես վառվող աչքերով: Չէր նայում` բիբում էր»: Գալշոյանն իր այրող հայացքով նայել է, որովհետև բանաստեղծության մեջ եղած տողերն իր հոգու հետ էին խոսում.
Եվ ես, որ ցեղիս ապրած երկար ճամփաներն ու այրված օրերը,// նրա ոգին եմ ձուլել արյանըս մեջ,// Եվ ես, որ ցեղիս` փըշեպսակ միայն հավաքած լուսավոր ու հանճարեղ // մեռելների տքնությունն ու լույս գիշերներն եմ քամել օրերիս օդում,// Եվ ես, որ ցեղիս հեզ ու ըմբոստ բանաստեղծներից իրենց ապրած կյանքերի // նման մերկ ու անկրկնելի բառեր եմ վերցրել ինձ զորավիգ հիմա… ¥էջ 15¤:
Հավանաբար գրաքննադատությունը նոր հայացքով պիտի նայի «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ» քերթվածին, որը հին ու նոր սերունդների հերթափոխն է մատնանշում` շեշտելով նորերի մերժումը հներին: Սա կյանքի դիալեկտիկան է, առանց սրա կյանքը կանգ կառնի ու կլճանա:
Գրքի երեք հատվածներում էլ կան սիրո երգեր, որոնք երբեմն հիշեցնում են տերյանական աշնան մեղեդիները, իսկ երբեմն ինքնուրույն հայտնություններ են, ինչպես «Նվիրում» քերթվածը:
Իմաստուն խոսք-խորհուրդ է 1966-1977 թ.թ. ընթացքում վերամշակված «Խորհուրդներ սկսնակինը», որը բազում կյանքային մանրամասներ ունի իր մեջ և տպավորիչ է հազվագյուտ դիտողականությամբ:
Հակապատերազմական հնչողություն ունի «Զորակոչ առանց համազգեստի» բանաստեղծությունը, որն ավարտվում է ոչ միայն պատերազմի զորեղ մերժումով, այլև XX դարի 60-ականների խորհրդային իրականության համար ոչ սպասելի Հիսուս Քրիստոսի ազդու հիշեցմամբ.
Գինիս դու խմում ես, հացս փշրում ես դու:
Հասուն բանաստեղծի խոհ է «Ես գիտեմ պահը խուլ տառապանքի» սկսվածքովը, որը գրել է քսանամյա երիտասարդը` եզրահանգելով, թե տառապանքը մարդուն տրվում է ցմահ:
Չարենցյան ոգով, սակայն տպավորիչ է «Երգ բաղկացած չորս երգից» քերթվածը, որում կան բանվորը, ավանակը` բանվորի խորհրդանիշը, հացի վաստակն ու հոգնությունը: Տողատակի ծանոթությունից իմանում ենք, որ բանաստեղծությունը ծնվել է որպես հիշողություն հեղինակի սևագործ բանվորության օրերից ¥էջ 106¤:
Իսկ ի՞նչ է հանվել Դավիթ Հովհաննեսի առաջին գրքից: Առաջին հերթին «Մանիֆեստ» խորագրով գրվածքը, ուր կարդում ենք.
Զի ԱԶԱՏ ծնված` // ՍՏՐՈՒԿ մեծացաք,// Ստրուկ մնացիք// Ձեր ամբողջ կյանքում:
Որոշակիորեն խոսքն ուղղված է խորհրդային գաղափարախոսությանը իրենց արվեստով ծառայողներին:
Դուրս է մնացել «Memento Mori» քերթվածը, որի սևեռնամիտը ներկայացնում է ամեն զգայուն մարդու ցանկությունը. հրաշքով պահել մտերմիկ ջերմ ակնթարթը և մեծ բանաստեղծի նման հրամայել. «Կա՛նգ առ, ակնթարթ, որքա՜ն գեղեցիկ ես դու»:
Մերժված բանաստեղծությունների մեջ շատ են ազնիվ ու անկեղծ ինքնախոստովանությունները, ինքնասուզումները, աբսուրդային խոհերը, սատանայի ու Աստծո հակադարձումը, վայրկյանների կենացը և այլն:
«Հեղինակի կողմից» վերջաբանում բանաստեղծը գրում է. «Սիրտս դատարկվեց, հոգիս խաղավեց: Մնում է, որ երիտասարդ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի անխաղաղ ¥ի սկզբանե¤ պոեզիան լեցնի ընթերցողի սիրտն ու անհանգստություն պատճառի, ալեկոծի իրեն ճիշտ այնպես, ինչպես որ ինձ` անցյալում և հիմա: Այնժամ ես ինձ լիովին բավարարված կզգամ» ¥էջ 264¤:
Խաղաղեցրու քո վրդովմունքը, սիրելի՛ բանաստեղծ, այս գիրքը հրաշալի նվեր է և՛ ընթերցողին, և՛ գրականագետին, այն նաև յուրօրինակ ձոն է քո տարաբախտ, սակայն տաղանդավոր ընկեր Սլավիկ Չիլոյանի հիշատակին: