Փաթիլե սարդի պատվիրանապահ տարածքը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաթիլե սարդի

«Հ.Գ. Երազն ի բարին մեկնողներ, բացեք բառի երակը, թող բառը ճոճվի կարմրին, ճոճվի ցանկության նշաններին»:
Ռոզա Հովհաննիսյանի` որպես հետգրություն գրված խոսքը ասելիքիս համար թերևս նախասություն եղավ, որը շարունակելն էլ նրան կրկնել է նշանակում.
Ու դեռ չգտած նախնական բառը,//ոչ մի մանրամասն,//ես դուրս եմ գալիս բացեիբաց//մերկության ծոպերից անդին`//չառարկելով հուսալ մանրամաղ կարոտը//շուռումուռ տվողներին,//ես դուրս եմ գալիս`//մյուս ժամանակների համար//շնչառությամբ ծածկել ու հիշատակներս//երկնքի անութներում…
«Բառ-աղջիկ» ժողովածուի չափածո և արձակ բանաստեղծությունները իրավիճակային արտահայտություններն են բանաստեղծուհու հայտնություն-կենսաձևի, և բոլորովին էլ նշանակություն չունի` նա երկինք է խոյանում, թե երկրի վրա ընթանում, երազում է, թե տառապում, մեկ է, դրանք իրական են, շոշափելու աստիճանի զգայական:
Ռոզա Հովհաննիսյանի մտաշարժը գործողությունների հաջորդականության նկարագրություն չէ, այլ ապրումի ամբողջացում: Նա ոչ թե արմատներով է մտածում (գործողություն), այլ արմատներով մտածվում (ապրում), հետևաբար, ժամանակն ու իրականությունը նրա համար դառնում են առաձգական` իր սրտի տրոփյունների հետ փոփոխվող, որոնք ամեն անգամ նորացված հայտնություններ են.
Ես Ձեզ կտանեմ հայտնության չքնաղ գորգերով,//Փխրուն ու վերձիգ կհանեմ գարունների ու ոչ գարունների միջից//և կզորացնեմ` հուշի ու հողի անընդհատությամբ ապագա ունենալով:
Ռոզա Հովհաննիսյանի ստեղծագործությունը կատարսիս տանող ճանապարհ է: Այն մազե կամուրջ է, նրա զգայական լարն է` հյուսված արևելք նայող ծաղկի քնքշությամբ և պոետի` եղերական ծաղրածուհու միջով անցած խարկված գույների հոսքով, որտեղ`
Խաղալիքը տխրում է, երբ չունի երեխա,//Ու ցեխը չճանաչված պտուղ է երևի,//թե ուժը պարպվում է, որ մնում է բարին…
«Բառ-աղջիկ»-ն ինքն իրեն լսողի ընկալումն է, որի համար բաց խոսելը երբեք էլ մեղք չէ: Ռոզա Հովհաննիսյանի բացախոսությունը զարմանալիորեն չափուձև ճանաչող է, և անգամ, երբ նրան ընթերցելիս ենթատեքստեր տարբերակելով կորցնում ես չափդ, հաջորդ իսկ պահին մի անտես զգայական քեզ վերադարձնում է ազատ ու անկաշկանդ մի տարածություն, որտեղ միջավայրի խոնարհ ծիսարարը Ռոզա Հովհաննիսյանն է դռնբացեքի ծիսական մուտքի` ոչ մեկից չմեջբերված խոսքով.
Արդ` արևով կշտանալուս կամավորության գինը`//լույս պիտի իջնի գլխիս`ամենաճշմարիտը:
«Բառ-աղջիկ»-ն ինքն իրեն տեսնողի ընկալումն է, որտեղ Ռոզա Հովհաննիսյանը արտասովոր չնմանն է, որը շարունակություն է ու շարունակական է անգամ իր հակադրման ոգով: «Հայելին պահել է դեմքս, մայրիկ» բանաստեղծության մեջ խոստովանում է.
Հայելին բացվում է քո դեմքով//որպես սկիզբ,//ես նստում եմ քո շուրջը`//անձրևներից դուրս//և ափսոսում եմ մոռանալ քեզ…
«Բառ-աղջիկ»-ը պատկերների խազագիր չէ, այլ պատկերների կենդանի լեզվով արված գիր, որն ունակ է ամեն մեկին իր չափով բաշխելու` վերածվելով զգացողության, ինչն էլ վերաձևվում է վերծանվող ասելիքի: Այս պարագայում վերծանել՝ չի նշանակում խրթինապատումը պարզել: Այստեղ վերծանել՝ նշանակում է զգացողությունից շարժվել համապատասխան ասոցացվող միտքը: «Բառ-աղջիկ»-ը հեղեղված է պատկերներով, որոնք երբեք անհարկի չեն. Հայտնվում են ճիշտ տեղում ու ծաղկելով բացվում: Բանաստեղծուհու սիմվոլներն առանձին չեն «աշխատում», դրանք լրացնում են մեկմեկու և նպաստում պատկերի ամբողջացմանը. «Հեզերից եռունը եղա ես… Ինձ` թևերիս հետ բամբասվածիս… Ես սկսվում եմ հետնաբակերից»… Այսօրինակ պատկերների պոռթկումը կարելի է շարունակել ու շարունակել, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերային մտածողություն առաջին հերթին, հետևապես տրամաբանական են փոխ-անցումները «հույսի տաք ձնծաղիկներին»:
Մտքի ու զգացողության ներդաշնակությունն է բանաստեղծուհու պոեզիայի միֆը: Ռոզա Հովհաննիսյանը պոետ է` իրեն հատուկ չկրկնվող զգայաշարժով ու մտածողությամբ, և միֆն էլ պոեզիայի ի վերուստ տրված հոգեթովիչ թաշկինակն է որպես ողջույն.
Աստծո թաշկինակ, իջիր իմ աչքերին,//Իմ աչքերի աչքերին, ավելի խորը…
Բանաստեղծուհու համար թաշկինակն աչքերին (ասել է` պատուհաններին) տիեզերաբացտարածություն է, այդ իսկ պատճառով ինքը երբեք երկինքը չի չափում, այլ երկինքն է գույնում, քանի որ «իմ մեջ պառկում է ընտրյալը», ասում է նա, քանի որ «Հարսնացուն ճղակոտոր է լինում, /Փեսացուն` հարսնակոտոր», չնայած որ նա լավ գիտի ունայնության բանաձևը.
Դու իմաստուն ես, Սոկրատ,//դու շարունակում ես իմաստուն լինել,//երբ ամեն ինչ վաղուց սլլացել է իմաստից…
Ամեն դեպքում «Բառ-աղջիկ»-ը Ռոզա Հովհաննիսյանի ոգու այծենակաճն է` նետված ցավին, բանաստեղծուհու համար ասել է թե` ճակատագրի անիվին, որի վրա նա սեր վրիժառու է ու ոչ պատահական կին.
Բոսորակուրծք, ճերմակ դողով//պիտի պառկեմ խորհրդի հետ,//որ բժժանքի սիրամրրիկ քեզ հատուցեմ:
Հենց անդադրում անիվի պտույտների հետ էլ նրա մորմոքից շող է ելնում իբրև գրկաչափ Հայրենիք, և Ռոզա Հովհաննիսյանը իր փափագ` կապուտկող երկնքից ու տարերքի տղայից վեր է Հայրենիքի ամոքումը տեսնում` թեկուզև անմեղ մեղավորի ինքնաանկման գնով խաչ բարձրանալով: Հասկանալի է, որ նրա գրչից պիտի ծնվեր «Էլի Հայրենիք» բանաստեղծությունը, որը կարծես գրված լինի Քրիստոսի վերջին խոսքի հանգույն ու պատրաստակամությամբ.
Եվ ամոքումը նորեն կբարձրանա//հուռթի սուլոցով հոգու,//և ամոքումը կբարձրանա//աննման իմ ընկնելու ձևով…
Այս բանաստեղծություն գրողը չի կարող անկեղծ ու անմիջական չլինել, միամիտ երեխայի պես տունտունիկ չխաղալ, չի կարող ժողովրդի բառուբանով, մորեմերկ ու պարզերգերի շարք չունենալ: Հոգու բյուրեղացում տանող տվայտանքով գրված ավանդական ձևի մեջ թարմացած գազելներում ու տրիոլետներում հեղինակի խոսքը թափանցիկ է, խորունկ.
Ինձ ծվատիր ինձ ու քեզ- թաղեմ քեզ,//Սատանայի հացը քեզ- թաղեմ քեզ,//Այսօր շուտ եմ նկատել քո աղմուկը օրվա մեջ,//Ես մեռնում եմ հանուն քեզ- թաղեմ քեզ:
Այո, ամենուր էլ Ռոզա Հովհաննիսյանը մնում է Ռոզա Հովհաննիսյան, ու երբ կարդում էի «Բառ-աղջիկ» գրքի վերջին տողերը` «Տարիներ հետո, մի բան ասեմ` չծիծաղես, ես երևի մեռնեմ: Ես փնտրված ճիշտը կլինեմ, բայց արդեն…»… ես սկսեցի հոնգուր-հոնգուր ծիծաղել քրքիջ աղջկա հետ ու զգացի, որ ինչ-որ մեկը ինձ հուշում է` ՃԻՇՏԸ ՈԳՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։